Սարուխանցին լավատես է

0
74

Խնդիրներն աստիճանաբար կլուծվեն, և վիճակն էապես կբարելավվի

Համայնք

-Եթե ես բժշկի իմ մասնագիտությանը դավաճանեմ,- <<Ընկեր>>-ի հետ կիսվեց Գեղարքունիքի մարզի Սարուխանի համայնքապետ Հովիկ Չիչոյանը,- ապա կդավաճանեմ բոլոր սրբություններիս: Եղել եմ Գավառի նախ ծննդատան, ապա պոլիկլինիկայի տնօրենը, իսկ արդեն շուրջ ութ ամիս է` համայնքի ղեկավար եմ, ինչը չի նշանակում, թե հեռացել եմ մասնագիտությունիցս, որն ինձ համար կյանքի իմաստ ու կոչում է: Պաշտոնը մշտական չէ, մի օր թողնելու ես, բայց այն, ինչ հոգուդ մեջ է, քո արյան բաղադրության մաս է կազմում, քեզ հետ է ընդմիշտ և քեզնից անբաժան: Գյուղ գալն էլ հենց այնպես չի եղել, էլի այն ձգտումով ու գերագույն ցանկությամբ է պայմանավորված, որ օգտակար լինեմ իմ ժողովրդին ու ծառայեմ նրան: Դժվարությունից երբևէ չեմ խուսափել և միշտ էլ պատասխանատվության ծանր բեռ եմ կրել ուսերիս: 7924 բնակիչ ունի Սարուխանը, ինչը նշանակում է, որ գործ ունես մեծ համայնքի, բնակավայրի հետ` իր բազում խնդիրներով ու հոգսերով հանդերձ: Ստանձնել ես պաշտոնը, ընտրվել ես, ուրեմն պիտի պատվով տանես այն և անդադար աշխատես ու աշխատես: Արտաքին լուսավորության անցկացման պայմանագրերն արդեն կնքել ենք: Ճանապարհների խճապատման աշխատանքներ ենք կատարել: Լավ կլիներ, իհարկե, եթե միանգամից ասֆալտապատում անեինք, սակայն դա առայժմ մեզ համար շատ թանկ հաճույք է մնում: Հուսով ենք, որ կառավարության որդեգրած քաղաքականությունը, որը կոչված է գյուղական բնակավայրերում կյանքի աշխուժացմանն ու ընդհանուր կենսագործունեության էական բարելավմանը, շատ շուտով նաև մեզ կհասնի: Պետությունն սկսում է լրջորեն զբաղվել համայնքների զարգացմամբ, ինչը նշանակում է, որ կոնկրետ մեր գյուղը` Սարուխանը, իր կենցաղով ու ապրելակերպի պայմաններով բոլորովին չի զիջելու քաղաքային բնակավայրերին: Նորանշանակ մարզպետ Կարեն Բոթոյանի հետ հարաբերությունները լավ են, ամենակարևորը` շատ դրական է նրա վերաբերմունքը աշխատողի հանդեպ, ինչ էլ խոստանում է, անպայման կատարում է: Տակավին երիտասարդ, բայց բավարար աշխատանքային փորձ ունի և կարողանում է մարզը ճիշտ կառավարել, ընդ որում` կառավարում է նախանձելի ձևով: Դիմել ենք նրան մի շարք հարցերով, սիրով ընդառաջել է և, մասնավորապես, ոռոգման ու կամրջի խնդիրների լուծման նպատակով արդեն մրցույթ է հայտարարված: Համբերատար պիտի լինենք` վստահ լինելով, որ ժամանակի ընթացքում առկա խնդիրները կգտնեն իրենց լուծումը: Համայնքը ոռոգման շատ խնդիրներ ունի, և այդ ոլորտի տնօրինումն ամբողջությամբ համապատասխան կառույցի ենթակայությանը հանձնելու դեպքում անպայման դրական արդյունք կունենանք: Մանկական խաղահրապարակի համար մոտ 700 հազար դրամի գույք ենք ձեռք բերել /ճոճանակ, սղարան և այլն/, տեղադրման աշխատանքներն ընթանում են: Ամեն ինչ անում ենք, որպեսզի սարուխանցին իրեն լավ զգա: Բնակիչների հետ հարաբերություններն ընկերական են, բոլորին էլ լսում և ընդառաջում եմ` ջանալով ամեն կերպ օգտակար լինել…

