Պատրաստ եմ լինելու այնտեղ

0
48

Իրատեսությու

Որտեղ ժողովուրդն է, որտեղ գերակա են նրա շահն ու իրավունքը

-Անկեղծ պիտի լինեմ և ասեմ,- նշեց Վանիկ Ասատրյանը,- որ առաջարկ եմ ստացել և համաձայնել ԱԺ ընտրություններում վարկանիշային ցուցակով առաջադրվելու <<Ծառուկյան>> դաշինքի կազմում: Քաջածանոթ լինելով առաջարկվող ծրագրերին, որ մեր ժողովրդի ու երկրի անմիջական շահերից են բխում, իմ համախոհների ստվար բանակի մասնակցությամբ ոգևորությամբ լծվել եմ նախընտրական քարոզարշավին: Մեր նպատակն, ինչ խոսք, այդ ծրագրի, ավելի շուտ` դաշինքի առաջարկած 15 կետերի վերաբերյալ բացատրական լուրջ ու նպատակաուղղված աշխատանք տանելն է: Այնպես, որ դա պարզ ու հասկանալի լինի յուրաքանչյուր քաղաքացու, ինչի դեպքում արդեն ընտրողը կարող է լավագույնս կողմնորոշվել և իր ձայնը տալ, իրոք, արժանավորին: Այն ուժին, որն իրապես մտածում է ժողովրդի ու երկրի մասին և այնպիսի ծրագիր ունի, որի իրագործումը կապահովի Հայաստանի անշեղ զարգացումն ու առաջընթացը: Ահա այդպիսի ուժ է <<Ծառուկյան>> դաշինքը, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեծ ժողովրդականություն է վայելում, շատ բան է արել և առաջիկայում էլ ավելին կանի մեր ժողովրդի համար: Միշտ էլ մարդու գործը գնահատվել ու գնահատվում է, և շատ կարևոր է, թե ով է առաջնորդում տվյալ քաղաքական ուժը: Մեծ պատիվ է Ծառուկյանի պես առաջնորդ ու ղեկավար ունենալը, և ժողովուրդն այսօր, կարելի է ասել, ցնծության մեջ է, քանի որ մեծ հույսեր է կապում նրա հետ, հավատում ու վստահում է իր <<թագավորին>>: Գագիկ Ծառուկյանը բազմիցս է ապացուցել, որ իր խոսքի տերն է, որ նրա յուրաքանչյուր ասածը գործի է վերածվում: Ահա թե ինչու ուր գնում է, մարդկանց հոծ բազմություն է հավաքվում, ժողովուրդն իր կամքով դուրս է գալիս նրան դիմավորելու: Մեր քարոզարշավի հիմնական մեխը դաշինքի որդեգրած ծրագրային ռազմավարությունը ժողովրդին լավագույնս ներկայացնելն է: Մեզ անհատապես ներկայացնելու խնդիր չունենք, չնայած ասեմ, որ ես 1976-ից աշխատում եմ: Եղել եմ <<Հայգյուղտեխնիկայի>> մելիորատիվ ջոկատի պետ, ապա մեկնել եմ զինծառայության: Վերադառնալուց հետո աշխատանքի եմ անցել կարի արտադրական միավորումում` ձևող արտադրամասի վարիչ, այնուհետև` ֆաբրիկայի տնօրեն, գլխավոր տնօրեն: Ապա ընտրվել եմ Սպիտակի քաղաքապետ, որից հետո` Լոռու փոխմարզպետ: Ես աշխատել եմ այս կառավարության հետ, բազմաթիվ պարգևների, շնորհակալագրերի եմ արժանացել: Սպիտակում 6 տարում ավարտի հասցրինք բնակարանաշինությունը, դպրոցաշինությունը: Ես վստահ եմ իմ ժողովրդի խելամտության ու ողջախոհության վրա, հավատում եմ նրան: Ասեկոսեներին, տարբեր բամբասանքներին ուշադրություն դարձնելու հարկ չկա, քանի որ միայն փոքրոգի մարդիկ ու անարժաններն են դրանով զբաղվում: Ես, օգտվելով իմ սահմանադրական իրավունքից և հավատալով Գագիկ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժին, օրենքի շրջանակներում քարոզչական աշխատանքս եմ տանում նրա օգտին` ի շահ մեր երկրի ու ժողովրդի: Ես պատրաստ եմ լինելու այնտեղ, որտեղ ժողովրդի շահն է: Գաղտնիք չէ, թե ինչ վիճակում է այսօր մեր ժողովուրդը, ինչպիսի դժվարին ու ծանր իրավիճակի առաջ է հայտնվել աշխատավոր մարդը: Այս վիճակից պետք է դուրս գալ, իսկ դրա իրական երաշխիքը, իմ համոզմամբ, տալիս է <<Ծառուկյան>> դաշինքը` իր ներկայացրած լուրջ ու իրատեսական ծրագրով:

Խոսելով հայրենի քաղաքի ու համաքաղաքացիների մասին, պարոն Ասատրյանը մեծ սիրով ու գոհունակությամբ արտահայտվեց նրանց հասցեին.

-Սպիտակցին ճիշտ կողմնորոշվող ու գնահատող է, և հավատացած եմ, որ այս անգամ ևս անսխալ կկողմնորոշվի ու գիտակցված ընտրություն կկատարի: Այն պահն է հասունացել, երբ մենք բոլորս պետք է վճռական խոսք ասենք և որոշենք, թե ինչպիսի ապագա ենք ուզում մեր երկրի, մեր պետության համար: Աշխատողին, նախաձեռնողին շունչ քաշելու հնարավորություն պիտի տալ, աջակցել ու խրախուսել, որպեսզի պետությունն էլ իր հերթին ամուր ու ապահով լինի: Մենք խնդիր ունենք երկրում արմատական բարեփոխումներ իրականացնելու, ժողովրդավարական արժեքներն ամրապնդելու և քաղաքակիրթ աշխարհի ճանապարհով ընթանալու: Ուստի և, նորից եմ ասում, պետք է ճիշտ ընտրություն կատարենք, մեր վճռորոշ ձայնը տեղ հասցնենք…

SHARE