Սիրո և բարության զգացումներով առաջնորդվենք

0
51

Խոստովանանք

Միմյանց ընդառաջելով ու հայրենի երկրի ապագայի մասին մտահոգվելով

Աշոտ Ավետիսյանի հետ մեր այս զրույցն իր առաջադրման, նախընտրական քարոզարշավի, ընկերների ու ընկերության, ընտանիքի ու բարեկամության, բարության ու հավատարմության և շատ այլ թեմաների, խնդիրների շուրջ է:

-Նախընտրական քարոզարշավի անցկացման համար, պարզ է, թիմ է անհրաժեշտ, համախոհների կուռ թիմ,- <<Ընկեր>>-ին ասաց պարոն Ավետիսյանը:- Այդ թիմը համալրված է հիմնականում ընկերներով, այսինքն` ամենահավատարիմ ու մտերիմ մարդկանցով: Նրանք այն մարդիկ են, ովքեր իմ ողջ կյանքի ընթացքում կողքիս են եղել, ինձ ուղեկցել: Քարոզարշավը շատ թեժ է, գնալով ավելի է թեժանում ու հետաքրքիր դառնում: Քանի որ թեկնածուների թիվը մեծ է, ուստի և մարդկանց ընտրելու հնարավորությունն էլ է մեծանում: Առաջին ամենակարևոր տպավորությունս այն է, որ իմ շրջապատի մարդիկ, բոլոր ինձ ճանաչողները շատ են ոգևորված իմ առաջադրման փաստով, ինչն առավել է ոգեշնչում ու գոտեպնդում ինձ: Փառք Աստծո, շրջապատված եմ շատ լավ մարդկանցով, ունեմ երիտասարդներով համալրված թիմ, որ ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվում գործին և ցանկացած խնդրի նկատմամբ լուրջ մոտեցում ունի: Հաղթում է նա, ով, իրոք, առողջ թիմ ունի, հավատարիմ մարդկանցով է շրջապատված, կարողանում է լավագույնս, ըստ արժանվույն ներկայանալ ընտրողների հետ հանդիպմանը և, առհասարակ, հասարակությանը: Անկեղծ ասած, առաջադրմանս նախաձեռնությունը որքան իմն է, այնքան էլ իմ ընկերներինը, արդեն իսկ, այսպես ասած, պաշտոնապես ձևավորված թիմինը: Հստակ է մի բան, որ միայնակ անիմաստ է ներգրավվել նման գործընթացի մեջ, առավել ևս անհնար է հաջողություն ակնկալել: Ասելիք շատ ունեմ, ծրագրերս էլ շատ են, մղումս` ազնիվ ու հայրենասիրական ձգտումներով, մնում է, որ այդ ամենը կարողանամ տեղ հասցնել, ծառայեցնել բուն նպատակին:

-Անդրադառնանք, թերևս, ամենակարևորին` ընկերներին, <<շոշափենք>> ընկերության նուրբ ու զգայուն թեման…

-Ինչ վերաբերում է ընկերներին, ապա անկեղծորեն պիտի խոստովանեմ, որ կյանքն առանց նրանց չեմ պատկերացնում: Հավատարիմ ընկերը հավասարազոր է, համարժեք ընտանիքիդ լիիրավ անդամին: Նման ընկերներ, ինչ խոսք, շատ չեն լինում: Ինքս իմ բնույթով այնպիսին եմ, որ մշտապես ընկերներիս ուշադրության կենտրոնում եմ պահում: Ընկերությունն, իրոք, ուշադրություն, հավատարմություն ու ջերմ վերաբերմունք է պահանջում: Առհասարակ, կյանքն իմաստալից է դառնում, երբ շուրջդ լավ մարդիկ կան, հավատարիմ ընկերներ, ինչի պակաս, փառք Աստծո, երբևէ չեմ ունեցել: Ընկերը, ըստ իս, պետք է համարժեք լինի և՛ քո բնավորությանը, և՛ քո կարողություններին: Այստեղ մարդկային արժեքները կշեռքի երկու նժարին հավասար պիտի լինեն: Չես կարող ընկերություն անել մեկի հետ, ում մեջ հետաքրքրություն չես տեսնում, ումից սովորելու բան չունես կամ ընդհակառակը` ինքդ սովորեցնելու ոչինչ չունես: Ընկերական հարաբերությունները ենթադրում են համարժեքություն, երբ լավն ես վերցնում կամ նույնը փոխանցում: Մարդն իր կյանքի ամեն փուլում ընկերներ է ձեռք բերում, սակայն, այդուհանդերձ, կան ընկերներ, որ, կոպիտ ասած, փուլային չեն, այլ քեզ ուղեկցում են ողջ կյանքի ընթացքում, քեզ հետ, պարզապես, շնչում ու ապրում են: Խոսքն, այո՛, այդպիսի ընկերության մասին է` բացարձակ թե՛ բնավորությամբ, թե՛ ինտելեկտով, թե՛ աշխատասիրությամբ և այլն: Այդ ընկերությունը հարատև է: Ամենահավատարիմ ու մտերիմ մարդու առաջ ես, չէ, սիրտդ բաց անում, նրան վստահում նվիրական գաղտնիքներդ: Որքան էլ խելացի ու վստահ լինես, միևնույն է, պահեր են լինում, երբ որևէ վճիռ կայացնելու կամ գործ ձեռնարկելու համար հարազատ ու սրտացավ մարդու խոսքի, խորհրդի կարիք ես զգում: Տվյալ մարդը կարող է կա՛մ ընտանիքիդ անդամը, կա՛մ ընկերդ լինել: Ընկերությունը պահպանելը որքան հեշտ, նույնքան էլ դժվար է` առաջին հերթին ազնվություն և նվիրվածություն է պահանջվում: Ապրել միմյանց հոգսերով, ուրախություններով ու տխրություններով, հոգու նուրբ լարերով զգալ ու հասկանալ միմյանց: Հաճախ` նաև առանց խոսքի…

-Ինչո՞ւ է մարդն, այնուամենայնիվ, ձգտում ընկերության:

-Առանց ընկերության կյանքը կկորցներ իր ամենահիմնական իմաստներից մեկը, եթե չասեմ, որ կիմաստազրկվեր ամբողջությամբ: Ընտանիքը սրբություն է, որի նկատմամբ պարտավորվածություն ունես` ապահովելու նրա բարեկեցիկ կյանքը և նրան ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելու: Բայց և որոշակի դեպքերում ընկերը, կարելի է ասել, անփոխարինելի է դառնում, այսինքն` միայն ու միայն ընկերոջ հետ, նրա օգնությամբ կարող ես դա անել: Ընկերությունը հզորություն է, որի կարիքը մենք զգում ենք, և դա, թերևս, միայն ընկերությունը կարող է տալ: Իսկ հզորությունն իր հերթին հպարտություն է ծնում: Եթե կարճ, ապա այսպես կբնորոշեի` ընկերական հարաբերությունները նաև մարդկային արժեքի յուրօրինակ բնութագիր են:

-Անցանկալի ու տհաճ իրավիճակներ ևս, ինչ խոսք, կարող են պատահել` անկախ մեր կամքից կամ ցանկությունից: Ի՞նչ անել կամ ինչպե՞ս վարվել նման դեպքերում:

-Ընկերը, այո՛, երբեմն կարող է սայթաքել: Կյանք է, ամեն բան էլ կարող է պատահել, այնպես որ, դա էլ բնական ու անխուսափելի պիտի համարել: Ժամանակի ընթացքում մարդը, բնականաբար, փոխվում է, արժեքներն էլ` հետը: Այս իրողությունից ելնելով էլ, թերևս, ըմբռնումով ու գիտակցաբար պիտի մոտենալ սխալների, վրիպումների հավանականությանը: Անկախ ամեն ինչից, ընկերոջ կորուստը մեծ ցավ ու ափսոսանք է, ինչից հնարավորինս խուսափել է պետք: Հնարավո՞ր է ուղղել սխալը… Պիտի ամեն կերպ ջանալ, որպեսզի ընկերդ զգա իր սխալը և հնարավորություն ստանա այն ուղղելու: Այո՛, հնարավորություն պետք է տալ և միասին գտնել խնդրի լուծման ճիշտ ճանապարհը: Վերջնական վճռից առաջ լուրջ, շա՜տ լուրջ կշռադատել և սթափ որոշումներ կայացնել: Ճակատագրական սխալների պարագայում մի փոքր այլ է: Օրինակ` դավաճանությունը, որն արդարացում չունի ու աններելի է:

-Ինչպես համամարդկային շատ արժեքներ, այնպես էլ, անշուշտ, ընկերությունն է ժառանգաբար փոխանցվում, այնպես չէ՞:

-Ուրախությամբ պիտի փաստեմ, որ այն ամեն մարդկայինն ու գեղեցիկը, որն ինձ ուղեկցել է կյանքում ու ինձնից անբաժան եղել, այսօր ես տեսնում եմ որդուս` Արտավազդի մեջ: Շատ ընկերասեր երիտասարդ է, անգամ չափից ավելի և չափազանց շատ ընկերներ ունի: Հաճախ եմ նախատում նրան, որ ավելի շատ ընկերների հետ է ժամանակ անցկացնում, քան տանը մեզ հետ լինում: Պատճառաբանում է, որ ընկերների շրջապատում լինելով` շատ բան է սովորում, ինչը նրա համար այս տարիքում, թերևս, առավել քան կարևոր է: Շատ լավ ընկերներ ունի` բարձր ինտելեկտով խոստումնալից երիտասարդներ, որ իրենց արժանի կենսագրությունն են կերտում, իրենց տեղն ամրագրում մեր երկրի վաղվա օրը կառավարելու ոլորտներում: Ուրախ եմ ու հպարտ որդուս համար:

-Լինում են պահեր, երբ հետադարձ հայացք ենք ձգում մեր կյանքի անցած ճանապարհին և խորհում գտածի ու կորցրածի մասին, ծանրութեթև անում ձեռքբերումներն ու անհաջողությունները: Ձեր պարագայում ինչպիսի՞ն է այդ ամենի հանրագումարը:

-Ճիշտն ասած, կորուստներ չեմ ունեցել, որովհետև աշխատավորի ընտանիքից եմ սերվել: Հայրիկիս կորստից հետո օրվա հացի խնդիր ունենալով, քրտնաջան ու ջանադիր աշխատանքի եմ անցել, սովորել եմ, ստեղծել, ինքս իմ ուժերով կերտել կենսագրությունս: Իմ աշխատանքով ու չարչարանքով ստեղծել եմ իմը, հաջողության հասել, բայց և երբևէ չեմ անտեսել կողքինիս` ունեցածիցս բաժին հանելով նաև նրան: Չեմ սահմանափակվել իմ հաջողությամբ, իմ բարեկեցությամբ` շրջապատիս մասին էլ եմ մտածել, ջանացել, որ նրա համար էլ լավ լինի: Արել և շարունակում եմ այսօր էլ անել` փոխարենը հարգանք ու հեղինակություն շահելով: Հարստություն ասածը հենց դա է, որ կա, հարստություն, որը և՛ ինձ, և՛ ժառանգներիս հպարտանալու լիարժեք իրավունք է տալիս: Նաև` ընկերներիս, որ իմ կողքին են, և մենք միասին էլ մեջք մեջքի կերտում ենք մեր կյանքի լավագույն էջերը: Յուրաքանչյուրս յուրովի և բոլորս միասին` հզորանալով ու առաջ շարժվելով…

-Ասում են, թե նյութական հարստություն ձեռք բերելն ավելի հեշտ է, քան պատիվն ու հեղինակությունը, շրջապատի հարգանքը: Դո՞ւք էլ այդ կարծիքին եք:

-Բնավ էլ հեշտ չէ հարգանք ձեռք բերելը, մանավանդ մեր օրերում, երբ ամեն ինչ, ասես, գլխիվայր շուռ է եկել: Սոցիալական վատ վիճակում գտնվող, դժվարին ապրելակերպ ունեցող մարդկանց հոգեբանությունը հասկանալը շատ բարդ է: Իրենց շրջապատում տեսնելով ապահովված ընտանիքների, հաջողակների, այդ մարդիկ նախանձով և ինչ-որ առումով նաև չարությամբ են լցվում թե՛ նրանց, թե՛, ընդհանրապես, աշխարհի նկատմամբ: Մեղադրելու, առավել ևս դատելու փոքր-ինչ նշույլ մեջս չկա: Ինքս նման տհաճությունները կարողացել եմ հաղթահարել` մարդկանց միմիայն բարին կամենալով և իմ հնարավորությունների սահմաններում նրանց օգտակար լինելով: Եղել եմ բոլոր նրանց կողքին, ովքեր իմ աջակցության կարիքը զգացել են, արել եմ ըստ կարելվույն: Ուզում եմ հավաստիացնել, որ այդ քայլին ես պարտադրված չեմ գնացել, ոչ ոք ինձ չի ստիպել նման վերաբերմունք դրսևորել: Ինչ որ արել եմ, արել եմ սրտանց` առանց որևէ ակնկալիքի ու կանխակալության: Աշոտ Ավետիսյանն այդ մարդը չէ: Սիրում եմ իմ ժողովրդին և ամենամեծ ցանկություններիցս մեկն այն է, որ օր առաջ տեսնեմ նրա վիճակի բարելավումը: Բոլորն էլ պետք է բարեկեցիկ կյանքով ապրեն, որպեսզի նախանձի, չկամության զգացում որևէ մեկի մոտ չառաջանա: Բավարար պայմաններ են պետք, որպեսզի մարդն արդար քրտինքով վաստակի իր հանապազօրյա հացը:

-Կրկին դառնանք քարոզարշավին, խոսենք մրցակցության ու մրցակիցների մասին:

-Ինչպես արդեն նշեցի, պայքարը շատ թեժ է: Ամենակարևորն այն է, որ այս ընթացքում մարդկանց շրջանում ավելորդ լարվածություն չառաջանա, ընտրապայքարն անցնի խաղաղ ու հանգիստ մթնոլորտում: Ես դա հորդորում եմ իմ թիմի անդամներին, շատ կուզենայի, որ նույն կերպ վարվեին նաև մյուս թեկնածուները: Քարոզարշավի պատշաճ մակարդակն ամեն կերպ ապահովում ենք, առաջնորդվում օրենքի պահանջներով, ընտրակարգի չափանիշներով: Հաճելի է, որ բոլոր մեր հանդիպումներին մարդիկ ոգևորված գալիս են և մասնակցում, անկեղծ հետաքրքրություն ցուցաբերում: Լավ եմ զգում, որ ողջունում են իմ առաջադրվելու որոշումը, ոգեշնչում մեզ, ինչը մեծ հույսեր ու լավատեսություն է ներշնչում ընտրություններում հաջողության հասնելու և հաղթանակ տանելու հարցում:

-Կիսում ենք Ձեր լավատեսությունը` միաժամանակ գտնելով, որ ընտրողի վստահության քվեին արժանանալը նաև պատասխանատվության բարձր աստիճան, ամենօրյա տքնաջան աշխատանք է ենթադրում: Պատրա՞ստ եք:

