Չնայած միջոցների սղությանը

0
35

Հնարավոր ամեն ինչ արվում է համայնքի բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար…

ՏԻՄ

watermarked_Ararat Vardashen Gevorg Barxoyan

   Մարտի 15-ի ՏԻՄ ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելով, Արարատի մարզի Վարդաշենի համայնքապետ Գևորգ Բարխոյանը նպատակ ունի լուծել համայնքում առկա մի շարք գլոբալ խնդիրներ: Իսկ համայնքում, պիտի ասել, խնդիրները բազմաթիվ են:

   Առաջնահերթ է ոռոգման ջրինը: Առայժմ խոստացվել է պետբյուջեի միջոցներով մոտ 650 մ ջրագիծ կառուցել, բայց ոռոգման ջրի ներքին ցանցը դեռևս մնում է անմխիթար վիճակում: Տարիների ընթացքում պիտի լուծում տրվի այս խնդրին, թերևս` ինչ-որ ծրագրում ընդգրկվելու միջոցով: Մշակույթի տան վերանորոգման համար մեծ գումար է պահանջվում, ինչը համայնքի բյուջեի հնարավորություններից վեր է: Առայժմ այստեղ 2 սենյակ վերանորոգվել է, որտեղ էլ գյուղապետարանն է: Խմելու ջրի հետ կապված ևս խնդիր կա: Հույս կա, որ այս կամ հաջորդ տարի փոխվի ներքին ցանցի գոնե 400 մ հատվածը:

   Պարոն Բարխոյանը, 2004-ից ղեկավարելով համայնքը, մի շարք աշխատանքներ է իրականացրել: Պետբյուջեի միջոցներով նոր, ժամանակակից դպրոց է կառուցվել: Գործում է այս ուսումնական տարվանից: Դպրոց հաճախում են նաև այլ գյուղերի երեխաներ: Գործում է նախակրթարան` իր 40 սանով: Նախատեսում են 2 խումբ բացել, ինչի համար պահանջվող 500 հազար դրամ ֆինանսավորման հարցը  գյուղապետարանը պատրաստ է լուծելու: Համայնքի միջոցներով 800 գծամետր խմելու ջրի ջրագիծ է փոխվել: Վարդաշենն ապահովված է նաև բնական գազով: Տեղաբնակները հիմնականում զբաղվում են հողագործությամբ: Այստեղ շատ են մանկավարժները:

   Բնակիչների նկատմամբ համայնքի ղեկավարի վերաբերմունքը, վերջինիս խոսքով, ավելի շատ ընկերական է: Որևէ խնդիր չի անտեսվում, և համայնքի բնակիչը լավ գիտի, որ ցանկացած հարցով դիմելու դեպքում անպատասխան կամ չբավարարված չի մնա: Գյուղապետն իր հնարավորությունների սահմանում նեցուկ է դառնում բոլորին, հարցի կամ խնդրի լուծման ճիշտ ուղին մատնանշում: Անկախ ամեն ինչից, օգնում ու աջակից է դառնում յուրաքանչյուրին, անհրաժեշտության դեպքում դիմում ընկերների, կուսակիցների աջակցությանը: ՀՅԴ կուսակցության անդամ է:

   Գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Էլմիրա Մուրադյանը, ով 1991-ից է աշխատում համայնքում, նշեց, որ թեև Վարդաշենը փոքր համայնք է, բայց ունեցած խնդիրները մեծ են: Ֆինանսական միջոցների սղությունը թույլ չի տալիս լուծել դրանք, չնայած առաջընթաց համայնքում նկատվում է. <<Բարխոյանը հարգված է համայնքի կողմից, բնակիչները նրան սիրում են: Ջանում է ամեն կերպ թև ու թիկունք լինել իր բնակչին: Զգալի աշխատանք է կատարվել նրա ղեկավարման օրոք, ոռոգման համակարգի ջրագծեր են փոխվել, դաշտամիջյան ճանապարհն է խճապատվել և այլն: Գիշերային լուսավորություն է անցկացվել: Խելացի ու հարգալից լինելու հետ մեկտեղ, համայնքի ղեկավարը մարդկային է, ընկերական, անգամ անձնական միջոցներից չի խնայի, որպեսզի ինչ-որ կերպ օգնի կարիքի մեջ գտնվողին: Շատերն են ստիպված արտագնա աշխատանքի մեկնում, որպեսզի կարողանան հոգալ ընտանիքի ապրուստի խնդիրը: Բոլորն էլ վարկերի տակ են: Ահա այս պայմաններում գյուղապետը հնարավոր ամեն ինչ անում է` լուծում տալու առկա խնդիրներին, իր նվիրված աշխատանքով նպաստում, որ մարդիկ մնան գյուղում, իրենց ընտանիքների հետ, զբաղվեն սեփական հողատարածքների մշակությամբ…>>: