Սեր և պատասխանատվություն

0
34
Ահա այն հիմնական դրդապատճառները, որոնք Սամվել Դարբինյանին մղում են հարազատ քաղաքի ղեկավարումը շարունակելու ցանկություն դրսևորել…

Հավատամք


   Սեպտեմբերի 9-ին Վանաձորում կայանալիք քաղաքապետի ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրել նաև համայնքի գործող ղեկավար Սամվել Դարբինյանը: Մինչ նրան հանդիպելը, զրուցեցինք Վանաձոր համայնքի ավագանու անդամ Գայանե Քալանթարյանի հետ, ով զբաղեցնում է Լոռու  մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրենի պաշտոնը և մարզի գլխավոր հոգեբույժն է: 
   -Երեք անդամ ընտրվել եմ ավագանու կազմում,-նշեց տիկին Քալանթարյանը:-Ընդ որում, այդ պարտականությունը մեծ պատասխանատվությամբ ու սիրով եմ ստանձնել: Այստեղ եմ ձևավորվել` որպես անհատ, այստեղ է իմ ընտանիքը: Քաղաքը շատ հարազատ է, հետևաբար, ամեն կերպ ջանում ենք, որ գնալով ավելի լավը լինի և ժամանակի հետ զարգանա ու բարգավաճի: Ես, բնականաբար, մասնակցություն եմ ունենում բոլոր այն ձեռնարկումներին, որոնք առնչվում են համայնքին և կարևոր ու առաջնային են նրա համար: Աշխատանքներն, ինչ խոսք, արդյունավետ են լինում, երբ ավագանի-քաղաքապետ փոխհարաբերություններն ի շահ համայնքի են և նպատակաուղղված են նրա առաջընթացին ու զարգացմանը: Սամվել Դարբինյանի հետ աշխատելը բավականին հեշտ է: Նա կարողանում է լսել դիմացինին, կարողանում է ընդունել իր համար երբեմն ոչ նպաստավոր կարծիքը, ինչը, խոստովանենք, շատ կարևոր է: Կարծում եմ, որ Սամվել Դարբինյանի այս առաջադրումը ևս շատ ճիշտ էր, որովհետև նա քաղաքի բոլոր հիմնախնդիրներին քաջածանոթ է և դեռևս շատ անելիքներ ունի այստեղ: Կրկին վերընտրվելու դեպքում անպայման կիրագործի այն բոլոր ծրագրերը, որոնք նախատեսել է առաջիկա տարիների համար: Նրա պարագայում առաջադրվելը նաև գործը շարունակելու պարտավորվածություն է: Ամենակարևորը` պարոն Դարբինյանն ազնիվ է, հանդուրժող, և անհնար է, որ մեր որևէ քաղաքացի բացասական կարծիք հայտնի նրա հասցեին: Քաղաքապետի աշխատանքն, ինչ խոսք, դժվար է, քանի որ երկրի սոցիալ-տնտեսական ընդհանուր իրավիճակը հեռու է բավարար լինելուց, ուստի և բոլորին գոհացնել անհնարին է: Համայնքում անելիք, իրոք, դեռևս կա, սակայն, կարծում եմ, վերընտրվելու դեպքում պարոն Դարբինյանը կշարունակի իր ազգանպաստ գործունեությունը և առավել արդյունավետ կաշխատի: Բոլորս էլ լավ գիտակցում ենք, որ չկան այն միջոցները, որոնք հնարավորություն կտան համայնքի ղեկավարին բավարարելու յուրաքանչյուրին և ժամանակին լուծելու առաջադրված խնդիրները: Ըստ իս, նոր մարդու, նոր ծրագրերի դեպքում անհամեմատ հեշտ է, քան պարոն Դարբինյանի, ով անցել է այդ ճանապարհը, տարել ժամանակաշրջանի բոլոր մեծ ու փոքր դժվարությունները և ավելի մեծ պատասխանատվություն է կրում:

Գործող քաղաքապետը պատասխանատու է և՛ արածի, և՛ չարածի համար: Համաքաղաքացիներն այսքան տարի ընտրել ու վստահել են նրան, հետևաբար, իրավունք ունեն իրենց քաղաքն ավելի լավ տեսնելու: Վանաձորի հանդեպ սերն ու պատասխանատվությունն են Սամվել Դարբինյանի կրկին առաջադրման հիմնական դրդապատճառները: Քաղաքապետ լինելը, նորից եմ ասում, դժվարին ու ծանր գործ է, պարտականություն, ավելի շատ տալիս ես, քան ստանում: Իսկ Դարբինյանն այն անձանցից է, ով պատրաստ է ավելին տալու, անմնացորդ նվիրվելու, ինչը նույնքան էլ մեծ պատասխանատվություն է ենթադրում: Այո, քաղաքդ շատ պիտի սիրես, որ նրան ծառայելու պատրաստակամությունը միշտ այդքան ջերմ ու սրտառուչ լինի: Եթե անկեղծ, ապա դա շատ հաճախ ի հաշիվ առողջության է, ի հաշիվ ընտանիքի: Բոլորն էլ, անկասկած, բազմաթիվ անգամներ արդեն առիթ են ունեցել համոզվելու, որ նա շատ մարդկային, շիտակ ու մաքուր անձնավորություն է: Մեծ պատասխանատվությամբ մոտենալով հատկապես գլոբալ հիմնախնդիրների լուծմանը, միաժամանակ իր խոսքի տերն է: Մարդկային լավագույն հատկանիշներով է օժտված: Եղել են, ինչ խոսք, մեր համատեղ աշխատանքի ընթացքում որոշակի տարաձայնություններ, բայց հիմնական չափանիշներով մեր գործունեությունը ծառայել է իր նպատակին, եղել է ի շահ քաղաքի ու նա բնակչության: Համայնքի ղեկավարի դրսևորած մեծ ու բարձր պատասխանատվությունը փոխանցվել է նաև ինձ, ահա թե ինչու ինքս նույնպես կրկին առաջադրվել եմ ավագանու ընտրություններում: Ավագանի-քաղաքապետ փոխհարաբերությունները եղել են բնականոն աշխատանքային: Ցանկացած նիստ կարող է բուռն ու լարված անցնել, հարցերի քննարկումներն ուղեկցվել բանավեճերով, բայց կարևորն, ի վերջո, արդյունքն է, ընդհանուր գործի շահը: Յուրաքանչյուրն իր հստակ դիրքորոշումն ունի ցանկացած խնդրի վերաբերյալ, ինչն անպայմանորեն արտահայտում է: Նիստերի ընթացքում պատահում են սուր վեճեր, անհամաձայնություններ, երբեմն մթնոլորտն է շիկանում, բայց ամեն ինչ իր տեղն է ընկնում, երբ պարոն Դարբինյանն իր խոսքն է ասում, իր հեղինակավոր, հատու ու համոզիչ խոսքը: Ցանկացած իրավիճակից ելք գտնում ենք, ընդ որում, այնպիսի ելք, որը կարող է բավարարել բոլոր կողմերին էլ, որը չի հակասում օրենքի պահանջին և ի նպաստ համայնքի զարգացման ու առաջընթացի է: Այո, ղեկավարման բազմամյա փորձը, ղեկավարման ճկունությունն ու հեռատեսությունը շատ են օգնում գործին և այս պարագայում կարևոր ու առանցքային են…

     Հանդիպելով պարոն Դարբինյանին, նրա հետ մեր զրույցն սկսեցինք այն մտահոգող խնդրից, որ մեզանում դեռևս ավագանու ինստիտուտը բավարար կայացած չէ…
