Որքան էլ մարդիկ ճարահատյալ քայլերի դիմեն

0
1

Այնուամենայնիվ, անվտանգության կանոնների խախտումն անթույլատրելի է

Գազամատակարարում

Գավառի ԳԳՄ տնօրեն Մկրտիչ Զիրոյանի հետ զրույցը <<Ընկերն>> սկսեց ընկերության թեմայից` նրան ուղղելով իր ավանդական հարցը. <<Ո՞վ կարող է լինել Ձեր ընկերը և ինչպիսի՞ խորհուրդ ունի ընկերությունը Ձեզ համար>>:

-Ընկերներս մեծ մասամբ,- պատասխանեց նա,- իմ գաղափարի մարդիկ են, գաղափարական համախոհներ: Շատ բարդ է ընկերություն ստեղծելը, ժամանակի, տարիների ընթացքում է ստեղծվում, և մարդը պետք է կարողանա այն սրբորեն պահել-պահպանել: Ընկերության առումով էլ մեր կոլեկտիվում ամեն ինչ շատ լավ է: Միշտ յուրաքանչյուրի կողքին եմ, յուրաքանչյուրին աջակից: Ընկերությունն ընկերություն է, սրբություն` առանց կարևորելու ուրախ ու տխուր առիթներին, <<լեն>> ու նեղ օրերին իրար կողքի լինելու հանգամանքը: Ընկերոջդ հետ մի՛շտ պիտի լինես: Ընտանիքն ու ընկերությունն ինձ համար նույն նժարի վրա են: Ընկերությունը ձեռք բերելը դժվար է, կորցնելը` հեշտ: Չկորցնելու համար պիտի ջանք թափել, նվիրվել, ուշադիր ու հոգատար լինել: Ժամանակին շատ մեծ ընկերություն ունեի, որ այսօր սփռվել են, այսպես ասած, աշխարհով մեկ: Հոգով ու սրտով էլի միասին ենք, կարոտում ենք միմյանց, սպասում… Ընկերության մեջ ամենակարևորն, ըստ իս, նվիրվածությունն է, որի տակ կարելի է շատ բան հասկանալ: Ոչ պակաս կարևոր են նաև մաքրությունն ու ազնվությունը: Այս երեքի ապահովման դեպքում կարող ես հանգիստ լինել ընկերոջդ հարցում, կարող ես առանց երբևէ ափսոսանքի զգացում ապրելու նրան քո տանը, օջախում հյուրընկալել: Առհասարակ, ընկերության մասին պատկերացում կազմելն ու ընկերություն անելը տարբեր բաներ են: Ընկերությունը մարդուն շատ բան է տալիս, առաջ է մղում, թևեր պարգևում: Ամեն ինչ փոխադարձություն է սիրում, պիտի տաս, նվիրվես, որպեսզի նույնն էլ ստանաս: Մա՛րդ պիտի լինես: Թող ընկերությունից ու ընկերներից հեռու լինի, բայց տանել չեմ կարողանում սուտը: Ով ուզում է լինի, եթե ստեց, ապա ոչ մի դեպքում չեմ ների նրան:

-Պարոն Զիրոյան, այնպիսի բնագավառում եք աշխատում, որտեղ շփումը մեծ է բնակչի հետ, ինչը, կամա թե ակամա, առաջ է մղում նաև մարդկային գործոնի դերը: Այս խնդրում, բնակչի հետ հարաբերություններում ի՞նչն եք առավելապես կարևորում:

-Պիտի բնակչին լավ ծառայություն մատուցես, մարդկային վերաբերմունք ցուցաբերես, որպեսզի նա իր պարտականությունները բարեխղճորեն կատարի: Պատշաճ գազամատակարարում իրականացնես, սպասարկման անվտանգությունն ապահովես և երբևէ դժգոհության առիթ չտաս: Այս պարագայում, որքան էլ բնակչի ֆինանսական հնարավորությունները փոքր լինեն, նա առաջին հերթին կմտահոգվի իր պարտականությունները կատարելու, սպառած գազի դիմաց ժամանակին վճարելու մասին: Քանի որ մեր տարածաշրջանում աշխատանքի խնդիրը մեծ է, ուստի մարդիկ դժվարանում են վճարումներ կատարելիս, հատկապես` ամռան ամիսներին: Արտագնա աշխատանքից վերադառնալուց հետո են հիմնականում վճարումներ կատարում: Սպասարկում ենք Գավառ քաղաքը և գյուղական 10 բնակավայր: Ունենք 12.600 բաժանորդ, այսինքն` այդքան տուն-բնակարան գազաֆիկացված է: Սպասարկում ենք նաև մոտ 170 հիմնարկ-ձեռնարկության: Միայն նոր թաղամասերում է որոշ չափով բացակայում գազաֆիկացումը: Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա վերադաս կառույցը` <<Գազպրոմը>> լրջորեն է մոտենում այդ խնդրին: Վերցնենք, թեկուզ, անվտանգության ազդանշանային սարքերի տեղադրման փաստը: Դա անվտանգության ապահովման լուրջ երաշխիք է: Միայն, թերևս, առայժմ խնդիր ունենք ստորգետնյա գազատարների առումով: Աստիճանաբար վերատեղադրում ենք` վերգետնյա դարձնելով գազատար խողովակները, ինչի դեպքում արդեն մեզ առավել ապահով ու հանգիստ կզգանք:

-Դժբախտ դեպքեր երբևէ ունեցե՞լ եք:

-Այո, ցավոք, եղել են: Մասնավորապես, բնակչի մեղքով` շահագործման կանոնների խախտմամբ պայմանավորված: Ազդանշանային սարքն են հաճախ անջատում, չթույլատրվող գազասարքեր օգտագործում և այլն: Հնարավոր բոլոր միջոցներով բացատրական աշխատանք ենք տանում սպառողների շրջանում, իրազեկում, նախազգուշացնում, սակայն ոչ միշտ են մեզ ականջալուր լինում: Որքան էլ մարդիկ ստիպված լինեն ճարահատյալ քայլերի դիմելու, միևնույն է, անվտանգության կանոնների խախտման ցանկացած փորձ անթույլատրելի է, և մեր կողմից կանխվում է…

Նշենք, որ Մկրտիչ Զիրոյանն ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ջերմագազամատակարարման, օդափոխության ֆակուլտետը: Աշխատել է իր մասնագիտությամբ` անվտանգության ինժեներ, զբաղեցրել տարբեր պաշտոններ: 32 տարի այս ոլորտում է: Ինչպես ինքը խոստովանեց, բնակչի հետ աշխատելը չափազանց դժվար է, սակայն ինչ էլ լինի, պարտավոր ես համակերպվել իրավիճակին, ըմբռնումով վերաբերվել յուրաքանչյուրին: Հակառակ պարագայում ի վիճակի չես լինի աշխատելու և հաջողության հասնելու: Առհասարակ, այնպես են անում, որ ամեն դեպքում սպառողը դժգոհ չմնա և անխափան գազամատակարարում ունենա, բարձրակարգ սպասարկմամբ ապահովվի…      

SHARE