<<Կաֆե դյու Բրազիլ>>` որակյալ, բարձրարժեք

0
50

Սպառողի վերաբերմունքը ոգևորում է, գնահատականը` պարտավորեցնում…

Սուրճ

  Հաճախ կարելի է լսել, որ Հայաստանում վաճառվող սուրճն այնքան էլ որակով չէ և չի համապատասխանում իրական սուրճի բաղադրությանը: Անգամ պնդում են, թե արհեստական, <<սարքովի>> են հատիկները: Ահա այս և, առհասարակ, սուրճին վերաբերող շատ այլ հարցերի պատասխանները բավարարելու ակնկալիքով որոշեցինք անակնկալ այց կատարել սուրճի արտադրության որևէ արտադրամաս: Ընտրությունը կանգ առավ <<Կաֆե դյու Բրազիլ>> ընկերության արտադրամասի վրա:
Ասենք, որ ընկերությունը շուրջ 20 տարի զբաղվում է սուրճի ներկրմամբ: Տնօրենը լիբանանցի է` Սամիռ Խնայսիռը: Փոխտնօրեն Գրիգոր Կարապետյանի ուղեկցությամբ եղանք սուրճի բովման արտադրամասում, որտեղ տեսակավորված հատիկավոր կանաչ սուրճը բովվում ու փաթեթավորվում էր: Սուրճի բաղադրությունն, անկասկած, իրական էր: Ինչպես նշեց պարոն Կարապետյանը, կանաչ սուրճը ներկրում են դրսից, բովում ու հատիկավոր վաճառում 10, 20 և 40 կգանոց փաթեթներով: Հիմնական իրացումը կատարվում է մեծաքանակ առևտրի միջոցով: Պատվերի դեպքում նաև աղում են: Ներմուծում են Ինդոնեզիայից, Վիետնամից, Հնդկաստանից, առավելապես` ռոբուստա տեսակի սուրճ: Ըստ հատիկի չափսի, սուրճի անվանումները հետևյալն են` մեդիում, XL, ջամբո, էլեֆանտ, բլանդէշն: Բոլորն էլ` ռոբուստա տեսակի: <<Կաֆե դյու Բրազիլի>> սուրճի առանձնահատկությունն այն է, որ յուրահատուկ հոտ, բույր ունի, որը շահեկանորեն տարբերվում է մյուսներից:
Մեր զրուցակիցը հավատացրեց, որ հատիկավոր սուրճ գնելու կամ այն մեր աչքի առաջ աղացվելու դեպքում դրա իրական լինելու մասին կասկածներ չպետք է ունենալ: Կասկածներ կարող են ծագել միայն սուրճն աղացած, փաթեթավորված վիճակում գնելու պարագայում: Կան ընկերություններ, որ մաքուր են աշխատում, կան նաև այնպիսիք, որ սուրճին այլ հավելումներ են խառնում: Ինչ վերաբերում է իրենց ընկերությանը, ապա, պարոն Կարապետյանի հավաստիացմամբ, սուրճի կայուն որակը մշտապես պահպանվում է, քանի որ ներմուծման կամ այլ կարգի խնդիրներ չեն ունենում: Այնպես չէ, որ ստիպված լինեն պատահական մատակարարների կամ գործընկերների հետ գործ ունենալ, վատ ու անկազմակերպ աշխատանքի պատճառով անազնիվ գտնվել իրենց սպառողների նկատմամբ: Արտադրության անընդհատությունն ու կայունությունը մշտապես պահում են, որակն էլ` հետը:
Ընկերության փոխտնօրենի հետ զրույցից տեղեկացանք նաև, որ սուրճի սպառումը տարեցտարի նվազում է: Եթե նախկին տարիներին այդ տոկոսը 10 էր, ապա նախորդ տարի արդեն 20 տոկոս նվազում են արձանագրել: Դա հիմնականում պայմանավորված է մեր երկրի սոցիալտնտեսական անմխիթար իրավիճակով, մասնավորապես` արտագաղթի մտահոգող հանգամանքով: Կա նաև մրցակցության գործոնը: Մանավանդ, երբ այդ մրցակցությունն ապրանքի գնին, այլ ոչ թե որակին է առնչվում: Որոշ դեպքերում էլ ապրանքի գինը ցածր է` ի հաշիվ որակի:
<<Կաֆե դյու Բրազիլի>> սպառողները նախընտրում են որակյալ, բարձրարժեք սուրճ: 20 տարի հայկական շուկայում գտնվելն, ինչ խոսք, պարտավորեցնող ու պատասխանատու ժամանակաշրջան է այս համբավավոր ընկերության համար: Վստահելի է, հավատ ներշնչող… Ի դեպ, ընկերությունը նաև մալայզիական կակաո /աղացած/ է ներմուծում, ժամանակ առ ժամանակ` լուծվող սուրճ:
Նշենք, որ Սամիռ Խնայսիռին հայ ընկերներն են առաջարկել ներդրում անել սուրճի արտադրության, իրացման ոլորտում: Ցավոք, գնալով այստեղ ևս ցուցանիշները նվազում են և եկամտաբերությունը պակասում է` ոլորտում զբաղված մարդկանց դժվարին իրավիճակի առաջ կանգնեցնելով: