Ուժը` բարության, լավատեսության ու մարդասիրության մեջ

0
32

 Աշխատանքով, տքնանքով ձեռք բերածը կայուն է ու հարատև…

Ապրելաձև
   Արմավիրի մարզի Արևաշատ համայնքի ղեկավար Սուսաննա Գևորգյանի հետ հանդիպումը, թերևս, առանձնացավ այն հանգամանքով, որ այդ օրը նրան այցելել էր մտերիմ ընկերուհին` Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի գլխավոր ադմինիստրատոր Մարիամը: Անմիջական ու անկեղծ զրույցից պարզեցինք, որ պատահական է եղել նրանց ծանոթությունը. <<Արմեն Մարությանի հետ գյուղ էինք եկել և արվեստի հանդեպ Սուսաննայի կողմից այնպիսի ջերմ վերաբերմունքի հանդիպեցինք, որ չէինք կարող չզարմանալ: Նա շատ մեծ հաճույքով մասնակցում է մեր թատրոնի ներկայացումներին և նույն վերաբերմունքը, կարելի է ասել, համայնքի բնակիչներին է փոխանցում` ամեն կերպ շահագրգռելով նրանց կապվելու թատերական, մշակութային կյանքին: Համայնքի գլուխն անցած հաճախակի թատրոն է գալիս` ներկայացումներ դիտելու: Գյուղապետերից ամենասիրելին է ինձ համար, քանի որ առանձնահատուկ վերաբերմունք ունի մշակույթի հանդեպ, արվեստասեր ու արվեստն անչափ գնահատող է: Ապրում է թատրոնով, հետաքրքրվում, անկեղծորեն իր շահագրգիռ կարծիքն ու առաջարկն անում: Այդ սերն ու հետաքրքրությունը տարածվել են բնակիչների շրջանում, վարակել մարդկանց: Կին ղեկավարի գործոնն, իրոք, իր առավելություններն ու դրական կողմերն ունի բոլոր առումներով: Այո, Սուսաննայի բարեկիրթ, մշակութային ու մշակութասեր լինելու հանգամանքն էլ մեր մտերմության հիմքն է: Այդ մտերմությունը վերածվել է ջերմ ու սրտալի ընկերության: Մեծ հաճույքով եմ ամեն անգամ ոտք դնում Արևաշատ` ինչպես հարազատ տուն: Դա գալիս է Սուսաննայի վերաբերմունքից, ճիշտ դրվածքից: Ղեկավարի, էլ չեմ ասում` մարդու, բարձր հատկանիշներով է օժտված, համբերատար է, մեծահոգի, հյուրասեր ու հյուրընկալ: Այսքան տարիներ չեմ նկատել, որ որևիցե մեկը նրա մոտից դժգոհ դուրս գա, որ որևէ մեկը նրա հասցեին վատ արտահայտվի: Դժվար է այսօր համայնք ղեկավարելը, բոլորի համար լավ ու ընդունելի լինելը: Ի պատիվ Սուսաննայի, պիտի անկեղծորեն ասեմ, որ նա բազմաշնորհ ու լայնախոհ անձնավորություն է, կարողանում է բոլորին հասնել և յուրաքանչյուրի մատից, ինչպես ասում են, փուշ հանել: Այո, համայնքի ղեկավարի հաջողության գրավականը հենց այն է, որ մարդկանց ճիշտ հասկանում ու ընկալում է, ճիշտ վերաբերվում ու գնահատում: Յուրաքանչյուր բնակիչ նրա համար տան անդամին հավասար  անձ է, ընկեր է ու բարեկամ… Այնքան ժպտադեմ է մտնում թատրոն, որ ակամայից ոգևորվում ես: Իսկ այդ ժպիտը անմիջականորեն նրա հոգու արտահայտությունն է: Սուսաննան մարդկանց այն տեսակին է պատկանում, ով ամեն ինչից վեր մարդկային առաքինությունն է դասում: Իր էությամբ ու խառնվածքով միացնում, միավորում է շրջապատի մարդկանց, ջերմացնում ու մտերմիկ դարձնում մթնոլորտը…>>: 

