Պարզերես` բնակչի առջև

0
33

 Վճռականություն
   Սուրեն Սրապոյանի ղեկավարման տարիներին Դիտակ համայնքը շատ մեծ առաջընթաց է ապրել: Կատարվել են բազմաթիվ աշխատանքներ: Գյուղը գազաֆիկացված չէր: Առաջին գործը եղավ դա, ինչը հաջողությամբ ավարտի հասցվեց: Խճապատվեցին փողոցները, գյուղապետարանի շենքն ու տարածքը բարեկարգվեցին: Բավականին ժամանակ է, որ վերանորոգման աշխատանքներ են կատարվում դպրոցում, ինչը դեռևս ընթացքի մեջ է: Լուծվել է ջեռուցման խնդիրը, վերանորոգվել է տանիքի մի մասը, փոխվել են պատուհանները, շուտով կավարտվի մարզադահլիճի վերանորոգումը: Նախնական պայմանավորվածության համաձայն, առաջիկայում կիրականացվեն մանկապարտեզի շենքի վերանորոգման, փողոցների բարեկարգման և լուսավորման աշխատանքները: Այս ամենը, իհարկե, միայն համայնքի միջոցներով իրականացնելը հնարավոր չէ: Կան համապատասխան ծրագրեր` մի շարք կազմակերպությունների ներդրումներով, և մարզպետարանի օգնությունն է բավականին մեծ ու նշանակալի: Մարզային իշխանությունները իրենց զգալի ներդրումն ունեն, իսկ մարզպետ Էդիկ Բարսեղյանը, համայնքի ղեկավարի խոսքերով, մշտական ուշադրության կենտրոնում է պահում թե՛ գյուղը, թե՛ գյուղացուն:

   -Մարզպետը,- նշեց պարոն Սրապոյանը,- ցանկացած պահի մեր կողքին է: Առաջնահերթ համայնքապետերին կընդունի, կլսի, բարձրացրած հարցերին շատ արագ ընթացք կտա: Հատկապես դժբախտության պահերին մարդկանց ու նրանց ընտանիքների կողքին է: Նրա շնորհիվ մարզի գյուղատնտեսությունը մեծ աջակցություն է ստանում կառավարությունից, ինչի արդյունքում գյուղացու հոգսն էապես թեթևանում է: Գյուղացին երբևիցե մերժում չի ստանում, լուծվում են նրա կողմից բարձրացված բոլոր հարցերը: Ամենակարևորը` գյուղացին հուսախաբ չի լինում: Այո, մարզային իշխանություններն այսօր պարզերես են ժողովրդի առջև: Պարոն Բարսեղյանը համայնքապետերին ոչ այնքան որպես վերադաս ղեկավար է վերաբերվում, որքան ընկեր, եղբայր, բարեկամ: Նրա համար բոլորը հավասար են, ամենակարևորը` լավ աշխատեն: Բնակիչների հանդեպ շատ սրտացավ է, ապրում է նրանց հոգսերով: Ղեկավարման հրաշալի փորձ ունենալով, շատ լավ է հասկանում մարդկանց, քաջատեղյակ է խնդիրներին: Մարզպետ Բարսեղյանը ճիշտ աշխատող, պահը ճիշտ գնահատող և այդ պահին ճիշտ կողմնորոշվող անձնավորություն է: Շատ սերտ ու գործնական է բնակիչ-համայնքապետ-մարզպետ կապը, ինչն էլ համախմբվածության ու միասնության մթնոլորտ է ստեղծել մեզանում: Վերջին ապացույցը ՀՀ նախագահի ընտրություններին մեր ակտիվ մասնակցության ապահովումն էր, գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկողների բարձր ցուցանիշը` 78 տոկոս…
   Նշենք, որ նման բարձր ցուցանիշը նաև Սուրեն Սրապոյանի գործունեության արժանի գնահատականներից է, վստահության ու հարգանքի յուրօրինակ դրսևորում համայնքապետի նկատմամբ: Նա իր աշխատանքով ապացուցել է նվիրվածությունը համայնքին ու նրա բարգավաճմանը: Վստահության արժանի դրսևորում է նաև այն, որ Ս. Սրապոյանը 4 անգամ վերընտրվել է համայնքի ղեկավարի պաշտոնում: Որպես ղեկավար, առաջին հերթին կանգնած է կարիքավոր, աղքատ գյուղացու կողքին, դժբախտության պահերին` առավել ևս: Հնարավոր ամեն ինչով օգնում է, ընկեր է բոլորի համար: Ընկեր լինելն, առհասարակ, նրա համար ապրելակերպ է: Ընկերներով մշտապես միասին են: Մեր զրույցի պահին անսպասելի հայտնվեց ընկերներից մեկը` Դեղձուտ համայնքի ղեկավար Յուրիկ Մուրադյանը: Նրա հետ ցանկացած հարցով կիսվում է, խորհրդակցում: Ընտանիքներով են ընկերություն անում: Յու. Մուրադյանը, միանալով մեր զրույցին, իր հերթին նշեց, որ իր ավագ ընկերը` Սուրեն Սրապոյանը, բարի խորհրդատու է թե՛ աշխատանքում, թե՛ հասարակական և թե՛ անձնական կյանքում. <<Ազնիվ է, կամեցող, ճշտապահ, խոսքի տերը, ընկերությանը, ընտանիքին, գյուղացուն նվիրված անձնավորություն: Ով նրա հետ ընկերություն է անում, շատ երջանիկ է: Տարիքային տարբերությունը չի խանգարում մեր ընկերությանը: 7 տարուց ավելի ընկերություն ենք անում, բայց կուզենայի, որ մանկուց իրար հետ լինեինք: Զիջող ընկեր է, ներող ու համբերատար…>>:
    Սուրեն Սրապոյանի խոսքերով, իրեն ընկեր կարող է լինել նա, ով նեղ պահին իր կողքին կլինի: Ընկերությունը մինչև կյանքի վերջը կձգվի, եթե հիմքում մաքրություն, ազնվություն ու անկեղծություն լինի. <<Մարդը մարդ է իր ընկերությունով, շրջապատով, մարդկային քայլերով, լավ վերաբերմունքով: Մարդը, միայն իր համար ապրելով, լավը չի կարող լինել: Ես ամեն ինչ օգտագործում եմ ընկերներիս կողքին լինելու համար, նրանց նեղ պահին հասնելու համար: Աշխատում եմ ոչ թե շահ ստանալու, այլ անուն ու հարգանք թողնելու համար: Գյուղը ղեկավարելիս բնակիչների հանդեպ այնպիսի վերաբերմունք եմ ցուցաբերում, որ իմ չլինելու դեպքում հետնորդներս ամոթանք չկրեն իմ պատճառով, ընդհակառակը` հպարտանան: Աշխատում եմ այնպես, որ ինձ հիշեն արածս գործերով: Համոզված եմ, գյուղապետ լինեմ թե ոչ, նույն հարգանքն ու պատիվը կվայելեմ գյուղացիների, ընկերների, իշխանությունների կողմից: Ընկերներ ունեմ, որ չեն վերընտրվել, բայց նրանց հետ նույն մաքուր ընկերությունը շարունակվում է: Ձեռքբերումս այն է, որ գյուղում առաջընթաց կա, հարուստ եմ երեխաներովս ու թոռներովս…>>: 
    Մեր զրույցի վերջում համայնքի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ երկրի նորընտիր ղեկավարն առաջիկա 5 տարիներին նշանակալի բարեփոխումներ կիրականացնի, նախանշած ծրագրերն իրականություն կդառնան, և գյուղն էլ ավելի կզարգանա…  
SHARE