Ոչ մի հարց անպատասխան չթողնել

0
27

Համբերատար լսել դիմացինին և հնարավոր ամեն ինչով օգնել…


Պատասխանատվություն

   <<Մանասերյանին ներկայացնելը և՛ շատ դժվար է, և՛ շատ պարզ,- Արարատի մարզի Տափերական գյուղ այցելության ժամանակ ասաց գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Մուշեղ Ղազարյանը:- Նրա համեստությունն ամեն ինչ ասում է: Գյուղացիներին շատ հարգալից է վերաբերվում, անտրտունջ ու հարբերատար լսում: Գյուղապետի ամենամեծ ձեռքբերումն այն է, որ համայնքը հավաքական ու միասնական է դարձել, մթնոլորտը խաղաղ ու հանգիստ է: Ամեն մեկն իր գործով է զբաղվում, ամեն մեկն իր հոգսի հետ է: Ահա, այս առողջ բարոյահոգեբանական մթնոլորտը կարելի է ամենամեծ ձեռքբերումը համարել: Խնդիրներ շատ ունեինք, որոնց մի մասն արդեն լուծվել է: Խմելու ջրի մատակարարումը բավարար հիմքերի վրա է: Այս խնդիրը 90 տոկոսով լուծվել է, մնացել է մայր ջրագծի հարցը, դա էլ առաջիկայում կլուծվի: Մանկապարտեզը վերանորոգված է, լավ վիճակում, չնայած դեռ որոշ աշխատանք կա անելու: Գումարի հարցը լուծելու դեպքում շատ արագ ավարտին կհասցնենք մնացածը: Համայնքի բյուջեի միջոցները կօգտագործենք: Դպրոցը նույնպես վերանորոգված է: Մշակույթի տունը բարվոք վիճակում չէ, վերանորոգման կարիք ունի, բայց շարունակում է գործել: Ունենք պարի, ժողգործիքների խմբակներ, մարզական թիմեր: Մարզամշակութային կյանքն աշխույժ է: Պարոն Մանասերյանը շատ համեստ մարդ է, չի սիրում իրեն ներկայացնել: Կարողանում է համախմբել մարդկանց, ճիշտ մոտեցում, վերաբերմունք ցուցաբերել դիմացինի նկատմամբ: Այստեղ մեծ դեր ունեն նրա կրթական բարձր մակարդակը, անցած ճանապարհը, աշխատանքային փորձառությունը: Կա փոխադարձ հարգանքի, վստահության մթնոլորտ, մարդիկ համերաշխ ու համախմբված են: Կարգ ու կանոնը բարձր մակարդակի վրա է: Մեզ համար ավելի շատ լավ ընկեր է, ապա միայն ղեկավար: Բոլոր առիթների դեպքում մարդկանց կողքին է, պատրաստակամ`  օգնելու ու սատարելու յուրաքանչյուրին: Նաև անձնական միջոցներն է այդ նպատակին ծառայեցնում…>>: 

  Զրուցեցինք նաև գյուղապետարանի առաջատար մասնագետ Հասմիկ Մարգարյանի հետ, ով, մասնավորապես, ասաց. <<2003-ից աշխատում եմ Մանասերյանի հետ: Առաջին իսկ օրվանից աշխատողներին ասել է. <<Անկախ այն հանգամանքից, թե ինչ հարաբերությունների մեջ եք բնակիչների հետ, եթե մարդը մտել է գյուղապետարան ինչ-որ խնդրով, ապա պարտավոր եք շատ լավ ընդունելու, հարցին լուծում տալու: Անձնական ոչ մի հարց այստեղ չի քննարկվելու>>: Իր այս վերաբերմունքից ժողովուրդը շատ գոհ է: Բոլորին հավասար վերաբերմունք կցուցաբերի: Չի կարելի մարդուն անտեսել, արհամարհել: Սա է նրա մոտեցումը: Առաջին տարիներին ունեինք շատ պրոբլեմներ` խմելու ջրի, կոյուղու, լուսավորության: Շատ հարցեր լուծեց: Աստիճանաբար գյուղը վերականգնվում է: Տափերականը միշտ էլ առաջադեմ գյուղ է եղել, կրթական մակարդակով շատ բարձր: Այն գյուղն է, որտեղ ոչ ոքի ոչինչ չես կարող պարտադրել: Պարոն Մանասերյանը կարողացավ համախմբել բոլորին ու կուռ համայնք դարձնել: Այսօր կոյուղու խնդիր ունենք որոշ թաղամասերում, դրենաժների մաքրման հարցն է մնացել, և ծայրամասային մի քանի փողոց լուսավորման կարիք ունի: Ընթացքի մեջ է նաև այս հարցերի լուծումը…>>:
   Մուշեղ Ղազարյանը, լրացնելով խոսքը, ասաց, որ կուզեին շատ լավ վերանորոգված գյուղապետարանում աշխատել, բայց համայնքի ղեկավարը դա թողնում է վերջում, ջանում է առաջնահերթ բնակիչների խնդիրները լուծել. <<Թեև առկա պայմանները չեն խանագարում, մենք շատ լավ աշխատում ենք և սպասում, որ դրան էլ հերթ կհասնի: Ունենք փողոցների ասֆալտապատման հարց, որն առաջնահերթ է այսօր, առաջիկա 1-2 տարում այդ հարցը կկարգավորվի: Արդեն կենտրոնական փողոցը հիմնովին ասֆալտապատված է: Մի քանի փողոցներում լուսավորման խնդիր պետք է լուծվի: Ձգտում ենք հասնել քաղաքային մշակույթի, կենցաղի մակարդակին: Մեզ համար ամենամեծ խնդիրը գյուղացուն իր ծննդավայրում, հայրենի հողում պահելն է: Այդ նպատակին հասնելու համար նաև աշխատատեղեր պիտի ստեղծենք: Հանուն գյուղի բարօրության ամեն միջոց պետք է ձեռնարկենք…>>:
   <<Տափերականցին սովորական գյուղական կենցաղով չի ապրել,- իր հերթին ասաց գյուղապետը` Միհրան Մանասերյանը: – Գյուղը եղել է քաղաքատիպ ավան, մեր գյուղացին ապրել է քաղաքացու հոգեբանությամբ` իր բարքերով, կենցաղով, ապրելաոճով: Սակայն գիտենք` հասարակարգ փոխվեց, և մենք հետընթաց ապրեցինք: Արտագաղթը մեծապես զգացնել տվեց` որպես դժգոհության, անբավարարության նշան: Կյանքի տարբերության մեծությունը մեզ վրա ավելի շատ ենք զգում: Դրա համար մի քիչ ավելի մեծ պահանջ ունենք` դեպի արագ զարգացում գնալու: Մեր ուժերով ու հնարավորություններով պետք է հասնենք ցանկալիին և մեր կյանքը բարեփոխենք: Միջոցներ պետք է գտնենք ինքներս մեր հարցերը լուծելու: Այդ ուղղությամբ քայլեր արված են, արդյունքն ակնհայտ է: Հոգեբանորեն պիտի պատրաստ լինենք` ինքներս մեր խնդիրները լուծելու, չէ՞ որ պետության հնարավորություններն այնքան էլ մեծ չեն: Այստեղ խոսքը միայն նյութականին չի վերաբերում` ով ինչով կարող է, պետք է մասնակից դառնա համայնքի առաջընթացին ու զարգացմանը: Մտադիր ենք եթե ոչ եկեղեցի, ապա գոնե մատուռ կառուցել: Ոչ պակաս կարևոր է նաև մանկապարտեզի