   Միանալով զրույցին, տիկին Գևորգյանն իր հերթին ասաց. <<Ընկերությունն, իհարկե, միակողմանի վերաբերմունքի արդյունքում չի ձևավորվում: Երբ առաջին անգամ հանդիպեցի Մարիամին, միանգամից հավանեցի: Առաջին հերթին` մարդկային ջերմ մոտեցումը, բարությունը, հարգանքը: Բնականաբար, շատ շուտ մտերմացանք, և այսօր քրոջ, հարազատի պես ենք: Նրա ամեն այցելություն ուրախություն ու տոն է ինձ համար, թատրոնին, մշակույթին կրկին առնչվելու ևս մեկ հրաշալի առիթ ու հնարավորություն: Պարտավորված եմ զգում, որ, ոչ միայն ինքս, այլև համայնքի բնակիչները մասնակից դառնան մեր ժողովրդի մշակութային կյանքի անցուդարձին, ապրեն նաև գեղեցիկով: Արվեստի նկատմամբ ունեցածս սերը գալիս է նաև ամուսնուցս, ով երաժիշտ էր: Նա թեև չկա, բայց կապը նրա արվեստագետ ընկերների, նրանց ընտանիքների հետ պահպանվում է: Ամուսնուս ընկերներից էին երգիչներ Արամ Ասատրյանը, Վարդան Հարությունյանը, ով հիմա Մոսկվայում է: Շատերն այսօր արտասահմանում են, սակայն կապը պահպանվում է: Ինչ վերաբերում է Մարիամին, ապա, նորից եմ ասում, առաջին հայացքից սիրահարվեցի նրան, և մեր միջև մտերմիկ ընկերություն ձևավորվեց: Ես շատ եմ գնահատում մարդու մեջ մարդկայինը, լավ մարդ լինելը…>>:   
  -Տիկին Գևորգյան, արդեն 20 տարի ղեկավարում եք Արևաշատ համայնքը, ինչը փոքր ժամանակահատված չէ: Ձեզ համար, որպես կնոջ, կարծում ենք, հեշտ չի եղել, դժվարություններն անխուսափելի են եղել, բայց պատվարժանորեն հաղթահարել եք այդ ամենը և այսօր անվերապահորեն վայելում եք համայնքի բնակչության հարգանքն ու սերը: Ի՞նչ կասեք:
   -Սկզբնական շրջանում դժվար էր, իսկ հետո արդեն սովորեցի ու վարժվեցի ամեն ինչին: Այսօր, թերևս, սովորական է դարձել ամեն հոգս ու դժվարություն: 1990-ական թթ. ծանր տարիներ էին, մանավանդ` կնոջ համար: Բոլորս ենք կրել այդ ժամանակների դառնությունները: Մտքովս չէր անցնի գյուղապետ դառնալ, դպրոցում փոխտնօրեն էի: Գյուղացիները խնդրեցին, քանի որ վիճակը շատ ծանր էր, պետք է մի բան արվեր: Ամուսինս դեմ էր, բայց նրան էլ համոզեցին: Ընկերների օգնությամբ, հարազատ-բարեկամի խնդրելով, օդանավակայանի ղեկավարությանը դիմելով կարողացանք սկզբնական փուլի դժվարություններից ձերբազատվել: Աստիճանաբար ամեն ինչ իր հունն ընկավ, և առաջ շարժվեցինք: Գործեր արեցինք, գյուղի վիճակը գնալով բարելավվեց: Կարճ ժամանակում բոլոր խորքային հորերը վերագործարկեցինք: Մասնակի ասֆալտապատումներ, գազաֆիկացում, նոր թաղամասերի էլեկտրաֆիկացման աշխատանքներ, ոռոգման ներտնտեսային ցանցում 1,5 կմ կիսախողովակների անցկացում: Համապատասխան ծրագրի օգնությամբ 1,5 կմ էլ խմելու ջրի նոր ջրագիծ անցկացվեց: Համայնքի բյուջեով խորքային հոր հորատվեց, ինչի արդյունքում տվյալ տարածքն ապահովվեց ջրով: <<Հազարամյակի մարտահրավեր>> ծրագրով էլեկտրաենթակայան կառուցվեց: Հիմնանորոգվեց դպրոցի շենքը. այն փոքր լինելու պատճառով երկհերթ է, ուստի մտադիր ենք նոր մասնաշենք կառուցել: Ճանապարհների ամենամյա նորոգումներ ենք անում, այդ թվում նաև` ասֆալտապատում: Լուսավորություն ենք անցկացրել, այս գործընթացը շարունակական է: Մեր ուժերով մշակույթի տունն է մասնակի նորոգվել: Ընթացիկ տարվա ծրագրային աշխատանքներից են մասնակի ասֆալտապատումը, փողոցների փոսային աշխատանքների կատարումը, հարթեցումը, ինչպես նաև ոռոգման համակարգի 4-5 կմ ներտնտեսային ցանցի կառուցումը /համայնքի 15 տոկոս համաֆինանսավորմամբ/: Մեզ համար ցավոտ է մանկապարտեզ չունենալը, ինչի մասին տեղյակ է նաև մարզպետը: Մանկապարտեզի կառուցումն օրախնդիր է մեզ համար, ինչպես նաև` ոռոգման ցանցի, խմելու ջրի մատակարարման բարելավումը: 
