Ոչ թե խոսքերով, այլ իմաստնությամբ

0
26
Պահել, պահպանել հայի ոգին ու նրա տեսակը` հանուն ազգի ու պետության հարատևման…
  Մի կարևոր հարց այսօր չի կարող, անշուշտ, չմտահոգել շատ-շատերիս` ունե՞նք, արդյոք, ազգային պետություն, թե՞ ոչ: Եթե մեր պետությունն ազգային է, ուրեմն մեր ղեկավարությունը պետք է շահագրգիռ լինի ազգային արժեքների պաշտպանմամբ: Դժբախտաբար, այս հարցում դեռևս ակնհայտ են անհոգությունն ու անտարբերությունը: Մենք տակավին չենք հասկանում, թե ուր է նավարկում մեր նավը, չենք հասկանում, որ անկախությունը միայն կենացներ ու բաժակաճառեր չեն…
   Մենք այսօր, ցավոք, կառուցում ենք մի երկիր, որը սնամեջ է ու փուչիկի կարգավիճակով, որը դրսից եկող ամեն մի վտանգից, մի փշրից վախի մեջ է: Ուստի մենք պիտի լինենք լիքը ներսում ու ներսում կառուցենք հզոր պետություն, որն ամեն արհավիրքին դիմակայելու իր ձևը կգտնի` դա կլինի ժողովրդավարության հիմքի վրա, թե թագավորական, այնքան էլ կարևոր չէ: Կարևորը գերհզոր ներքին կառուցվածք ունենալն է: Այսօր չունենք այդ մեխանիզմը, և ինչ-որ մարդիկ պարտադրանքի գնով ինչ-որ բաներ են կառուցում, և անգամ իշխանավորները չեն էլ գիտակցում, որ սա ամենախարխուլ ձևն է և իրենց ունեցած, թեկուզև արտասահմանյան հարստությունները շատ արագ փոշիացվող երևույթներ են… 
  Ոչ հեռու անցյալի այսպիսի մի պատառիկ. երբ Քաջազնունին պետք է մեկներ Ամերիկա օգնություն խնդրելու հայոց համար, չուներ համապատասխան վերարկու, և նրան պետական գանձարանից գումար է հատկացվում: Վերադառնալուն պես նա անմիջապես իր աշխատավարձից վճարում է վերարկուի գումարը: Իսկ այսօր պետական գումարներով իրենց հաճույքի համար պալատ-դղյակներ ու շքեղ ավտոմեքենաներ են գնում: Պետություն ղեկավարել չի նշանակում սեփական գրպանիդ տարողությունը մեծացնել, այլ երկրի ու ժողովրդի կյանքը զորացնել: 
  Հայ մարդու մեջ խաթարվել է հայի բարոյական կերպարը, քանի որ հայը հեռացել է իր եկեղեցուց, կորցրել է իր սրբություններին տեր կանգնելու գիտակցումը: Դարձել ենք գաղափարախոսությունների ծայրահեղ հետևորդ. եթե կաթոլիկ ենք, ապա պապից ավելի պապական ենք: Եվ պատճառն այն է, որ իրականում ինքներս մեզ չենք ճանաչում: Արևմուտքից եկած ինչ <<աղբաման>> տեսնում ենք, հայտնվում ենք մեջն ու հայտարարում, թե կրողն ենք այդ <<արժեքների>>… Բայց Արևմուտք չի նշանակում անբարոյականության շեփորահարում, Արևմուտքն իր ներսում ունի բարոյական բարձր գաղափարներ: 
  Հայերս ունե՞նք, ի վերջո, մեր ծրագիրը… Ոչ, չունենք, փոխարենը տարվել ենք <<համաշխարհային>>, <<մարդասիրական>> վերացական գաղափարներով: Երկիրը խոսքերով չեն պահում, այլ իմաստնությամբ, դրա համար հարկավոր է հավաքական գիտակցություն, ազգային ոգի, նվիրվածություն, նաև պետք է ստեղծենք մեր ազգային ծրագիրը, և դրա ստեղծումը երբեք չպետք է վստահենք դոնկիխոտներին ու սանչոպանսաներին…
SHARE