Պատճառաբանություններ պետք չեն

0
907

Կարևորը, անկախ միջոցներից, խնդիրը լուծելն է, գործերն առաջ տանելը

Պատվախնդիր

Լեռնանիստ համայնքը Արտյոմ Հայրապետյանը ղեկավարում է 2012 թվականից, և վերջին չորս տարում կատարվածը տեսանելի է, փոփոխություններն` ակնհայտ:

-Փոփոխություններն, այո՛, շատ են,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում մատնանշեց պարոն Հայրապետյանը,- և բոլոր ուղղություններով, բոլոր բնագավառներում: Ամեն հնարավորություն, ինչը հասանելի է, օգտագործվում է Լեռնանիստ համայնքը զարգացնելու համար: Ներկայումս 71 մլն դրամի ծրագիր է իրականացվում, ջրարբիացման համակարգի ծրագիր, ըստ այդմ, անասունների խմելու ջրի 6 կմ ջրագիծ ենք անցկացնում 4 խմոցով: Ծրագրի ավարտն աշնանն է: Նախորդ տարի ասֆալտապատում ենք կատարել` մոտ 1 կմ: Ընթացիկ տարում գյուղի մուտքն է կառուցվել, ինչն արել եմ իմ 6 ամսվա աշխատավարձի գումարը ներդնելով: Համայնքի մաքրության հարցում բավականին հետևողական ու խստապահանջ ենք: Համայնքում նաև ճանապարհների հարթեցում ու խճապատում է կատարվել: Եկեղեցու ավազանն ենք վերանորոգել: Հայոց եղեռնի 100-ամյակի առթիվ խաչքար ենք տեղադրել, դրա շուրջ 100 տնկիներով պուրակ ստեղծել: Արտաքին լուսավորություն ենք անցկացրել` մոտ 120 հենասյուն տեղադրելով: Կանգառ-սպասասրահներ ենք տեղադրել ճանապարհի երկայնքով: Մի խոսքով, շատ բան է արվել, պետք է միայն տեսնել…

Մանկապարտեզի գործունեությունը գոհացնող է, 124 երեխա է հաճախում: Նախորդ տարի համայնքի ուժերով հիմնադրվել է գյուղի պատմության թանգարան: Քարանձավ կա գյուղի տարածքում, որ մոտ 1000 տարվա պատմություն ունի: Այնտեղ պեղումներ են կատարվել, այդ հնությունն ուշադրության կենտրոնում է: Առհասարակ, այն ամենը, ինչը բնակավայրի ճանաչմանն ու հեղինակության բարձրացմանն է առնչվում, պատշաճ վերաբերմունքի է արժանանում: Մի շարք խմբակներ են գործում` նկարչության, պարի, կարատեի: Նպատակ ունեն գյուղի օրվան /այս տարի լրանում է Լեռնանիստի 188-ամյակը/ նվիրված տոնական միջոցառումներն ավանդական դարձնել և ամեն տարի նշել: Առողջապահության նախարարության ԾԻԳ-ի հետ համատեղ 2013-ին բուժամբուլատորիա են կառուցել` 60 մլն դրամ ներդրմամբ:

