Սպորտը հայրենասիրություն է

0
20

Որ նաև համախմբում է մարդկանց և ընկերների համար լավ դարբնոց դառնում…

Հուշամրցաշար

watermarked_sport

   Նոյեմբերի 19-22-ին կայացավ բռնցքամարտի երախտավոր Վաչիկ Մկրտչյանի անվան բռնցքամարտի ութերորդ մրցաշարը, որն այս անգամ նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ավանդույթի համաձայն, այն սկսվեց Վաչիկի գերեզմանին այցելությամբ: Նախաձեռնությունը կրկին Արամայիս Մարտիրոսյանինն էր` ընկերներով հանդերձ:

-Մրցաշարն ամեն տարի,- նշեց Արամայիսի ընկերներից Մխիթար Արոյանը,- կարելի է ասել, իր առանձնահատկությունն ունի, սակայն ամենակարևորն այն է, որ գնալով մասնակիցների թիվն է մեծանում, ինչն, անշուշտ, խոսում է միջոցառման երկարակեցության մասին: Մրցաշարն, ինչ խոսք, կարևոր է թե° մարզական, թե° հայրենասիրական, թե° մարդկային և թե՞ զուտ ընկերական առումներով: Այս անգամ հաղթողներից կազմված հավաքականը մասնակցելու է Եվրոպայի, աշխարհի առաջնություններին: Կուզեի առանձնակի նշել ընկերականության պահը, քանի որ ընկերների դերն այս ամենում շատ մեծ է` համախմբման, մարզաձևի զարգացման, շփումների ու հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից: Այս օրինակը նաև վարակիչ է` նոր ու բարի ձեռնարկումների, խրախուսելի քայլերի իրականացման համար: Միջոցառումը կազմակերպելը Արամայիսի համար յուրօրինակ լիցքավորում ստանալու պես մի բան է: Օգտակարը զուգորդվում է հաճելիի հետ, էլ չեմ ասում պարտքի ու պատասխանատվության մասին: Մեկս մյուսով ուժեղ ու զորեղ ենք դառնում, և գալիս է այնպիսի պահ, երբ առանց իրար չենք պատկերացնում մեզ: Կյանքն ինքը մաղ է: Շատ մարդիկ են գալիս ու գնում, կյանքը տեսակավորում է կատարում, և միևնույն մտածելակերպի ու հայացքների տեր մարդիկ գտնում են իրար ու մնում միմյանց հետ: Որքան փորձություն, այնքան ավելի մեծ   հնարավորություն` առավել ճանաչելու կողքինիդ…

-Ընկերներով ահա արդեն 8-րդ տարին է,- ասաց մրցաշարի կազմակերպիչ-հովանավոր, ՌԴ արդարադատության գեներալ-մայոր Արամայիս Մարտիրոսյանը,- անցկացնում ենք այս մրցաշարը: Այս տարի մասնակցում են 18-ից բարձր տարիքային խմբերի բռնցքամարտիկները: Բոլորն էլ, կարելի է ասել, արդեն  անհամբերությամբ են սպասում մրցաշարին, քանզի այն շատ առումներով է հոգեհարազատ դարձել մեզ համար: Մարզական լավ ստուգատես լինելուց զատ, ընկերներին է իրար գլխի հավաքում, տարիների կարոտը միմյանցից առնում ենք: Մրցաշարը բոլորիս միացնում, միավորում է…

<<Զորավար Անդրանիկ>> ջոկատի հրամանատար Ավետիս Գրիգորյանը ևս, բարձր գնահատելով ընկերոջ` Ա. Մարտիրոսյանի նվիրումն ու նախանձախնդրությունը,  ընդգծեց մրցաշարի անցկացման մեծ կարևորությունը. <<Արամայիսը մեծատառով ընկեր է, բոլորի սիրելին: Ժամանակին զբաղվելով այս մարզաձևով, չի մոռացել մարզիչներին ու մարզիկներին, ինչպես նաև, իհարկե, ընկերներին և այսօր իր հնարավորությունները ներդնում է բռնցքամարտը զարգացնելու գործում: Ընդ որում` ապրելով և գործելով Սանկտ-Պետերբուրգում: Նա բոլորիս պարծանքն է, հպարտությունը: Բռնցքամարտով զբաղվելու տարիներին մի ընտանիքի պես ենք եղել: Սպորտը մեծ դաստիարակություն է, սպորտը կոփում է, դարձնում տղամարդ` մարդուն օժտելով լավագույն հատկանիշներով: Սպորտը նաև հայրենասիրություն է: Մեր բռնցքամարտիկներից շատերը մասնակցել են Արցախյան ազատամարտին: Նրանցից մեկն էլ Վաչիկ Մկրտչյանն էր` հրաշալի մարդ, հերոս ազատամարտիկ…>>: