Պարտավոր ենք նրա հիշատակի առջև

0
22


      Հուշամարցաշարին մասնակցում էին հանրապետության տարբեր մարզերի բռնցքամարտիկներ: Մասնավորապես` Վանաձորից Վազգեն Բադալյանի մարզամշակութային ակումբի սաները (նրանցից մեկը դարձավ մրցանակակիր): Այս մասին տեղեկացանք ակումբի ավագ մարզիչ, բռնցքամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ, վանաձորցի բռնցքամարտիկ Լեռնիկ Պապյանից (նաև` հուշամրցաշարի մրցավար): «Վաչիկ Մկրտչյանը մեր լավագույն ընկերն է`  թե´ որպես բռնցքամարտիկ և թե´ որպես մարդ: Բոլորս էլ պարտավոր ենք ներկա լինելու մեր թիմերով, շատ կազմակերպված անցկացնելու մրցումները` հիշելով մեր ընկերոջը և հավերժ պահելով նրա հիշատակը: Կարծում եմ, հետագայում սա կդառնա միջազգային կարգի հուշամրցաշար` բոլորս պետք է ձգտենք դրան: Վաչիկն իր գործունեությամբ մեծ  լումա է ներդրել սպորտի համար: Որպես ազատամարտիկ, մեծ ներդրում ունի նաև մեր Հայրենիքի անկախացման գործում: Եվ ամենակարևորը` եղել է նվիրված ու ազնիվ ընկեր: Իսկ ինձ համար ընկերը սրբություն է: Ընկերը պիտի լինի նվիրված, անշահախնդիր: Ընկերոջից շատ բան ես սովորում: Պետք է կարողանաս շատ ու շատ բան անել ընկերոջ համար: Թե ուրախ և թե տխուր պահին կանգնես նրա կողքին: Եվ մեր ընկերությունը սրբություն է, նվիրված ենք իրար, հաճախ ենք հանդիպում, մեկս մեկի օգնում: Լավ ընկեր է ԱՄՆ «Լոռի» հիմնադրամի նախագահ Ժիրայր Էքմեքչյանը, շատ լավ մարդ, շատ բարի ու ազնիվ ընկեր: Մարդ` մեծատառով: Մեր ակումբի լավագույն ընկերն է: Օգնում է` ինչով կարող է: Հայաստան յուրաքանչյուր այցելության ընթացքում անպայման հաճախում է ակումբ` իր լուման ներդնելով թե´ ակումբի գործունեության բարգավաճման գործում և թե´ մարզիկներին ոգևորություն հաղորդելով: Միշտ ներկա  է Վիկ Դարչինյանի մենամարտերին: Իսկ Վիկը իմ մարզչի` Վազգեն Բադալյանի սանն է: Վազգեն Բադալյանից շատ բան ենք սովորել: Նա մեր ավագ ընկերն է: Լավ սաներ է պատրաստել, ովքեր շատ բարձր ցուցանիշների են հասել: Վազգեն Բադալյանի բոլոր սաները, անկախ տարիքից, ընկերություն են անում, ինչը նրա դաստիարակության արդյունքն է: Բոլորիս կապում է ընկերության շուրջ», ասաց Լեռնիկ Պապյանը:

SHARE