Ջրի խնդիր

0
24
Այն հրատապ ու առաջնային է Նոր Եդեսիայի համար…


Համայնք

        Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքի ղեկավարի սեպտեմբերի 23-ին կայանալիք ընտրությանն իր թեկնածությունն է առաջադրել գործող գյուղապետ Վահան Աբգարյանը: Նա համայնքը ղեկավարում է 2002-ից: Կատարված գործերը շատ են, կան նաև կիսատ գործեր ու ծրագրեր, որոնք ավարտին հասցնելու անհրաժեշտությամբ էլ թելադրված առաջադրել է թեկնածությունը: Առաջնահերթը խմելու ջրի խնդիրն է, որը տարիներ շարունակ ծառացած է համայնքի առջև: Խմելու ջրի մատակարարումը, պարոն Աբգարյանի խոսքերով, վատ վիճակում է: Ոռոգման ջուրը, բարեբախտաբար, բավարար է, ինչի շնորհիվ գնալով մշակվող ցանքատարածություններն ավելանում են: 
     -Խմելու ջուր,-նշեց համայնքի գործող ղեկավարը,-շաբաթական 2 օր ենք ստանում, պատահում է` 1 օր: Դիմել ենք բոլոր ատյաններին` խնդրելով խնդիրը ներառել որևէ ծրագրում, հնարավորություն ստեղծել փոխելու ներքին ցանցը: Մինչև օրս որևէ վերանորոգման աշխատանք չի կատարվել: Ներքին ցանցի վերակառուցման դեպքում գոնե ջրամատակարարման բարելավում կունենանք: Ցանցը քայքայված վիճակում է, եղած ջուրն էլ զուր կորչում է: Առաջնահերթ խնդիրս ներքին ցանցի վերակառուցումն է: Պետական անմիջական, գործուն միջամտություն է պետք: Վատթար վիճակում են նաև մեր տարածաշրջանի 10 գյուղեր: Շարունակ ջրամատակարարման բարելավման ծրագրերից, ոլորտի զարգացումից է խոսվում, բայց մենք ոչինչ էական չենք տեսնում: Այդ եղած ջուրն էլ մեծ դժվարությամբ է տեղ հասցվում: Իմ աշխատակազմը գիշեր-ցերեկ չարչարվում է, որ մեր գյուղացին գոնե մի պուտ ջուր ստանա: Ջրմուղի աշխատանքն անկառավարելի է: Եթե այդպես չլիներ, ապա նման վատ վիճակում չէինք լինի: Այդ համակարգի աշխատանքից շատ դժգոհ ենք: Մի խոսքով, բարձիթողի վիճակ է, ինչից տուժում է մեր գյուղացին: Նորից ենք դիմելու ջրային տնտեսության պետական կոմիտե, որ այս հարցին ինչ-որ կերպ լուծում տան: Եթե չեն կարողանում մշտական ջրով ապահովել, ապա գոնե օգնեն` վերակառուցելու ներքին ցանցը, որպեսզի եղած ջուրը նպատակային օգտագործվի: Ամեն տարի տարբեր ծրագրերի շրջանակներում ներդրված, ինչպես նաև մեր միջոցների հաշվին կարողանում ենք ոռոգման ցանցում 2 կմ վերանորոգման աշխատանքներ իրականացնել: Այս տարի մեր միջոցներով 200 քմ ճանապարհահատված ենք ասֆալտապատել: Նոր թաղամաս ունենք, որտեղ ճանապարհներն ասֆալտապատման կարիք ունեն: Դա մեծ գումար է պահանջում, ինչի հնարավորությունը մենք չունենք: Ծրագրել ենք և շատ շուտով գիշերային լուսավորության անցկացման աշխատանքներն ենք սկսելու: Նախակրթարանը գործում է: Մանկապարտեզի շենքը թեև վթարային է, բայց այնտեղ բնակվում են մարդիկ, ովքեր զրկված են օթևանից: Նախորդ տարի USAID-ի և <<Շեն>> հասարակական կազմակերպության միջոցներով, ինչպես նաև համայնքի ներդրումով համայնքային կենտրոնն է վերանորոգվել: Կենտրոնը ներառում է ինտերնետ ակումբը, գրադարանը, հարսանյաց սրահը: Ասիական զարգացման բանկի միջոցներով 800 մ խմելու ջրի ջրագիծ է փոխվել: Նախկին եդեսիացիների /սիրիահայեր/ հետ նախնական պայմանավորվածություն կա մանկապարտեզի նոր շենք կառուցելու վերաբերյալ: Սպասում ենք գործնական քայլերի… 

      Շարունակելով մեր զրույցը, պարոն Աբգարյանը նշեց, որ պահանջվող աշխատանքներն իրականացնելուց զատ, համայնքի ղեկավարը պետք է մարդկային հարաբերությունների զարգացման ջատագով լինի, ամեն կերպ նպաստի, որ տեղում մթնոլորտը խաղաղ լինի, իշխի բարյացակամությունը: Մարդիկ պիտի ապրեն փոխադարձ համաձայնության, միաբանության ու   հանդուրժողականության մթնոլորտում: 
     -Ունեմ ընկերական շրջապատ,-վերջում ասաց համայնքի գործող ղեկավարը,-և այդ շրջապատի ներուժը ծառայեցնում եմ համայնքի զարգացումն ապահովելու գործին: Ոռոգման համակարգի աշխատակազմի հետ ընկերություն ենք անում: Ընկերություն եմ անում ռեալ, ճիշտ մարդկանց հետ: Խաբեբաների, կեղծ մարդկանց հետ մտերմություն չեմ կարող անել: Հարևան համայնքների ղեկավարների հետ լավ հարաբերություններ են ձևավորված: Մտերմիկ, ընկերական են կապերը Օշականի, Ոսկեվազի գյուղապետերի հետ, նրանց հետ երկար տարիների գործընկերներ ենք: Հավելեմ, որ ծնունդով Ջավախքից եմ, Գանձա գյուղից: Հանգիստս հայրենի եզերքում եմ անցկացնում, ընկերներիս հետ, հաճախ նաև` Փարվանա լճի ափին…
SHARE