Ստեղծելու, արարելու զգացումը

0
77

Առանձնակի հաճույք ու հոգեկան բավարարվածություն է, մի ուրիշ վայելք ու ուրախություն…

Արտադրություն

watermarked_Armplast Vardan Hayrapetyan

  <<Արմպլաստ>> ՓԲԸ հիմնադիր Վարդան Հայրապետյանի հետ հարցազրույցը պատահական չէր: Անձամբ ճանաչելու, հանդիպելու ցանկությունը մեծ էր, քանզի լսել էինք նրա և՛ լավ մարդ, և՛ լավ ղեկավար լինելու մասին: Ասենք, որ մեր հանդիպման առաջին իսկ պահից տեսանք և զգացինք դա: Համոզվեցինք, որ Վարդանն իսկապես կարգին ընկեր է, լավ ու բարի անձնավորություն, իսկական մարդ կոչվելու արժանի անհատ…
Ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին, ասաց պարոն Հայրապետյանը: Արտադրությունն ամբողջությամբ պլաստիկական է, հիմնականում` գազի, ջրի, կոյուղու խողովակներ, պատուհանի պրոֆիլներ, դռներ: Սկսել ենք մեկ հոսքագծով, այսօր արդեն յոթն ունենք: Մեր հիմնական պատվիրատուները հանրապետության խոշորագույն հիմնարկձեռնարկություններ են` <<Զվարթնոց>> օդանավակայանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, <<Հայջրմուղկոյուղին>>, <<Երևան ջուրը>> և այլն: Սպառման ներքին շուկա ևս ունենք` առանձին խանութների, իրացնողների հետ աշխատելով: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին հասկանալ, որ պլաստիկական խողովակներն ավելի ձեռնտու ու հարմար են կենցաղում օգտագործելու համար: Ե՛վ մատչելի են, և՛ պիտանի երկարաժամկետ պահպանության համար: Եթե սկզբում հումքը ներմուծում էինք միայն Իրանից, ապա հետագայում սկսեցինք նաև ԱՄՆի և Եվրոպայի մատակարարների հետ համագործակցել: Մտադիր ենք արդեն նաև ռուսաստանցի արտադրողների հետ աշխատել: Այս ամեն արտադրությունն, իհարկե, հեշտությամբ չի տրվել մեզ: Դժվարություններ, խոչընդոտներ շատ են եղել, որոնք հաղթահարել ենք մեր համառ ու նպատակասլաց աշխատանքով: Այսօր էլ խնդիրներն անպակաս են, քանի որ արտադրությունն առանց դրանց, թերևս, դժվար է պատկերացնել: Պատահական չէ, որ ոմանք նախընտրում են առևտուրը, որն արագ եկամուտ ստանալու, հարստանալու միջոց է: Արտադրությունը մեծ ներդրումներ, ծանր ու երկարատև աշխատանք է պահանջում, համառություն ու համբերատարություն: Արտադրողի հոգեբանությունն ու մտածողությունն էլ այլ են: Ինքս առանձնակի հաճույք, հոգեկան բավարարվածություն եմ ստանում արտադրությունից: Մանավանդ, երբ նոր արտադրանք ենք թողարկում, նոր նախագիծ կյանքի կոչում: Ստեղծելը, արարելը մի անբացատրելի զգացում են ծնում, մի ուրիշ վայելք ու ուրախություն են: Պիտի սիրես քո գործը, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի: Ես իմ այդ սերը հաճույքով փոխանցում եմ աշխատողներիս: Նրանց նկատմամբ իմ վերաբերմունքի հիմքում վճռորոշը մարդկային գործոնն է: Կարծում եմ, այս մոտեցումն ընկալելի է եթե ոչ բոլորի, ապա գոնե մեծամասնության պարագայում: Կոլեկտիվի կորիզը հիմնականում պահպանվել է, ինչը խոսում է այն մասին, որ փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտն ինչպես եղել, այնպես էլ մինչև օրս պահպանվել է: Աշխատակիցներիս ավելի շուտ որպես ընկերոջ եմ վերաբերվում: Բոլորն էլ ընկերներս են: Նրանց խնդիրներին, հոգս ու ցավին լավատեղյակ եմ, քանի որ մի ընտանիքի պես ենք: Բնականաբար, անհրաժեշտության դեպքում իմ օգնությունն եմ ցուցաբերում, աջակցում հնարավոր ամեն ինչով: Ե՛վ ֆինանսապես, և՛ բարոյապես կանգնած եմ նրանցից յուրաքանչյուրի կողքին: Նման վերաբերմունքը, կամա թե ակամա, փոխհատուցվում է` և՛ սրտացավ աշխատանքով, և՛ հոգատարությամբ ու նվիրվածությամբ: Հայրս արհեստավոր է եղել /այսօր արդեն 76 տարեկան է/, և դրա համար էլ ես լավ եմ հասկանում բանվոր, աշխատավոր մարդուն: Գիտեմ, թե ինչ են աշխատանքը, քրտինքն ու չարչարանքը: Պատանի հասակից հորս օգնել եմ իր գործում, աշխատել նրա հետ: Նրանից շատ հրաշալի հատկանիշներ եմ ժառանգել: Մեզ` 5 երեխայիս էլ, մեր ծնողները բարձրագույն ուսման են տվել, տեղը տեղին հոգացել մեր մասին: Հեշտ չի եղել, հատկապես` այն տարիներին, բայց անձնվիրումը, պատվախնդրությունը նրանց մեջ ամեն ինչից վեր ու բարձր են եղել: Փողը, նյութականը գլխավոր ու առաջնային չեն եղել նրանց համար: Նրանք մեզ ավելին են տվել, մեզ մա՛րդ են դաստիարակել… Մարդիկ ստեղծվել են նրա համար, որ իրենց սիրեն, իսկ իրերը ստեղծվել են, որպեսզի դրանք օգտագործվեն: Աշխարհը քաոսի մեջ է, որովհետև ամեն ինչ հակառակն է… Որդիս` Մարտունը /հորս անունն է կրում/, 15 տարեկան է, նրա հետ էլ եմ ընկերություն անում: Իսկ եթե ընկեր ես, ուրեմն տեղյակ ես նրա ամեն քայլին, գիտես անգամ նրա նվիրական գաղտնիքների մասին: Իմանալով, կարող ես անհրաժեշտության դեպքում նրա կողքին լինել, դժվար պահերին օգնել, խորհուրդներ տալ: Վստահում եմ ընկերոջ պես, շատ հարցերում վերաբերվում` ինչպես հավասարը հավասարին: Ըստ իս, մարդու համար առաջին տեղում ընտանիքը պիտի լինի, ապա ընկերությունը: Ապրում եմ Մերձավան գյուղում: Եթե այստեղ ապրողներից մեկնումեկն, ասենք, իմ ընկերը չէ, ապա հաստատ թշնամիս էլ չէ: Բոլորն էլ հարազատ են…
Մերձավանում, ի դեպ, միայն լավ ու գովասանքի խոսքեր լսեցինք Վարդան Հայրապետյանի հասցեին: Նշեցին, որ ոչ միայն իր աշխատողներին է թև ու թիկունք, այլև անշահախնդիր օգնում է համագյուղացիներին, ողջ գյուղին: Բարի համբավն ու հեղինակությունը վկայում են նրա մարդկային օժտվածության ու բարձր հատկանիշների մասին: armplast
