Պարտք ենք ինչպես մեր ծնողին, այնպես էլ` հայրենիքին…

0
33
Նվիրում
 <<Հայրս` Լևոն Հայրապետյանը, ՀՀ սամբոյի ֆեդերացիայի նախագահն է, բանակի գնդապետ, գլխավորել է բանակի կենտրոնական մարզական ակումբը: Լինելով զինվորական և մարզիկ, շատ լավ հասկանում է մարզիկի ու զինվորի հոգեբանությունը` ձգտելով միշտ բարձր պահել մարտիկի ոգին, որպեսզի հաղթանակ ապահովվի>>,- մեր զրույցի սկզբում ասաց Միքայել Հայրապետյանը, ով սամբոյի և ձյուդոյի մարզադպրոցի տնօրենն է:
   Մեր զրույցը շարունակեցինք հենց հայրիկի` Լևոն Հայրապետյանի հետ, ով մասնավորապես ասաց. <<Սամբոն մեզանում հիմնադրվելէ 1950-ական թվականներին: Այն ժամանակ շատ մեծ նշանակություն ուներ ազգային կոխ մարզաձևը և զարգացած էր: Սամբոն, որպես մարզաձև, հիմնվել է հենց կոխի հիման վրա: 1983-ին հիմնադրել ենք սամբոյի դպրոցը: Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին պարտադիր մասնակցում ենք: Ընդհանուր առմամբ, մեր ֆեդերացիան մոտ 700 մեդալ է /ոսկե, արծաթե և բրոնզե/ նվաճել: Ունենք աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոններ: Մեր մարզիչները բոլորն էլ վաստակավորներ են: Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում 500-600 երեխա է մարզվում: Մարզումներն անվճար են: Այս մարզաձևով հիմնականում պարապում են ոչ ունևոր խավի երեխաներ: Մեր սաների մեջ առավել կարևորում ենք մարդկային ու ընկերական որակները, հայրենասիրական դաստիարակությունը>>:

  Լևոն Հայրապետյանն, ի դեպ, ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտին, Բերդաձորի ջոկատների հրամանատարն է եղել: Ռազմի դաշտում ընկերների է կորցրել, ինչի ցավն այսօր էլ դեռ զգացնել է տալիս: Միայն իրենց դպրոցից 11 զոհ են ունեցել: Լինելով հայրենասեր ու ընկերասեր անձնավորություն, իր շրջապատին մշտապես հորդորում է սիրել հայրենի երկիրը, նվիրվել ազգին և յուրաքանչյուրն իր տեղում աշխատելով` օրինակ ծառայել մյուսներին: Իսկ ամեն հայ  ընտանիքում ծնված արու զավակի ռազմիկ է համարում: Նրա համար ընկերությունը պիտի նվիրված ու անդավաճան լինի, վստահություն պիտի լինի հիմքում: Ընկերությունն այն է, երբ ունեցածդ վերջին պատառ հացը ընկերոջդ հետ ես կիսում: Վերին աստիճանի բարոյական պիտի լինել, դավաճանությունն ու սուտը պիտի բացառվեն: Ընկերը նա է, ում կարող ես վստահաբար ընտանիք տանել, ում կարող ես կյանքդ անգամ վստահել. <<Մեր ազգը շատ մարդկային է, դա պատերազմի ժամանակ առավել էր երևում: Ոչ միայն մեր ընկերների համար էինք կյանք տալիս, այլև մարդկային էինք թշնամու հանդեպ, հատկապես` գերիների: Ընկերասիրությունը մեր ազգին հատուկ է: Բոլորիս պարտքը հայրենիքին նվիրվելն է: Ամենից արդարն ու մաքուրը, իմ համոզմամբ, սպորտն է: Սպորտը նաև մաքուր ու նվիրական ընկերություն է ձևավորում>>:
  Ինչպես հարազատ ծնողի առջև ենք պարտք, այնպես էլ` հայրենիքի. սա Լևոն Հայրապետյանի հոգու խոսքն է: Ապրում և աշխատում է` հայրենիքի հանդեպ անսահման սիրով լցված: Նրա մեջ գնահատելին մարդ լինելն է: Զրույցի ավարտին Միքայելն ասաց. <<Հայրիկի մեջ շատ մեծ է ազգասիրության զգացումը: Որքան էլ, ասենք, դժվար լինի, միևնույն է` ոգու արիությունն ու կորովը չի կորցնի: Ինձ համար, որպես իդեալ, ամենաուժեղն իմ հայրն է: Ճիշտ, հզոր, խելացի, ազնիվ մարդ է: Ընտանիքի համար, ինձ համար լավ հայր է: Նաև ընկերս է, և դրանով, կարծում եմ, ամեն ինչ ասված է: Այդ ընկերությունն այն անհրաժեշտ կապն է, որի բացակայություն դեպքում շատ զավակներ չեն կարողանում, այսպես ասած, լեզու գտնել իրենց ծնողի հետ: Հորիցս ճիշտ հայ լինելու և մնալու պատգամն եմ ստացել, այնպիսի հոգևոր ու բարոյական հարուստ ժառանգություն, որը պարտավոր եմ փոխանցել զավակներիս: Մենք պետք է հայ մնանք ոչ թե լոկ կոչումով, այլև հոգով: Պետք է հայ լինելը պահպանենք: Երբ տղա է ծնվում մեր ընտանիքում, ասում ենք, որ զինվոր որդի է ծնվել>>:
  Լևոն Հայրապետյանի կրտսեր որդին` Մխիթարը, սպա է: Երկու որդիներն էլ իրենց զավակների անունները Լևոն են դրել: Դա, թերևս, մեծ խորհուրդ ունի իր մեջ` պարտավորեցնել ժառանգներին յուրովի և նրանց հերոս պապու ոգով դաստիարակել…    

SHARE