Պիտանի հասարակությանը, ժողովրդին

0
23
Սրտացավություն` համայնքին վերաբերող ցանկացած խնդրի լուծման հարցում…

Հաստատակամություն

   -1996-ից ղեկավարում եմ համայնքը,-ասաց Կոտայքի մարզի Գեղաշենի գյուղապետ Արթուր Հովհաննիսյանը:-Կիսատ գործերն ավարտին հասցնելու նպատակով կրկին առաջադրվեցի վերջերս կայացած ՏԻՄ ընտրություններում և այս անգամ ևս վերընտրվեցի: Տարիների ընթացքում կատարածս ահռելի աշխատանքի կողքին կիսատ գործեր էլ կան` մանկապարտեզի, խմելու ջրի խնդիրները: Մանկապարտեզի հարցը մասնակի լուծել ենք, նախակրթական հաստատություն ենք ստեղծել, որտեղ 80 երեխա է հաճախում: Առաջիկա 1-2 տարում այն կդարձնենք մանկապարտեզ` այնտեղ համապատասխան պայմաններ ստեղծելով: Եղածին նոր շինություն կավելացնենք: Ամբողջությամբ լուծվել է խմելու ջրի հարցը: Սոցներդրումների հիմնադրամի, կառավարության ու համայնքապետարանի համատեղ ներդրումով 100 մլն դրամի աշխատանք կատարվեց: Աղբյուրից` 6 կմ հեռավորությունից գյուղ եկող ջրատարը փոխվեց: Գրեթե 80 տոկոսով փոխվեց ներքին ցանցը: Դրան հետևեցին ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները: Մնացած խողովակների վիճակը նորմալ է, հետագայում կարելի է փոխել: Ընթացիկ տարում, սեպտեմբեր-հոկտեմբերին, Համաշխարհային բանկի միջոցներով Գեղաշեն-Աբովյան կենտրոնական ճանապարհն ասֆալտապատվեց և շահագործման հանձնվեց: Կենտրոնական փողոցներում գիշերային լուսավորություն ենք անցկացրել: Մինչև տարեվերջ 2 փողոցի լուսավորության հարցն էլ կլուծվի: Դրանով կապահովվի համայնքի 60 տոկոս լուսավորումը: Համայնքում անլուծելի մեծ խնդիր ունենք` ոռոգումը: Ոռոգման ջուր միշտ ստացել ենք Կոտայքի ջրատարից, ներքևի գյուղից 3 կմ պոմպերի միջոցով ջուրը մեր գյուղ է մղվել, ինչը տնտեսապես արդարացված չէ: Ողջ հանրապետությունը գնում է ինքնահոս եղանակով ջրամատակարարման: Այդ եղանակով Սևաբերդի ջրամբարից պետք է ջուր վերցնենք, բայց արդեն երրորդ տարին է` տեղումների սակավության պատճառով ջրամբարում անհրաժեշտ քանակի ջուր չի հավաքվում: Ստիպված պիտի անցնենք հին եղանակով ջրամատակարարմանը: Ժողովուրդը պատրաստ չէ դրան, ջրի ինքնարժեքը բարձր է, բացի այդ էլ պոմպակայանն արդեն 20 տարի չի գործում: Փորձում ենք նոր աղբյուրներ գտնել` ավելացնելու ջրի քանակը: Խնդրի լուծումը պահանջում է ոռոգման համակարգի ներքին ցանցի ստեղծում, ինչը համայնքի ուժերից վեր է: Նախորդ տարի 4-5 երկրորդային փողոց է ասֆալտապատվել մեր համագյուղացի Վաչիկ Ղազարյանի բարերարությամբ: Այնքան լավ մարդ է, որ տարեկան 25-30 մլն դրամ է ներդնում գյուղի ճանապարհների վերանորոգման համար…

