Սնունդն անորակ չպետք է լինի

1
45

Այս պահանջն է առաջնահերթ կարևորում և գնահատում  <<Չանախ>> ընկերության տնօրեն ՂՈՒԿԱՍ ԲՈՒՆԻԱԹՅԱՆԸ
Չափանիշ
-Պարոն Բունիաթյան, ինչո՞ւ որոշեցիք հիմնել կաթնամթերքի արտադրություն:
-Այս հարցը շատ խորը պատմություն ունի: Խորհրդային Միության ժամանակ, երբ աշխատում էի Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում` ուսումնափորձարար, իսկ կաթի գործարանում` տեխնոլոգ, երեխաներին, անհրաժեշտության դեպքում, մաքուր, անարատ կաթ ուղղակի չէինք կարողանում տալ: Դա բավականին դժվար ու թղթատար գործընթաց էր: Կաթի կարիք շատ կար, բայց ձեռք բերելը բավականին դժվար էր: Կոոպերատիվ շարժման ժամանակ որոշեցինք կոոպերատիվ տնտեսություն հիմնել, որպեսզի մարդկանց հնարավորություն ընձեռվեր ազատորեն անարատ կաթ գնել: Երբ մտահղացմանս մասին պատմեցի Զովք գյուղի սովխոզի տնօրեն Սլավիկ Գևորգյանին, ուրախությամբ ընդունեց առաջարկս և 12 քմ տարածք հատկացրեց: Այդպիսով, 1990-ին հիմնեցի կաթի արտադրություն: Օրական ընդունում էինք 100-120 լ կաթ, և մարդիկ հերթ էին կանգնում` կաթ ձեռք բերելու համար: Դժվարությամբ կարողացանք մեր գոյությունը պահպանել, և այդպես ծնունդ առավ <<Չանախ>> կոոպերատիվ տնտեսությունը: Կայսրության փլուզումից հետո մարդկանց տեղաշարժվելը ևս դժվարացավ, և ստիպված մենք սկսեցինք մեր արտադրանքն առաքել խանութներ: Տարբեր տարաներով մայրաքաղաքի 4-5 խանութի էինք մատակարարում: Այդ ժամանակ այնքան ուշադրություն չէին դարձնում արտադրանքի արտաքին տեսքին, մեջի պարունակությունն էին կարևորում: Աստիճանաբար շտկվեց փաթեթավորումը, բարելավվեց տեսքը և այլն: Դժվարությամբ կարողանում էինք կաթնամթերքի տարաներ ձեռք բերել, հիմնականում դրսից էինք ներկրում: Վարուժ Խալաթյանը պլաստմասսե տարաների արտադրության առումով հեղաշրջում մտցրեց մեզանում` արտադրություն հիմնելով: Արդեն տեղում ունեինք մեզ  անհրաժեշտ տարաները, ինչի արդյունքում բարձրացավ մեր կաթնամթերքի թե որակը, թե պահպանման ժամկետը, հեշտացավ գործը: Ոչ վաղ անցյալում սպառողը ձգտում էր դեպի արտասահմանյան գեղեցիկ փաթեթավորմամբ կաթնամթերքը` անտեսելով տեղականը, որը տեսքով հրապուրիչ ու տրամադրող չէր: Հետագայում արդեն բոլորն էլ հասկացան, որ տեղականը թարմ է, որակյալ ու սննդարար: Սկսվեց մեր մուտքը շուկա: Պատահական չէ ընտրված մեր կարգախոսը` <<Եթե Չանախ է, ուրեմն որակ է>>: Ներկայումս էլ արտադրում ենք շատ որակյալ կաթնամթերք: Բազմաթիվ մրցանակների ենք արժանացել, հաղթել <<Տարվա լավագույն կաթ>> անվանակարգում: 

-Կաթնամթերքի արտադրության ոլորտում, ըստ Ձեզ, առաջատա՞ր եք: 
-Որակի տեսակետից` այո, քանակի` ոչ: Մեծ քանակ չենք ապահովում, նման ձգտում էլ, ճիշտն ասած, չունենք, քանզի ուշադրությունը կենտրոնացնում ենք որակի վրա:
-24 տարի շուկայում եք, և կարողացել եք պահպանել Ձեր արտադրանքի որակական հատկանիշները: Դա, հավատացած ենք, այնքան էլ հեշտ չէ` ինչպե՞ս է հաջողվել Ձեզ:

-Դա իր նախապատմությունն ունի: Կաթի վերամշակումը, կարելի է ասել, մեզ համար ընտանեկան մասնագիտություն է: Ավագ եղբայրս` Եղիազարը, պանրագործ է աշխատել Սիսիանի գործարանում: Մյուս եղբայրս ավարտել է Մոսկվայի տեխնոլոգիական ինստիտուտը` ստանալով կաթնամթերքի մեխանիկ-ինժեների մասնագիտացում: Երկար տարիներ աշխատել է Երևանի կաթի կոմբինատում` գլխավոր մեխանիկ: Ես ավարտել եմ Երևանի սննդի արդյունաբերության տեխնիկումի կաթի բաժինը: Ապա, աշխատելուն զուգընթաց, սովորել եմ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում և ավարտելուց հետո ստացել ինժեներ-մեխանիկի որակավորում: Ունեցածս գիտելիքներն օգտագործելով, կարելի է ասել, զրոյից արտադրություն եմ հիմնել: Ողջ սարքավորումների տեղադրումը ինքս եմ մշակել, ինչպես նաև` տեխնոլոգիական հոսքը: Մշակել եմ այնպես, որպեսզի ապահովվի կաթնամթերքի որակը: Ի՞նչ է նշանակում` անորակ սնունդ: Ինձ համար այդպիսի հասկացողություն գոյություն չունի: Եթե պիտի սնվես, ապա սնունդը պետք է որակյալ լինի: Խորհրդային տարիներին կար տեսակավորում, որն անընդունելի եմ համարում: Պետք է միայն մեկ տեսակ լինի, այն էլ` որակյալ: Երբեմն արտադրությունում շեղումներ են լինում, օրինակ` հոսանքի տատանումներ, պայմանների հանկարծակի փոփոխություններ, ասենք, կաթի կամ թթվասերի թթվությունն է բարձրանում: Ես դա այնքան էլ հակված չեմ վատ սննդամթերք կոչելու: Այն իր օրգանոլեպտիկ հատկությունը պահպանում է, պարզապես` մի փոքր թթու է, նորմայից թեթևակի շեղված: Մենք անորակ արտադրանք շուկա չենք հանում: Անորակի դեպքում խոտանում ենք: Կարող է, ասենք, տեղափոխմամբ, եղանակային վիճակով պայմանավորված, ինչպես նաև առևտրի կետերում ոչ բավարար պայմանների առկայության դեպքում կաթնամթերքը որակապես տուժել, ինչը մեր մեղքը չէ: Մեր արտադրանքի վրա հեռախոսահամար կա, պատահում է, որ զանգում են և ասում, թե ձեր կաթը կտրվեց: Կաթնամթերքն, առհասարակ, պետք է պահվի +2-ից 6 աստիճան ցելսիուսի պայմաններում: Եթե խախտվում է այս կարևոր պայմանը, ապա, բնականաբար, պիտի կտրվի: Կաթի <<կյանքը>> ընդամենը 72 ժամ է: Այսօր թե՛ մեզ, թե՛ խանութների համար կա մի խնդիր` առանց զգուշացման հոսանքազրկում են, ինչի հետևանքը պարզ է: Այսօր կաթնամթերքի արտադրության շատ ընկերություններ կան, որոնք բավականին լավորակ արտադրանք են տալիս: Մրցունակ են: Մեր խնդիրը մրցակցությունից դուրս չմնալն է, մեր տեղը պահպանելը: Համաժողովրդական քվեարկության արդյունքում արժանացել ենք <<Ավանդույթների լավագույն պահապան>> անվանակարգում հաղթողի կոչմանը` Համազգային վստահության խորհրդի անցկացրած <<Տարվա լավագույն հանրային ծառայող>> և <<Տարվա լավագույն ապրանքանիշ-2012>> ազգային մրցանակաբաշխության ժամանակ: 
-Որակ ապահովելու համար, անշուշտ, մեծ դերակատարում ունեն մարդու, արտադրողի էությունը, հոգեբանությունը, մտածողությունը և այլ հատկանիշներ, այնպես չէ՞: 
-Իհարկե: Դա մեզ համար ամենօրյա աշխատանք է` անձնակազմին պատրաստում ենք և՛ գիտելիքներով, և՛ հոգեբանորեն: Վերևից կամ միայնակ դա հնարավոր չէ, հատկապես եթե խոսքը մաքրությանն ու հիգիենային է վերաբերում: Մաքրությունն ապահովելու դեպքում որակն արդեն իսկ տեղն է: Կաթնամթերքի արդյունաբերության ոլորտի աշխատողի կուլտուրան բարձր է: Երբևէ չենք անտեսում այն փաստը, որ մեր արտադրանքից օգտվում են նաև երեխաներն ու տարեց մարդիկ, ում օրգանիզմը համեմատաբար թույլ է: Անգամ փոքր սխալի դեպքում հետևանքը զգացնել կտա: Աշխատանքային բոլոր անհրաժեշտ պայմաններն ապահովում ենք, պահանջները խստիվ պահպանում: Արտադրական ցանկացած գործընթաց հիգիենայի կանոնների պահպանմամբ է ուղեկցվում: Արտադրում ենք պաստերիզացված կաթ, մածուն, թթվասեր, կաթնաշոռ: Պանիր էլ էինք արտադրում, բայց քանի որ կաթի գինը շատ բարձր է, առայժմ հրաժարվել ենք դրանից: Միայն նրանց է ձեռնտու պանիր արտադրել, ովքեր կաթը ցածր գնով են ձեռք բերում: Արդեն 4 տարի է` նաև պաղպաղակ ենք արտադրում: 
-Ի՞նչն է պատճառը, որ կաթի ձեռք բերումը թանկ է նստում ձեզ վրա:
-Մենք Երևան քաղաքի շրջակայքում ենք, մեզանում կաթի արժեքը բարձր է: Տատանվում է 120-180 դրամի սահմաններում: Ձեռք ենք բերում Գեղաշեն համայնքից: Պայմանագրեր ունենք կնքած տեղի ֆերմերների հետ` բերում, հանձնում են: Գեղաշենը պատահական ընտրված չէ, քանի որ և՛ մոտիկ է մեզ, և՛ նրանց արոտավայրերն են ալպյան, խոտհարքերը` որակյալ կեր ապահովող: Արդյունքում, հասկանալի է, կաթն էլ որակյալ է ստացվում: Մենք նախապես օգնում ենք տվյալ ֆերմերներին, նրանց համար բավարար պայմաններ ստեղծում, մեր հերթին նպաստում, որպեսզի արտադրվող կաթը հնարավորինս բարձրակարգ լինի: Ամենակարևորը` ապահովի պահանջվող մաքրությունը: Հանձնվող կաթը համապատասխանում է բոլոր պահանջվող չափորոշիչներին: 
-Ինչպե՞ս հասկանալ` ֆերմերների համար բավարար պայմաններ ենք ստեղծում…
-Ժամանակին կարողացել ենք գումար հատկացնել նրանց` բարելավելու, կարգավորելու գոմային տարածքները, շենքային պայմանները: Համապատասխան միջոցներ ենք տրամադրում` ախտահանելու գոմային տարածքները, վարակազերծման միջոցառումներ իրականացնելու: Օգնում ենք տարբեր նյութերով, անհրաժեշտ միջոցներով: Հնարավորություն ենք ստեղծել նրանց համար, որպեսզի տեղում ստուգեն կաթի որակական հատկությունները, տրամադրել ենք էլեկտրոնային կշեռքներ: Որակյալ կաթ ձեռք բերելով, որակյալ էլ կաթնամթերք ենք արտադրում ու առաջարկում մեր սպառողին: Մեծ է ցանկությունս` արտադրելու <<Առողջ մածուն>> /ըմպելի մածուն/ տեսականի: Մնում է մերանը ձեռք բերենք և առաջիիկայում սկսենք դրա արտադրությունը: Մածունի այս տեսակը շատ լավ է անդրադառնում աղեստամոքսային տրակտի վրա, ստամոքսի խանգարման դեպքում մաքրում է, կարգավորում փորկապությունը և այլն:
