Չի սխալվում միայն… չաշխատողը

0
18

Կույր պետք է լինել` չտեսնելու առաջընթացն ու զարգացումը

Լավատեսություն

-Արդեն 14 տարի Հանրապետական կուսակցության անդամ եմ,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում նշեց Արարատի մարզի Վանաշեն համայնքի ղեկավար Արտաշես Գրիգորյանը:- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2013 թ. շնորհակալագիր եմ ստացել` կուսակցական, հասարակական, քաղաքական ակտիվ գործունեության համար: Իսկ այս տարի ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պատվոգրին եմ արժանացել` մատաղ սերնդին ազգային հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում ներդրած ավանդի համար: Մենք մեր բանակի կողքին ենք եղել մշտապես, իսկ ապրիլյան դեպքերի օրերին` առավել ևս: Համայնքում, դպրոցից սկսած, համատեղ շատ մեծ գործ է արվում այդ ուղղությամբ: Հայրենիք սիրելը, պետություն հարգելը, երկրի քաղաքացի լինելն սկիզբ են առնում մանուկ հասակից: Համայնքը մի մեծ ընտանիք է. որքան ամուր լինի այն, որքան համերաշխ, այնքան պետությունը հզոր ու կայացած կլինի: Բնականաբար, կանգնած ենք հայրենի պետության, երկրի նախագահի կողքին: Այս ու այն կողմից հնչող քննադատությունները շատ հաճախ չեմ ընդունում` հաշվի առնելով թեկուզ այն, որ աշխատելու դեպքում վրիպումներն ու բացթողումներն անխուսափելի են, միայն չաշխատողը չի սխալվում: Իսկ կատարվածն ակնհայտ ու ծանրակշիռ է: Վանաշենը փոքր համայնք է, բայց միայն մոտ 200 մլն դրամ ներդրում եղել է դպրոցում, 85 մլն դրամ` մանկապարտեզում, 35 մլն դրամ` մշակույթի տան տանիքի վերանորոգման նպատակով: Դրան գումարած ընթացիկ` գազաֆիկացման, ջրամատակարարման և այլ աշխատանքների համար արված 20 մլն դրամից ավելի ներդրումային ծրագրերը: Պետությունը տարեկան 20 կամ 30 մլն դրամ դոտացիա է հատկացնում մանկապարտեզին (15 աշխատող), 50-60 մլն դրամ` դպրոցին (40 աշխատող) և այլն: Պետության ուսերին այսօր շատ մեծ բեռ կա, ահռելի ծախսեր` բանակի համար, և շատ այլ գլոբալ խնդիրների լուծում: Չենք կարող անտեսել նաև մեր երկրի աշխարհագրական անբարենպաստ դիրքը, ռեսուրսների անբավարարությունը և այլ աննպաստ գործոններ: Այդքանով հանդերձ, տարածաշրջանում ժողովրդավար ու կայուն պետություն ենք համարվում, քաղաքակիրթ աշխարհը մեզ ճանաչում ու գնահատում է, ինչում մեծ դեր ու լումա ունի երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Մեր երկիրն անցնում է խորհրդանական կառավարման, ԱԺ ընտրությունների շեմին ենք, և պատահական չէ, որ մեր` ՀՀԿ կարգախոսը հետևյալն է` <<Անվտանգություն և առաջընթաց>>: Մենք Արցախի խնդիր ունենք և այնտեղ ապրող մեր հայրենակիցների անվտանգության երաշխավորն ենք: Այո, նախ անվտանգությունն ապահովելով` առաջընթացի ուղով գնում ենք դեպի զարգացում: Այսօր ՏՏ ոլորտում Հայաստանն առաջատար երկիր է, մրցում ենք հզորների հետ և մեր խոսքն ասում: Այնպես որ, չնայած առկա հիմնախնդիրներին, անուրանալի նվաճումներ ունենք, ինչը չի կարելի չտեսնել կամ չընդունել: Բնականաբար, մեր ձայնը պետք է տանք Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Ի տարբերություն ուրիշների, ՀՀԿ-ն երբեք չի մատնանշել իր արածները, չի բարձրաձայնել, ցույց չի տվել: Նրա օգնությամբ մեր համայնքից տարեկան 15-20 մարդ է բուժզննության ու վիրահատության ենթարկվում: Տարեկան նվազագույնը 10-15 մարդ մեր միջնորդությամբ աշխատանքի է տեղավորվում, այս սուղ պայմաններում լուծում ենք նոր աշխատատեղերի խնդիրը և այսպես շարունակ: Անում ենք, բայց և չենք դարձնում դրոշակ` մեզ գովաբանելու կամ բարձրացնելու համար…