հարցը. մի մասնաշենքը վերանորոգել եմ գյուղապետարանի և իմ միջոցների համատեղ ներդրմամբ: Վերևում թվարկվեց կատարված հիմնական աշխատանքների մասին, ավելացնեմ միայն, որ դրանցում մեծ լումա ունի մարզպետը: Ասիական բանկի միջոցներն ենք օգտագործել, իմ անձնական միջոցներն եմ ներդրել: Ոռոգումն է պրոբլեմային, ինչը կապված է ջրային տնտեսությունների աշխատանքի, ջրօգտագործողների վերաբերմունքի և գյուղատնտեսության սխալ կառուցվածքի հետ: Ըստ իս, մեր երկրում գյուղատնտեսություն չկա: Ոռոգման համակարգում աշխատանքներ տարվում են, բայց արդյունավետությունը չի երևում: Խնդիրները ոլորտում գնալով ոչ թե նվազում են, այլ ավելանում: Ծրագրեր չեն մշակվում ու իրականացվում©©©  Մենք պետք է հետ նայենք, տեսնենք, թե ինչ ենք բաց թողել, ինչն ենք սխալ արել և այդ ամենը շտկելու քաղաքականություն մշակենք: Պետք է գյուղում մի տնտեսություն ստեղծել, որը կփոխարինի նախկին կոլխոզ-սովխոզներին: Ոչ խորհրդային հոգեբանությամբ, այլ ազատ տնտեսական հարաբերություններով…>>:
   Պարոն Մանասերյանն այն համոզմանն է, որ մարդն ամեն ինչ իր ուժերով, իր ձեռքերով պիտի ստեղծի: Այդպես վարվել է` կառուցելով սեփական գինու-կոնյակի գործարանը 1995 թվականից: Սկսել է փոքր ծավալով գինու և կոնյակի արտադրությամբ զբաղվելով: Մինչև օրս էլ կառուցում և ընդլայնում է այն: Գործարանն աշխատեցնում են ընտանիքի անդամները: <<Տուշպա>> անվանումով գինին, որն այսօր չի արտադրվում, արտահանել են ՌԴ, ԱՄՆ, Եվրոպա: Այսօր հիմնականում կոնյակ են արտադրում: Եղանք գործարանում, որը մեզ շատ հաճելի զգացողություններ պարգևեց: Հաճելի էր նաև այն առումով, որ այստեղ ընկերների ներկայությունն ու շունչը զգացվեց: Հաճախակի հանդիպումներն այստեղ ավելի շատ հոգևոր բերկրանք ու վայելք ապրելու անմոռանալի պահեր են պարգևում: Գործարանի պատերի ներսում ընկերական սերն ու նվիրումը մի ուրիշ կերպ են արտահայտվում: Գինին, ինչ խոսք, աստվածային խմիչք է, որը մաքրում է մարդու հոգին: 
    Մ. Մանասերյանն այն կարծիքին է, որ գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու համար պիտի մարդուն ազատ գործելու հնարավորություն տալ, խելամիտ առաջարկներն ու գաղափարները հաշվի առնել, շահագրգիռ քննարկումներ կազմակերպել: Լավ օրինակը պետք է ընդօրինակել, լավ փորձը տեղայնացնել, արժեքավորը վերցնել ու հետևողական զարգացնել: Համայնքի ղեկավարի համոզմամբ, մարդկային փոխհարաբերություններն ամենաթանկն են, չպետք է թշնամանալ, ավելորդ լարվածություն ստեղծել: Նրա ամենամոտ ընկեր-բարեկամները որևէ արտոնություն չունեն գյուղում, ընդհակառակը` առավել պարտավորված են համայնքում ջերմ, խաղաղ մթնոլորտ ապահովելու համար:    Բոլորն էլ հավասար են, բոլորի համար էլ կարգ ու կանոնը մեկն է:  
    Նրանց ընկերության մեջ ամենահետաքրքրականը հումորն է, առանց որի շատ տաղտկալի կլիներ: Ընկերների մեջ է համ ու հոտը: Ընկերների միջոցով էլ կարող ես զգալ, թե քո մեջ ինչ խնդիր կա: Գյուղացիները նույնպես ընկերներ են, մոտիկ-հարազատներ, կապված հազար ու մի թելերով: Ընկերությունն իրենց հայրերից, պապերից է գալիս: Ընկերությունը կյանքի բոլոր դատարկ մնացած տեղերը լցնում ու հարթեցնում է…   
SHARE