-Որպես սննդի երկարամյա, փորձառու մասնագետ ու արտադրող, ի՞նչն եք առաջնահերթ կարևորում Ձեր գործում և ո՞րն եք համարում Ձեր կյանքի ձեռքբերումը: 
-Նախ պետք է հաստատակամ լինել, կամքով ուժեղ, հետևողական, մաքրասեր ու ազնիվ: Սուտ չպետք է լինի, խոսքիդ տերը պետք է լինես: Աշխատակիցներին միշտ լավը տրամադրել, ոգևորել, ճիշտ վերաբերմունք ու մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուրի նկատմամբ: Միայն այս դեպքում ցանկալի արդյունքի կհասնես, արտադրանքն էլ բարձրակարգ կլինի: Ամենամեծ ձեռքբերումն ընտանիքս է: Շատ կարևոր է, թե ինչ ընտանիքից է մարդը սերվում: Ծնողներս կրթություն չեն ունցել, աստվածապաշտ մարդիկ էին: Ինձ դաստիարակել են ազնվության, խղճի, առաքինության օրենքներով: Դաստիարակել են որպես մարդու: 
-Նման դաստիարակություն ստացած մարդն, ինչ խոսք, արժանի ու լավ ընկեր կարող է լինել, այդպես չէ՞:   
-Ես ընկերության արդյունք եմ: Տարիքի հետ ավելի զգայուն, զգացմունքային ես դառնում, կորուստներն էլ, ցավոք, ավելի են շատանում: Երբ մի անգամ Ալլա Պուգաչովային հարցրին, թե ինչի՞ց ես վախենում, պատասխանեց` ծերությունից: Իրոք, ծերությունից պիտի վախենալ, որովհետև կորուստներն աչքիդ առաջ են: Հիմա կարող եմ ասել, որ արդեն համարյա ընկեր չունեմ… Սիսիանում մանկության ընկերներով 12-ն էինք: Գնում էինք Որոտան գետում լողանալու: Մի մեծ քար կար. պառկում էինք վրան ու ընկնում երազանքների գիրկը: Արկածային գրականություն շատ էինք կարդում, տարվում ֆանտազիաներով: Այդպես էլ ապրում էինք` չմտածելով անգամ, որ տասնամյակներ հետո այդ ամենն իրականություն է դառնալու: Իմ ընկերն է <<Հայհաստոց>> գործարանի տնօրեն ժիրիկ Դոլուխանյանը: Ընկերություն եմ անում Շչորս Դավթյանի հետ, ընկերս էր նաև նրա եղբայրը` Բեսլանտը, որ, ցավոք, կենդանի չէ: Ընկերս է ֆիզիկոս Ռոբերտ Այվազյանը: Ցավում եմ, որ մեր ընկերներից մեզ հետ չէ այսօր Ավետիսյան Յուրան, որ տնտեսագետ էր: Աստիճանաբար շուրջս դատարկվում է, ինչը ցավ է պատճառում ինձ: Առանց ընկերության հնարավոր չէ որևիցե քայլ կատարել: Ընկերությունը շատ մեծ դեր է ունեցել իմ կյանքում: Երբ սկսել էի <<Չանախի>> հիմնադրման առաջին քայլերը, ընկերներս ոգևորում էին ինձ, մեծապես կարևորում ձեռնարկումս` հուսալով ու հավատալով, որ երեխաներն այդպիսով բարձր կարգի կաթնամթերքից օգտվելու հնարավորություն կունենան… Ընկեր ընտրելիս կարևորել եմ ազնվությունն ու նվիրվածությունը: Միշտ նվիրված եմ եղել` նույնն ակնկալելով դիմացինից: Պետք է սուտը բացառվի: Վատ բան է նաև թիկունքից բամբասելը: Ընկերության մեջ պետք է զուլալ ջրի նման բացարձակ մաքրություն լինի: Զգույշ պետք է լինել` չկորցնելու ընկերոջը: Բամբասելու, ստախոսության, անիրավության, անհարգալից վերաբերմունքի, ինքնասիրությունը վիրավորելու դեպքում կկորցնես ընկերոջը: Առիթ, պատճառ չպիտի տաս, որ քեզ անպատվեն, վիրավորեն. ամեն ինչ փոխադարձ է` և՛ լավը, և՛ վատը: Նեղ օրվան պետք է պարտադիր հասնել, եթե անգամ նեղացածություն կա: Եթե ամենածանր պահին չհասնես, ձեռք չմեկնես, չօգնես, ինչ ընկերության մասին է խոսքը: Մարդը պետք է ուշադիր լինի, չարհամարհի, մեծամիտ չլինի: Բացասականը միշտ էլ վատ է անդրադառնում: Անուշադրության դեպքում անգամ հարազատ արյունակցիդ կկորցնես… Մանկուց շատ ակտիվ ու ընկերասեր եմ եղել: Շարունակ ընկերներիս հետ էի, ինչը տանեցիների արդարացի դժգոհությունն էր առաջացնում: Ընկերներից բաժանվել չէի կարողանում: Միշտ իրար կողքի ենք եղել և իրար չենք դավաճանել: Հետո էլ չկտրվեցինք, անհրաժեշտության դեպքում միմյանց օգնում էինք: Շատ մտերիմ ենք եղել, և այդ մտերմությունը շարունակվել է մինչև խորը ծերություն: Ոչ մի խոչընդոտ չի խանգարել մեր ընկերությանը, ընկերությունը միշտ հաղթել է…
-Ինչո՞ւ է մարդը ձգտում ընկերության:
-Միայնակ մարդը մի՞թե մարդ է… Չի էլ լինում այդպես, մենակությունը շատ վատ բան է: Կիսվում ես, թեթևանում, խորհրդակցում, հոգիդ հարստացնում: Ուրախությունը կամ դժբախտությունը միայնակ տանել հնարավոր չէ: Առաջնահերթ մարդը պետք է մարդ լինի: Անկեղծ ասած, տրամադրված չէի հարցազրույցի, բայց անկախ ամեն ինչից ստացվեց: Սիրտս, հոգիս բացվեց, հազվադեպ է լինում, որ այսքան տրամադրող լինի զրույցը: Բոլորովին նպատակ չունեի, բայց… Ընկերը, ընկերությունը սրբություններ են, և չես կարող չտարվել հաճելի ու սրտամոտ զգացումներով, հիշողություններով: Թանկ է այն ամենը, ինչ առնչվում է ընկերությանը. նրանում ամեն, ամեն ինչ կա, կա մարդը` իր լավագույն հատկանիշներով, իր ամենանուրբ ու նվիրական զգացումներով: Շնորհակալ եմ այս հարցազրույցի համար: Փառք նրան, ով կարողանում է ընկերությունը պահպանել: Առանց ընկերության, իրոք, կյանքը ոչինչ է: Տեսեք, մեր ձեռնարկությունն էլ է կոչվում ընկերություն: Ընկերությունը պարտադրված չէ, ինչ-որ բան էլ ակնկալել պետք չէ: Ասում են` լավություն արա, գցի ջուրը. այդպես էլ ընկերությունն է: Ընկերների շատ եմ ձեռք բերել աշխատանքիս ընթացքում: Նրանցից է <<Օվալ>> ընկերության հիմնադիր Վարուժ Խալաթյանը, ում հետ արդյունավետ համագործակցում ենք: Բացի լավ արտադրող լինելուց, նաև լավ ընկեր է` հարգանքով, նվիրումով, իր ճիշտ մոտեցումով: Ընտանիքներով ենք ընկերություն անում: Այդ ընկերությունն իր հերթին լուրջ խթան է` բարձր պահելու մեր արտադրանքի վարկն ու հեղինակությունը: Արտադրությունը ընկերս` Արկադի Ղուկասյանն