Ողջունելի, խրախուսելի նորամուտ

0
11

Հասարակությանը պետք է մատուցվի միայն բարձրարժեքը, դրվատելին ու ոգեշնչողը…
 

Մանե Մկրտչյանը <<Ընկեր>>-ի հետ հարցազրույցում տեղեկացրեց, որ ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժինը, մասնագիտությամբ արվեստաբան է: Ապա ավարտել է ԳԱԱ արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան և ներկայումս աշխատում է այնտեղ` գիտաշխատող: Այս պահին աշխատում է ատենախոսության վրա: Եղել է <<Արմմոնո>> մոնոներկայացումների միջազգային փառատոնի գլխավոր համակարգող, Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի գործադիր տնօրեն, աշխատել է <<Գաֆէսճյան>> կենտրոնում: Լոնդոնում արվեստի և կրթության գծով վերապատրաստում է անցել: Անկախ այն հանգամանքից, որ հիմնական մասնագիտությունը գեղարվեստի ոլորտն է, տվյալ աշխատանքները կատարելուն մղել է թատրոնի նկատմամբ ունեցած առանձնակի սերը: Որոշակի առանձին պլաններ ունի, բայց քանի որ այդ ամենը դեռևս մտահղացման փուլում է, ուստի չցանկացավ առայժմ անդրադառնալ դրան:

   Առհասարակ, որքանով թույլ են տալիս ուժերն ու հնարավորությունները, նպատակ ունի լրացնելու այն բացը, որը կա, մի կողմից, հասարակության ու արվեստագետների, մյուս կողմից, արվեստաբանների ու արվեստագետների միջև` ակադեմիականի ու ժամանակակից արվեստի թիմի սերտ հարաբերություններին նպաստելու առումով: Լուծման բանալին ավելի շատ տեսնում է հասարակությանն ամեն ինչում տեղեկացնելու մեջ, որովհետև հիշյալ խմբերի շրջանակներում միմյանց չհասկանալու, ընդհանուր եզրեր չգտնելու խնդիր կա. <<Հասարակության հետ թելը կտրված է: Ունենում ենք շատ լավ ցուցահանդեսներ, բայց այցելության  խնդիր կա: Նորաբաց պատկերասրահները շատ հաճախ, ցավոք, երկար կյանք չեն ունենում: Այժմ կապն առավելագույն սերտացնելու և դրան նպաստելու անհրաժեշտություն կա, որպեսզի հասարակության մեջ արթնանա այդ սերն արվեստի հանդեպ: Կամ, միգուցե, ամրապնդվի եղածը: Հասարակության ուշադրությունն ավելի շատ սևեռված է քաղաքական, տնտեսական վիճակի վրա, արվեստին քիչ տեղ ու ժամանակ է մնում, չկա այն ցանկալի արձագանքը, որ պետք է լիներ: Բացվում են այնպիսի ցուցահանդեսներ, որոնք, իրոք, արժանի են մեծ ուշադրության, սակայն հաճախ անտեսվում են կամ նեղ շրջանակներում հայտնի դառնում: Այս առումով, անշուշտ, գովազդի` թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ ռադիոյով և այլն, անհրաժեշտություն է զգացվում, բայց լավ գիտենք, որ արվեստի հաստատությունները նման հնարավորությունից զրկված են…>>:

  -Ի՞նչ քայլեր են հարկավոր` լրացնելու այդ բացը:
 -Բացը լրացնելու երկու ճանապարհ եմ տեսնում: Առաջինը` պատկերասրահների, թանգարանների, նկարիչների լուսաբանում: Այսինքն, նրանց լայն շրջանակներին ներկայացնել և նպաստել ճանաչելի դառնալուն: Երկրորդն արվեստի կրթությանն է վերաբերում, որը, ցավոք, մեզ մոտ չկա: Դա բնորոշվում է <<Արտէդուքեյշն>> տերմինով, որը բառացի թարգմանությամբ նշանակում է արվեստի կրթություն, ավելի պարզ` թանգարաններում, թատրոններում սերունդ կրթելու խնդրին է առնչվում: Այսինքն, այդ կապն սկսել հենց սկզբից` մանկապարտեզից, դպրոցից, և այդ կերպ երեխաներին ուղղորդել դեպի արվեստը: Արվեստի կրթությունը պետք է իրականացվի հատուկ ծրագրերով և անցկացվի հենց արվեստի նշածս օջախներում: Դա արտասահմանում ընդունված, ընդ որում` պարտադիր, երևույթ է. բացվող յուրաքանչյուր ցուցահանդեսի հետ տարբեր ծրագրեր են լինում թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար: Հասուն մարդիկ շաբաթ-կիրակի օրերին այցելում են թանգարան, մասնակցում, ասենք, ջրաներկի պարզ դասերի` նախնական գիտելիքներ ձեռք բերելու համար: Այդ ամենը նպաստում է հասարակությանն արվեստի ոլորտում միշտ ներգրավված մնալուն: Ճիշտ է, մենք դեռևս մեծ ռեսուրսներ չենք կարող տրամադրել այդ նպատակի համար, բայց փոքր մասշտաբներով, քիչ ծախսատար ծրագրեր հնարավոր է և պե՛տք է իրականացնել: Պետական հովանավորությամբ գործող թանգարաններում, իհարկե, ծրագրերը պարտադրվում են, սակայն ընդգրկման առումով կարելի է դրանց ծավալները մեծացնել: Չնայած մեզանում շատ խնդիրներ են առաջանում այդ առումով, մեր մտածելակերպում դեռևս նոր է սկսում արմատավորվել այդ գաղափարը, բայց, այդուհանդերձ, կարծում եմ, որոշակի ժամանակ անց առաջընթաց կունենանք:
  -Թեև վերջին տարիներին պատկերասրահներ, արվեստի զանազան սրահներ բացվում են, և որոշները կարճ ժամանակ անց, որքան էլ ցավալի է, փակվում են, այդուհանդերձ, կարծում ենք, դրանց թիվը հնարավորինս պիտի ավելանա, որովհետև բազմադարյա մշակույթ ունեցող ազգը չպետք է տվյալ ոլորտում պասիվ գտնվի և զիջի քաղաքակիրթ աշխարհին: Ահավասիկ, մոտ օրերս իր գործունեությունն սկսեց ծավալել <<Կառլլևոնի>> արվեստի սրահը, ինչի առթիվ կուզեինք Ձեր կարծիքն իմանալ:
   -Շատ հիանալի, իսկապես, փաստ ունենք` նոր պատկերասրահ, արվեստի նոր օջախ: Մեծ հույսեր ունեմ, որ այն երկար տարիներ կգործի, գնալով կզարգանա ու կամրապնդվի, կունենա իր լսարանն ու այցելուներին: Կդառնա, ի վերջո, արվեստի յուրօրինակ օջախ, հրապուրիչ վայր: Միգուցե, նաև կապող օղակ արվեստագետների, այսպես ասած` տարբեր թիմերի միջև: Անկախ ամեն ինչից, շատ ողջունելի երևույթ է, նման սրահի կարիք, իսկապես, կա: Խիստ զգացվում է մեզանում պատկերասրահների կարիքը, ակտիվ գործունեություն ծավալող մշակույթի օջախների անհրաժեշտությունը: Պատկերացնում եմ`  կլինեն ցուցադրություններ, ցուցահանդես-վաճառքներ, շնորհանդեսներ և այլ միջոցառումներ, որոնց կարևորությունը դժվար կլինի թերագնահատել: Տեսնում եմ, թե ինչպիսի էնտուզիազմով է ստեղծվում, ձևավորվում այս օջախը: Եվ այդ էնտուզիազմը, այդ մեծ սերը, որ դրսևորվում է արվեստի հանդեպ, հիմքում կա, ինչպես նաև նրա բաց, հյուրընկալ դռները մեծապես կնպաստեն, որպեսզի նշածս անջրպետը հարթվի, բացը լրացվի: Կարծում եմ, հիմնադիրները ի զորու են դրան հասնելու: Արվեստի այս սրահն առանձնանում է այն առավելությամբ, որ չի <<պտտվում>> մի քանի արվեստագետների շուրջ, ընդհակառակը` լայն շրջանակներ է ապահովում, ավելի շատ արվեստագետների ներկայացնում: Ընտրությունը, իմ համոզմամբ, ճիշտ է, տարբերակը` տեղին: Ավելի մեծ հետաքրքրություն է առաջ բերում, ավելի լայն հնարավորություններ է ընձեռում այցելուի համար` բավարարելու իր ճաշակը: Փաստ է, որ հիմնադիրները շատ խանդավառված են, նաև լավ գաղափարներ ունեն: Անձնականը մի կողմ է դրված, ավելի շատ գաղափարական կողմն է առաջնային պլան մղված: Դրանից միմիայն կշահի ժամանակակից արվեստը, կընդլայնվեն նրա ճանաչման, տարածման սահմանները: Ընդ որում` նաև միջազգային մակարդակով: Շատ խրախուսելի է այս ամենը և գաղափարական առումով ճիշտ ուղու վրա դրված…
  -Կարծում ենք, նման մարդկանց կողքին կլինեն այնպիսի արվեստաբաններ, ովքեր կխրախուսեն, կգնահատեն նման լավ օրինակները, ավելի կօգեշնչեն իրենց գործերում:
  -Իհարկե, բայց դա շատ դժվար է, և, առհասարակ, արվեստաբանի գործը միշտ էլ դժվար է եղել: Հավատը նրա նկատմամբ նաև կոտրված է: Ժամանակակից արվեստը լուսաբանող արվեստաբանի խնդիրը միշտ էլ դժվար է եղել, պետք է քաջատեղյակ լինի պատմությանը, կարողանա ռեալ գնահատել, օբյեկտիվ մոտենալ, միշտ ժամանակին համընթաց քայլել: Այս առումով շատ կարևոր է արվեստաբանի գործը և միաժամանակ շատ դժվար: Խոսքս ավարտեմ` ասելով, որ բոլորս պետք է տրամադրված լինենք հասարակությանը մի քայլով ավելի բարձրացնելուն, այլ ոչ թե հասարակության սիրտը շահելու համար նրան հնարավորինս իջեցնենք ամենացածր աստիճանի` արդարանալով, որ հասարակությունն է այդպես ուզում: Հասարակությանը պետք է մատուցվի բարձրարժեքը, ինչը և արվում է <<Ընկեր>> թերթի միջոցով: Շատ դժվարին ճանապարհ է, պիտի ասեմ, ընտրել թերթը, բայց և ընտրել է ճիշտ ճանապարհը, ինչն, անկասկած, խրախուսելի ու շատ գովելի է…
SHARE