Սեր, նվիրում, հավատարմություն…

0
31
  Հարություն Մովսիսյանի հետ զրույցը կայացավ <<Կառլլևոնի>> արվեստի սրահում: Մշակութային նման օջախում, հիասքանչ կտավների <<հայացքի>> ներքո ընկերների ու ընկերության շուրջ զրույց ծավալելը հոգիդ, անշուշտ, ավելի է ջերմացնում ու վեհացնում, լցվում ես լավատեսությամբ և տրվում հավերժությանը: Ակամա շրջապատվում ես ընկերներով` պարուրվելով բարությամբ ու անսահման սիրով: Այս սրահի պատերից ներս ընկերության գաղափարի վեհ գիտակցումն ու զգացումն են իշխում, ընկերության սերը,  նվիրումն ու հավատարմությունը: 

Դերասան

 -Ուղղակի հրճվանք եմ ապրում,- խոստովանեց հանրաճանաչ դերասանը,- լինելով այս սրահում: Նկարների կախարդանքից հնարավոր չէ ազատվել: Հիասքանչ նկարներ են, և յուրաքանչյուրը, հավատացած եմ, կուզենա այս նկարներից գոնե մեկն իր տանն ունենալ: Համաշխարհային արվեստի տիտանների գործերից կան, տաղանդավոր արվեստագետների աշխատանքներ, կան նաև ավելի նուրբ, քնքուշ ստեղծագործողների գործերից, ժամանակակից շրջանի, երիտասարդների կտավներ: Կարելի է ասել, մի ամբողջ դարաշրջան է միացված իրար` գեղանկարչություն, աբստրակցիոնիզմի և այլ գունեղ տեսակներ ներառող նկարչություններ: Ես պրոֆեսիոնալ չեմ այդ իմաստով, բայց բավականին տեղեկություններ ունեմ նկարչական աշխարհից, քանի որ նկարիչ ընկերներ ունեմ: Սրահի տեղն էլ, կարծում եմ, շատ հարմար է` Վերնիսաժ կոչվող բացօթյա ցուցադրություն-վաճառքի հարևանությամբ, և այստեղ հաճախող արտասահմանցի զբոսաշրջիկները հնարավորություն կունենան այցելելու նաև սրահ` հաղորդակցվելու բարձրակարգ արվեստի հետ, վայելելու հայկական մշակույթի հրաշալի գործերի գեղեցկությունն ու հմայքը: Այս սրահը ֆանտաստիկա է ուղղակի: Տեսեք, խոսում եմ, բայց աչքերս չեն կտրվում կտավներից, հնարավոր չէ նկարներից զատվել, ուղղակի` հրճվանք եմ ապրում: Գեղեցիկ երևույթ է արվեստի սրահ բացելը, մշակույթը` նկարչությունը, գեղանկարչությունը ներկայացնելը: Այնքան արվեստի գործեր կան մարդկանց մոտ, թող նման սրահներ էլ ավելի շատանան, որպեսզի մարդիկ իրենց ունեցածը հնարավորություն ունենան ներկայացնելու:

Շատ ուրախ եմ, որ <<Կառլլևոնի>> սրահում ցանկացած արվեստագետ հնարավորություն ունի ցուցադրվելու, միայն թե գործն արժեքավոր լինի: Հիմնադիրները բոլորին տվել են այդ հնարավորությունը` բացահայտվելու, ճանաչվելու: Մշակույթ միայն վեհ գաղափարներով օժտված մարդը կարող է ներկայացնել, իսկ սրահի հիմնադիրներն իրապես օժտված են մարդկային վեհ գաղափարներով և կարգին գործ են ստեղծել: Կառլեն Լևոնիչը, մեր սիրելի ընկերը, իր մեջ այնքան դիպուկայնություն ունի, որ դա ահռելի բան է: Նրան, իր կեցվածքով, իր աշխարհընկալումով և իր հայրենասիրությամբ, կարելի է դասել առաջին կարգի մեր սերուցքը համարվող հայ տղերքի, հայության ցուցակում: Լևոնիչն իր բնույթով, իր ծագումով քաղաքակիրթ մարդ է, շատ լավ սիրտ ու հոգի ունեցող, ուրախ անհատ է: Կարողանում է երկու-երեք քայլ ավելի մտածել, իր մեջ տիեզերք կա: Նա մարդկանց միաբանել գիտի: Ինչքան հայտնի մարդիկ կան` մշակույթում, բիզնեսում, քաղաքականության, գիտության, տնտեսագիտության մեջ և այլ ոլորտներում, նրա մոտ են հավաքվում: Կարելի է նրա մոտ հանդիպել մարդկանց, ում պարզապես կերազեիր հանդիպել, մոտիկից տեսնել: Ինքն է բոլորին հավաքում իր շուրջը, մարդկանց միաբանելը նրա հոգուց է բխում: Այո, կմիաբանի, բոլորին ընկերության վեհ գաղափարով կտոգորի: Այս սրահը բացելը որդու` Արթուրի կողմից, կրկին ընկերներին համախմբելու, միաբանելու առիթ է: Նոր է ստեղծվել սրահը, բայց դրա մասին արդեն շատ-շատ մարդիկ գիտեն: Այս երևույթն իր մեջ բացարձակապես խաղաղություն, մշակույթ, սեր ու ընկերություն է պարունակում: Իսկ ընկերությունը հենց հայրենիքն է, եթե ընկերություն չեղավ, չի կարող շատ բան տեղից շարժվել: Եվ ո՜ւմ է պետք մենակ մարդը, միայնակ ի՜նչ կարող է անել: Պետք է իրար կողք-կողքի լինել, ընկերներով շրջապատված: Կինն էլ է, չէ՞, ընկեր. սեր, մայր լինելուց բացի նաև ընկեր է, քեզ հարազատ է, կողքիդ է: Ընկերության շուրջ կարելի է անվերջ խոսել, այնքան մեծ է թեման, որ գիրք կարելի է գրել: Ընկերության մեջ շատ գնահատելի է նվիրվածությունը: Նվիրվածությունը մարդու ամենամեծ հատկանիշն է: Ես նվիրված մարդու հոգուն մեռնեմ: Եթե նվիրված մարդ է, ուրեմն այդ մարդու հետ կարելի է ընկերություն անել… Ձեր թերթի անունը շատ մեծ հպարտություն է ներշնչում: Ես հպարտանում եմ ընկերներովս, իրենք էլ` ինձնով: Մեծ հպարտություն եմ ապրում, որ Կառլեն Լևոնիչի նման մեծագույն ընկեր ունեմ, իր որդու ստեղծած գործն ինձ շատ է ոգևորել: Այս արվեստի սրահը, հոգևոր սնունդ տալուց զատ, ընկերների հետ հաղորդակցվելու հրաշալի ու անփոխարինելի վայր է նաև…

  Հարկ է նշել, որ Հարություն Մովսիսյանի ոգևորությունն այնքան մեծ էր թե՛ <<Կառլլևոնի>> արվեստի սրահի, թե՛ ընկերության շուրջ զրույց ծավալելու նկատմամբ, որ անընդհատ ուզում էր խոսել ու խոսել…
SHARE