Ոչ միայն ի պաշտոնե

0
17
Այլև մարդկայնորեն, ընկերական ջերմ ու անշահախնդիր մոտեցմամբ…

Վերաբերմունք

   Խաչատուր Ասատրյանը, 2006 թվականից ղեկավարելով Մարգարա համայնքը, վերջերս կրկին վերընտրվեց այդ պաշտոնում: Այս հարցում, ինչ խոսք, վճռորոշ դերակատարում է ունեցել նրա կողմից կատարված աշխատանքը: Իսկ արված գործերը շատ են: 
 Այսպես, նրա ղեկավարման շրջանում կառուցվել է նոր բուժամբուլատորիա, <<Հազարամյակի մարտահրավեր>> ծրագրով 1,3 կմ ոռոգման ջրի նոր կիսախողովակներ են անցկացվել, ինչի արդյունքում լուծվել է դժվար ոռոգելի տարածքի ոռոգման հարցը: Նույն ծրագրով մեկ խորքային հոր է հորատվել` ոռոգման նպատակով: 1,5 կմ փակ դրենաժ է կառուցվել ստորգետնյա ջրերի հեռացման նպատակով, ինչը կանխել է հեղեղումների վտանգը: 
  -Իմ աշխատած ժամանակահատվածում,- ասաց պարոն Ասատրյանը,- գյուղը պետական միջոցների ներդրմամբ գազաֆիկացվել է: Մեր միջոցներով 5 կմ խմելու ջրի ներքին ցանց է անցկացվել, մնացել է 1 կմ հատվածը, որն այս տարի պիտի կատարենք: Պետական միջոցներով վերանորոգվել է դպրոցը, իսկ համայնքի ներդրմամբ դպրոցում նախակրթարան է բացվել: Գյուղում նշում ենք բոլոր տոները, որոնց բնակիչների մասնակցության ակտիվությունը մեծ է: Մեր տարածքում 2 զորամաս կա, Բանակի և Հաղթանակի տոները համատեղ ենք նշում, իսկ, առհասարակ, սերտ համագործակցություն կա մեր միջև: Համայնքապետարանի միջոցներով աղբահանություն ենք իրականացնում: Ելնելով մեր առջև ծառացած խնդիրների լուծման առաջնահերթությունից, նախ ոռոգման և խմելու ջրի հոգսերն ենք հոգացել, ապա սկսել ենք մտածել մշակույթի տան վերանորոգման մասին: Բնական է, որ համայնքում պիտի զարգանան մշակույթը և սպորտը, մարդկանց կենցաղը համապատասխանեցվի ժամանակակից պահանջներին: Կարևորագույն խնդիրներից է փողոցների լուսավորության անցկացումը: Հուսով եմ, որ համայնքի զարգացման քառամյա նոր ծրագրում ընդգրկված այս և մյուս խնդիրները կկարողանանք բարեհաջող և ժամանակին իրագործել: Իհարկե, համատեղ ուժերով, կառավարության աջակցությամբ…
 -Գիտենք, որ մրցակից չունեիք և կրկին վստահության քվե ստացաք Ձեր  համագյուղացիների կողմից:

 -Նշածս բազմաթիվ աշխատանքների, գյուղի համար ձեռնարկված միջոցառումների արդյունքում, անշուշտ, նորից վստահության արժանացա: Դրանով կարելի է, կարծում եմ,  բացատրել այն հանգամանքը, որ մրցակից չունեի: Ընտրողների ակտիվությունը մասնակցության առումով բարձր էր. 530 մասնակից` 1020 ընտրողից:
 -Բնական է, որ Ձեր ընկերական շրջապատը ևս որոշակի դեր խաղաց այդ առումով: Ի՞նչ կասեք:
  -Ունեմ, իհարկե, ընկերական շրջապատ: Ընկերներս ինձ հիմնականում օգնում են, որպեսզի առաջին հերթին հարկերը վճարվեն և կազմակերպչական առումով լուծվեն գյուղի հետ կապված խնդիրները: Մտերիմ ընկերներ շատ ունեմ, դեռևս` դպրոցական տարիներից: Մեր ընկերական շրջապատում մաքուր ու անշահախնդիր հարաբերություններ են, ինչը պահպանվում ու շարունակվում է: Ընկեր ունենալուց հաշվի եմ առնում ընտանիքը, վերաբերմունքը ընտանեկան սրբությունների հանդեպ: Եթե լավ ընտանիք ունի, լավ տնտեսություն է վարում, ապա կարող է նաև լավ ընկերություն անել: Իսկ որպես ղեկավար, մարդը պետք է հոգատար լինի, համբերատար, մտածի, որ տվյալ գյուղում է ծնվել, այդտեղ են իր երեխաները, իր ժառանգները, այսինքն, ոչ թե շահով կամ այլ դրդապատճառներով առաջնորդվի, այլ միաձուլված լինի ժողովրդի հետ, իրեն վեր չդասի ոչ ոքից: Ես այս գիտակցությամբ եմ առաջնորդվում, իմ ղեկավարման ժամանակահատվածում ոչինչ չի փոխվել իմ մեջ, մարդկանց հանդեպ իմ վերաբերմունքի մեջ, նույնն եմ մնացել: Դրա համար էլ գյուղացին ինձ ընդունում է, հարգում ու գնահատում: Նրա կողքին եմ եղել բոլոր հարցերում, ոչ միայն ի պաշտոնե, այլև մարդկային առումներով, ընկերական ջերմ մոտեցում ցուցաբերելով…
SHARE