Հարկ է ընդգծել, որ Հովիկ Չիչոյանը մեծ հարգանք է վայելում ոչ միայն համայնքում, այլև ողջ մարզում: Երկար տարիներ աշխատելով մանկաբարձ-գինեկոլոգ, մեծ հարգանք ու հեղինակություն է ձեռք բերել` պատրաստակամ օգնելով մարդկանց: Լավ է զգացել` վայելելով ժողովրդի սերն ու հարգանքը: Ընկեր է եղել բոլորի համար: Ընդ որում, ըստ նրա, ընկերությունն իր աստիճաններն ունի: Կան ընկերներ, ում առջև սիրտդ կբացես մինչև վերջ, նույն կերպ էլ քեզ կվերաբերվեն: Բժշկի մասնագիտությունը պահանջում է, որ դիմացինիդ քեզ ընկեր համարես, հարազատ մարդ, ինչի դեպքում միայն հաջողության կհասնես: Ավելի լավ կլինի, եթե այդ ընկերությունը կամ մարդկային մտերմիկ վերաբերմունքը քո մեջ լինի` բնատուր. <<Ես աշխատել եմ հակառակ սեռի հետ, ինչի դեպքում ուղիղ իմաստով ընկերություն չի կարող լինել: Նրանք, ուղղակի, միշտ քեզ հիշում են, գնահատում են, երախտապարտ են: Այդ երախտագիտությունն, անկեղծ ասած, ամենամեծ գնահատականն է, որն ինձ ոգեշնչում և ուժ է տալիս… Ինձ ընկեր կարող է լինել ցանկացած մեկը, ով մաքուր հարաբերությունների կողմնակից է: Այո՛, մաքրությունը, հետո միայն մնացած որակական հատկանիշները: Շատ լավ ընկերներ ունեմ: Ընկերներ, ում կարող եմ մինչև վերջ վստահել: Ընկերոջդ կողքին քեզ շատ հանգիստ ես զգում: Ոչ միայն ընկերներիս, այլև ժողովրդիս համար պատրաստ եմ ամեն ինչի, ամեն զոհողության…>>:

Համայնքապետի խոսքերով, Սարուխանի համար ամենակարևորը ճանապարհների խնդիրն է: Վաղ թե ուշ հասնելու են այն բանին, որ գոնե 3 դպրոցի և 2 մանկապարտեզի ճանապարհներն ասֆալտապատվեն: Ապահովված են նոր համակարգով 24-ժամյա ջրամատակարարմամբ: 46 տուն առայժմ տվյալ ծրագրից դուրս է մնացել, ինչը ներկայացվել է մարզպետին, և ջրմուղկոյուղու միջոցով այն ևս շուտով կլուծվի: Չի անտեսվում նաև <<Մաքուր Հայաստան>> ծրագիրը: Պարոն Չիչոյանի տեղեկացմամբ, մի քանի բեռնատար ավտոմեքենա աղբ է հավաքվել և տեղափոխվել աղբավայր: Գյուղապետարանի աշխատողների ուժերով գերեզմանատների ողջ տարածքն են ամբողջովին մաքրել: Ի դեպ, աղբահանությունը գյուղում անվճար է, և շատ կարևոր է, որ ամեն մեկն իր հերթին հետևի մաքրության պահպանությանը, այն յուրաքանչյուրի կենցաղի անբաժանելի մաս դառնա…

Ինչպես այնուհետև տեղեկացանք, ջրօգտագործման վերաբերյալ բիզնես ծրագիր են ներկայացրել կառավարություն: Այսպես, եթե Գռի ձոր կոչվող տարածքում կարողանան ջրամբար կառուցել, ապա այն կրկնակի օգուտ կբերի գյուղին: Առաջինը` կունենան պահեստավորված ջուր և կօգտագործեն ոռոգման նպատակով, իսկ երկրորդը` այնտեղ հնարավոր կլինի ՀԷԿ կառուցել:

Ինչ վերաբերում է համայնքների խոշորացման նախատեսվող ծրագրին, ապա Հովիկ Չիչոյանը նշեց. <<Այն ունի և՛ բացասական, և՛ դրական կողմեր: Բացասականն այն է, որ ամեն նորին դժվար ենք հարմարվում: Որքան գիտեմ, ամեն մի բնակչի խոշորացումից հետո 65 դոլարին համարժեք դրամ է տրամադրվում, և եթե այդ գումարն ամբողջությամբ համայնքին հանձնվի, ապա նրա բոլոր խնդիրները լուծելի կդառնան: Եթե օբյեկտիվ լինեմ, ապա սարուխանցու համար խոշորացումը ճիշտ քայլ կլինի…>>: 

 

SHARE