     Այնուհետև մեր զրույցը շարունակվեց ընկերության թեմայի շուրջ: Արթուր Հովհաննիսյանի համար ընկերությունը, ընկեր ասածը մեծ պատասխանատվություն է: Ընկերը միայն հացի ընկեր չպետք է լինի: Իր ընկերների որակը բարձր է.<<Ժամանակի ընթացքում շատերը մաշվել են, մնացել են իրական ընկերները: Կողքիս են ամեն իրավիճակում: Բնականաբար, ես էլ իրենց կողքին եմ: Ընկերը պետք է լինի ազնիվ, մարդամոտ, մարդասեր, ամեն ինչով ընկերոջ կողքին կանգնող: Ընկերը պիտի օրվա 24 ժամերին էլ ընկեր լինի: Մեր ընկերներով այդպիսին ենք: Ունեմ ընկերություն անելու իմ սկզբունքները: Չեմ ընդունում սուտը, դավաճանությունը: Ամենից շատ ընդունում եմ մարդասիրությունը, մարդ լինելը, մարդուն հարգելու ունակությունը: Ընկերներով պարտադիր ուրբաթ և շաբաթ օրերին հավաքվում ենք, միասին անցկացնում որևէ մեկիս ընտանիքում: Իմ` համայնքի ղեկավար լինելը ընկերության արդյունք է: Առանց ընկերոջ մարդը նման է դաշտում ընկած տերևի, որին քամին ուր ասես կարող է քշել-տանել: Մանկական ընկերներիս պարագայում մեր ընտանիքներն  անպայման ներգրավված են: Մեր ապրած տարիների մոտ 44 տարվա ընկերության մեջ շատ քչերն են համատեղ ճանապարհից սայթաքել, մի կողմ մնացել: Որտեղ շահ կա, այնտեղ ընկերությունն ավարտված է: 40 և ավելի տարիների ընկերությունն ինձ տվել է այն, որ ես մեծ հարգանք ու ճանաչում ունեմ ոչ միայն համայնքում, այլև համայնքից դուրս: Իմ ընկերությունն է դա ինձ տվել: Ունեմ ընկերական մեծ շրջապատ և բոլորին ժամանակ տրամադրելու հարցում երբևէ չեմ նեղվում: Երբեք առանց ընկերներիս հացի սեղան չեմ նստել… Լավ կամ վատ ընկեր` չկա նման հասկացողություն: Ընկեր լինում է կամ չի լինում: Ընկերը մարդուն ամեն ինչ տալիս է: Եթե ընկեր չունես, մահանալն էլ դժվար կլինի: Ընկերովի մահը հարսանիք է, չէ՞: Ունեմ նաև կին ընկերներ: Եթե նվիրված ու մտերիմ է, երբեք չի դավաճանի: Հիվանդությունդ երբեք ընկերոջիցդ ու բժշկից չպիտի թաքցնես, նրանք անպայման կստիպեն, որ բուժվես: Շատ սրտացավ ու հոգատար եմ ընկերներիս հանդեպ, չեմ ուզենա երբևէ նրանց կորցնել: Ամենամեծ հարստությունն այն է, երբ ընկեր ես ձեռք բերում: Կյանքիս ամենամեծ ձեռքբերումը ընկերներս են…>>: Նա միաժամանակ նշեց, որ ընկերություն են անում համայնքների ղեկավարներով: Մտերիմ է ընկերությունը Արամուսի Հրայրի, Կամարիսի Զարզանդի հետ: Բոլոր առիթներին միասին են: 
   -4500 բնակիչ ունեմ,- շարունակեց պարոն Հովհաննիսյանը,- գրեթե բոլորի հետ էլ ընկերությանը մոտ շփում ունեմ: Ընդառաջում եմ, երբ դիմում են մտահոգող որևէ հարցով, պարտավոր եմ, անկախ ամեն ինչից, մարդուն ճիշտ ճանապարհը ցույց տալ: Քաշքշուկ, տանել-բերել չեմ սիրում; Եթե խոստանում եմ ինչ-որ բան անել կամ տվյալ խնդիրը լուծել, ապա անպայման կկատարեմ: Պետք է սրտացավ լինել համայնքի նկատմամբ, ամեն մտահոգող հարց ջանալ լուծել: Իմ անձնական օրինակով դա ջանում եմ մտցնել յուրաքանչյուրի գիտակցության մեջ, ամենօրյա գործելակերպում: Աջակցում եմ կարիքավոր ընտանիքներին, բոլոր նրանց, ովքեր, իրոք, օգնության կարիք ունեն: Մահվան դեպքերում մեր դրամական օգնությունը չի ուշանում: Նորածինների դեպքում 30-հազարական դրամ ենք հատկացնում երիտասարդ ընտանիքներին: Մտադիր ենք հաջորդ տարվանից նյութապես խրախուսել նաև բանակից զորացրվածներին: Նախատեսել ենք մեր գյուղից մինչև Կամարիս ծառուղի հիմնել: Ունենք երաժշտական դպրոց, որտեղ 30 երեխա է հաճախում: Մշակույթի տունը չի գործում: Փլուզման եզրին էր, մեր բյուջեից հնարավոր եղավ 10 մլն դրամ ներդնել տանիքը փոխելու համար: Մնում է ներսում հարդարման աշխատանքներ կատարել, ինչը մեր ուժերից վեր է: Մարդիկ մի տեսակ հետ են վարժվել մշակութային աշխույժ կյանքի եռուզեռից, գրադարան ունենք` 14 հազար կտոր գրքով, քիչ են օգտվողները: Մայրս` Թամարան, 1962-ից գյուղի մանկաբարձուհին է: Նրա միջամտությամբ 1500 ծնունդ է գրանցված: Նրա աշխատանքային 50 տարին այս տարի լրացավ, և իր դիմումով ազատվեց աշխատանքից: Բոլորին օգնել է և այսօր էլ շարունակում է օգնել, ահա թե ինչու մեծ հարգանք է վայելում համայնքում: Նրա ոգով ու օրինակով ենք դաստիարակվել… Հայրս 28 տարեկանում ավտովթարից զոհվել է, բայց այդ տարիքում անգամ այնպիսի անուն է թողել, որ առաջին ընտրությանս նրա պատվով ու հարգանքով եմ անցել: Մարդիկ վստահ էին` Նորիկի տղան վատը լինել չի կարող… Ծնողներս իրենց ապրած կյանքով մեզ պարտադրել են ճիշտ ապրել և պիտանի լինել հասարակությանը, ծառայել ժողովրդին: Ունեմ երկու դուստր, թոռներ, և նրանցով հպարտանում եմ: Եղբորս կինը դպրոցի տնօրենն է, և նրա շնորհիվ կրթական մակարդակը մեզանում շատ բարձր մակարդակի վրա է: Մեր մարզում այն ցուցադրական դպրոց է…

SHARE