Որտեղ սեր, ընկերություն, հավատ`

0
47
այնտեղ առաջընթաց, բարգավաճում ու տպավորիչ հաջողություններ…

Կենսակերպ

   Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի հետ մեր զրույցն սկսվեց մարդկային, ընկերական հարաբերությունների շուրջ անկեղծ, մտերմիկ խոսակցություն ծավալելով: Պարոն Խլոյանի համար էլ, ասես, հաճելի էր գոնե առժամանակ կտրվել ամենօրյա աշխատանքային եռուզեռից, հոգսերից ու խնդիրներից և կիսվել` ոչ գործնական թեմաների մասին խոսք ու զրույց տանելով: Ահավասիկ.
-Ամեն ոք ընկեր չի կարող լինել: Երիտասարդ շրջանում, երբ անփորձ ես, նվիրվում ես ցանկացածին և գնահատում ես առավելն ու անփոխարինելին: Ընկերը շատ պարզ հասկացություն է, բայց գնալով, տարիների ընթացքում, այն բարդանում է: Կյանքի ճանապարհին շատ խոչընդոտների ենք հանդիպում կամ, ասենք, ընկերության շրջապատում շատ մարդիկ են հայտնվում, և բոլորի հետ չէ, որ փոխըմբռնման եզրեր են առաջանում: Ահա, յուրօրինակ այդ խառնաշփոթից տարակարծություններ են ի հայտ գալիս, <<ջարդուփշուր>> են լինում շատ հասկացություններ ու պատկերացումներ: Ես կընդունեմ, կողջունեմ այն ընկերոջը, ով լիարժեք տրամաբանում ու իր գնահատականներում անաչառ, սկզբունքային է: Վստահությունն ամեն պարագայում պետք է, առավել ևս` ընկերության մեջ: Ընկերությունը, կարելի է ասել, գերադրական աստիճան է: Ահա թե ինչու, երբ շեղումներ են լինում դրանից, ապա պատճառված ցավն առավել քան խորն է լինում: Կյանքը շատ բարդ է, և պիտի կարողանաս յուրովի հասկանալ այն: Նույնը, թերևս, կարելի է ասել նաև ընկերության առումով: Համենայնդեպս, պիտի ինքդ ջանաս առավելն անել և քո վարքագծով ապացուցել ճիշտն ու անառարկելին: Պետք է ասեմ, որ ինձ համար վեհ ընկերներ են կռված, պատերազմում հաղթանակներ տարած տղաները, և ես գլուխ եմ խոնարհում նրանց առջև: Զոհված, թե կենդանի, միևնույն է, նրանք մեծություններ են: Նրանց արածը վեհություն է, և չես կարող չգնահատել: Կռվելով մարտի դաշտում և պաշտպանելով հող հայրենին, նրանք նաև ընկերների կյանքն են փրկել: Այդպիսի անվեհեր հերոսներից է հորաքրոջս որդին` Պողոսի Մկոն: Նա ջոկատի 23 տղաների կյանքը փրկել է միայնակ` գնդացրով պաշտպանելով նրանց: Այո, իրեն զոհաբերեց` հանուն ընկերների, փրկելով նրանց կյանքը: Իրական ընկերությունը սա է, և պիտի գնահատել առաջին հերթին հենց այսպիսի ընկերությունը, այսպիսի տղաներին: Նման շատ տղաներ կան, ում չես կարող արժանիորեն չգնահատել: Նրանք օրինակ են բոլորիս համար` թե՛ որպես մարդ, թե՛ որպես ընկեր: Նրանք հերոսներ են, իսկ հերոսությունն այլ արժեհամակարգ է: Այսօր ունենք մեր` Հայոց ազգային բանակը, ինչի շնորհիվ մենք անվտանգ ու պաշտպանված ենք: Սա ամենակարևոր արժեքներից մեկն է Հայաստանի, հայ ժողովրդի և հայոց պետականության համար: Այսօր մատաղ սերունդը գիտի, որ պետք է պաշտպանի իր երկիրը` ծառայելով ազգային բանակում: Շատ կարևոր է երեխայի մեջ հայրենասիրություն, ընկերասիրություն սերմանել: Հայ ժողովրդին, առհասարակ, յուրահատուկ է ընկերասիրությունը: Ընկերության հիմքում սերն է, հարգանքը, նվիրվածությունը, վերաբերմունքը, ինչը, բնականաբար, փոխադարձություն է ենթադրում: Ինձ ընկեր կարող է լինել բարեհամբույր, անկեղծ մարդը, անաղարտ մարդը: Ունեմ շատ երկար տարիների ընկերներ, որ մշտապես գնահատված են իմ կողմից: Ընկերներս մեկը մյուսից առավել են, մի աստիճանով բարձր: Ընկերոջ կորուստը ծանր է: Եղբայր եմ կորցրել, ով ինձ համար ընկեր է եղել: Միասին ենք սովորել Պոլիտեխնիկում: Այո, եղբայրներով նաև ընկերներ ենք եղել: Դա, կարող եմ ասել, հազվադեպ է: Եղբայրս, ավարտելուց հետո, մնաց ինստիտուտում աշխատելու: Խելացի էր, բանիմաց: Նրա հետ մի կյանք ապրեցի, առանց նրա, ասես, ապրածս կյանքն իզուր լինի: Նրա կորուստը ցավ էր ոչ միայն ինձ, այլև մեր բոլոր ընկերների համար: Թե՛ որպես մարդ, թե՛ որպես ընկեր մեծ արժեք էր ներկայացնում, նմանը ես չգիտեմ: 1978 թ., 23 տարեկանում մահացավ. ուտող-խմող, կապտաչյա, բարձրահասակ, հմայիչ երիտասարդ էր, որ իր գեղեցկությամբ աղջիկներին անտարբեր չէր թողնում: Հյուրասեր էր, ընկերասեր: Նրա տեղն իմ կյանքում դատարկ է մնացել: Նրա նման մարդ ես չեմ տեսել, մեծ ընդունակությունների տեր անձնավորություն էր: Գագո եղբորս կորուստը կյանքիս ամենամեծ ցավն է եղել: Նման անհատներ, իրոք, 100 տարին մեկ են ծնվում: Եղբորս նման տաղանդավոր մարդիկ, ընկերներ պիտի շատ լինեն, քանի որ նրանք հրաշալի օրինակ են իրենց շրջապատի, հասարակության համար: Ընկերոջ մեջ չեմ ների դավաճանությունը, սուտը: Եթե մարդը խաբում է, ապա նա ինձ համար զրո է դառնում: Եթե դավաճանում է, ուրեմն այս օդը շնչելու իրավունք չունի: Ճշտից, ճշմարտությունից այն կողմ ես այլ բան չեմ տեսնում: Առանց ընկերների մարդը լիարժեք մարդ չէ: Ընկերը վեհ հասկացություն է: Ում է պետք մենակ մարդը` առանց շրջապատի, առանց ընկերների: Ընկերը ընկերոջ միջոցով վերադաստիարակվում, վերափոխվում, ավելի լավն է դառնում: Ընկերոջ պարագայում առատաձեռնությունը, վեհանձնությունը սահմաններ չեն ճանաչում…
   Պարզ է, որ մեր զրույցը, կամա թե ակամա, չէր կարող չտեղափոխվել գործնական հուն և չշոշափել առօրյա, աշխատանքային խնդիրներ: Պարոն Խլոյանն այստեղ ևս անկեղծ ու անմիջական էր. 

  -Ասեմ, որ ժողովուրդն ինձ ընտրել է որպես քաղաքապետ, և ես անմնացորդ նվիրումով ծառայում եմ իմ ժողովրդին: Հայրենասիրությունը, մարդկանց ազնվորեն ծառայելու ձգտումը գալիս են իմ արմատներից, փոխանցվել են ժառանգաբար: Քաղաքապետի աշխատանքն ինձ շատ բան է տվել: Ես շինարար, արտադրող եմ եղել, աշխատել եմ երկար տարիներ, բայց քաղաքապետի աշխատանքն ինձ ավելի մոտեցրեց կյանքին` օգնելով ավելի խորությամբ ըմբռնելու մարդկանց, ճանաչելու նրանց: Արդեն ավելի լավ եմ ճանաչում մարդ էակին, գիտեմ շատ ավելին: Գիտեմ, թե ով` ով է, ով է ընկերը, բարեկամը, ինչպիսի մարդիկ գոյություն ունեն: Որքան ավելի շատ եմ ճանաչում մարդկանց, այնքան, կարելի է ասել, ավելի եմ զարմանում: Մարդիկ կան, ում գերազանց գնահատական տալն անգամ քիչ է: Մարդ էլ կա, որ ափսոսում ես գնահատական տալ, անգամ` բացասական գնահատականը: Կան շատ գնահատված մարդիկ, ում ես մինչև քաղաքապետ ընտրվելս չեմ ճանաչել: Ափսոսել եմ, որ այդքան տարի չեմ ճանաչել այդպիսի շնորհալի մարդկանց, մարդիկ, ում առջև պետք է խոնարհվես: Իսկ մարդիկ կան, ում առջև ժամանակին խոնարհվել ես, բայց հիմա շատ ես ափսոսում դրա համար: Քաղաքապետ լինելը մարդկանց լիարժեք ճանաչելու հնարավորություն տվեց ինձ: Նաև` շատ ու շատ ընկերներ ձեռք բերելու առումով շատ դրական ներգործություն ունեցավ: Ընկերություն եմ անում թե՛ մեր` Գեղարքունիքի, թե՛ այլ մարզերի համայնքապետերի հետ: Ես ՀՀԿ տարածքային կազմակերպության նախագահն եմ, այնպես որ միասին, միասնական ուժերով  ցանկացած խնդրի լուծում ենք տալիս` մարդկային փոխհարաբերությունները ևս այդ նպատակին ծառայեցնելով…
   Վոլոդյա Խլոյանի ղեկավարման տարիներին Վարդենիսում արձանագրված առաջընթացն ակնհայտ է ու նշանակալի: Քաղաքը բարեկարգվել ու լուսավորվել է /մոտ 80 տոկոսով/: Բազմապիսի աշխատանքներ են իրականացվել: Ջեռուցվել են քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր կառույցները` մանկապարտեզներ, մշակույթի տուն, երաժշտական 2 դպրոց, գեղարվեստի դպրոց, շախմատի տուն, 2 մարզադպրոց: Ասֆալտապատվել են փողոցները: Վերջերս Մասրիկ տանող ճանապարհն են ասֆալտապատել, իսկ նախորդ տարիներին` Սոթքի ճանապարհը: Կանաչապատում է իրականացվել, ծառեր են տնկվել: Ամենօրյա աղբահանություն է կատարվում և այլն: 
Տոնական օրերը հանդիսավորությամբ ու պատշաճորեն են նշվում: Մայիսյան եռատոնն այս տարի քաղաքում նշվել է մեծ շքերթով, տոնական համերգով ու հրավառությամբ: Զոհված ազատամարտիկների ընտանիքները թե՛ դրամական պարգևների, թե՛ շնորհակալագրերի են արժանացել: Պատերազմի վետերաններն ու ազատամարտիկները` նույնպես: Դպրոցների, աշակերտների նկատմամբ է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերվում: Սոցիալապես անապահով ընտանիքները ևս հոգածությունից դուրս չեն մնում:
   Վոլոդյա Խլոյանը, ինչպես իր խոսքում ասաց, ամբողջ կյանքը նվիրել է իր ժողովրդին: Ժողովուրդն էլ իր հերթին, փոխադարձաբար, սիրել ու հարգել է իր զավակին, նրան բարձրացրել ու մեծ վստահության արժանացրել: Դա էլ, ինչ խոսք, պարտավորեցնում է ավելին անել, ավելի մեծ սիրով ծառայել հայրենի քաղաքին ու նրա ժողովրդին: Բնակիչների գնահատականը մեծ է ու անկեղծ: Վարդենիսն ավելի բարեկարգ դարձնելը բոլորի սրտից է բխում, և համայնքի ղեկավարն այդ ճանապարհին ոչինչ չի խնայում: 
Չլուծված խնդիրներ ու անելիքներ, անշուշտ, դեռևս, կան: Որոշ փողոցներ պետք է վերանորոգել, բազմաբնակարան շենքերի տանիքները հիմնանորոգել, վթարային շենքերի խնդիրը հրատապ լուծում է պահանջում: Կան նաև բնապահպանական, ջրահեռացման համակարգերի և այլ խնդիրներ, որոնք նույնպես կարևոր ու առաջնահերթ են: Հասկանալի է, որ մի շարք խնդիրների լուծման հնարավորություն քաղաքապետարանը չունի, ուստի համապատասխան օգնության ու աջակցության խնդրանքով քաղաքապետը դիմել է հանրապետության նախագահին, կառավարություն:
   Առիթ ունեցանք զրուցելու փոխքաղաքապետ Աշոտ Դավթյանի հետ, ով ասաց, որ Խլոյանին ճանաչում է կես դարից ավելի: Հին ընկերներ են, միասին են ուսանել: Ըստ նրա, Խլոյանը շատ անմիջական անձնավորություն է` շիտակ բնավորությամբ. <<Խլոյանի հետ և՛ հեշտ է, և՛ դժվար աշխատելը: Հաճելի է, որ միասին համերաշխ աշխատում ենք ժողովրդին առավելագույնս պիտանի լինելու համար: Նրա բոլոր աշխատանքային պահանջներն անթերի կատարվում են, հետևողական է, որ ամեն ինչ ժամանակին ու բարեխիղճ կատարվի: Անպայման պիտի տեղեկանա ամեն ինչի, աշխատանքների ընթացքի մասին: Անմնացորդ նվիրված է ժողովրդին: Մեր քաղաքն այսօր գրեթե Փարիզի պես լուսավորված է, մարդիկ շատ գոհ են: Բոլոր տոնական միջոցառումներին ժողովրդի մասնակցության աստիճանը շատ բարձր է: Քաղաքի ընդհանուր տեսքի բարելավման, փողոցների բարեկարգման մեծածավալ աշխատանքներ են իրականացվել: Մնում է մարդկանց կենսամակարդակը բարձրանա: Ընկերների համատեղ ուժերով ջանում ենք քաղաքն ավելի բարեկեցիկ դարձնել: Մեր ընկերությունը շարունակվում է նաև այսօր, գործում ենք ի շահ քաղաքի ու նրա բնակչի: Որտեղ ընկերություն, այնտեղ առաջընթաց, բարգավաճում… Թերթի <<Ընկեր>> գլխագիրը շատ լավ է ընտրված, ճիշտ է ու տեղին: Շատ լավ ընկալեցինք այն, հոգեհարազատ զգացումներ առաջացրեց: Իրոք, ամեն ինչ սկսվում է ընկերությունից, սկսվում է ու չի վերջանում: Անվերջ ու հավերժական է: Գնահատում ենք Ձեր թերթը, նրա գաղափարը: Այո, կեցցե՛ ընկերությունը, քանզի առանց ընկերության կյանքը ոչինչ է…>>:          

SHARE