Որակն ամենակարևորն է

0
37

Հաջողություն

ԱՐՄԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ (<<Սիսիանի ԲՈՒԱՏ>> ՍՊԸ տնօրեն)

 goris2 <<Սիսիանի ԲՈՒԱՏ>> ՍՊԸ տնօրեն Արմեն Անդրեասյանի խոսքերով, ձեռնարկությունը 1940-ական թվականներին  հիմնադրված Սիսիանի բեռնաուղեւորատար ավտոտրանսպորտային փոխադրող  կազմակերպության իրավահաջորդն է : Վերջին 10 տարիներին զբաղվում է նաեւ ճանապարհաշինությամբ:

  <<Այս տարի համաշխարհային բանկի ծրագրով ճանապարհաշինարարական աշխատանքներ ենք իրականացրել Սիսիան-Մ2 մայրուղի, Սիսիան-Տոլորս-Տարոնիկ ճանապարհի 0-9340 մետր հատվածում: Շաքե համայնքում ասֆալտապատել ենք համայնքապետարան տանող ճանապարհը, փոխել ենք ճանապարհի եզրաքարերը, կատարել ենք ջրահեռացման համակարգի տեղադրման եւ  հիմնանորոգման աշխատանքներ: Մոտավորապես կատարվել է 140 հազար գծամետր ճանապարհաշինարարական եւ ասֆալտապատման աշխատանք: Մարզային ծրագրով կատարել ենք Սիսիանի երկու շենքի  (Գայի 10 եւ 14) բակերի ասֆալտապատման աշխատանք` 13.800.000 դրամ արժողությամբ: Ծրագիրն սկսվել է այս տարվա հունիսի 4-ին եւ ավարտվելու է 2016 թ. նոյեմբերի 30-ին, բայց ուզում ենք աշխատանքներն ավարտել այս տարի, քանզի արդեն ավարտական փուլում ենք: Մրցույթը շահել ենք, որովհետեւ տարածաշրջանում (ընդհանրապես` Արարատից այս կողմ) ամենահզոր ճանապարհաշինարարական կազմակերպությունն ենք` ժամանակակից տեխնիկայի բոլոր տեսակներով համալրված: Մրցույթում հաղթում է նա, ով ունի անհրաժեշտ տեխնիկա: Աշխատանքների կատարման որակով հիմնարկը տարբերվել է մնացած կազմակերպություններից դեռեւս 10 տարի առաջ` ամեն տարի տեխնիկայի մի նոր տեսակ ավելացնելով: Արդյունքում` մարդիկ դա գնահատում են: Մրցույթի ժամանակ հաշվի են առնվում կատարված աշխատանքների որակը, անհրաժեշտ տեխնիկայի առկայությունը: Այս ամենի շնորհիվ էլ աշխատանքները կատարում ենք որակով եւ հաղթում ենք: Պատասխանատվությամբ ենք կատարում բոլոր աշխատանքները, որպեսզի ե՛ւ բնակիչները գոհ մնան, ե՛ւ ղեկավարությունը: Ոչ մի հարցում դեռ չենք թերացել: Ունենք մեխանիզմներ, որոնք վարձավճարով ենք տրամադրում: Մեր ձեռնարկությունը նաեւ տրանսպորտային ծառայություններ է մատուցում: Բայց հիմնական ուղղվածությունը ճանապարհաշինարարական աշխատանքներն են: Աշխատանքների լավ կատարումը պայմանավորված է ոչ միայն անհրաժեշտ տեխնիկայի առկայությամբ, այլեւ բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմամբ: Բոլոր մասնագետները, սկսած մեխանիզատորներից, ճանապարհաշինարարներից` պրոֆեսիոնալներ են: Ամենակարեւորը աշխատանքում պրոֆեսիոնալիզմն է, վերահսկողությունը եւ պատասխանատվությունը: Առաջին հերթին, ղեկավարը պետք է վստահ լինի իր ուժերին, որպեսզի աշխատողներն էլ վստահեն իրեն, համոզված լինեն, որ սկսած գործը պատվով են հասցնելու ավարտին>>,- ասաց պարոն Անդրեասյանը:

  Նա հավելեց, որ 35 տարի հիմնականում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել: Այդ տարիների ընթացքում ձեռք է բերել մեծ թվով աշխատանքային ընկերներ, եւ նաեւ այդ հանգամանքով է պայմանավորում իրենց կազմակերպության հաջողությունները: Առանց ընկերների դժվար է: Աշխատանքում ընկերների ժամանակին մեկնած օգնության ձեռքը շատ խնդիրներ է լուծում. <<Մեր մարզպետն էլ միշտ մեր կողքին է, շատ պահանջկոտ, միեւնույն ժամանակ, անմիջական մարդ է, ժողովրդի հոգսերով ապրող եւ ժողովրդին սատարող ղեկավար է:  Սիսիանում երեւի այդպիսի ղեկավար չի եղել, որ մեր մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նման շրջած լինի մարզի ամենահեռավոր գյուղերով, շփվի գյուղացիների հետ, լսի նրանց բողոքներն ու շատ հարցեր լուծի տեղում: Պահանջկոտ լինելով, հետեւողական է եւ իր խոսքի տերը: Ով ճանաչում է մարզպետին, գիտի, որ նրա խոսքը պետք է գործ դառնա>>:

  Արմեն Անդրեասյանը շատ ընկերասեր է: Ընկերասիրությունը ժառանգել է հորից եւ համոզված է, որ առանց ընկերների մարդը միայնակ է: Ինչ վերաբերում է առաջիկա կիրակի կայանալիք հանրաքվեին, ապա ասենք, որ նա միանշանակ կողմ է սահմանադրական փոփոխություններին եւ համոզված է, որ մեր երկիրը զարգացման ճանապարհին է: