Չեմպիոն համայնքի մտահոգությունները

0
20

Որ ավելի շատ ապագային են միտված և վաղվա օրվան են առնչվում

Նպատակամետ

-Համայնքների խոշորացման ծրագրի հարցում իմ կարծիքը միանշանակ բացասական է,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում այսպես արտահայտվեց Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի ղեկավար Հակոբ Գասպարյանը:- Առանց այդ էլ մեր համայնքը մեծ է` 6500 բնակչությամբ, ուստի անհնար է պատկերացնել, որ առանց համախոհների թիմի, միայնակ կարելի է լուծել նրա բազում խնդիրները և ողջ գյուղի, համայնքի պատասխանատվությունն ստանձնելու ծանր բեռի տակ մտնել: Գնալով համայնքների խոշորացման, մենք նոր թափ կհաղորդենք արտագաղթին, ինչն ամենավտանգավորն է մեր երկրի համար: Ստացվում է, որ մենք մեր ձեռքով հայրենի երկրի հայաթափման ծրագիր ենք կյանքի կոչում: Մի քանի տասնյակ հազար մարդիկ զրկվելով աշխատանքից, ստիպված կլինեն բռնել գաղթի ճանապարհը: Մի շարք այլ աննպաստ հանգամանքներ ևս այս ծրագրի դեմ են խոսում: Մի խոսքով, տվյալ գործընթացի դրական կողմը չես տեսնում, իսկ բացասական` որքան ասես: Ոչ միայն մեր, այլև բոլոր համայնքներն են դեմ դրան: Կարելի է, ասենք, փոքր համայնքները միավորել, խոշորացնել, այլ ոչ թե արդեն խոշորին ևս ընդգրկել այդ ծրագրում: Ի վերջո, թացն ու չորը խառնում են իրար, և չգիտես էլ, թե ինչ խառնաշփոթի առաջ ենք հայտնվելու: Ամենակարևորը` բնակիչն ինքը դեմ է և չի ուզում գնալ խոշորացման: Փաստորեն, նրա կարծիքը հաշվի չի առնվում, անտեսվում է…

Խնդրի կապակցությամբ իր կարծիքը հայտնեց նաև Կարմիրգյուղի համայնքապետարանի գլխավոր հաշվապահ Աշոտ Ջժմաչյանը` մասնավորապես նշելով. <<Կարմիրգյուղ, Սարուխան, Նորատուս խոշոր համայնքներին, ինչպես նաև Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիկ գյուղին դիպչելը, այսինքն` տվյալ ծրագրում ներառելը  ճիշտ չի լինի: Եթե խոշորացում են կատարելու, կրճատումներ են անելու` միավորելով և մի փունջ դարձնելով, ապա դրան ոչ ոք դեմ չի կարող լինել: Միայն թե` համայնքի աշխատողը մնա տեղում, որպեսզի տեղի բնակչին պատասխանի, բավարարի, այլ ոչ թե, ասենք, մի տեղեկանքի համար մարդը գնա չգիտես ուր հասնի: Դա էլ այն դեպքում, երբ, դժվար է ասել, արդյունքի կհասնի՞, թե՞ ոչ: Այնպես որ, խոշորացման ծրագրին դեմ գնալով` պաշտպանում ենք մեր համայնքի բնակիչների շահերը: Յուրաքանչյուր նման քայլ պետք է մտածված արվի, հաշվի առնվեն դրա օգուտներն ու վնասները: Ոչ ոք չի հարցրել գյուղացու կարծիքը, հաշվի չի նստել նրա հետ: Թե արդյունքում ինչ կստացվի, ինչ կունենանք, միայն, թերևս, Աստծուն է հայտնի: Տարիների ընթացքում համակարգ, կառույց է ստեղծվել, մարդիկ արդեն հարմարվել են դրան, բայց ահա, խնդրեմ, վերցնում ու ձևափոխում են: Ցավալի է, որ ինչ փորձարկում ասես չեն բերում մեր ժողովրդի գլխին, չէ՞ որ, ի վերջո, այդ ամենից էլի հասարակ մարդն է տուժելու, ինչպես ժողովուրդն է ասում` կուժն ու կուլան նրա գլխին է ջարդվում…>>:

Մի կողմ թողնելով սույն մտահոգությունները, նշենք, որ Կարմիրգյուղն այս տարվա ապրիլին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից ճանաչվել է մարզի չեմպիոն համայնք: Կոչումն, ինչպես ասում են, պարտավորեցնող է, և ահա թե ինչու համայնքը չեմպիոնին վայել նախաձեռնությամբ է հանդես եկել: Խոսքը կառավարություն ներկայացված ներդրումային այն ծրագրի մասին է, որով նախատեսվում է համայնքում ջերմոցային տնտեսություն հիմնել: Ծրագրի իրագործմամբ հնարավորություն կստեղծվի 100-120 աշխատատեղ բացել, ինչն էական դեր կխաղա համայնքի ընդհանուր կենսագործունեության ոլորտում: Բավական է, թեկուզ, մատնանշել այն փաստը, որ այդքան մարդ զերծ կմնա արտագնա աշխատանքի մեկնելու պարտադրված քայլից: Ծրագրի ընդհանուր արժեքը, ինչպես նշեց պարոն Գասպարյանը, 74 մլն դրամ է, ինչում, բնականաբար, համայնքը ևս իր համապատասխան ներդրումը կունենա: Կարմիրգյուղում լիահույս են ու վստահ, որ ծրագիրն, անկասկած, կառավարության հավանությանն ու աջակցությանը կարժանանա, ինչից հետո շատ արագ ձեռնամուխ կլինեն դրա բարեհաջող իրագործմանը:

Ի դեպ, Հակոբ Գասպարյանը համայնքը ղեկավարում է 2016 թ. նոյեմբերից, և այս կարճ ժամանակահատվածում բավականին աշխատանք է կատարվել: Հենց նոյեմբերից աղբահանությունը համայնքում անվճար է դարձել: Ձմռան ամիսներին անվճար ավտոբուս է տրամադրվել երեխաներին` դպրոց հաճախելու համար: Համայնքի բյուջեի հաշվին լուծվել է Գավառի պետական համալսարանում և բժշկական ուսումնարանում սովորողների անվճար տեղափոխման հարցը: Յուրաքանչյուր ծնվող երեխայի 20 հազար դրամ միանվագ գումար է հատկացվում: Ճանապարհների փոսալցման բավարար աշխատանքներ են կատարվել, իսկ ձմռան ամիսներին ձնամաքրում է իրականացվել: Համայնքի բնակչությանն ընդհանուր 4,5 մլն դրամի օգնություն է հատկացվել:

Համայնքապետի տեղեկացմամբ, իրենց բյուջեի միջոցներով դպրոց տանող 380 մ ճանապարհն են ասֆալտապատելու: Վթարային, քանդված շենքը համայնքի ուժերով հիմնանորոգվել, համապատասխան գույքով ապահովվել և վերածվել է մարզասրահի, որտեղ իր ազատ ժամանակն է հագեցած անցկացնում տեղի երիտասարդությունը: Մանկապարտեզին են բավականին օգնել գույքի ձեռք բերման հարցում: Գյուղապետարանի շենքն են իրենց ուժերով հիմնանորոգում, շուտով կավարտեն: Ընթացքի մեջ է գերեզմանատուն ջուր անցկացնելու, ցայտաղբյուրներ տեղադրելու մտադրության իրագործումը: Ոռոգման ցանցի բարելավման որոշակի աշխատանքներ են տարվել, դեռ էլի գործ կա անելու: Արվեստի դպրոցի համար գույք են ձեռք բերել, վարձավճարների հարցում զգալի զեղչեր սահմանել: Համայնքի բյուջեից երկու դպրոցին վերանորոգման նպատակով 1-ական մլն դրամ են հատկացրել: Այն, ինչ թույլ են տալիս համայնքային բյուջեի հնարավորությունները, արվում է ըստ պատշաճի և բավարար մակարդակով, կշարունակի արվել:

Այդ ամենն` իր հերթին, սակայն համայնքի ղեկավարի համար առավել կարևոր են մարդկանց նկատմամբ սրտացավ վերաբերմունքն ու հոգատար մոտեցումը. <<Բնակիչներից բոլորի հետ էլ ընկերական եմ, բոլորին հարգում ու սիրում եմ: Ջանում եմ, և պարտավոր եմ, յուրաքանչյուր դիմողի բավարարել, ինչ-որ կերպ աջակից ու օգնական լինել նրան: Կապ չունի` խնդիրն իմ իրավասության սահմաններում է, թե ոչ, պետք է կարիքի մեջ գտնվողին ձեռք մեկնեմ, ինչն արել եմ նաև մինչև համայնքապետ ընտրվելը: Մեր բնակիչները շատ լավն են, իմ գյուղը շատ եմ սիրում: Առհասարակ, ընկերությունն իմ կյանքում շատ մեծ տեղ ու դեր ունի: Եթե ինչ-որ բանում արդյունք կա, ապա դա ընկերության շնորհիվ է: Որքան շատ ընկերներ ունես, այնքան ավելի ուժեղ ու հզոր ես: Ընկերության մեջ գնահատում եմ մաքրությունը, թասիբը, շնորհքը: Ընկերասիրությունը գալիս է նաև ծնողական դաստիարակությունից, քանի որ փոքր տարիքից տեսել եմ հորս շատ մեծ ընկերությունը: Հայրս` Աշոտ Գասպարյանը, 1985-ից գյուղի հացի գործարանի տնօրենն է, ղարաբաղյան պատերազմի մասնակից, ԵԿՄ Գավառի տարածաշրջանի նախագահը: Ապրիլյան քառօրյա պատերազմում վիրավորվեց: Բազմաթիվ պարգևներ ունի: Նման հայր ունենալն առավել պարտավորեցնող է…>>:

Հակոբ Գասպարյանը մատնանշեց, որ համայնքի համար ամենագլոբալ խնդիրն ամբողջովին քանդված մշակույթի տան հիմնանորոգումն է: Դա հսկայական ծախսեր է պահանջում, ահա թե ինչու համայնքի բյուջեով անհնար է իրականացնել: Պարոն Գասպարյանի խոսքով, եթե երկրի ղեկավարությունը հաշվի առներ կարմիրգյուղցիների այս մտահոգությունը և որևէ ծրագրում ներառեր այն, ապա մեծապես կաջակցեր համայնքի զարգացմանը` արժանանալով մեծ երախտագիտության ու գնահատանքի: Այո, այստեղ շատ են կարևորում մշակութային, ինչպես նաև մարզական կյանքի առավել աշխուժացման անհրաժեշտությունը, շատ են ուզում գործող օջախ ունենալ, ժամանակակից պայմաններ: Անգամ ներկայիս պայմաններում պատշաճորեն նշում են հանդիսավոր տոները, հատկապես մատաղ սերնդին արժանիորեն խրախուսելու, քաջալերելու առումով: Հնարավորն ու անգամ անհնարինը պետք է ստեղծել, որպեսզի մարդը չթողնի հայրենի բնօրրանը և բռնի օտարության ուղին: Այսպիսի գիտակցությամբ են առաջնորդվում Կարմիրգյուղում…

SHARE