Պատգամ ու խորին խորհուրդ

0
61

Horizon   <<Ընկեր>>-ը շատ գրագետ թերթ է, արդիական հարցեր է բարձրացնում: Այսօր հենց այսպիսի թերթեր են մեզ պետք` օգտակար, ուսանելի, ուսուցողական, իսկ ամենակարևորը` մարդասիրական: Ճշմարիտ, անդավաճան, հավատարիմ, խելացի ընկեր ու խորհրդատու է:

  Ընկերը մարդուն ի վերուստ, ճակատագրով տրված պարգև է: Հետևաբար, շատ թանկ ու հարազատ է, երբեմն` եղբայրությունից առավել: Ընկերությունն անձնազոհություն է պահանջում, ինչը նշանակում է, որ ընկեր լինելու, ընկերություն անելու համար շատ բարձր բարոյակամային հատկանիշների պիտի տիրապետել: Ընկերությունը մարդու ծննդից մինչև մահ ուղեկցում է նրան, այսինքն` անբաժան ու հարատև է: Ավելին, այն իր էությամբ դաստիարակչական բարձր առաքելություն ունի:

  Դժվարանում եմ ասել, թե ինչպես կդասավորվեր կյանքս, եթե իմ ճանապարհին չհանդիպեին Պարույր Սևակի, Հովհաննես Շիրազի, Գևորգ Էմինի, Վարդգես Պետրոսյանի պես վառ անհատներ, ում հետ բախտ եմ ունեցել նաև ընկերություն անելու: Նրանց ազդեցությունն ինձ վրա թե՛ ստեղծագործական, թե՛ մարդկային առումով շատ դրական ու վճռորոշ է եղել: Անչափ շռայլ ու առատաձեռն էին և ինձ շատ բան են տվել: Այսօր էլ ընկերների պակաս չունեմ` Գուրգեն Բալայան, Սամվել Բաղդասարյան, Սոս Ազիզյան, Ժակ Հակոբյան, Սուրեն Հայրապետյան, Ռաֆայել Հայրապետյան, Գրիգոր Մելիք-Սարգսյան, Նորիկ Պետրոսյան, Գոհար Գարուն, Ժաննա Հակոբյան, Հովհաննես Սարոյան… Այս ցանկում պիտի անպայմանորեն նշեմ նաև երջանկահիշատակ Արամայիս Սահակյանին:

  Ընկերությունը մարդուն բարի ու խաղաղասեր է դարձնում, հոգատար ու կամեցող: Տրամադրում է դեպի լավը, հաճելին ու հոգեպարարը: Ընկերությունը կենսական անհրաժեշտություն է, որ լցնում ու իմաստավորում է մեր կյանքը, մեր առօրյան գեղեցիկ ու գունագեղ դարձնում: Սա այն զգացումն է, որ անգամ մարդուց փոխանցվում է ընտանի կենդանիներին, մարդ արարածը նաև կենդանական աշխարհում է ընկեր ու ընկերություն որոնում: Այս դեպքում մենք, անշուշտ, գործ ունենք մարդու` բնության հետ լիարժեք ու ներդաշնակ ապրելու մեծագույն ձգտման հետ: Ընկերությունն այստեղ մերանի դեր ու նշանակություն ունի:

  Ընկերության և ընկերոջ դերն այսքան կարևորելն, ինչ խոսք, այն հիմնական նպատակն ուներ, որպեսզի մեկ անգամ ևս ընդգծեմ <<Ընկեր>>թերթի դերն ու արժեքը: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ մեր տպագիր մամուլի պատմության մեջ այն աննախադեպ է` իր անվանումից սկսած և վերջացրած բովանդակությամբ, հարցադրումներով ու նշանառությամբ: Բարության թարմ շունչ է բերում իր հետ, մարդկայնության դասեր տալիս և Ընկերության խորին խորհուրդն ու ոգին պատգամում մեզ բոլորիս: Գալիս է հարստացնելու անհուսության ու շփոթմունքի մեջ հայտնված մերօրյա մարդուն, հավատ ու լավատեսություն ներշնչելու և ապրեցնելու…

  Լիասիրտ ու լիառատ շնորհավորում եմ թերթի 5 տարին և առիթից օգտվելով կոչ անում այն մարդկանց, ում համար թանկ ու նվիրական է ընկերությունը` կանգնել <<Ընկեր>>-ի կողքին, սատարել և հնարավոր ամեն ինչով օգնել նրան, որպեսզի իր ճանապարհն անարգել անցնի ու պատվարժանորեն կատարի բարձր, վսեմ առաքելությունը:

Հրանտ Ղազարյան /Հորիզոն/

Երգիծաբան

***

  Հորիզոնից անբաժան է նրա ընկերը` <<Ոզնի>>երգիծաթերթի խմբագիր Գուրգեն Բալայանը: Բնական է, որ նա էլ ցանկություն հայտնեց իր խոհերն ու մտորումները կիսել ընկերության շուրջ և բարեմաղթանքներ հղել մեր թերթի ծննդյան տարեդարձի առթիվ. <<Գտնված թերթ է <<Ընկերը>>: Բարի ու շատ անհրաժեշտ գործ է կատարում մեր այս խառնակ ժամանակներում: Անչափ գնահատելի ու դրվատելի է թերթի գլխավոր խմբագիր Ռուզաննա Մանուկյանի նվիրումը, ինչն անկեղծ հիացմունքի է արժանի: Ընկերությունն, իրոք, մեծ արժեք է, թանկ ու հոգեհարազատ բոլորիս: Շնորհավոր ծնունդդ, սիրելի <<Ընկեր>>…>>:

SHARE