  -Ո՞րն եք համարում այդ տարիների Ձեր աշխատանքի ամենամեծ ու կարևոր ձեռքբերումը, ի՞նչն է Ձեզ համար առավել կարևոր ու առաջնային: 
  -Այս տարիների ձեռքբերումս սերտ կապն է բնակչության հետ, բնակչի հավատն ու վստահությունը: Ես սիրում եմ իմ ժողովրդին: Առանց իմ գյուղի ապրել չեմ կարող: Տարիներ առաջ` ժամանակին, ամուսնուս հրավիրում էին արտասահման, հնարավորություն կար ընտանիքով մեկնելու, բայց… Ամենաթանկն այստեղ է, հայրենի գյուղում: Շատ ժամանակ չունեմ զբաղվելու ինձանով, իմ ընտանիքով, հիմնական ժամանակս համայնքին, գյուղին եմ տրամադրում: Ամեն հարցով դիմում են մարդիկ, և պարտավոր ես, անկախ քո իրավասության շրջանակներից, բավարարել բոլորին: Չկա հարց, որ մեզ հանկարծ շրջանցի, չկա խնդիր, որի լուծմանը մասնակից չլինեմ: Աշխատանքները` շատ, պարտականությունները` նույնպես, սակայն, այդուհանդերձ, ընկրկելու իրավունք չունես, կին լինելդ էլ չի օգնի` պիտի կարողանաս հասցնել…
 -Ինչպիսի՞ն են փոխհարաբերություններն ու կապերը մարզային իշխանությունների, մյուս համայնքների ղեկավարների հետ:
     -Սերտ կապերի մեջ եմ մեր ղեկավարության, տարածքի համայնքապետերի հետ, նրանց շատ եմ սիրում, ինչը փոխադարձ է: Ամեն հարց միասին քննարկում, վերլուծում ենք, ինձ վստահում են: Ձևավորված են ընկերական հարաբերություններ: Ընտանիքներով էլ ենք մոտիկ, զանազան առիթների դեպքում իրար կողքի ենք: Մերձավանի, Այգեկի, Նորակերտի, Բաղրամյանի, Մուսալեռի, Պտղունքի, Ոսկեհատի համայնքապետերի հետ մտերիմ ընկերական փոխհարաբերություններ կան, ինչի դրական ազդեցությունը զգալի է: Խնդիրներ առաջանալիս միասնական ենք, պատրաստակամ` օգնելու միմյանց: Եթե սկզբնական շրջանում կին լինելս շատ հարցերում որոշակի խորթության պահեր էր ստեղծում, ապա հետո արդեն այդ անհարմարությունը հարթվեց, սովորական դարձավ: Այս աշխատանքն արդեն ինձ համար ապրելակերպ է դարձել: Բոլորն էլ ինձ լավ են վերաբերվում, ավելին` ընդառաջում են միշտ: Ամեն ինչ, բնականաբար, փոխադարձ է, փոխվստահության հիմքի վրա: Ինչ հարցով դիմել եմ մարզպետին, մերժում չեմ ստացել… Ընկերության քաղցրություն կա բոլոր այդ հարաբերություններում: Ազնիվ ու շիտակ ենք, ճշտապահ ու հավատարիմ: Ես շուտ <<մերվող>> եմ, հաճույք եմ ապրում լավ մարդկանց հանդիպելիս: 
   -Ի՞նչ ցանկություն կարտահայտեք մեր թերթի միջոցով:
 -Ուզում եմ երիտասարդներին ուղղված խորհուրդս բարձրաձայնել` լինել շատ աշխատասեր, ազնիվ, բարի, գնահատել դիմացինին, մինչև վերջ, համբերատար լսելու ունակություն դրսևորել: Ամենակարևորը` ուժեղ լինել: Ամուսնուս կորստից հետո, պատկերացրեք, ես ավելի ուժեղացա, այսինքն` ստիպված էի այդպիսին լինել, քանզի ընտանիքի ողջ հոգսն արդեն իմ ուսերին մնաց: Միշտ էլ ուժ եմ գտել մեջս բոլոր խնդիրները ինքնուրույն լուծել և ընտանիքս լավ պահել: Ունեմ երկու դուստր, որդի: Ավագ դուստրս գյուղի գրադարանում է աշխատում, որդիս` ռազմական ոստիկանությունում, իսկ կրտսեր դուստրս <<Էրեբունի>> հիվանդանոցի կանանց կենտրոնում գինեկոլոգ է: Հպարտ եմ նրանցով…
    Մեզ մնում է հավելել, որ Սուսաննա Գևորգյանի ուժն ու զորությունն իր բարությունն է, լավատեսությունը, մարդկային լավ որակները, ինչը և շատերին է մղում նրա հետ հարաբերվելու, ընկերանալու ու մտերմանալու…
SHARE