-Ընտրվելուց հետո, բնականաբար, ծանր բեռի տակ եմ ընկնում, ինչը պատվով կրել ու մարդկանց սպասելիքներն արդարացնել է հարկավոր: Աշխատանքը, աշխատանքի բեռն ինձ բնավ չեն վախեցնում, ավելին, ես դրանից առանձնակի հաճույք եմ ստանում: Մանավանդ, նպատակս ու մտադրություններս ազնիվ ու առաքինի են` Ազգային ժողովի բարձր ամբիոնը ծառայեցնել երկրի ու ժողովրդի շահերին: Իմ կենսափորձն ու հմտություններն ինձ շատ կօգնեն այդ հարցում, և ձեռքերս ծալած չեմ նստի` օրենսդրական նախաձեռնություններ, առաջարկներ, հարցադրումներ, հետևողականություն… Ելակետը մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին հնարավոր ամեն ինչով օգտակար լինելն է, ժողովրդի մատից, ինչպես ասում են, փուշ հանելը, իսկ մնացածն արդեն ցույց կտա ժամանակը: Կարծում եմ, կգա ժամանակը, և մարդիկ կհամոզվեն դրանում, ժողովուրդն իր աչքով արդյունքը կտեսնի: Թող ժողովուրդը միայն գիտակցված ընտրություն կատարի, որպեսզի կարողանա հետագայում էլ պահանջել: Երկրի ղեկավարման բարձագույն մարմնում պետք է լինեն ազնիվ ու պարկեշտ մարդիկ, այնպիսի անհատներ, ում ինտելեկտն ու իմացության մակարդակը բավարար են նման գործունեություն ծավալելու համար: Այո՛, օրինապահ ու օրինաստեղծ մարդիկ են պետք, որ գիտակցեն ստանձնած պատասխանատվությունը և պետությանն օգուտ տան: Այս դեպքում, անշուշտ, հնարավորություն ունենք դառնալու օրենքի, օրինականության երկիր:

-Պարոն Ավետիսյան, Ձեր հավատն ու լավատեսությունն, ինչ խոսք, վարակիչ ու ոգեշնչող են, աշխատելու, հայրենի երկրին ու ժողովրդին օգտակար լինելու ձգտումը` անչափ խրախուսելի: Հաջողություն ենք մաղթում Ձեզ և ցանկանում, որ երբևէ չպակասեն Ձեր այդ եռանդն ու նախանձախնդրությունը, որ հնարավորինս լայն ու ազատ ասպարեզ բացվի նախանշած ծրագրերի ու մտահղացումների իրագործման համար:

-Ես անկեղծ մարդ եմ իմ բնավորությամբ և կյանքիս ընթացքում բոլոր էտապներով էլ անցել եմ: Շատ բան եմ տեսել և շատ բաների միջով անցել: Եթե այդ ամենը չլիներ, եթե ես ինչպես հարկն է անցած չլինեի այդ աստիճաններով և լավ սերտած չլինեի կյանքի դասերը, ապա այսօր, թերևս, չընդգրկվեի ընտրապայքարի մեջ և նման հավակնություն չցուցաբերեի: Մաթեմատիկոսի իմ մասնագիտությունն իր հերթին ինձ օգնել է սթափ, առողջ տրամաբանությամբ մոտենալ մեր շուրջը տեղի ունեցող երևույթների վերլուծությանը և գտնել խնդիրների լուծման ճիշտ բանաձևը: Մեր մեծ հայրենակից Վիլյամ Սարոյանի այս խոսքերն ինչպես չհիշեմ. <<Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից: Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն անցավոր է: Ամեն ինչի մեջ գտի՛ր լուսավորը, գտի՛ր այն, ինչ չի կարող արատավորվել… Մի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինելուց…>>: Լիահույս եմ, որ իմ ժողովուրդն այս պայքարում ինձ սատարելու է, քանզի նրա նկատմամբ իմ զգացումներն ազնվության, սիրո ու բարության շրջանակներում են եղել ու այսօր էլ կան…

SHARE