Ոլորտի զարգացումը կարևոր ու հրամայական է

0
21

Ձկնաբուծություն

watermarked_IMG_0726

  <<Էկոֆիշ թրեյդ>> ՍՊԸն զբաղվում է ձկնաբուծությամբ: Աճեցնում են թառափ, իշխան, Սևանի իշխան ձկնատեսակները:
– Տեղի շուկայից բացի, ասաց ընկերության գլխավոր ձկնաբույծ Տիգրան Իվանյանը, արտադրում ենք նաև արտահանելու համար: Արտահանում ենք ՌԴ, ընդ որում, թարմ վիճակում և տեղում իրացնում: Աշխատում ենք տարբեր կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հետ: Տեղական շուկայում ավելի շատ իշխան է սպառվում, իսկ դրսում համաչափությունը պահպանվում է: Արտադրում ենք էկոլոգիապես մաքուր ձուկ: Կերն ամենաբարձր որակի է, արտասահմանյան երկրներից /Դանիա, Լեհաստան, Իտալիա/ ներկրված, ջուրը` մաքուր: Միայն բարձր որակ ապահովելով այսօր կարող ես մրցակից լինել մյուս արտադրողներին: Ջանում ենք ջուրն առավելագույնս խնայողաբար, արդյունավետ օգտագործել: Մանրաձուկ էլ ենք ստանում: Ձկնաբուծությունը գյուղատնտեսության կարևորագույն, հեռանկարային ոլորտներից է, որը մշտական ուշադրություն ու հոգատարություն է պահանջում: Այնպես որ, կառավարությունը պետք է ավելին անի և սատար կանգնի տնտեսվարողներիս: Ձուկը, ինչպես գիտենք, կարևոր ու օգտակար սննդատեսակ է: Այն երկրներում, որտեղ շատ են օգտագործում ձուկ, ծովամթերք, այնտեղ կյանքի միջին տևողությունն ավելի երկար է, մարդիկ համեմատաբար երկարակյաց են: Ոլորտը հնարավորինս պիտի զարգանա, այս ապրանքատեսակը մատչելի լինի բնակչության լայն խավերին և օգտագործվի ամենօրյա սննդաբաժնում: Զարգացնելով տեղական արտադրությունը, մեր երկրի տնտեսության առավել զարգացմանն ու հզորացմանը կխթանենք…
Խոսելով ընկերության և ընկեր հասկացողության մասին, Տիգրան Իվանյանը նշեց, որ բոլոր հայերն էլ շատ ընկերասեր են ու աշխատասեր: Առանց ընկերների ու ընկերության դժվար է պատկերացնել մարդու կյանքը: Քանի որ մարդը չի կարող բազմակողմանի զարգացած լինել, ուստի կյանքի ճանապարհին շատ հարցեր, խնդիրներ են ծագում, որոնց լուծման հարցում կարևոր դերակատարում է վերապահված ընկերներին. <<Մեր ընկերության տնօրեն Լ. Կարապետյանը շատ լավ ղեկավար է, աշխատանքում խստապահանջ, կարգ ու կանոն սիրող, բայց գործից դուրս ընկերներ ենք: Հրաշալի անձնավորություն է: Աշխատողների համար լավ պայմաններ է ապահովել, որպեսզի ավելորդ հոգսեր, խնդիրներ չառաջանան: Յուրաքանչյուրն իր հստակ անելիքն ու պարտականությունը գիտի և սիրով է կատարում հանձնարարված գործը: Աշխատողի նկատմամբ վերաբերմունքը մարդկային է, ընկերական: Իմ ու քո խնդիր չկա, միասնական ու համախմբված, մի բռունցք դարձած կոլեկտիվ ենք…>>:
Պարոն Իվանյանը մեր զրույցի ավարտին կարևոր համարեց ընդգծել, որ ձկնաբուծությունը մասնագիտական լուրջ մոտեցում է պահանջում: Պետք է մեծ ուշադրություն հատկացնել ինչպես աշխատանքների ճիշտ կազմակերպվածությանը, այնպես էլ արտադրանքի բարձր որակի ապահովմանը…