Պատվարժան մի այր` մի՛ստր Սամ…

0
21
Մարդկանց ծառայելու, նրանց ամեն կերպ ու անշահախնդիր օգտակար լինելու մի աննկարագրելի առաքելություն
Նկարագիր
    Մեծապատիվ մեր ընկերներից մեկը` Պետրոս Ղազարյանը, ում հետ ամեն հանդիպում մի առանձնակի շուք ու հանդիսավորություն է ստանում, հերթական անգամ առիթ ստեղծեց, ավելի շուտ` հնարավորություն ընձեռեց մեզ <<Ընկեր>>-ի էջերում ներկայացնելու պատվարժան ու մեծանուն մի ընկերոջ ևս` Սամվել Կրպոյանին: Այո, ներկայացնելու մի մարդու, ընկերոջ, ում ամեն ապրած օրն անգամ կարող է օրինակ հանդիսանալ շատ-շատերի համար: 
   Կյանքի նկատմամբ Սամվել Կրպոյանի ունեցած  պատկերացումներն ու ընկալումները որպես դասագիրք կարող են ծառայել, լույսի փարոս դառնալ բոլոր նրանց համար, ում անչափ թանկ ու հարազատ են մարդկային բարձր արժանապատվությամբ ապրելու ձգտումը, ճիշտ կենսակերպին ու վսեմ առաքինությանն անդավաճան նվիրվելու հաստատակամությունը: Կենսակերպ, որի ակունքներում հարգանքն ու արժանավորությունն են, մեծահոգությունն ու անձնվիրումը: Այս ամենն, անշուշտ, գալիս են ընտանիքից, ծնողներից, շրջապատից: Ավելի շատ հորից է ժառանգել ընկերասիրությունը, պատվախնդրությունը, հյուրընկալությունը, նրա թողած բարի ավանդույթների կրողն ու շարունակողն է: Հայրենիքից հեռու, օտարության մեջ, ինչ խոսք, բավականին դժվարանում է այս խնդիրը, բայց, ի պատիվ նրա, պետք է ասել, որ այդքան հայ մնալն ու այդպես հայեցի ապրելը հերոսության, սխրանքի հավասար բացառիկ երևույթներ են: Դրանով հանդերձ, իր շուրջն է համախմբում մարդկանց, ընկերասիրության ու մարդկային բարձր արժեքների շուրջ…
    Սամվել Կրպոյանը մեծ ճանաչում ունի ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում, հայ մարդու, ընկերոջ իր տեսակով առանձնահատուկ է: <<Սամվելի հետ ծնվել, ապրել ենք Նորքի նույն փողոցում,- ասաց Պետրոս Ղազարյանը:- Նույն դպրոցում ենք սովորել, նա ինձնից մեկ տարով ավագ էր: Հրաշք ընտանիք էր, բոլորն էլ` հայրը, մայրը, եղբայրը, քույրերը, մեծագույն անձնավորություններ: Սամվելը երկար ժամանակ ԱՄՆ-ում է ապրում: Օտարության մեջ գտնվելը երբևէ չի խանգարել, որպեսզի հրաշքներ գործի թե՛ մարդկայնության, թե՛ ընկերության, թե՛ բարեկամության առումներով: Բավականին օգնություններ է ուղարկում հայրենիք: Հպարտ եմ, որ Սամվելի նման ընկեր ունեմ, որ նրա պես մեկը կա մեր իրականությունում, ով անսպառ էներգիա, դրական լիցքեր է հաղորդում շրջապատին: Երբ Միացյալ Նահանգներում էի, հիվանդանոցում պառկած, նրա ամեն այցը յուրահատուկ տոն ու ուրախություն էր ողջ հիվանդանոցի համար: Աշխատողներն օտարերկրացիներ էին, ում Սամվելը լիասիրտ հյուրասիրում ու ջերմ վերաբերմունքով էր շրջապատում: Արաբների, մեքսիկացիների ուրախությանը չափ ու սահման չկար, երբ հայտնվում էր ընկերս: Երբ ինչ-որ տեղ էինք միասին գնում, այս ու այն կողմից նրան էին սիրալիր ձայնում` մի՛ստր Սամ… 

  Շատ մեծ մարդ է ընկերս, գիշեր թե ցերեկ նրա տան դռները բաց են, սեղանները` գցած: Կինը` Մարիետան, ծնունդով ապարանցի է, հրաշք աղջիկ, որ ապրում, շնչում է ամուսնու հոգով: Երկու որդի ունեն` Կարապետ և Հովհաննես: Ասես, հենց նրանց համար ասված լինի` պտուղը  ծառից հեռու չի ընկնում… Դիմացինին, ընկերոջը կամ բարեկամին օգտակար լինելուց Սամվելն անչափ մեծ բավականություն է ստանում, ասես, ծնվել է հենց այդ առաքելությամբ` անմնացորդ ծառայել մարդկանց, նրանց վայելք ու խնդություն պարգևել: Հյուրասիրելու աննկարագրելի մղում ունի: Երկար տարիներ, շուրջ 10 տարի, չի այցելել հայրենիք: Խոստացել է հաջորդ տարի գալ` հաճելի անակնկալ մատուցելով մեզ: Անհնար է, որ Հայաստանից որևէ պատվիրակություն կամ խումբ ԱՄՆ այցելի և չարժանանա նրա հյուրընկալությանն ու հյուրասիրությանը: Սամվելի ձեռքից պրծնելը /իհարկե, դրական իմաստով/, հավատացնում եմ, այնքան էլ հեշտ չէ: Շատ մեծ հոգի ունի, որտեղ բոլորի համար տեղ կա պահված: Նրա հետ շփվելը, զրուցելն  արդեն մեծ վայելք ու բավականություն են: Օտարության մեջ գտնվելը երբեք չի խանգարել, որ ապրի հայրենիքի հոգս ու ցավով, նրա հետ լինի հոգու բոլոր նյարդալարերով: Նրա հետ յուրաքանչյուր հանդիպում, զրույց կյանքդ երկարացնում է:
   Կրկին պիտի հիշեմ Միացյալ Նահանգներում անցկացրածս ծանր օրերը /նկատի ունեմ հիվանդանոցում տարածս ծանր վիրահատությունները/: Չէր թողնում, որ հանկարծ ընկճվելու առիթ ունենամ, անընդհատ կողքիս էր, ամեն ինչի մասին հոգ էր տանում: Անում էր այնպես, որ չէիր կարող, պարզապես, լավ չզգալ քեզ: Առհասարակ, Սամվելի հետ լինելով դու քեզ վատ զգալու իրավունք չունես: Ամերիկայում գտնվելով, նա ավելին է անում Հայաստանի համար: Իր հայրենիքում չգտնվելն արդարացնում է այդ կերպ` գործնական քայլերով, շոշափելի օգնությամբ, հայրենակիցների նկատմամբ ցուցաբերած մարդկային ու ընկերական ջերմ  վերաբերմունքով: Սամվելին բնորոշ գծերից է անշահախնդրությունը: Չի սպասում, որ երբևէ իր արածի դիմաց ինչ-որ կերպ փոխհատուցեն: Եթե դիմացինն իրեն լավ է զգում, ուրեմն ինքն արդեն դրանով բավարարված ու վարձատրված է: Խոստովանենք` այսօրվա մեր կյանքում հազվագյուտ երևույթ: Սրտանց տալիս է,  նվիրաբերում` ստանալու ակնկալիք չունենալով, միայն թե դիմացինն արժանի ու լավ մարդ լինի: 
   Մանկությանս գրեթե 50 տարիների ընկերն է, ընկերություն, որ ամեն անցնող տարվա հետ առավել խոր իմաստ ու բովանդակություն է ստանում: Որքան տարիները ետևում են մնում, այնքան ավելի ընկերությունը գնահատվում է: Որքան հնանում է, այնքան քաղցրանում ու թանկանում է… Հիմա, ցավոք, ընկերության այլ չափանիշներ են գործում, ինչի հիմքում ունենալ-չունենալն է: Եթե փող ունի, ուրեմն լավ տղա է, լավ ընկեր, հակառակ դեպքում… Մեր պարագայում դա բացառվել է: Առանց փողի էլ` եթե լավ մարդ ես, լավ ընկեր, ուրեմն այդպես էլ կա: Առանց շահախնդրության, առանց ակնկալիքի պիտի հարգես, գովաբանես ընկերոջդ: Մի բան, որ այսօր այնքան էլ ընդունված ու հարգի չէ: Մեր ժամանակների ընկերությունը խարսխվում էր հոգու ու մտքի վրա, շահ /նյութակա՛ն/ չկար, հարստություն ասածն առաջին հերթին ոգեղեն արժեքն էր: Եվ այսօր ներկայացնելով Սամվել Կրպոյան մարդ-ընկերոջը, գլուխ խոնարհելով հայի այդ տեսակի առջև, ցանկանում եմ տվյալ  օրինակով վարակել այսօրվա երիտասարդությանը… 
    Կարող եմ հաստատապես վստահեցնել, որ մեր բոլոր հաղթանակները հայրենասիրության ու ընկերասիրության վրա են հիմնված: Արցախյան փառահեղ հաղթանակը` ձեզ լավ օրինակ: Ահա այսօր, մեր երիտասարդ սերնդի դաստիարակության հիմքում այդ երկու կարևորագույն հատկանիշները պետք է ամրակայված լինեն: Թե՛ պատերազմի դաշտում, թե՛ առօրյա կյանքում որոշիչն ու վճռականը սերն է` հայրենիքի, ընկերոջ, հարազատի հանդեպ: Ուրիշ ճանապարհ չկա, եթե մենք սրբորեն պահում-պահպանում ենք այս արժեքների, մեր նախնիներից ժառանգած արժեհամակարգի հանդեպ մեր հավատարմությունն ու նվիրումը, ապա հզոր ազգ, հզոր երկիր ու պետություն ենք դառնում… 
   Անչափ գովելի են ձեր` <<Ընկեր>> թերթի որդեգրած սկզբունքներն ու հավատամքը, որ ներկայացնելով ընդօրինակման արժանի ընկերության վառ օրինակներ, ջանում եք այսօրվա մեր սերնդի մեջ վառ պահել իսկական ընկերասիրության ոգին: Այո, մանկուց պետք է  սերմանվի այդ գաղափարը, ընկերության դասը երեխային պետք է ուղեկցի մանկապարտեզից, դպրոցական նստարանից: Չպետք է ինտերնետով ընկերություն անել, վերացական շփումներով, վերացական աշխարհում հաղորդակցվել միմյանց. դա մեր տունը քանդում է: Մարդկային ճիշտ, պարզ ու անմիջական փոխհարաբերություններ են անհրաժեշտ, մարդկային ընկալում ու մոտեցում…>>:
    Զրույցի ավարտին Պետրոս Ղազարյանը մեկ անգամ ևս իր սրտաբուխ խոսքն ուղղեց սիրելի ու մտերիմ ընկերոջը` Սամվել Կրպոյանին, մաղթեց նրան ու նրա ընտանիքին երջանիկ կյանք, բախտավոր օրեր, ապագայի լուսավոր հորիզոններ…
SHARE