-Բավականին աշխատանք, այո՛, կատարվել է,- շարունակեց գործող համայնքապետը,- սակայն անելիքներն էլ դեռևս շատ են, միանգամից հնարավոր չէ բարձր արդյունքների հասնել: Ահա թե ինչու առաջիկա ՏԻՄ ընտրությանն առաջադրել եմ թեկնածությունս` անավարտ ծրագրերս կյանքի կոչելու, նախատեսածս մինչև վերջ, լիարժեք կատարելու նպատակով: Իմ գյուղը, իմ աշխատանքը սիրում եմ, համագյուղացիներս վստահում, հավատում են ինձ, ուստի բարոյապես ևս պարտք ու պատասխանատվություն ունեմ: Կառչած չեմ համայնքապետի աթոռին, երբ զգամ անելիք ու խնդիր չունեմ, ինքնակամ կթողնեմ պաշտոնը: Սկզբունքներիս երբևէ չեմ դավաճանի: Կարևոր, շատ կարևոր է խմելու ջրի խնդրի լուծումը: Ջրամատակարարման ցանց չունենք, առայժմ աղբյուրներից ու հորերից ենք օգտվում: Այս գործը, կարելի է ասել, արդեն ընթացքի մեջ է, Ասիական զարգացման բանկի ծրագրով 2017-ին աշխատանքները պետք է սկսվեն: Ինձ համար սա պատվի հարց է, լուրջ պարտավորություն ու պատասխանատվություն: Ջրագծերի անցկացումից հետո միայն ձեռնամուխ կլինենք ասֆալտապատմանը…

Արտյոմ Հայրապետյանի համար համայնքի բոլոր բնակիչներն էլ հարազատ ու հավասար են, բոլորի կողքին կանգնած է, յուրաքանչյուրի խնդիրը լուծելու յուրովի պարտավորվածություն ունի: Այդ վերաբերմունքի շնորհիվ էլ համայնքի բնակիչների հարգանքին ու սիրուն է արժանանում: Չնայած համայնքային բյուջեի սղությանը, ինչպես նա է նշում, պահանջվող աշխատանքները պետք է արվեն. <<Քո միջոցները, կողքինիդ միջոցները, հնարավորությունները պետք է օգտագործես: Համայնքն ինձ համար` ինչպես մի մեծ տուն: Եթե տանը խնդիրներ կան, ապա պիտի ջանաս այդ խնդիրները լուծել, կապ չունի` ինչ միջոցներով, կարևորը, որ անես: Պատճառաբանությունները, արդարացումներն անիմաստ ու ավելորդ են…>>:

Լեռնանիստի համայնքապետը համոզված է` այն մարդը, ով ընկեր չունի, իր կողքին համախոհներ չունի, չի կարող մեծ ծավալի աշխատանք կատարել.

-Սիրում եմ ընկերություն անել, ընկերներ ունենալ և նրանց պիտանի լինել: Դա, փառք Աստծո, փոխադարձ է: Մեկս մյուսով մեր գործերն առաջ ենք տանում: Բոլոր տեղերում էլ ընկերներ կան, որ համայնքին իրենց չափով օգտակար են լինում: Ընկերությունն, առհասարակ, շատ կարևոր է: Այն ձեռք բերելը հեշտ է, պահպանելը` դժվար: Ընկերության կարևոր սկզբունքը պահել-շարունակելու` ազնիվ, մաքուր քայլերն են: Համայնքի ղեկավարը պետք է ծառայի ժողովրդին, այս պաշտոնն ավելի շատ պատասխանատվություն է, քրտնաջան աշխատանք, որի արդյունքը պիտի տեսնեն մարդիկ և ըստ այդմ էլ իրենց վերաբերմունքն արտահայտեն: Ամենամեծ հարստությունը մարդկանց վստահությունը ձեռք բերելն է: Երբ ժողովուրդը շատ է ոգևորում, սկսում ես ավելի լավ աշխատել: Գնահատելու դեպքում արածիդ արժեքն ավելի լավ ես զգում: Մեր բնակիչները շատ բանիմաց են, կրթական ցենզը մեզանում բավականին բարձր է: 2 միկրոավտոբուս ունենք, որ մեր ուսանողներին տանում են Երևան, հետ բերում: Կրթությանն առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում: Պարտավորված եմ նաև ի պաշտոնե` լինելով դպրոցի խորհրդի նախագահը: Ուսանողների թիվը, պատահական չէ, որ գնալով ավելանում է: Գիտելիքը մեր ապագան է, իսկ Լեռնանիստի ապագան ես բարգավաճ ու բարեկեցիկ եմ տեսնում…

SHARE