Որքան լավ են ճանաչում

0
15

Նպատակադրում

Այնքան ավելի շատ են պահանջում

Դաշտավան համայնքը Վարդգես Խանաղյանը ղեկավարում է 2016 թ. աշնանից: Ինչպես ինքն ասաց, այս պաշտոնում իր ընտրվելը սպասված էր ու ոչ պատահական: Նախկինում էլ աշխատել է` կուսկազմակերպության քարտուղար, սովխոզի փոխտնօրեն: Մարդիկ իրեն լավ գիտեն, ժամանակին տեսել են իր աշխատանքը:

Ընտրվելուց անմիջապես հետո ձեռնամուխ եղավ ճանապարհների փոսալցմանն ու խճապատմանը` ջանալով փոքր-ինչ կարգի բերել դրանք: Գյուղի թիվ 1 հիմնահարցը կապված է ոռոգման ջրի հետ: Վերջին տասնամյակներին ոչինչ, ըստ էության, այդ ուղղությամբ չի ձեռնարկվել. խորհրդային տարիներից ինչ եղել է, այդպես էլ մնացել: Արդեն սկսել են համապատասխան քայլեր ձեռնարկել: Առանց ոռոգման անիմաստ է որևէ հաջողություն ակնկալել, մանավանդ` Արարատյան դաշտում: Մարդկանց եկամտի հիմնական աղբյուրը հողն է, և եթե այն չի մշակվում, ուրեմն ապրուստի միջոցի խնդիր է առաջանում:

2300 բնակիչ ունեցող համայնքի համար սա անչափ կարևոր ու կենսական խնդիր է, ահա թե ինչու համայնքապետը բոլոր միջոցներն օգտագործում է լուծում տալու դրան: Մասնավորապես, ընդգրկվել են Եվրասիական ծրագրում, համատեղ` նաև գյուղապետարանի ներդրմամբ, լուծելու են տվյալ խնդիրը: Ամռանն արդեն որոշակի աշխատանք կատարված կլինի: Խմելու ջրի որակն են կարգավորել, այս ոլորտում գրեթե խնդիր չունեն:

Ուշադրության կենտրոնում է մանկապարտեզի հարցը: Նախատեսել էին դպրոցի 2-րդ մասնաշենքում տեղավորել մանկապարտեզը, բայց աշակերտների թվի ավելացմամբ պայմանավորված այդ տարբերակը չգործեց: Դպրոցում նախակրթարան է գործում: Առայժմ չի լուծվում մանկապարտեզի շենքի տեղի հարցը: Գյուղի գլխավոր փողոցը լուսավորված է, մնացած փողոցներինը ընթացքում կարվի: Չնայած մշակույթի տան վիճակն էլ բարվոք չէ, բայց այստեղ խմբակներ, այդ թվում` պարի, գործում են:

Գյուղացու, բնակչի կարծիքը, հատկապես` կարևոր, առանցքային հարցերում, անպայման հաշվի են առնվում ընդհանուր քննարկումներ կազմակերպելու միջոցով: Փոխըմբռնման մթնոլորտ կա, միմյանց հասկանալու և ընդառաջելու ձգտումը ընդունված ու հարգի է: Համայնքապետի մտահոգություններից մեկն էլ այն է, որ կարողանան նյութապես օգնել անապահով ընտանիքներին ու կարիքավորներին:

Պարոն Խանաղյանը գտնում է, որ գյուղապետի պաշտոնի հավակնորդները պետք է առնվազն բարձրագույն կրթություն ունենան և այնպես չստացվի, որ ում մտքով անցնի` որոշի զբաղեցնել այդ կարևոր ու պատասխանատու պաշտոնը: Կրթական ցենզից բացի, պիտի հաշվի առնել նաև տվյալ անձի մարդկային ու բարոյական որակները: Մարդկանց հետ աշխատելը, հարաբերվելը, ինչպես ասում են, հանաք բան չէ. դա դժվարին ու պատասխանատու աշխատանք է: Որքան շատ են քեզ ճանաչում, այնքան ավելին են քեզանից պահանջում:

Վարդգես Խանաղյանն աշխատանքից, դժվարություններից չի վախենում, ձգտում է  հնարավոր ամեն ինչով ծառայել գյուղին ու նրա մարդկանց: Ունի ավագ, փորձառու ընկերներ, որոնց հետ մշտապես խորհրդակցում է: Չնայած մինչև այս պաշտոնն ստանձնելն աշխատել է իրավապահ համակարգում և մարդկանց հետ աշխատելու լավ փորձ է ձեռք բերել: Ունի ընկերական մեծ շրջապատ և, ինչպես ինքն է խոստովանում, կյանքում շատ բաների է հասել ընկերների օգնությամբ: Ընկերության դերն այս գործում նշանակալի է: Լավ ընկերներ, ընկերական շրջապատ ունեցար, ուրեմն կարող ես աշխատել ու հաջողություն ակնկալել: Այո՛, գնահատում է ընկերությունը և շատ լավ է զգում, որ շրջապատված է հավատարիմ ընկերներով: Ընկերության մեջ պետք է ազնվություն ու մաքրություն լինի, նյութական շահը բացառվի:

Դաշտավանի համայնքապետը լավատեսորեն է տրամադրված ընթացող ընտրարշավի բարեհաջող ավարտի նկատմամբ և հավատացած է, որ մեր երկիրը կառավարման նորացված համակարգի պայմաններում, իրոք, ցանկալի առաջընթաց ու զարգացում է ապրելու…

SHARE