է ղեկավարում, փոխտնօրենն է: Նա, այսպես ասած, որակի պատասխանատուն է, կարողանում է աշխատողներին տրամադրել դեպի լավը, նրանց նկատմամբ  շատ ջերմ ու նրբանկատ է: Ոչ ոքի չի նեղացնի, սխալի դեպքում ճիշտ ճանապարհը ցույց կտա: Շատ բարի մարդ է: Մերը բարությունն է, մենք չարության հետ գործ չունենք: Մարդուն ծառայել, պիտանի լինել` անկախ այն բանից, ով ես, ինչ պաշտոն ես զբաղեցնում. այս է մեր հավատամքը: Ղուկասյանը բարության տիպար է: 35 տարի իրար գիտենք, որևիցե հարցում իրարից նեղացած չկանք` իրար օգնելուց բացի: Ես ուրախ եմ մեր ընկերության համար, ընկերություն, որ գալիս է ուսանողական տարիներից…
***
   Զրուցեցինք նաև Արկադի Ղուկասյանի հետ, ով մասնավորապես ասաց. <<Ընդհանրապես, ընկերությունը բաժանվում է մի քանի մասի. մանկության, ուսանողական, բանակային, աշխատանքային: Մանկության ու պատանեկության ընկերությունը մնում է հավերժ և հիշվում է միշտ: Ցանկացած նման հանդիպում մեզ տեղափոխում է մանկության տարիները, որ աննման ու անգին են: Նույնը` նաև ուսանողականը: Ահա այդ լավագույն տարիները մենք Ղուկաս Բունիաթյանի հետ անցկացրել ենք պոլիտեխնիկական ինստիտուտում: Միշտ ջերմ ընկերություն է եղել, ինչն էլ բերեց նրան, որ այսօր միասին ենք աշխատում: Բունիաթյանի մասին միայն գովելի խոսքեր կարող եմ ասել: Չափազանց ազնիվ է, շատ աշխատասեր: Իր այդ և մյուս հատկանիշների շնորհիվ կարողացել է լավ կոլեկտիվ ստեղծել: Փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտ կա: Լավ ընտանիք ունի, երեխաներ, թոռներ, հրաշալի կին: Իր ուժերով զրոյից կարգին գործարան է կառուցել: Մեր ընկերության կապողը նվիրվածությունն է, վստահությունը: Փոխըմբռնման միջոցով կարողանում ենք լավագույնս օգտագործել մեր հնարավորությունները և ցանկալի արդյունքի հասնել: Ազնվությունը, մարդամոտությունը, ուրիշին օգնելու ձգտումն են մեզ երկուսիս միացրել: Հազարավոր մարդկանց է Բունիաթյանը օգնության ձեռք մեկնում: Ջանում է, որ շրջապատի մարդիկ, գործընկերները լավ ապրեն: Միասին մեծ ճանապարհ ենք անցել…>>:
 <<Ընկեր>>-ական հավելում.- <<Չանախ>> ընկերությունն ունի պատշաճ սանիտարահիգիենիկ և արտադրատեխնիկական պայմաններ, հագեցած է ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով, համալրված է հմուտ մասնագետներով, ինչի արդյունքում թողարկում է բարձրակարգ կաթնամթերք: Ժամանակի ընթացքում հսկայական ներդրումներ է անում` առավել զարգացնելու արտադրական գործընթացները, կատարելագործելու արտադրատեսականու որակը, ավելացնելու աշխատատեղերի քանակը: Ընկերության արտադրանքի հաջողության կարևոր գրավականը բնական հումքն է, ինչը և ամենակարևոր կռվանն է այսօր շուկայական մրցակցությունում: Սպառողը լավ գիտի <<Չանախի>> արտադրանքը, վստահում է նրան և արժանիորեն գնահատում…       
SHARE