Որքան էլ ծանր, դժվար վիճակ լինի

0
26

Չպետք է, այնուամենայնիվ, կորցնել հույսը, հավատն ու լավատեսությունը

Կենսունակություն 

Ռազմիկ Համբարչյանը /Ղուկասավան/ զբաղվում է ջերմոցային տնտեսությամբ, որը հիմնվել է 25 տարի առաջ: Սկսել է 200 քմ-ից` ժամանակի ընթացքում ընդարձակելով այն և հասցնելով 2 հեկտարի: Գարնանն աճեցնում են լոլիկ, իսկ աշնանը` վարունգ: Ջեռուցումը բնական գազով է, ինչի բարձր գինն էլ, կարելի է ասել, լուրջ պատուհաս է դարձել ինչպես նրա, այնպես էլ գրեթե բոլոր ջերմոցատերերի համար: Շատ ջերմոցներ, չդիմանալով դրան և չկարողանալով գոյատևել, փակվել են:

-Մեր վիճակը,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում նշեց պարոն Համբարչյանը,- առանց չափազանցության, աննախանձելի է: Ամեն ինչ անում ենք, նվազագույնի հասցնում ծախսերը, որպեսզի գոնե կարողանանք դուրս գալ այս ճգնաժամային իրավիճակից: Մեր առանց այն էլ քիչ եկամտի 60-70 տոկոսը գնում է գազի ծախսը փակելուն: Հիմա նորից խոսք կա դրա գնի նվազեցման վերաբերյալ, բայց դեռևս որևէ լավատեսական հույս չկա: Ինչպես ասում են, սպասում ենք…

Մեր զրուցակցին մտահոգող մյուս հարցը հետևյալն է. <<Ինչո՞ւ պետք է մենք դոլարի կուրսով վճարենք օգտագործած գազի դիմաց, երբ մեր երկրում բոլոր գործարքները կատարվում են դրամով Դա, ըստ իս, անարդար ու անտրամաբանական է: Խոշոր սպառողների վճարումը կախված է դոլարի կուրսից, դրա համար էլ, իմ կարծիքով, մեր տնտեսությունն անկանխատեսելի է դարձել: Եթե դրամի նկատմամբ դոլարի կուրսը շարունակի այդպես բարձրանալ, ապա մեր տնտեսությունը կործանման կգնա: Այնպիսի տպավորություն ունեմ, որ մեր պետությանն, ասես, ձեռք չի տալիս, որպեսզի ժողովուրդը լավ ապրի, տնտեսություն ունենանք: Որքան ժողովուրդն աղքատ ապրի, այնքան նրան հեշտ կլինի կառավարել, այո՞…>>:

Շարունակելով զրույցը, պարոն Համբարչյանը հավելեց, որ ջերմատնային տնտեսություններին ուղղակիորեն հարվածում են նաև դրսից ներկրված լոլիկն ու վարունգը, որոնք համեմատաբար ցածր գին ունեն. <<Արդեն հինգերորդ տարին է, ինչ ջերմոցատերերս ապրիլի 1-5-ը համատեղ ցույց ենք անում կառավարության շենքի մոտ` պահանջելով, որ այլ ապրանքի /ասենք` կաղամբ/ անվան տակ Թուրքիայից Հայաստան չներկրվեն լոլիկ, վարունգ և, հետևաբար, ցածր գին ունենալով, չհարվածեն տեղական արտադրանքին: Ահա այս պատճառով չենք կարողանում ուշքի գալ և վարկերի տակ <<ճռռում>> ենք: Չնայած մեծ տնտեսություն եմ ստեղծել, բայց էլի կախված եմ վարկերից, քանի որ այլ ճանապարհ չկա… Այս տարի ցույցի դուրս չեկանք, մեր հարցը չբարձրացրեցինք երկու պարզ պատճառով: Ամենակարևոր պատճառն Արցախում սկսված պատերազմական գործողություններն էին, ինչի պարագայում մեր պահանջն անտեղի կլիներ և ճիշտ չէր ընկալվի: Մյուս պատճառը, թերևս, այն էր, որ որոշ պաշտոնյաներ, կարծես, սթափվեցին և թույլ չտվեցին, որ Թուրքիայից ապրանք ներկրվի մեր երկիր: Երևի թե հայի արյունը խոսեց մեջները, թասիբն արթնացավ…>>:

Ի դեպ, մեր երկրում ի վերջո, ասես, լուրջ շարժում է ձևավորվում` <<ո՛չ>> ասելու, բոյկոտելու թուրքական ապրանքները, արգելելու դրանց ներկրումն ու վաճառքը: Ավելի շուտ, յուրաքանչյուր հայ, սպառող պետք է հստակ գիտակցի, որ գնելով թուրքական ապրանք` ուղղակի թե անուղղակի հարստացնում է թշնամի պետությունը, զինում է Թուրքիայի բանակը, հզորացնում այդ երկրի տնտեսությունը:

– Ինչևէ,- շարունակեց ղուկասավանցի ջերմոցատերը,- կառավարությունը տեղյակ է մեզ մտահոգող խնդիրներին, սակայն վիճակի բարելավում այդպես էլ մենք առայժմ չենք տեսնում: Եթե այդքան ներդրում արած չլինեի, այդքան տարիների աշխատանք կատարած չլինեի, ապա չէի մնա այստեղ: Ես չափից ավելի հայրենասեր եմ, ծնողներս հայրենիքի կանչով 1946 թ. ներգաղթել են Պարսկաստանից ` այնտեղ հարուստ գերդաստան, տուն ու տեղ թողնելով: Թողնելով ամեն ինչ, եկել ու բնակվել են… գոմերում, ապա իրենց աշխատանքով ու չարչարանքով հասել ամեն ինչի: Մենք էլ նրանց ժառանգներն ենք: Անկեղծ ասած, ես այնքան էլ դժգոհ չեմ իմ ապրելակերպից, բայց որ շուրջս եմ նայում, չեմ կարող չասել` կարելի է, չէ՞, մի քիչ էլ այս ժողովրդի, հասարակ մարդու մասին մտածել, մի բան անել, օգնել գյուղացուն: Ավելի շուտ` չխանգարել, քանի որ չխանգարելը հենց կնշանակի օգնել: Բյուրոկրատական քաշքշուկներն, ուղղակի, հիասթափեցնում են մարդուն: Օրական 2-3 տոննա լոլիկ եմ արտադրում, 30-40 աշխատող ունեմ, չհաշված քանիսն են կողքից օգտվում, բայց պետությունն ինձ որևէ կերպ չի ուզում օգնել, ձեռք մեկնել: Հնարավոր է, չէ՞, գոնե վարկերի տոկոսադրույքները նվազեցնել, այլապես, բանկերի միակ նպատակն, ասես, մեզ կործանման հասցնելը լինի:

Մասնավորապես, Ռազմիկ Համբարչյանը ժամանակին աշխատել է <<ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ>> բանկի հետ, բայց հիասթափվելով այդ <<համագործակցություն>> կոչվածից, հրաժարվել է նրա ծառայություններից: Բանկերն, ըստ էության, այնպիսի մեխանիզմ են մշակել, այնպիսի <<ցանց>> հյուսել, որ իրենց մոտեցողը կամ միամտաբար ներս մտնողը, իր կամքից անկախ, մի այնպիսի փոս ընկնի, որից հետո շատ դժվարությամբ կարողանա դուրս գալ: Արդյունքում բանկերը գնալով հարստանում, բարգավաճում են, իսկ դրան հակառակ, նրանց հաճախորդները` սնանկանում ու պարտքերի տակ ընկնում: Նրանց անհագուրդ ախորժակը զսպել է պետք, նկրտումները կանխել, այլապես եղածից էլ կզրկվենք և մի օր ազգովի կհայտնվենք կոտրած տաշտակի առջև…

Ցավալի է նաև, ըստ մեր զրուցակցի, տեսնել, թե ինչպես է մեր ժողովուրդը վերածվում լոկ սպառողի` երես թեքելով աշխատանքից, ստեղծելու, արարելու ձգտումից: Գյուղում մարդիկ կան, որ հացի փող չունեն, բայց չեն ուզում աշխատել, մասնավորապես` ջերմոցում աշխատանքի անցնել, օրական 4 հազար դրամ վաստակել: Գերադասում են նպաստ ստանալ և այդ կերպ քարշ տալ իրենց գոյությունը: Պետք է այդ նպաստ կոչվածը վերացնել, համոզված է նա, որպեսզի մարդիկ ձգտեն աշխատանքի: Նպաստը մեր ժողովրդին անդամալույծ է դարձրել:

Այդուհանդերձ, Ռազմիկ Համբարչյանը լավատեսությունը երբևէ չի կորցնում և նույնը հորդորում է յուրաքանչյուրին` ինչ էլ լինի, չկորցնել հույսը, հավատն ու լավատեսությունը: Պետք է աշխատել, հաղթահարել դժվարությունները և ամեն բացվող օրվա հետ մտածել լավ գործեր նախաձեռնելու, սկսածը կիսատ չթողնելու ու բարիք արարելու մասին: Մեր երկրի, մեր ժողովրդի համար այս ճակատագրական ու բախտորոշ ժամանակաշրջանում առավել ևս պետք է համախմբվենք ու արժանի լինենք իսկական հայ կոչվելուն, հպարտանանք մեր հերոսներով և Հայաստան պետության վարկն ու արժանապատվությունը միշտ բարձր պահենք…

Մենք ազգովի պետք է հպարտանանք մեր ոգու հզորությամբ և ամաչենք մեր թշվառության համար: Մեր ժառանգներին առաջին հերթին օրհնությամբ ապրելու իրավունքն է պետք:

SHARE