   -Ընդհանուր առմամբ, ճիշտ է Ձեր դիտարկումը,-համաձայնեց Վանաձորի գործող քաղաքապետը:-Այդ խնդիրը մեր երկրում կա և բնորոշ է գրեթե բոլոր համայնքներին: Սակայն, այդուհանդերձ, կան համայնքներ, որոնց թվում` նաև մերը, որտեղ ավագանին կայացած է և նրա դերն ու նշանակությունը շատ մեծ են: Եթե ընտրել ենք համայնքների զարգացման ճանապարհով գնալ դեպի երկրի զարգացում, ապա անպայման պիտի հաշվի առնենք այդ կարևոր հանգամանքը: Այստեղ շատ կարևոր է համայնքի ղեկավար-համայնքի ավագանի կապի արդյունավետության ու որակի ապահովման խիստ անհրաժեշտությունը: Եթե ավագանին իր տեղում է, ապա խնդիրներն ի շահ համայնքի են լուծվում, ի շահ նրա բնակչության: Ավագանու դերն ու նշանակությունն ինքս մեծապես կարևորում եմ, ահա թե ինչու նրա կայացման գործում շահագրգռությունս էլ մեծ է: Վանաձոր համայնքի կայացածությունն արդեն, կարող եմ վստահորեն նշել, փաստ է, ինչից միմիայն ուրախ ու հպարտ եմ: Դրանում, անշուշտ, իրենց լուրջ դերակատարումն ունեն նաև ավագանու անդամները, նրանցից յուրաքանչյուրը: Նշեմ, թեկուզ, Գայանե Քալանթարյանին, ով գրագետ մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր խնդրի նկատմամբ, գիտի ամեն թաղամասին բնորոշ խնդիրները, նախաձեռնող է ու ակտիվ, հանդես կգա առաջարկներով և հստակ դիրքորոշում ունի: Բոլորի հետ էլ հնարավոր է համագործակցված աշխատել, բայց տիկին Քալանթարյանի օրինակը լավագույններից մեկն է: Լինելով բավականին ազդեցիկ կին, նա իր հերթին նպաստում է ավագանու աշխատանքի հաջողության ամրապնդմանը, բարձրացնում է ավագանու վարկանիշն ու հեղինակությունը: Նրա ներկայությունն ու պատշաճ պահվածքը ավագանու նիստերին, կարելի է ասել, զսպաշապիկի դեր են խաղում: Կանացի բարձր արժանիքների շնորհիվ կարողանում է հանդարտեցնել բոլորին և ճիշտ ուղի նախանշել ամեն հարց վճռելիս: Հասարակական լավ գործիչ է, ակտիվ մասնակցություն է ցուցաբերում յուրաքանչյուր համաքաղաքային միջոցառմանը: Նրա կարծիքի հետ անպայման հաշվի ենք նստում: Շատ կուզենայի, որ մեր ավագանիում մի քանի այդպիսի կին անդամ ունենայինք…
     Շարունակելով մեր զրույցը պարոն Դարբինյանի հետ, խոսակցության թեման ուղղեցինք դեպի առաջիկա ընտրությունները: Ինչպես գիտենք, նա քանիցս արժանացել է ժողովրդի վստահությանը և իր նվիրյալ ու պատասխանատու աշխատանքով արդարացրել այդ վստահությունը: Այսօր էլ մեծ է այն համոզմունքը, որ Սամվել Դարբինյանը ասելիք ու անելիք ունի հարազատ քաղաքի համար և առավել եռանդով կլծվի նրա շենացման ու բարգավաճման գործին:
 -Ես գտնում եմ,-ասաց նա,-որ ինձ նման մարդկանց անհրաժեշտություն երկիրն ունի: Այն մարդկանց, ում հնարավորությունները չեն չափվում գումարներով: Շատ կարևոր են մարդու ապրած կյանքն ու արած գործերը: Անկեղծ ասած, այսօր ոչ մեկի չեն ասում` դու դիր քո թեկնածությունը կամ մի դիր: Պարզապես, համապատասխան վերաբերմունք է դրսևորվում, ընդ որում` ըստ արժանվույնս, ըստ արած գործերի… Ես ՀՀԿ անդամ եմ 1997 թվականից: Իմ երկրի, իմ կուսակցության զինվորն եմ, որտեղ էլ պետք լինեմ, ուրեմն այնտեղ էլ կաշխատեմ, կմատուցեմ իմ ծառայությունը