Չանտեսել գյուղացուն, նրա հոգսը

0
1

Եվ ճիշտ հաշվարկել հետագա քայլերն ու հնարավորությունները

Մտահոգություն

Քաղցրաշեն համայնքը Վալերիկ Գյուլամիրյանը ղեկավարում է արդեն 9 տարի: Այդ ընթացքում բազմաթիվ աշխատանքներ են կատարվել թե՛ համայնքի բյուջեով, թե՛ կառավարության հատկացրած դրամական միջոցներով: Մասնավորապես, դպրոցում առանձին ջեռուցում է անցկացվել, դռներն ու պատուհաններն են փոխվել: Մանկապարտեզի տիպային շենքն է մասնակի վերանորոգվել, տանիքն է փոխվել, իսկ այժմ արդեն հիմնանորոգում է իրականացվում` 30 մլն դրամի աշխատանք կա անելու: Ամբողջությամբ նոր գույք պետք է ձեռք բերվի, կարողացել են իրենց ուժերով առայժմ 100 աթոռ ու սեղան պատրաստել տալ:

-Բացի նշվածը,- <<Ընկեր>>-ին ասաց պարոն Գյուլամիրյանը,- երաժշտական ու մարզադպրոցներն են վերանորոգվել, այդ թվում և բնակիչների խաղասենյակը: Ապահովվել են ջեռուցման համակարգերով: Գյուղի մոտ 40 տոկոսն արտաքին լուսավորությամբ է ապահովված, այդ աշխատանքները շարունակվում են: Ճանապարհների ասֆալտապատման հնարավորություն չունենալով` խճապատում ենք կատարել: Եկեղեցի ենք կառուցում, սակայն գումարի անբավարարության պատճառով չենք կարողանում ավարտի հասցնել այն: Շուտով կսկսենք գյուղապետարանի շենքի վերանորոգումը: Մեր ամենացավոտ խնդիրը դպրոցի ճանապարհի ասֆալտապատումն է, որը 40 մլն դրամ գումար է պահանջում: Կարևորում ենք նաև մանկապարտեզի շուտափույթ վերագործարկման խնդիրը…

330 բնակչությամբ գյուղում զբաղվում են հիմնականում հողագործությամբ: Մշակում են խաղող, դեղձ, ծիրան: Թեև շատ դանդաղ, բայց սկսել է զարգանալ նաև անասնապահությունը: Շատ աշխատասեր է քաղցրաշենցին, հողը պարապ չի թողնում: Սրանով հպարտ է համայնքապետը, ինչպես նաև այն հանգամանքով, որ շատ ընկերական է իր բնակչի հետ: Կանգնած է մարդկանց կողքին, ջանում է լուծել առաջ եկող խնդիրները: Այս հարցում որոշակի դեր ունեն նրա ընկերները:

-Ընկերությունն աշխարհի հիմքն է,- վստահ ընդգծեց նա:- Առանց ընկերության ոչ մի հարց չի լուծվի: Ընկերներիս շատ եմ սիրում: Ունեմ ընկերական մեծ շրջապատ: Օգնում են ինձ` ինչով հնարավոր է: Համայնքին վերաբերող շատ հարցերում նրանց աջակցությունը միշտ էլ զգացել եմ: Հովիկ Ղազարյանի հետ 34 տարի ընկերություն եմ անում, իսկ ուսանողական ընկերներիս հետ մտերմությունը հասնում է 32 տարվա: Մեր ընկերությունը պահպանել են մաքրությունը, ճշտապահությունը, ազնվությունը: Նախ ինքդ պիտի ճիշտ վարքագիծ ցուցաբերես, ապա նույնը պահանջես դիմացինից: Նաև ընտանիքներով ենք շարունակում ընկերությունը…

Վալերիկ Գյուլամիրյանի համար իսկական ձեռքբերումներ են ժառանգները, որոնցից խստորեն պահանջում է ազնիվ ու առաքինի գտնվել մարդկային տարատեսակ հարաբերություններում: Շուրջ մեկ տասնամյակ ղեկավարելով համայնքը, եկել է այն համոզման, որ պետք է գիշեր-ցերեկ աշխատել, որպեսզի հնարավոր լինի գյուղացու հոգսը հոգալ, կարիքավորին օգնել: Աշխատանքով կարող ես հաջողության հասնել:

Խոսելով համայնքների խոշորացման ծրագրի մասին, նա տարակուսեց` չպատկերացնելով, թե ինչպես կարող են լուծվել առաջ եկող խնդիրները. <<Փոքր գյուղերի խոշորացումը ինչ-որ տեղ հասկանալի է, բայց մեր նման գյուղերի պարագայում դժվարություններն առավել քան անխուսափելի կլինեն: Խնդիրներ կառաջանան հատկապես գումարների հավաքագրման մասով: Նեղության մեջ գտնվող ցանկացած մեկի օգնում ենք` թե՛ համայնքի բյուջեով, թե՛ անձնական հնարավորություններով, թե՛ ընկերների միջոցով: Խոշորացման դեպքում այս և մնացած հարցերը ո՞նց են լուծվելու… Գյուղացին այսօր շատ ունի օգնության կարիք, նրան պիտի ձեռք մեկնել: Հնարավո՞ր է անտեսել այդ և մյուս խնդիրները: Տարբեր խավերի մարդկանց նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ենք այսօր դրսևորում, թե՛ նյութապես և թե՛ բարոյապես կանգնում սոցիալապես խոցելի խմբերի կողքին: Ինչպե՞ս կլուծվեն այս խնդիրները: Որ բարդ ու դժվար է լինելու, որևէ կասկած չունեմ…>>:  

SHARE