Պարզ, անմիջական, մարդկային

0
467

Որքան կարող ես` օգնիր ու ձեռք մեկնիր շրջապատիդ մարդկանց, լավություն արա…

Կենսափորձ

Կոտայքի մարզի Զովունի համայնքում Սերժիկ Ավետիսյանի պաշտոնավարումը հասնում է մոտ 20 տարվա /1997-ից/: Այո՛, երկու տասնամյակ, որի ընթացքում կատարվածն էլ քիչ չէ, եթե չասենք, որ եղած հիմնախնդիրները գրեթե լուծված կարելի է համարել: Միայն այս տարի, օրինակ, 74 մլն դրամի ասֆալտապատում է արվել համայնքի բյուջեով: Այսքան գումար, խոստովանենք, հավաքագրելն այնքան էլ հեշտ ու հանգիստ չէ: Զովունին փաստացի 8500 բնակիչ ունի, իսկ գրանցված է ընդամենը 5600-ը:

Սերժիկ Ավետիսյանն այս անգամ էլ է առաջադրել թեկնածությունը համայնքապետի պաշտոնի համար, չնայած մրցակիցների պակաս, ինչպես միշտ, չի ունեցել: Եվ միշտ էլ վճռորոշ է եղել համայնքի բնակչի քվեն, որը մեծ հաշվով գործողի օգտին է եղել: Համայնքապետի խոստովանմամբ, համայնք ղեկավարելն այդքան էլ հեշտ ու հաճելի գործ չէ, շատ մեծ ջանք ու պատասխանատվություն է պահանջում: Բացի սովորական աշխատանքային հարցերից ու առօրյա հոգսերից, գրեթե միշտ նոր խնդիրներ են առաջ գալիս, որոնց պարտավոր ես լուծում տալ: Այնպես չէ, որ պլանավորեցիր աշխատանքդ և դրանով էլ կարող ես առաջ շարժվել: Անգամ գիշերն էլ կարող է տանդ դուռը ծեծեն` իրենց ամենատարբեր խնդիրներով, անձնական հարցերով: Երբեմն այնպիսի անհեթեթ իրավիճակներ են լինում, որ չգիտես` լա՞ս, թե՞ խնդաս.zovuni

-Մեկին, ասենք, շունը կծել է, և լուրը հասել է արտակարգ իրավիճակներին: Այնտեղից զանգում են` ի՞նչ միջոցներ ես, որպես գյուղապետ, այդ առթիվ նախաձեռնել: Ի՜նչ նախաձեռնես, շանը <<պատժե՞ս>>, չէ՞ որ տեր ունի, ինչ անես` չգիտես… Ընտանիքում վեճեր են` դու պետք է հաշտեցնես… Մի տեղ հրդեհ է, համայնքի ղեկավարը պետք է դույլը ձեռքին առաջինն այնտեղ լինի, մտնի կրակների մեջ… Ամեն ինչ չէ, որ պիտի հասնի իրավապահներին, պիտի ինքդ կարողանաս ինչ-որ կերպ հարթել վեճ-կռիվը, խաղաղեցնել մարդկանց և այսպես շարունակ: Պետք է քեզ այնպես դրսևորես, աշխատանքները ճիշտ տանես, որ վերադասի մոտ քո կարծիքն անցնի, հաշվի նստեն քեզ հետ: Այդպես չեղավ, համայնք չես կարողանա ղեկավարել: Անմիջական ու պարզ  պիտի լինես, ճիշտ խոսես, ակտիվ լինես: Ես <<Նիգ-Ապարան>> հայրենակցական միության վարչության 8-րդ համարն եմ, մարզխորհրդի նիստերին եմ մասնակցում և ամեն տեղ էլ իմ կարծիքն ազատ ու անկաշկանդ կարող եմ արտահայտել: Թաքցնելու, թաքնվելու պատճառ չունեմ, քանի որ բոլոր պարագաներում ազնիվ եմ: Աշխատում եմ օրենքի սահմաններում, չնայած վրիպումներից երբեմն ես էլ  ապահովագրված չեմ: Բանիմացություն է պահանջվում, որպեսզի բոլոր կողմերին կարողանաս ճիշտը բացատրել, պարզաբանել: Փորձում եմ բոլորին էլ օգտակար լինել, բայց պատահում է` նեղացողներ էլ են լինում…

