Չչարաշահել մարդկանց վստահությունը

0
25

Պատրաստակամ

watermarked_Chiva Nairi Sargsyan

   Չիվայի գործող գյուղապետ Նաիրի Սարգսյանը մարտի 15-ի ՏԻՄ ընտրությանը կրկին առաջադրել է թեկնածությունը, քանզի անավարտ շատ գործեր ունի, որոնց մի մասը լուծման փուլում է, մյուսներն էլ սպասում են իրենց լուծմանը: Անելիքներն, առհասարակ, շատ են գյուղում: Արվածն էլ քիչ չէ, ինչից ելնելով էլ, ինչպես հավաստեց պարոն Սարգսյանը, ժողովուրդը վստահում է իրեն: Դա իր հերթին առավել պատրաստակամ է դարձնում համայնքի ղեկավարին` շարունակել ծառայել իր գյուղին, իր բնակչությանը:

   Նաիրի Սարգսյանը համագյուղացիների հանդեպ շատ մարդկային է տրամադրված, ցանկացած խնդրի դեպքում կողքներին կանգնած է: Գյուղապետարան դիմած բնակիչը չի մերժվում, անպատասխան կամ չբավարարված չի հեռանում: Հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի մարդն իրեն պաշտպանված զգա, հոգատարությամբ շրջապատված լինի: Համաֆինանսավորմամբ մի շարք ծրագրեր են կյանքի կոչվել: Համայնքի բյուջեից հատկացումներ են արվում սոցիալապես անապահովներին, ծանր իրավիճակում հայտնված ընտանիքներին: Խրախուսվում են ծնունդները:

   Ինչպես տեղեկացանք, վերընտրվելուց հետո պարոն Սարգսյանն առաջնահերթ կզբաղվի խմելու ջրի խնդրի լուծմամբ: Այս ուղղությամբ մոտ 20 մլն դրամի ծրագիր է իրականացվել պետության կողմից, էլի աշխատանք է մնում, որը պետք է ավարտի հասցվի: Ոռոգման ջրի ներքին ցանցում ևս շատ աշխատանք պետք է կատարվի, ճանապարհների ասֆալտապատում արվի և այլն: Գործող համայնքապետի խոսքերով, գյուղացուն ոչ մի դեպքում չպիտի խանգարես, նրա կողքին պիտի կանգնած լինես, որպեսզի երես չթեքի հայրենի հող ու ջրից:

    Նաիրի Սարգսյանը գտնում է, որ լավ է ծառայել իր ժողովրդին, ուստի և ընտրապայքարում մրցակից չունի: Քաջատեղյակ է համայնքային հիմնախնդիրներին, շատ լավ հարաբերությունների մեջ է իշխանությունների հետ, ինչի հիմքում իր պատասխանատու, սրտացավ աշխատանքն է: Մշակույթի տան վերանորոգման հարցն էլ են բարձրացրել, սպասում են դրական պատասխանի: Չնայած դրան, այստեղ պարի խումբ է գործում, այլ միջոցառումներ ևս անցկացվում են: