Պարբերաթերթի նպատակը

Ձեր <<Ընկերը>>
Բարի, գեղեցիկ եւ  առաքինի…

        Ժամանակը, որ ամենազոր է, իր անկասելի ընթացքն ունի, կյանքը՝ իր գրված ու չգրված օրենքները: Մարդն իր արարչագործությամբ արժեքներ է ստեղծում եւ կերտում իր թվացյալ պատմությունը: Պատմություն՝ սիրո եւ հավատարմության, նվիրումի եւ խիզախության, բարու եւ չարի… Եվ մարդկային որոնումների շղթան անվերջ ու անբեկանելի է: Եթե բախտն, ասենք, առանձնապես բարեհաճ է մարդու նկատմամբ եւ ուզում է շնորհել նրան աշխարհում մեծագույն երջանկությունը, ապա նրան հավատարիմ ընկերներ է տալիս: Դա, իրոք, մեծագույն բախտավորություն է, քանզի ընկերությունը, իր իմաստով, կյանքի գեղեցկագույն մարգարիտն է: 

        Ընկեր բառը բոլորի շուրթերին է, սակայն, դժբախտաբար, ճշմարիտ ընկերությունը հազվադեպ է: Այսօր առավել եւս, երբ ավելի շատ են անհավատարիմ ընկերները, դրանք, իմաստունի խոսքերով ասած. արեւային ժամացույցներ են, որոնք օգտակար են միայն այնքան ժամանակ, քանի դեռ լուսավորում է արեւը: Ամոթ է ասելը, բայց եւ անհնարին է անտեսել այն ճշմարտությունը, որ ընկերություն փնտրում են միայն այնտեղ, որտեղ այն օգուտ կամ շահ է խոստանում: Մեր՝ թերթի պարագայում, օգուտը, եթե նման բան խոստանալու լինենք, զուտ բարոյական ու հոգեւոր է լինելու, անանձնական ու աննյութեղեն: Թեկուզեւ, այն իրողությունը նկատի ունենալով, որ ընկերությունը պետք է լինի անսահմանորեն ավելի հանդուրժող, քան սերը…
        Սեր եւ հանդուրժողականություն՝ ահա այս երկու ծանրություններն են, մեր պատկերացմամբ, ընկած ընկերության կշեռքի նժարներին եւ որոնց հավասարակշռության պահպանման նկատմամբ իր հավատարմությունն արտահայտելով, լույս աշխարհ է գալիս <<Ընկեր>> պարբերաթերթը: Գալիս է, որպեսզի մի ընկերով էլ ավելանա մեր կյանքը, ընկերության սեր ու լավատեսություն տարածի մեր շրջապատում, գալիս է այն գիտակցությամբ գոտեպնդված, որ ընկերներ մենք ձեռք ենք բերում ոչ նրանով, թե ինչ ծառայություններ ենք ստանում նրանից, այլ նրանով, ինչ ինքներս ենք մատուցում: Այո, նախ ցանելու ենք հավատի ու վստահության մեր սերմերը, բերելու ենք բարություն, սեր ու ջերմություն, բռնելու ենք ազնիվ ու պատվաբեր ճանապարհ: Այնպես որ, մեր մատուցածին էլ համարժեք թող լինի բոլոր նրանց վերաբերմունքը, ովքեր <<Ընկեր>>-ի մեջ ընկեր ու բարեկամ կտեսնեն, օգտակար ու հաճելի բան կգտնեն, կքաղեն իրենց ակնկալած սերն ու բարին: Չմոռանանք, ամեն ինչի հիմքում ընկերական կապերն են ու փոխհարաբերությունները` մինչեւ բարձրագույն պատասխանատվություն եւ բարձրագույն հայրենասիրություն:
    <<Ընկեր>>-ը համոզված է, որ նա, ով չի տեսնում աշխարհն իր ընկերների մեջ, արժանի չէ, որ նրա մասին աշխարհն իմանա…  Ընկեր ունենալու միակ միջոցը այդպիսին լինելն է: <<Ընկեր>>-ը այդպիսի առաքելությամբ է լույս աշխարհ գալիս՝ տեղին համարելով հիշեցնել մեծն Ջիվանու խոսքը.
     Բարի, գեղեցիկ, առաքինի ընկերը՝ մարդուն,
     Փայլեցնում է արեւի պես պատկերը մարդուն…
     Թեեւ, ճիշտ է, ընկերությանը փայլ հարկավոր չէ, բայց առանց դրա աշխարհը կարծես թե զրկված կլիներ արեւից, արեւի փայլից: Այդ փայլը թող լուսավորի ընկերության եւ <<Ընկեր>>-ի անխոտոր ու ազնիվ ճանապարհը…
 Գլխավոր խմբագիր՝    Ռուզաննա Մանուկյան