<<Ընկեր>>-ի հետ զրույցն այս անգամ էլ, բնականաբար, չէր կարող շրջանցել ընկերության, ընկերների թեման: Սերժիկ Ավետիսյանն այս առումով բավականին <<թրծված>>, բազմափորձ ու հարուստ ընկեր է. <<Բավականին մեծ շրջապատ ունեմ, ընկերներ, որոնց ներուժն օգտագործում եմ բնակիչների խնդիրների լուծման, համայնքի զարգացման համար: Այդ օգնությունը շատ հաճախ, կարելի է ասել, հենց ուղիղ, անմիջական չի լինում, ավելի շուտ` առանց իմ միջնորդության, առանց իմ <<խառնվելու>> է իր բարի գործն անում: Ասենք, եղբայրս վճռաբեկ դատարանի քրեական գործերով զինվորական պալատի նախագահն է, Աղվան Հովսեփյանը` իմ ընկերը, և այդպես էլի շատ հարազատ-մտերիմներ ունեմ: Երբ խոսքը իմ գյուղին, իմ բնակչին է վերաբերում, ապա, կամա թե ակամա, նրանց շահը տվյալ և այլ ատյաններում ինքնըստինքյան հաշվի է առնվում, չի անտեսվում: Բոլորն էլ լավ գիտեն, որ ես ցանկացած հարցում կանգնած եմ իմ գյուղացու թիկունքին, ուստի այնպես է արվում, որ արդարացի դժգոհություն չառաջանա և պահպանվի օբյեկտիվությունը, որ, ի վերջո, զովունեցին իրեն վատ չզգա: Սովորական, շարքային ընկերներ էլ ունեմ, եզդի դասընկերներ, որ իրենց արժանի բարձրության վրա են մնում: Ընկերության մեջ ազնվությունն եմ գնահատում: Սուտն ու կեղծիքն անհանդուրժելի են…>>:

Շարունակելով ընկերների թեման, Սերժիկ Ավետիսյանն առանձնակի հպարտությամբ նշեց, որ մտերիմ հարաբերություններ ունի նաև <<Տիգրան Մեծ>> հրատարակչության սեփականատեր, ԱԺ պատգամավոր Վրեժ Մարկոսյանի հետ. <<Վրեժն իմ լավագույն ընկերներից մեկն է: Շատ մտերիմ ենք, հրաշալի ու գովելի անձնավորություն է Վրեժը, մեր հասարակությանը պիտանի, մարդկանց ձեռք մեկնող, օգնող: Մեր հայացքներով, բնավորությամբ շատ նման ենք իրար…>>:

Խոսելով մանկության, ծնողների, ընտանիքի և, առհասարակ, մարդկային փոխհարաբերությունների մասին, մեր զրուցակիցը հետևյալն ասաց.

-Այնքան էլ առոք-փառոք չեմ մեծացել, որքան կարող է թվալ: 8 երեխա ենք եղել, 3 տարեկան էլ չկայի, որ մայրս մահացավ: Երկրորդ մայր ունենք, ում անչափ երախտապարտ ենք: Բոլոր երեխաներս էլ բարձրագույն կրթություն ենք ստացել, կյանքում գտել մեր տեղը: Մայրս սրբություն է ինձ համար, հիմա էլ ինձ հետ է ապրում: Ընտանիքն, առհասարակ, սրբություն է ինձ համար: Մի ընտանիք էլ` անչափ մեծ ու բազմաշերտ, համայնքն է, որ նույնպիսի վերաբերմունք, նույնպիսի հոգատարություն է պահանջում: Լավ եմ զգում, որ ինձ Ավետիսյան էլ չեն ասում, մեծահասակների համար <<մեր Սերժիկ>> եմ: Ես շատ ժողովրդական եմ, սա է կյանքում մնում: Միշտ նեղի կողքին եմ: Չեմ կարող կուշտ ուտել, իսկ կողքի հարևանը սոված մնա: Գյուղում շուրջ 100 ընտանիքի քավոր եմ: Բոլորն էլ ինձ համար հավասար են: Հարգանք ու հեղինակություն եմ վայելում, բոլոր ընտրություններին քվեների մեծ առավելությամբ հաղթում եմ մրցակցիս: Առհասարակ, օգնությունից զատ, իմ բնակիչն ինձնից որևէ այլ, ասենք` վատ բան չի տեսել: Եթե նախկինում գյուղում ընդամենը 2 խանութ կար, ապա այսօր 72-ը կա: Ընդառաջել եմ, որպեսզի որևէ գործ ձեռնարկեն, արտադրություն հիմնեն, զարգանան…

