Սեր, բնություն, մարդ…

0
28
Գրական լուսամուտ

   Ծնունդով գյումրեցի, երևանաբնակ Լարիսա Մինասյանը 7 սիրային բանաստեղծական գրքերի հեղինակ է: Մասնագիտությամբ հոգեբան մանկավարժ է: Տիկին Լարիսայի ստեղծագործության թեման սերն է, մարդը, բնությունը, մանկական աշխարհը: Բանաստեղծուհին էությամբ անսահման բարի է, ամոթխած հայուհու կեցվածքով` գեղեցիկ, նրբազգաց ու երազկոտ: Ստորև ներկայացնում ենք նրա բանաստեղծական տողերից, որոնք, անշուշտ, կասեն այն, ինչն ակունքվում է նրա պոեզիայի խորհրդավոր <<ծաղկունքից>>:

Տեսնենք ամառն ի՞նչ կտա,
Բերք ու բարիք, թե՞ սեր կտա:
Սերն ու բույրը մրգերի
Իրար խառնած`
Կյանք կտա:

Ամեն տարիք
Իրենն ունի,
Մի փրկված
Հմայք ունի,
Մի ափսոսած
Հայացք ունի,
Իմաստացած ու կարոտի
Հետ արդեն հաշտված`
Սրտաճմլիկ երազ ունի:
Ամեն տարիք
Իրենն ունի…

Սերն ի՞նչ է,
Ո՞վ գիտի,
Ոչ ոք ոչինչ չգիտի,
Եթե Սերը չափ ունենար,
Ուրիշ անուն նա կունենար:
Ուրիշ անուն նա կունենար,
Ուրիշ սրտեր նա չէր մտնի,
Ու քո սրտին ցավ չէր դնի:
Դավաճան է սերն ի ծնե,
Փաթաթվում է, աղերսում,
Մեկ էլ տեսար` մոռանում է,
Չի ճանաչում` հեռանում է…

   Հունիսի 25-ը բանաստեղծուհու ծննդյան օրն էր: <<Ընկերը>> շնորհավորում է նրան, ցանկանում արևշատություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ: Տա Աստված, որ գեղեցիկ, ուրախ, հումորով բանաստեղծությամբ արարուն էությունը մեր կողքին ստեղծագործի միշտ լուսեղեն, անկեղծ տողեր և ապրի երջանիկ…

SHARE