– Ինչպիսի առիթ էլ լինի, հաստատեց նա, պատրաստակամ եմ օգնելու: Շատերին եմ ձեռք մեկնել: Եթե մարդը նեղության մեջ է և ակնկալում է քո աջակցությունը, ապա նրան պիտի հուսախաբ չանել: Չլիներ կարիքը, ապա չէր դիմի, ունենար որևէ ճար, հնարավորություն, քո դուռը չէր գա: Լավ օրից չէ այս ամենը, պիտի հասկանալ, պիտի մեծահոգի ու շռայլ լինել: Եթե կարող ես` օգնի՛ր, իսկ եթե չես կարող, ապա գոնե մի՛ վնասիր: Մեր կյանքի նպատակը երջանկանալն է և շրջապատի մարդկանց երջանիկ տեսնելը: Աստվածապաշտ եմ: Ծնված օրիցս գիտեմ, որ մեջքիս Աստված կանգնած է: Վարդան զորավարի, որ սրբերի շարքն է դասված, անունն եմ կրում: Յուրաքանչյուր մարդ իր անվանը տեր պիտի լինի, հավատարիմ մնա իր կոչմանը…Vahe-2015
 – Ո՞վ կարող է լինել Վարդան Հայրապետյանի ընկերը…
– Եթե մարդը բարի, ազնիվ ու անկեղծ չէ, ապա նա ընկեր չի կարող լինել: Ով ուզում է լինի, ինչպիսի դիրք ու պաշտոն էլ ունենա: Նախանձ մարդը երբեք իմ ընկերը չի լինի: Չեմ հանդուրժում սուտը, կեղծիքը: Այսօր լավ ընկեր քիչ կա: Առհասարակ, լավ մարդկանց թիվն է քիչ: Եթե լավ մարդ չես, ապա չես կարող լավ աշխատավոր լինել, լավ արհեստավոր լինել, լավ ղեկավար լինել… Ցանկացած պարագայում լավ մարդ լինելը պարտադիր պայման է: Առաջին հերթին պիտի մարդ լինել, ապա` մասնագետ կամ չգիտեմ էլ ինչ: Ես իմ ազգին շատ եմ սիրում, բայց չեմ կարողանում հասկանալ, թե որտեղից այդքան չարություն ու նախանձություն նրա մեջ: Մարդկանց դեմքերին ժպիտ չես տեսնում, շուրջբոլորդ, ասես, միայն դառնություն է: Ճիշտ է, մեր ընդհանուր սոցիալական վիճակն այնքան էլ լավ չէ այսօր, բայց ունեցողն էլ է դժգոհ ու չարացած, թերևս` ավելի շատ: Քեզ շրջապատող աշխարհից միայն բացասական լիցքեր ես ստանում: Պահպանենք կյանքի նկատմամբ դրական վերաբերմունքը, քանի որ կարելի է երջանիկ լինել նույնիսկ անբարենպաստ պայմաններում: Դժգոհելու փոխարեն ավելի լավ է մտածենք մեր օրը հետաքրքիր, իմաստալից դարձնելու մասին: Ուրախանանք ամեն բացվող օրվա հետ, աշխատենք, ստեղծենք ու կառուցենք… Եթե ընկերս սխալ է թույլ տվել, ապա չեմ կարող իմ վերաբերմունքը չարտահայտել, լուռ մնալ, պիտի ասեմ, պիտի ճիշտը չթաքցնեմ: Ջայլամի կեցվածք ընդունել չեմ կարող: Ընկերոջս վատ քայլից ես ինձ երբեք լավ չեմ զգա: Ընկերոջս դավաճանել ի վիճակի չեմ: Ընկերություն և՛ ձեռք բերելը, և՛ պահպանելը շատ դժվար է: Ամեն պատահածի ընկեր չես համարի: Ընկերության համար ժամանակ է պետք: Ամեն ընկեր յուրահատուկ վերաբերմունք է պահանջում: Ընկերասիրությունը գեներով է գալիս ու փոխանցվում: Ընկերը, ընկերությունն ուրախություն են: Ընկերական փոխհարաբերություններ կարող են տարբեր իրավիճակներում ստեղծվել, բայց իսկական ընկերությունն ուրիշ հասկացողություն է: Առանց ընկերոջ, մենակ հաց չես ուտի: Մանկուց դրան եմ սովորել: Իմ ընկերությունն անշահախնդիր է: Կապ չունի` պատգամավոր է ընկերդ, թե բանվոր, միևնույն