Պատվախնդիր ու հայրենասեր

0
530

Բնույթ

Լավ գործի, լավ ընկերոջ համար կյանքդ էլ չես խնայի…

Հստակ ու իրատեսական ծրագրերով, աշխատանքային եռանդով ու նպատակասլացությամբ Պետիկ Ղազարյանը եկավ Ազատավան համայնքը /Արարատի մարզ/ ղեկավարելու: Մինչև այդ էլ` ինչ հնարավոր էր, արել էր համայնքի ու նրա մարդկանց համար: Ինչպիսի աշխատանք էլ կատարել է, որտեղ էլ եղել է, սիրով ու նվիրումով է աշխատել, բարեխիղճ ու հոգատար վերաբերմունք ցուցաբերել: Համայնք ղեկավարելն, ինչ խոսք, ավելի շատ ջանք ու եռանդ է պահանջում, պատասխանատվությունն է առավել մեծ, ուստի գործում է ուժերի գերագույն լարումով:

Պարոն Ղազարյանի խոսքերով, նախկին գյուղապետն էլ շատ լավ է աշխատել, այսօր ինքը շարունակում է նրա գործը` ձգտելով առավելագույնն անել: Գործեր, իհարկե, շատ ունեն անելու: 2017-ի բյուջեով նախատեսված է մանկապարտեզ կառուցել: Ամենակարևորը համախմբվելն է, ձեռք ձեռքի տված առաջ գնալն ու համատեղ ուժերով համայնքը զարգացնելը: Փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության ու միասնության պարագայում հնարավոր է ցանկալի արդյունքի հասնել: Համայնքի ղեկավարի գերագույն նպատակն էլ այն է, որ գյուղը դառնա մեկ ընտանիքի պես, մտերմությունն ու հարազատությունը գերիշխող լինեն:

Ազատավանն իրավունք չունի հետ մնալու մյուս համայնքներից, ազատավանցին աշխատող ու արարող է, պատվախնդիր ու հայրենասեր: Ուստի ամեն ջանք պիտի գործադրել` սեղմ ժամկետներում լուծելու առկա խնդիրները: Մասնավորապես` դաշտամիջյան ճանապարհների բարեկարգում, ոռոգման և խմելու ջրի`  ջրամատակարարման բարելավում: Գյուղացու եկամտի միակ աղբյուրը հողն է, ահա թե ինչու այդ նպատակով գոնե նվազագույն պայմաններ պետք է ապահովել, որպեսզի մարդը երես չթեքի հողից, հոգա իր ապրուստի խնդիրները:

Համայնքապետի ամենակարևոր խնդիրը իր գյուղացուն ամեն կերպ աջակցելն ու թիկունք լինելն է: Տրակտոր են ձեռք բերելու, ջրի խնդիրն են լուծելու և այդպես շարունակ: Պետիկ Ղազարյանը շատ է սիրում իր գյուղը, իր գյուղացուն և պատրաստակամ է ամեն առումով կանգնելու նրա կողքին, շենացնելու Ազատավանը: Նրա մարդկային էությունն է այդպիսին` օգնել, հասնել կարիքավորին, իր նպաստը բերել բարի ու առաքինի գործերի իրականացմանը: Մարդիկ երախտապարտ են նրան այդ ամենի համար և փոխադարձաբար իրենց բարյացակամ վերաբերմունքն են արտահայտում:

Իր հայրենանվեր, շնորհակալ գործում Պետիկ Ղազարյանը մշտապես զգում է նաև ընկերների աջակցությունը: Պատվախնդիր ընկերություն ունի, որ պատրաստ է ամեն կերպ ծառայելու գյուղին: Անշահախնդիր են ընկերները. <<Մենք ընկերություն չենք արել շահի համար: Կարող է` վաղն <<ուտել-խմելու>> առիթ ունենանք և աշխատանքի կամ այլ հանգամանքների պատճառով չկարողանանք մասնակցել դրան, բայց, Աստված չանի, նեղության պահին, որքան էլ գործ ունենանք, կանգնած ենք իրար կողքի: Այսպիսին է մեր ընկերության բնույթը: Ազատավանցիների ընկերական շրջապատը շատ, շատ մեծ է` թե՛ դրսում և թե՛ ներսում: Շատ լավ ընկերություն կա գյուղում: Ազատավանցիները, առհասարակ, շատ լավ մարդիկ են…>>:

Մի խոսքով, համայնքապետը հպարտ է իր ընկերներով, հպարտ է իր գյուղով, նրա մարդկանցով: Ամեն լավ բան, լավ միտք ու գաղափար լավ մարդկանց շնորհիվ պիտի կյանքի կոչվի` սա Պետիկ Ղազարյանի կյանքի ու ապրելու կարգախոսներից մեկն է: Ուրախ է, հաճելիորեն շոյված ու զարմացած <<Ընկեր>> հրաշալի անվամբ պարբերականի գոյության համար` նրա հետ մշտապես համագործակցելու պատրաստակամությամբ լցված: Ամեն ինչ սկիզբ է առնում ընկերությունից: Ընկերդ լավն է, լավն ես նաև դու, վատի դեպքում դու էլ ես այդպիսին: Որտեղ ընկերություն, այնտեղ սեր, հարգանք ու պատիվ…

SHARE