Ոչ թե լոկ բառ, այլ ապրելաձև…

0
17
      «Ժիրայր Էքմեքչյանի հետ շատ վաղուց  ենք ծանոթ, դեռևս այն ժամանակներից, երբ Վանաձորում էր բնակվում: Նրա հետ ընկերությունը շարունակվում  է նաև այսօր: Գտնվելով ԱՄՆ-ում, միշտ էլ օգնել է հայրենի Լոռի աշխարհին: Այդ հարցում, իհարկե, խորհրդակցել է մեզ հետ` ում օգնել, ինչպես և այլն: Այնտեղ կազմակերպել է դրամահավաքներ` հիմնականում մեր մարզի  գյուղական համայնքների բնակչությանն աջակցելու նպատակով: Հիանալի ընկեր է, լավ մարդ: Ընկերությունն այն միակ բանն է, որը մարդն ինքն է ստեղծում սեփական կյանքի ընթացքում: Ընկեր ասածը լոկ բառ չէ, այլ` ապրելաձև: Ընկերն այն անձնավորությունն է, որ դժվարին պահին կողքիդ է: Նույնը, պարզ է, փոխադարձաբար պիտի լինի: Ժիրայրն այդպիսի ընկեր է, այդպիսի մարդ: Ցանկացած պահի, երբ ընկերը կարող է դժվարության մեջ լինել կամ պրոբլեմներ ունենալ, Ժիրայրը պատրաստակամորեն, իր բոլոր հնարավորություններն օգտագործելով, անպատճառ նրա կողքին է: Նման ընկերներ, ցանկալի է, որ շատ լինեն, ինչից ընդհանուր շահն ավելի մեծ կլինի: Ժիրայրի մեջ ամենակարևորը մարդկային արժանիքներն են, որոնք չեն կարող շրջապատում աննկատ մնալ: Մարդ մնալու, մարդկային վեհ հատկանիշներին հավատարիմ մնալու նրա ձգտումը գերում է անգամ անծանոթին: Ժիրայրն անդամակցում է մեր  բարեգործական հիմնադրամի խորհրդին և, անկասկած, իր արժանի լուման կբերի  նրա սրբազան ձեռնարկումները կյանքի կոչելուն»,-ասաց  «Հերոսների պանթեոն»    հիմնադրամի փոխնախագահ Վահե Միկիչյանը:


     Շարունակելով զրույցը, պարոն Միկիչյանը տեղեկացրեց, որ այս տարվա հուլիսին է ընկերների որոշմամբ ստեղծվել տվյալ հիմնադրամը: Նրա նպատակն է դրամաշնորհների միջոցով վերակառուցել Վանաձորի զոհված ազատամարտիկների պանթեոնը, որը հայտնվել է ոչնչացման եզրին: Այդ խնդիրն իրագործելուց հետո հնարավորություններ կստեղծեն աջակցելու ոչ միայն տեղի և Հայաստանի, այլև Արցախի զոհված ազատամարտիկների ընտանիքներին. «Այն մարդիկ, ովքեր իրենց կյանքը նվիրաբերել են հայրենի երկրի ու ժողովրդի ազատությանը, հաճախ, ցավոք, անհրաժեշտ հարգանքի ու պատվի չեն արժանանում:Հատկապես սրբորեն պիտի պահպանենք նրանց գերեզմանները, չպիտի թույլ տանք, որ դրանք քանդվեն կամ անտարբերության մատնվեն: Դա մեզ պատիվ չի բերում, մասնավորապես` այն մարդկանց, ովքեր եղել են կռվի դաշտում: Ահա թե ինչու ընկերներով վճռեցինք հիմնել այս հիմնադրամը: Նաև` այն առաջնահերթությունից ելնելով, որ պետք է ամենօրյա ուշադրություն հատկացնել զոհվածների ընտանիքներին,  ամեն կերպ նպաստել նրանց ծայրահեղ անմխիթար սոցիալական վիճակի բարելավմանը: Պետության կողմից նախատեսվածը դեռևս բավարար չէ, ուստի այդ բացը մենք պիտի ջանանք լրացնել: Ընկերներով, թև-թևի տված, պիտի հասնենք այդ վեհ նպատակի իրականացմանը…Առիթից օգտվելով, ուզում եմ ողջունել  « Ընկեր » թերթի գոյությունը` շատ լավ թերթ է, թող նման հրապարակումներ շատ լինեն: Ներկայիս պայմաններում, երբ ընկերությունը դարձել է զուտ ձևական և նմանվել ինչ-որ խաղի, հարկ կա նոր սերդին հիշեցնելու ընկերության արժանիքների, կարևորության ու անհրաժեշտության մասին: Իսկական ընկերության գաղափարը պիտի մշտապես արծարծվի ու տարածվի » …
    Վահե Միկիչյանը 1994-ից ԵԿՄ Գուգարքի տարածաշրջանային բաժանմունքի փոխնախագահն է: Մարտական ուղին սկսել է 1989-ից` Գուգարքի շրջանի միացյալ ջոկատների կազմում: Հետագայում` 1990 թ., երբ կազմավորվել է  «Վրեժ » աշխարհազորային ջոկատը /հրամանատար` ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյան/, եղել է նրա հետախուզության պետը: Մինչև 1994-ը մասնակցել է մարտական գործողություններին: 1996-2001 թթ. ծառայել է հայկական բանակում` զորամասի ֆիզպատրաստականության պետ: 2001-09 թթ. աշխատել է ՀԷՑ  « Դեբեդ »  մասնաճյուղի Վահագնի տեղամասի պետ: Այժմ « ՁորաԳԷՍ »  ՓԲԸ տնօրենի տեղակալն է:

SHARE