վերաբերմունքը պահպանվում է: Հալալ ընկերություն ունեմ, տան, օջախի ընկերներ: Անցյալը չպիտի անտեսել: Ժամանակը մեզ կարող է հասունացնել, իմաստացնել, բայց մեզ փոխել, մեր հայացքները, մոտեցումները չի կարող փոխել: Լավը լավ է մնում, վատը` վատ: Տղամարդը պարտավոր է ճիշտը հարգել ու գնահատել: Տղամարդուն վայել պիտի ապրել, կյանքի փորձություններն անցնել: Շատ բան ենք տեսնում մեր կյանքում` և՛ լավը, և՛ վատը, բայց չպիտի կոտրվենք պատահած դժվարություններից: Ամենակարևորը` հստակ նպատակներ ունենալ և գնալ դրանց իրականացման ճանապարհով: Նպատակներ, որոնք աշխատանքի, արարման ու բարի գործերի են հետամուտ: Ընտանիք, երեխաներ, գործ, ընկերներ, բարի անուն… Քո գործին, քո ասածին, քո ամեն ինչին տեր պիտի լինես: Պիտի քո երկիրը սիրես, որպեսզի քո երկիրն էլ քեզ սիրի: Դրսում գտնվող ընկերներիս հորդորում եմ վերադառնալ, գալ, հայրենի երկիրը շենացնել: Եթե բոլոր կարգին հայերն այստեղ լինեն, ապա Հայաստանը, հավատացած եմ, դրախտ կդառնա: Մենք մեր մեղավորությունից, մեր բաժին սխալից չպիտի հրաժարվենք: Պարտավորություն պիտի ունենանք հարգելու մեր երկրի, պետության խորհրդանիշներն ու սրբությունները: Պիտի անես, տաս, որպեսզի իրավունք ունենաս պահանջելու, դժգոհելու: Մեր դռան աղբն անգամ հաճախ չենք մաքրում, բայց երկրի նախագահից չգիտես ինչեր ենք պահանջում: Երկիրդ, հայրենի տունդ պիտի սիրես, ավելի շատ տաս, քան թե ակնկալես: Վատ ապրելն, արդյոք, չարությամբ լցվելու պատճա՞ռ պիտի դառնա… Գոնե լավ է, ըստ իս, որ այսօր ավելի լավ սերունդ է մեծանում: Ավելի խելացի, ավելի գրագետ ու զարգացած: Ցանկությունս է, որ լավը, դրականն ավելանան, մարդը երբեք իր բարձրությունից չիջնի, չնսեմանա: Համենայնդեպս, համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Մեր ազգը իրավունք չունի վատ ապրելու: Համախմբվենք ազգովի, միասնական լինենք…
Հանդիպեցինք նաև <<Արմպլաստի>> աշխատակիցների հետ: Նրանք միաբերան հաստատեցին, որ Վարդան Հայրապետյանն իրենց համար նախ լավ ընկեր է, ապա ղեկավար: Ընկերության գլխավոր հաշվապահ Ռոման Հովհաննիսյանը, արտահայտելով գործընկերների կարծիքն ու ցանկությունը, ասաց. <<Եթե ինձ, ասենք, 5 միլիոն դրամ աշխատավարձ տան, բայց ղեկավարը լավը չլինի, հաստատ չեմ աշխատի: Պարոն Հայրապետյանի վերաբերմունքի, լավ մարդ լինելու արդյունքում մի ընտանիք ենք արդեն դարձել: Աշխատում, գործում ենք մի ընտանիքի պես: Նրա մեջ գնահատելին մարդ լինելն է: Դժվար է հիմա մարդ տեսակը գտնելը: Մտերմությունն այնքան ջերմ է, որ շատ հաճախ նրան անունով, այլ ոչ թե ազգանունով ենք դիմում: Աշխատողի նկատմամբ շատ սրտացավ վերաբերմունք ունի, մարդկանց վիճակի մեջ մտնում է, շատ խղճով է: Եթե շատ ձեռնարկություններում աշխատավարձ չեն վճարում կամ ուշացնում են, ապա մեզ մոտ կանխավճարով է: Անշահախնդիր օգնում է կարիքավորին, կանգնում խեղճի, ծանր դրության մեջ հայտնվածի կողքին: Մարդ ես, ասենք` սխալվեցիր, կհասկանա, քեզ ուղղվելու, սխալը շտկելու հնարավորություն կտա: Մինչև օրս ոչ մեկի չի ազատել աշխատանքից, ոչ մեկի չի նեղացրել: Շատ մարդկային ու ընկերասեր է: Ընկերական մեծ շրջապատի, հնարավորությունների տեր է, բայց երբևէ մեծամտություն կամ գոռոզություն չենք զգացել նրա կողմից: Տիրոջ վերաբերմունքով ենք բոլորս մոտենում մեր գործին, մեր պարտականությունների կատարմանը: Մեզ մոտ չկա բանվոր հասկացողությունը: Բոլորս էլ հավասար ենք: Ի սկզբանե այդպես է եղել…>>:
Վարդանն, իրոք, բանվորին ավելի լավ է վերաբերվում, ինչին ինքներս ականատես եղանք: Ինչպես ինքն է ասում` ուրիշ կերպ չի կարող լինել: Պիտի մարդուն մարդու տեղ դնես` բանվոր լինի, թե այլ աշխատող: Եթե այդպես չլինի, ապա նա սրտացավ չի լինի: Ինքը պիտի զգա, որ ուղղակի աշխատող չէ, որ իր գործը կարևոր է: Ճիշտ մոտեցում, մարդկային վերաբերմունք, ընկերական հոգածություն…
Պատահական չէ, որ բոլորն էլ` թե՛ աշխատակից, թե՛ համագյուղացի, իրենց խոսքում չթաքցրին, որ շատ են սիրում, գնահատում ու հարգում Վարդանին: Այդ սերն ու հարգանքը վերջինս վաստակել է մարդկային իր առաքինության և շրջապատի նկատմամբ դրսևորած վերաբերմունքի շնորհիվ: Վարդանը լավ օրինակ է շրջապատի, բոլորիս համար: <<Ընկերն>> էլ հպարտ է, որ Վարդանի պես անհատին ներկայացնում է իր էջերում, որ Վարդանի պես ընկերով է հարստանում…
Դառնալով արտադրության թեմային, պիտի ասենք, որ ընկերության նոր արտադրատեսակները հիմնականում ստեղծվում են զանազան ցուցահանդեսների մասնակցելու արդյունքում: Մասնակցում են Գերմանիայում, Իտալիայում, Չինաստանում, Թուրքիայում և այլուր անցկացվող ցուցահանդեսներին` հնարավորություն ունենալով ծանոթանալու նոր տեխնոլոգիաներին և միջազգային վերջին նորույթներին: Եթե այսօր ժամանակակից չափանիշներին համաքայլ չընթանաս, ապա հետ կմնաս և չես դիմանա շուկայական մրցակցությանը: Ժամանակի հետ պիտի կատարելագործել որակը, նոր տեխնոլոգիաներ կիրառել և սպառողին նախընտրելի ապրանք առաջարկել:
Միաժամանակ, այսօր մեծապես կարևորվում են բնապահպանական խնդիրները, ինչի ուղղությամբ ևս պիտի ժամանակին համաքայլ շարժվել: Անգամ մանրուք թվացող հարցերը պիտի հաշվի առնել, քանզի այսօրվա սպառողը խստապահանջ է: Գնային առումով ևս պիտի հետ չմնալ` որակի ապահովման հետ նաև մատչելի ապրանք առաջարկելով գնորդին: Այս ամենը հաշվի է առնվում <<Արմպլաստում>> և այս պահանջների ոգով էլ ընկերությունում առաջնորդվում են` ջանալով ամեն կերպ բարձր պահել հայրենական արտադրողի անունն ու հեղինակությունը…

Ռուզաննա ՄԱՆՈՒԿՅԱՆ