Վերջին երկու տասնամյակում Զովունիի առաջընթացն աներևակայելի ու ապշեցուցիչ է: Ստեղծվել են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, և բոլոր ոլորտներում զարգացումն ակնհայտ է: Ամենամեծ ուշադրության է արժանացել կրթության ոլորտը: Բարձրագույն կրթությամբ միայն 130 ուսուցիչ ունեն, ում իր հենարանն է համարում համայնքի ղեկավար Սերժիկ Ավետիսյանը: Մանկապարտեզը հիմնանորոգվել է պետբյուջեի 40 մլն և համայնքի 30 մլն դրամ համատեղ ներդրումով: Մանկապարտեզի շենքի մի հատված առանձնացրել, դարձրել են հանդիսությունների սրահ: Մշակույթի տունը նույնպես հիմնանորոգել են, այստեղ գործում են պարի և մարզական խմբակներ: Մարզա-մշակութային կյանքն, առհասարակ, շատ աշխույժ ու հետաքրքիր է, կազմակերպվում են զանազան միջոցառումներ, խրախուսվում ու գնահատվում այս ասպարեզում աչքի ընկածները: Համայնքապետարանի հովանավորության տակ են խոստումնալից, տաղանդաշատ երեխաները: Վերջիններս էլ իրենց հերթին հուսախաբ չեն անում համագյուղացիներին` մրցանակների ու բարձր պարգևների են արժանանում միջազգային մրցահարթակներում: Զովունին նաև երաժշտական դպրոց ունի, որտեղ հաճախող երեխաների թիվը հասնում է 50-ի:

Զովունին, կարելի է ասել, կպած է մայրաքաղաքին, ինչը թելադրում է և՛ ապրելակերպի, և՛ կենցաղի պայմանները համապատասխանեցնել քաղաքային կյանքի պահանջներին, ժամանակին համաքայլ ընթանալ: Այդպես էլ, թերևս, կա, և այստեղ ստեղծված պայմանները գրեթե չեն զիջում մայրաքաղաքայինին: Ահա թե ինչու գնալով ավելի շատ քաղաքաբնակներ են նախապատվությունը տալիս Զովունիում բնակություն հաստատելուն: Ընթացիկ աշխատանքներով ջանում են դեռևս առկա պակաս-պռատն էլ լրացնել, առավել բարեկեցիկ ու հարմարավետ դարձնել կենսապայմանները: Առաջիկա անելիքներն ու ծրագրերը հենց այդ նպատակաուղղվածությունն էլ ունեն:

Մասնավորապես, քաջատեղյակ լինելով համայնքի հիմնահարցերին և ապրելով բնակիչների ամենօրյա հոգսերով, պարոն Ավետիսյանը մտահոգված է հատկապես ոռոգման ցանցի բարելավման, կենտրոնականին հարակից փողոցների ասֆալտապատման, ջրահեռացման համակարգը կատարելագործելու, երաժշտական դպրոցի հիմնանորոգման և մի քանի այլ խնդիրների լուծմամբ: Հետևողական, հոգատար ու խստապահանջ է, որպեսզի ամեն ինչ ժամանակին ու բարձր մակարդակով արվի:

Չնայած երկար տարիներ այստեղ են ապրում, նույնանուն բնակավայրում, բայց չեն մոռանում իրենց ծննդավայրը` հայրենի Զովունին /Ապարան/: Սերժիկ Ավետիսյանի նախաձեռնությամբ այնտեղ` գյուղի տարածքում վերակառուցել են Թուխ Մանուկ մատուռը, հուշաքար, սեղաններ տեղադրել, 2 կմ երկարությամբ ջրատար խողովակ անցկացրել և այլն: Հաճախակի այցելում են…

Այո՛, Սերժիկ Ավետիսյանը /զովունեցին/ լավ գիտի, շատ հստակ պատկերացնում է, որ Հայրենիքն սկսվում է ծննդավայրից, մարդուս սկիզբը հայրենի եզերքն է, հայրական տունը: Դրանից ավելի թանկ ու հարազատ ոչինչ չկա և չի կարող լինել մարդ արարածի համար: Սերը դեպի հայրենիք, հայրենի եզերք մարդու առաջին արժանիքն է: Ընդ որում, այդ սերը, ըստ հանրահայտ իմաստախոսության, կիսատ-պռատություն չի ճանաչում. ով նրա համար չի անում ամեն ինչ` չի անում ոչինչ, իսկ ով նրան ամեն ինչ չի տալիս, նա մերժում է նրան ամեն ինչ:

SHARE