Ռավելի <<Բոլեռո>>-ի հնչյունների ներքո Է ծնվում <<Ընկեր>>թերթը …

0
21

Աստվածահաճ ծանոթությունս <<Ընկեր>>թերթի հետ սկսվեց 2009թ. օգոստոսի 5-ի թwatermarked_Astghanushիվ 3-ից, որն ինձ նվիրեց աշուղատեր Թովմաս Պողոսյանը: <<Ազգապահպան>>խորագրի ներքո զետեղված էր օրեր առաջ կայացած իմ ձեռնադրության մասին մի ծավալուն հոդված: Կարդացի. ուրախությամբ ակաղձուն սրտիս աչքերով սկսեցի նայել <<Սայաթ-Նովա>>աշուղական երգի վաստակավոր անսամբլի փորձասենյակի պատերից ինձ նայող մեծ աշուղների նկարներին: Թվաց` Աշուղ Սայաթ-Նովան <<խոսիլ>>ուզեց, Աշուղ Ջիվանին <<ստեպ-ստեպ աշեց` իր սեվիկ աչերով>>, Աշուղ Շերամը մի <<համբույր հալալ էրավ>>, Աշուղ Հավասին <<ընծա խնձոր ղրկեց>>, Աշուղ Շահենը <<զեփյուռի նման>>շոյեց դեմքս, Աշուղ Աշոտը <<այնքա՜ն երկար փնտրելուց հանդիպեց>>ու գտա՛վ, գտա՜վ ինձ…Աշխարհը նորեն գեղեցկացավ, կրկին իզուր չթվաց այն ցավը, որից ծնվել էին երգերս` <<Իմ յարը սոխակ է>>, <<Դե՛, խոսի՛ր, լռա՛ծ բլբուլս>>, <<Կոկոն վարդի փշեր ունես>>, <<Սև վարդի փուշ է քո սերը>>, <<Եկել էիր>>….
Հոդվածի հեղինակը թերթի գլխավոր խմբագիր-տնօրեն Ռուզաննա Մանուկյանն էր, որ ներկա էր եղել ձեռնադրությանս: Հետո ծանոթացա նրան: Ու ինչքան մտերմացա, այնքան ինձ ավելի հասկանալի դարձավ թերթի գլխատառերի <<որդան կարմիրը>>:
Երբեմն ինձ թվում է , թե Ռավելի <<Բոլեռո>>-ի հնչյունների ներքո են ծնվում և լույս-աշխարհ գալիս <<Ընկեր>>թերթի համարները` կարմի՜ր, հաղթահանդես հիշեցնող…
Նայում եմ թերթի խորագրերին` Ընկերապետություն, Արարում, Ներդաշնակություն, Մարդասիրություն, Արժեհամակարգ, Առաքելություն, Պատգամ, Մարդկություն, Չափանիշ, Առանձնաշնորհ, Կենսակերպ, Իմաստավորում, Ազգապահպան, Լուսանցք… Հասկանում եմ, որ թերթն ինքնօրինակ ու համահավաք մոտեցումների պրիզմայով է նայում աշխարհին, երկրին, կյանքին, մարդուն, ընկերոջը… Ոչինչ չպարտադրող տողերով այն քեզ ուղղորդում է մի աշխարհ, որը մեկ իրական է, մեկ` ցանկալի:
Հայ ազգային մշակույթի որդան կարմիրը աշուղական արվեստն է: Հայ աշուղին (դասական, թե` մեր ժամանակի) այդպե՜ս արժևորող, նրա արվեստին այդչա՜փ անդրադարձող մեկ ուրիշ թերթ… չգիտե՛մ:
<<Արժեհամակարգերի>>` արշակավան թվացող աննախադեպ խառնարանում առանձնաշնորհ առաքելությամբ պատգամելով վեհն ու գեղեցիկը` <<Ընկեր>>թերթը միշտ մնում է որպես բանախոս ու բանասաց` համամարդկայինի՛, մարդկայինի՛, ազգայինի՛, ընկերականի՛….
…Հնչու՜մ է <<Բոլեռո>>-ն… Ժամանակի ու տարածության սահմանները կորչում են անհետ: Սիրտս ձգվում է … դեպի լուսին: Լուսնյակի պես ցոլաշող երազներս խաղի են բռնվում ամպերի հետ. Ե~րգ է ծնվում…Նորածին երգիս բարուրը գրկիս` կմաղթեմ հրավառ.
-Ո՛ղջ լերուք, Ռուզաննա՛ Մանուկյան:
– Շնորհավո՜ր 5-ամյակդ, իմ ընկե՛ր <<Ընկեր>>: Թող գույնդ երբևէ չփոփոխվի, ինչպես որ չի փոփոխվում հավերժախոս, հայաշունչ և ինքնակա որդան կարմիրը…

Աշուղ Աստղանուշ

SHARE