Չվճարելը ոչ այնքան սոցիալական դրդապատճառ ունի,

0
20

որքան մարդու մեջ արմատացած մտածելակերպի ու հոգեբանության հետևանք է…
Ջրամատակարարում
  Մինչև  <<Նոր Ակունք>> ՓԲԸ հիմնադրումը, ջրամատակարարման համակարգում կազմակերպական այլ կառուցվածք է գործել` պետական սեփականություն հանդիսացող ջրմուղ-կոյուղի ընկերությունը 1999 թ., ժամանակի պահանջով թելադրված, պետության և Արմավիրի մարզի 11 համայնքի մասնակցությամբ ստեղծվեց նշյալ ընկերությունը: Այդպիսով, բնակչությունը մասնակցեց, համասեփականատեր դառնալով, իր համար կենսական նշանակություն ունեցող ջրամատակարարման խնդիրները լուծող ձեռնարկության ստեղծմանը: Սկզբնական փուլում պետական մասնաբաժինը 34 տոկոս էր, ինչը 2004-ին դարձավ 51: Համայնքների մեջ նաև Արմավիր և Մեծամոր քաղաքներն են: Ընկերության ստեղծման նպատակներից մեկն էլ այն էր, որպեսզի Գերմանիայի զարգացման բանկի /KFW/ աջակցությամբ տեղում ներդրումային ծրագիր իրականացվեր: 2000-01 թթ. 12,7 մլն եվրո գումարով վարկի տրամադրման համատեղ պայմանագիր ստորագրվեց: Պետության մասնակցության չափը կազմեց 1,4 մլն եվրո, և այդ ընդհանուր գումարը` 14,1 մլն եվրո, տրամադրվեց համակարգի վերականգնմանը: Ընկերությունը փաստացի սկսել է գործել 2001-ից, ահա թե ինչու 2011-ի վերջին մեծ շուքով նշվեց նրա հիմնադրման 10-ամյակը: 

    Որքան դժվար է ներդրումների իրականացումը, նույնքան էլ, միգուցե` ավելի, դժվար եղածը պահպանելը և հաջողությունները զարգացնելը: Այդ նկատառումից ելնելով էլ  <<Նոր Ակունք>> ,  <<Լոռի ջրմուղ-կոյուղի>> և  <<Շիրակ ջրմուղ-կոյուղի>> ՓԲԸ-ների կառավարումը միջազգային օպերատորի` հանձնելու նպատակով հայտարարվեց միջազգային մրցույթ: Հաղթող ճանաչված  <<Էմ Վիվի Դեկոն>> ,  <<Էմ Վիվի Էներջի>> և  <<Էյ Ի Ջի Սերվիս>> ընկերությունների կոնսորցիումը 2009 թ. օգոստոսից ստանձնեց նշված ընկերությունների կառավարումը: 
     Այս մասին տեղեկանալով  <<Նոր Ակունք>> -ի միջազգային գլխավոր տնօրենի տեղակալ Արտավազդ Թորոսյանի հետ մեր զրույցից, միաժամանակ նշենք, որ, վերջինիս հավաստիացմամբ, սկզբնական շրջանում շատերը թերահավատորեն էին վերաբերվում այդ ձեռնարկումների հաջողությանը: Այդուամենայնիվ, ընկերությունը կայացավ և, բազում դժվարություններ հաղթահարելով, մեծ ձեռքբերումներ ունեցավ: Պատահական չէր ընկերության 10-ամյա հոբելյանի առթիվ պատշաճ արարողության կազմակերպումը, որը վերածվեց մեծ հանդիսության: Հոբելյանի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ կազմակերպվեցին, ձեռնարկումներ իրականացվեցին, և արժանին մատուցվեց բոլորին:
   – Պարոն Թորոսյան, ակնհայտ է, որ ձեր սպասարկման ոլորտում վերջին տարիներին ավելացել է ջրամատակարարումը  և նախորդ տարիների համեմատ էապես պակասել են կորուստները: Հատկապես ո՞ր ձեռնարկումների շնորհիվ են արձանագրվել նման բարձր ցուցանիշները:
  – Մեր սպասարկման տարածքը մշտապես ջրամատակարարման խնդիր է ունեցել: Շատ համայնքներում միջին գրաֆիկը օրական մինչև 2 ժամ էր կազմում: Առանձին տարածքներ անգամ օրեր շարունակ ջուր չէին ունենում: Այսօր արդեն մեր  համակարգի 80 տոկոսից ավելին 24-ժամյա ջրամատակարարում ունի, իսկ միջինն օրական  22 ժամից ավելի է: Կորուստները, հանրապետության մասշտաբով, ամենացածրը մեր տարածքում են` մոտ 62 տոկոս: Հավաքագրման գործակիցը կրկին շատ բարձր է` 100 տոկոս: Բաժանորդների 70 տոկոսից ավելին դարձել է ինքնուրույն վճարող, ինչը նշանակում է, որ գոհունակություն կա մեր  ծառայության որակից: Ծառայություն ասելով չպետք է միայն ջրամատակարարում իրականացնելը նկատի ունենալ: Այն ներառում է ջրմուղ-բաժանորդ փոխհարաբերությունների ողջ շրջանակը: Մասնավորապես` բաժանորդի նկատմամբ ճիշտ, քաղաքակիրթ վերաբերմունք, նրա բարձրացրած հարցերի օպերատիվ ու բավարար լուծում և այլն: Վճարումը ոչ թե պարտադրված պետք է լինի, այլ` կամավոր, փոխըմբռնման հիմքի վրա, ինչը և մեզանում օր-օրի բարելավման միտումներ է ցույց տալիս: Դեռևս, ցավոք, ունենք վճարումից խուսափողներ, որոնց հետ առանձին աշխատանք ենք տանում: Ունենք նաև ջրագողության դեպքեր, ինչի կանխման ուղղությամբ մեր ջանքերը հետևողական ու խիստ են: Անցանկալի այս երևույթը ոչ այնքան սոցիալական դրդապատճառ ունի, որքան  գոյություն ունեցող մարդկային մտածելակերպի ու հոգեբանության հետևանք է: Հարկ է այդ կարծրատիպերը հաղթահարել, մտածողությունը փոխել: Նշեմ, որ մեր սպասարկման տարածքում ջրամատակարարումը մեխանիկական եղանակով է իրականացվում, այսինքն` խորքային հորերից է: Ահա այդ առումով ծախսերի մեջ էական է էլեկտրաէներգիայի մասը, ինչն էլ հանգեցնում է ջրի բարձր սակագնին: ՀՀ-ում ամենաբարձր սակագինը մեր տարածքում է, սակայն միաժամանակ  այդ սակագինը շատ ավելի բարձր կլիներ, եթե պետության  աջակցությունը չլիներ: Բնակչության համար այդ բեռը մեղմելու նպատակով կառավարությունը պարբերաբար սուբսիդավորում է իրականացնում: Ընդհանուր առմամբ, եթե չլիներ կառավարության, մարզային և ՏԻ մարմինների աջակցությունը, ապա շատ խնդիրների լուծումը բավականին բարդ կլիներ մեզ համար և այսօրվա հաջողություններին չէինք կարողանա հասնել:
  – Ինչպես դժվար չէ ենթադրել, գործի ընդհանուր հաջողության մեջ զգալի բաժին ունի ձեր համակարգում ներդրված վարկային տվյալ ծրագիրը, այդպես չէ՞:
  – Վարկային այդ ծրագիրը, կարելի է ասել, յուրահատուկ էր իր տեսակով: Նախկինում գործում էր  կենտրոնացված ջրամատակարարման համակարգ: Ակնալիճ-Տարոնիկ համակարգից ջուրը մղվում էր մինչև 100 կմ` մինչև Բաղրամյանի տարածաշրջանի գյուղեր, ներքին և վերին նիշերի տարբերությունը մինչև 200 մ էր: 100 կմ ձգվող ջրատար, 200 մ բարձրություն. դա լրացուցիչ էլեկտրաէներգիայի, շահագործման, հսկողության, վթարավերականգնողական մեծ ծախսերի և այլ անցանկալի երևույթների էր հանգեցնում: Վարկային ծրագրով տարածքում ջրամատակարարման կենտրոնացված համակարգի ապակենտրոնացման սկիզբ դրվեց: Յուրաքանչյուր համայնքի համար առանձին խորքային հոր հորատվեց` իր առանձին գլխամասով: Այսինքն, ամեն համայնք իր առանձին համակարգն ունեցավ, ինչի առավելությունը դժվար չէ հասկանալ: Անգամ համայնքների ներսում ենք տարանջատել ցանցը, որպեսզի վթարի դեպքում տեղային անջատում կատարվի, այլ ոչ թե ջրազրկվի ողջ համայնքը: Ծրագրի առավելություններից մյուսն այն է, որ ջրաչափերն անվճար են տեղադրվել: Ընդ որում, տեղադրվել են բնակարաններից դուրս, որպեսզի բնակիչներին անհարկի անհանգստություն չպատճառվի: Բացի այդ, տվյալ քայլը նպաստել է ջրի կորուստների ու գողությունների դեպքերի նվազեցմանը: Վարկային ծրագրի շնորհիվ վերականգնվեց համակարգի մոտ 70 տոկոսը, այսինքն, մոտ 200 կմ  և ավելի նոր ջրագծեր անցկացվեցին, ինչը էապես փոխեց իրավիճակը: Ներկայումս նոր ջրագծերի կառուցման աշխատանքներն աստիճանաբար ենք իրականացնում և հասնելու ենք նրան, որպեսզի ողջ տարածքում շուրջօրյա ջրամատակարարում ապահովվի: Նորապատից Արմավիրին հանձնված 8 շենքեր ունենք, որոնք տարիներով ջուր չեն ունեցել: Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի աջակցությամբ, ավելի շուտ` համատեղ ֆինանսավորմամբ /4,2 մլն-ական դրամ/ այդ շենքերի համար ամբողջովին նոր համակարգ կառուցվեց  և 2011 թ. հունվարից նրանք արդեն մշտական ջուր ունեն: 