Անարդարացի է, ըստ պարոն Գրիգորյանի, այն ուժերի կամ կուսակցությունների պահվածքը, գործելաոճը, որ ամբիոններից հայտարարում են, թե այս կանենք, այն կանենք: Մի ասող լինի` է՛, արեք, ով է ձեր ձեռքը բռնում, ով է խանգարում: Չէ՞ որ ՀՀԿ-ի համար չեք անում, անում եք ձեր երկրի, ձեր ժողովրդի համար: Պարտադիր պիտի իշխանության լինեք, նոր միայն անե՞ք…

-Չեմ կարծում,- շարունակեց համայնքապետը,- որ այսօր մեկը ներդրումային ծրագրով մտնի կառավարություն և մերժում ստանա: Մեր վարչապետն ամեն օր հայտարարում է, որ բիզնես ծրագրեր, ներդրումներ բերեք, կաջակցենք ամեն ինչով: Սրանից լավ բան, լավ հնարավորություն… Քարոզչական մեծ աշխատանք ենք տանում այսօր, մարդկանց բացատրում, ներկայացնում, առաջարկում: Քանի որ ՀՀԿ Վանաշենի նախընտրական շտաբն եմ ղեկավարում, արձակուրդում եմ: Ընդ որում, ընդգծեմ, որ այդ աշխատանքը միայն այսօր չէ, որ տանում ենք: Ամբողջ տարին աշխատում ենք համայնքի շենացման, մարդկանց կարիքները բավարարելու ուղղությամբ: Մենք գնում ենք մեր երկրի հզորացման ճանապարհով, քայլ առ քայլ կյանքի կոչում կուսակցության ծրագրերն ու գաղափարները: Իսկ որ հզորանալու ենք, ուժեղ պետություն ենք դառնալու, թող ոչ ոք չկասկածի դրանում…

Համայնքի ղեկավարը մեծապես կարևորեց Վեդու ջրամբարի կառուցման նշանակությունը: Շինարարությունն արդեն ընթանում է, և դրա շահագործմամբ, վերջապես, կլուծվի ոռոգման խնդիրը, և Արարատի տարածաշրջանի հողագործները կարող են հանգիստ շունչ քաշել, երաշխավորված բերք ստանալու իրական ակնկալիքներ ունենալ: Դրա համար, Արտաշես Գրիգորյանի խոսքերով, պետք է շնորհակալ լինել երկրի բարձրագույն ղեկավարությանը, նախագահ Սերժ Սարգսյանին: Տարեցտարի հողի մշակի վիճակը կլավանա:

-Մենք երբեք մեր ընկերներին չենք դավաճանում,- վերջում ասաց նա,- միշտ կանգնած ենք նրանց կողքին: Միշտ ձեռք ենք մեկնում մեկմեկու, համախմբվում ենք և առաջ ընթանում: Շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր բոլոր ընկերներին, ովքեր այսօր մեր կողքին են, աջակցում են մեզ և մեծապես շահագրգռված են, որ առաջիկա ընտրություններում բարձր ցուցանիշ ապահովենք…

SHARE