թե՛ ժողովրդիս և թե՛ պետությանս: Ով է ասել, որ հավերժ քաղաքապետ պիտի լինես կամ ում ճակատին է դա գրված: Չի կարելի պաշտոնի գերի դառնալ: Որտեղ ավելի մեծ օգուտ կտանք այս երկրին, այնտեղ էլ պետք է լինենք: Փառք Աստծո, երկրի շատ լավ ղեկավար ունենք, որ կարողանում է նաև իր կադրերին ճիշտ տեղում օգտագործել: Կրկնում եմ, որ ինձ նման մարդկանց կարիք երկիրն ունի: Եթե, ասենք, ֆինանսական հնարավորությունները սուղ են, ապա առկա խնդիրները չպիտի՞ լուծվեն: Դա իմ մտածելակերպից դուրս է: Քաղաքի բոլոր ուժերը պիտի կարողանաս միավորել և բոլորին աջակից դարձնես, մասնակից` նրա կառուցմանը: Եթե դա չանես, ապա լիարժեք քաղաքապետ չես կարող լինել: Գիտենք, ի վերջո, որ այսօր համայնքային բյուջեի հնարավորություններով համայնքի միայն 5-10 տոկոս խնդիրները կարելի է լուծել: Քիմգործարանի տնակները հանելու ժամանակ 80 անձի բնակարաններ հատկացրեցինք` պետբյուջեից գումար չծախսելով: Մեր շատ հայրենասեր հայրենակից Ստիվ Նազարյանը /ԱՄՆ/ կարողացավ գումարներ հանգանակել և այստեղ 48 բնակարան կառուցել: Մի մասն էլ` քաղաքապետարանի միջոցներից: <<Կյանքի հաց>> հասարակական կազմակերպության միջոցներով կառուցեցինք 32 բնակարան: 80 բնակարան հատկացրեցինք ժողովրդին: Ընտրությունից հետո նորից պետք է գնամ ԱՄՆ, ՌԴ` դիմելու գործարար ընկերներիս, մեր հայրենակիցներին, որպեսզի նոր հանգանակության միջոցով կարողանանք տվյալ գործընթացը շարունակել: Այդ նպատակով դիմելու եմ նաև տեղի գործարարներին:
     -Պարոն Դարբինյան, եթե հետադարձ հայացք գցենք անցած 13 տարիներին, ապա` ինչպիսի՞ն էր Վանաձորը ոչ հեռու անցյալում և ինչպիսի՞ն է այսօր դարձել: Ո՞րն եք համարում այս տարիների Ձեր ամենամեծ ձեռքբերումը:
   -Իմ աշխատած տարիներին ջանացել եմ համաչափ զարգացում ապահովել բոլոր բնագավառներում: Խոսքը քաղաքի թե՛ բարեկարգմանն է վերաբերում` լուսավորություն, աղբահանություն և այլն, թե՛ մշակույթին, թե՛ սպորտին և թե՛ մնացած բոլոր ոլորտներին: Համատեղ ու համագործակցված աշխատելով նաև մարզպետարանի հետ, ձգտել ենք կառավարության ու երկրի նախագահի ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել Վանաձորը: Բավականին լուրջ հաջողությունների ենք հասել հանրակրթական դպրոցների վերանորոգման և գույքի ձեռք բերման հարցում: Եթե նախկինում 1-2 քարաշեն դպրոց ունեինք, հիմնականը ժամանակավոր կացարաններում էին, ապա այսօր արդեն բոլորը քարաշեն են: Մանկապարտեզներից միայն երեքը դեռևս վերանորոգված չեն: Մի քանի նոր, տարբեր մարզաձևերի /շախմատ, ըմբշամարտ, բռնցքամարտ, թեթև ատլետիկա/ մարզադպրոց ենք կառուցել, ինչպես նաև լողավազան: Մշակույթի երկու տներն ենք վերանորոգել, Շառլ Ազնավուրի մշակույթի պալատը: Վերակառուցեցինք երեք երաժշտական դպրոցները: Մշակութային այս և մնացած բոլոր օջախներն էլ լիարժեք ծառայեցվում են իրենց բուն  նպատակին` լուրջ դերակատարում ունենալով քաղաքի ընդհանուր զարգացման գործում: Առհասարակ, համայնքի կենսագործունեության բոլոր բնագավառներում էլ լուրջ ձեռքբերումներ ունենք: Ահա թե ինչու չէի ուզենա առանձնացնել, առանձին-առանձին նշել, քանի որ քաղաքը, որպես մեկ ընդհանուր օրգանիզմ, արդեն համաչափ, համընթաց զարգանում է: Այս տարիների ամենամեծ ձեռքբերումներից եմ համարում ժողովրդի տրամադրության բարձրացումը: Փողոցով քայլելիս մարդկանց ժպտացող հայացքների եմ հանդիպում, ինչն ամենաշատն է ինձ ուրախացնում: Այս ընթացքում բավականին տոներ <<մուտք գործեցին>> մեր առօրյա, մեր կյանք` քաղաքի, ծաղկի, երգի… Վերականգնեցինք ավանդական <<Լոռվա ձմեռը>>` նոր շուք ու հանդիսավորություն հաղորդելով այդ տոնին: Ժողովուրդն ուրախանում է, տոնում, ապրում քաղաքի ուրախություններով ու հաջողություններով: Տրամադրություն է ստեղծվում քաղաքում, ջերմ ու բարի մթնոլորտ տիրում… Ես ընդամենը, եթե կարելի է այդպես ասել, ձգտել եմ իմ բոլոր պարտականությունները ճիշտ կատարել, ինչի արդյունքում էլ մնում եմ իմ տեղում: Աշխատանքիդ ճիշտ կատարումը անձիդ շուրջ դրական կարծիք ու վերաբերմունք է ձևավորում: Միշտ ջանացել եմ իմ առջև դրված խնդիրները /հատկապես` պետական կարևորության/ կատարել ճիշտ ու ժամանակին: Սա է իմ բազմամյա այս աշխատանքի որդեգրած սկզբունքն ու հավատամքը:
   -Ինչի՞ հասաք կյանքում և ի՞նչ կորցրեցիք: 
 -Երիտասարդությունս կորցրի, բայց ձեռք բերեցի մեծ, անսահման հպարտություն: Վանաձորում հպարտ եմ քայլում, մարդկանց հետ շփվելուց չեմ խուսափում: Բոլոր տոնախմբություններին բնակիչների կողքին եմ, նրանց հետ քայլում, նստում-վեր եմ կենում: Լսում եմ մարդկանց, անմիջական ու անկեղծ զրույցի բռնվում նրանց հետ, առավել մոտիկից առնչվում բնակչությանը հուզող խնդիրներին, և այդ կերպ առավել հեշտ է դառնում համայնքի ղեկավարումը: Եթե խոստում եմ տալիս, ապա անպայման կատարում եմ, ժողովրդին երբեք չեմ խաբի:
  -Այսքան տարի քաղաքապետ լինելը ի՞նչ փոխեց Ձեր մեջ:
 -Ժողովրդին ընդունելու գաղափարն է փոխվել: Երբ շինարար էի, չգիտեի ժողովրդի հետ այսքան լավ հարաբերվելու ձևերը, նաև ժողովրդին լսելու համբերությունս չէր բավարարում: Քաղաքի ղեկավար ընտրվելուց հետո հասկացա, որ ժողովրդին պետք է լսել, դառնալ նրա ցանկությունները  կատարողը, հոգսերը թեթևացնողը: Այս կերպ առաջնորդվելու դեպքում գործի հաջողությունը, կարելի է ասել, երաշխավորված է: Չարենցն ասում էր` թե ուզում ես երգդ լսեն, ժամանակիդ շունչը դարձիր: Այո, ժամանակի շունչը պիտի զգալ` նրան համաքայլ ընթանալու, հետ չմնալու համար:      
   -Դուք ընկերությունով ապրող անձնավորություն եք, ընդ որում` ավելի շատ տալիս եք, քան վերցնում: Ի՞նչ կասեք:
    -Մարդը կյանքում 2 սրբություն ունի` ընտանիք և ընկերություն: Ընտանիքս, ծնողներիս, քույր-եղբայրներիս, մեծ ընտանիքս Աստված է տվել: Աստվածատուր այդ հրաշքը հոգուս ամբողջ զորութամբ պիտի պաշտպանեմ, պահպանեմ, սիրեմ ու փայփայեմ: Կնոջս ինքս եմ ընտրել որպես կյանքի ընկեր և նրան շատ հավատարիմ եմ, հարգալից ու պատկառանքով եմ նրա նկատմամբ: Աստծո կամքով երեք չքնաղ զավակներ ունենք: Ընկերներիս ես եմ ընտրել, իսկ ընտրյալներիս շատ եմ սիրում ու գնահատում: Չէի ասի, թե ընկերներիս համար ավելի շատ եմ անում, քան նրանք` ինձ համար: Մենք ընկերություն ենք անում` հասկանալով ու գնահատելով այն: Մի մեծ ու շատ լավ ընկեր ունեինք, մեր տարածաշրջանի ֆիզիկապես ամենաուժեղ ու ամենաբարի մարդն էր` Ջաղացպանյանը: Ընկերության մասին նա ասում էր. <<Եթե ընկերս ես, ապա հացդ դիր հացիս վրա, կուզես տակից կեր, կուզես` վրայից…>>: Մշտապես սիրել եմ մեծերի կողքը նստել, լսել նրանց զրույցները, նրանց հետ ընկերություն անել: Նրանցից էր մորաքրոջս ամուսինը, որ ասում էր. <<Էլ ինչ ընկեր ես, որ հարսանիքիս չես պարելու, մեռելիս վրա էլ չես լացելու>>: Կրթություն չստացած, բայց կյանքի դպրոցում եփված, բովված մարդիկ էին, պարզ ու հասարակ, բայց հոգեպես հարուստ ու հագեցած: Իմ շատ սիրելի հորեղբայր Մարտուն Աղասիչը, ով իմ կյանքի սիմվոլն է, ասում է. <<Ընկերությունը դեղատան կշեռք չէ, որ իրար հավասար լինենք. ով շատ հնարավորություն ունի, շատ պիտի անի, ով քիչ` քիչ կամ պիտի չանի, բայց նրանց կապողը սերն ու հարգանքը պիտի լինի: Ընկերությունը շուրջօրյա պիտի լինի: Այն նման է ջութակի լարի: Շատ ես ձգում` կտրվում է, թողնում ես թույլ` ձայն չի հանում: Ուստի պետք է այնպե անես, որ ջութակը նորմալ նվագի…>>: Մարտուն Աղասիչը 82 տարեկան է, հզոր անձնավորություն, շինարար, մարզիկ: Իմ ողջ կյանքում միշտ հետևել եմ նրա օրինակին: Ընտրեցի շինարարի մասնագիտությունը, ակտիվ սպորտով զբաղվեցի և այլն: Իմ սիմվոլին շատ բաներով չհասա, բայց հնարավորության սահմաններում արեցի անհրաժեշտը: Մեր ազգի, տոհմի մեծը լինելով, մի առիթով, երբ ես դեռ 12 տարեկան էի, ասել է. <<Էստաֆետը Սամվելին եմ հանձնելու…>>: Ընդ որում, սիրում էր դա հաճախակի կրկնել: Ես այն ժամանակ չէի հասկանում, թե նա ինչ էր ասում, որովհետև հորաքրոջս երեխաներն ինձանից մեծ էին: Երբ մի օր համարձակվեցի հարցնել, պատասխանեց. <<Երբ որ էստաֆետը քեզ տանք, այդ ժամանակ կհասկանաս>>: Հետո, իրոք, հասկացա, թե ինչ է դա…
Ընկերության առումով Սամվել Դարբինյանը Աստվածաշնչից հետևյալն է ընդօրինակել` Աստված ում շատ է տալիս, նրանից էլ շատ է պահանջում և ուզում է լինել ամենավերինը: Պետք է լինի բոլորի ծառան… Այդպես էլ ապրում է` բոլորին ձեռք մեկնելով, բոլորի դարդ ու ցավով, քաղաքի խնդիրներով ապրելով: Նրա կյանքի ամենամեծ խորհուրդը մարդ լինելն է: Առաջնորդվում է Հովհ. Թումանյանի հետևյալ խոսքերով.

…Ա՜խ, երանի` ո՛վ մարդ կըգա
Ու մարդ կերթա անարատ…

SHARE