  – Նշեցիք, որ սերտ համագործակցության մեջ եք պետական կառույցների և ՏԻՄ-երի հետ: Առավել չէի՞ք մանրամասնի այդ համագործակցության աստիճանը:
  – Ասեմ, որ համայնքների ղեկավարների հետ մեկտեղ մեր կողքին է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Ցանկացած հարցով դիմելիս` լինի խորքային հորի հորատում թե այլ խնդիր, պատրաստակամ է աջակցելու: Մեր թիկունքին կանգնած է: Անձամբ է հետաքրքրվում ընկերության խնդիրներով և անհրաժեշտության դեպքում իր մասնակցությունը բերում դրանց լուծմանը: Նրա անմիջական օգնությամբ ու մասնակցությամբ ձեռք բերեցինք տնկիներ և ծառատունկ կատարեցինք Արմավիրի ջրամբարների տարածքներում: Նման միջոցառում, ի  դեպ, ամեն տարի ենք իրականացնում: Իսկ ամիսներ առաջ Արմավիրի մարզպետի աջակցությամբ մեծամասշտաբ ծրագիր իրականացվեց Դալարիկ և Տարոնիկ համայնքների համար: Դալարիկում հորատվեց խորքային հոր, որով էապես բարելավվեց համայնքի ջրամատակարարումը: Տարոնիկում աշխատանքները դեռևս շարունակվում են: Ընդ որում նշված աշխատանքների իրականացմանը իրենց մասնակցությունն են բերել նաև համայնքները: Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս մեզ մշտապես աջակցում է Արմավիրի քաղաքապետարանը: Վերջինս անգամ սոցիալապես անապահով բաժանորդների վարձավճարներն է մուծում: Առհասարակ, ջրամատակարարման համակարգին վերաբերող խնդիրներին բոլոր համայնքների ղեկավարներն էլ իրենց մասնակցությունն են ունենում: Կարող եմ ասել, որ համայնքապետերի հետ մեր հարաբերություններում փոխադարձ հարգանքի ու վստահության գործոնն է գերակշռում: Մասնավորապես, մտերիմ հարաբերություններ ունենք Արմավիրի և Մեծամորի քաղաքապետերի հետ, ինչն ավելի շուտ ընկերության է վերածվել: 
  –  Ընկերությունը, ըստ Ձեզ, ինչպիսի՞ դերակատարում ունի ձեր ամենօրյա աշխատանքում:
  – Համոզված կարող եմ ասել, որ շատ հարցեր լուծվում են զուտ ընկերության շնորհիվ: Մեր ձեռնարկությունում էլ ամեն ինչին տոն տվողը ընկերական մթնոլորտն է: Աշխատանքում բոլորս հավասար ենք և անում ենք ամեն ինչ` որևէ տարբերակում չունենալով: Ինձ ընկեր կարող է լինել այն մարդը, ով սիրում է իր հայրենիքը, ընտանիքը, հարազատներին: Ես չեմ հավակնում որևիցե մեկի եղբոր տեղը զբաղեցնել, բայց կարող եմ լինել եղբոր մակարդակին մոտ կանգնած անձ: Ինձ համար ընդունելի է, երբ հենց եղբայրներն են ընկերներ: Ասածիս վառ ապացույցը Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի եղբայրների օրինակն է, որոնք  բռունցք կազմած իրար կողքի կանգնած են: Նույնը կարող եմ ասել նաև Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանի մասին: Ընկերական հարաբերություններ ենք ստեղծում նաև մեր բաժանորդների հետ: Երբ գործին վերաբերվում ես ոչ որպես լոկ պարտականության, այլ ընկերոջ հոգս ու զգացում ես դնում դրանում, ապա ամեն ինչ հեշտ է ստացվում: Ընկերության շնորհիվ շատ մեծ հաջողությունների կարելի է հասնել…
SHARE