Ստեղծելու հետ մեկտեղ` նաև պահպանել

0
32
Զարգացում

  Ռաֆիկ Անդրեասյանը Ուրցաձոր համայնքը ղեկավարում է 1999 թվականից: Վատ ժառանգություն է ստացել, բոլոր կառույցները քայքայված վիճակում են եղել: Օգտագործելով ընկերական շրջապատը, հնարավոր այլ միջոցների դիմելով, փորձել է տարբեր ծրագրերով աշխատանքներ իրականացնել, ավերված շինությունների վերականգնման միջոցառումներ ձեռնարկել: 
 Տարիների ընթացքում կատարված աշխատանքների ծավալները շատ մեծ են եղել և մեծ գումարներ են ներդրվել: 10 անգամ համայնքի բյուջեն աճել է: Այդ բյուջեով սպասարկում են մանկապարտեզը` դեռևս 2002-ից: Ունեն բավարար պայմաններով բուժամբուլատորիա: Վերանորոգվել են դպրոցի պատուհանները, տանիքն է փոխվել, գույքն է ամբողջությամբ նորացվել, ձեռք են բերվել համակարգիչներ, առանձին ջեռուցում է անցկացվել: Նվազագույն պայմաններն ապահովված են` ուսումնական գործընթացը բնականոն կազմակերպելու համար: Այս գործում համայնքի միջոցներից են ներդրվել, իսկ մեծամասամբ օգնել է <<ՎիվաՍել ՄՏՍ>>-ի ղեկավար Ռալֆ Յիրիկյանը: 2004-ին համայնքում գազ է անցկացվել, գազաֆիկացումն այսօր հասնում է 70 տոկոսի: Մշակույթի տունը լիարժեք գործում է, 7 խմբակ կա, որտեղ ընդգրկված են երեխաները:
  -Երեխաների մեջ,- նշեց պարոն Անդրեասյանը,- փորձում ենք հանրային, հասարակական շահով առաջնորդվելու ոգի դաստիարակել, նրանց վարվելակերպի ճիշտ կանոններ ուսուցանել:  Առաջին հերթին կարևորում եմ ոչ միայն ստեղծելը, այլև այն պահպանելը: Ջանում ենք մարդկանց վերափոխել, որպեսզի ստեղծածը համատեղ պահպանենք: Վեդի գետը գյուղի միջով է անցնում, սելավատարների հետ կապված շատ մեծ վտանգ էր առաջացել, գյուղնախարարության հետ ստեղծեցինք ապապաշտպան շերտ: Մարդկանց հողամասերն այսօր պաշտպանված են սելավներից: Միջհամայնքային ճանապարհի մոտ 10 կմ-ը շատ վատ վիճակում էր: Այսօր այդ ճանապարհն ասֆալտապատված է Ասիական բանկի ծրագրով: ԱՆ ԾԻԳ-ի միջոցով, համայնքի ներդրմամբ, նոր բուժամբուլատորիա ենք կառուցել: Դիմել ենք վերադասին /ծրագրում ներառված է/` մոտակա ժամանակում վերանորոգելու մանկապարտեզը: ՀՀ նախագահի միջնորդությամբ, Սոցներդրումների հիմնադրամով, հիմնանորոգվել է մշակույթի տունը, ստեղծված են բոլոր բարձրակարգ պայմանները: Այստեղ էլ համայնքն իր ներդրումը կատարել է: Աշխատատեղեր են բացվել այս կառույցների գործունեության արդյունքում: Աշխատանքներ իրականացնելիս, անպայման հաշվի ենք առնում, որ բնակիչները տեղեկացված լինեն, թե իրենց տված գումարները նպատակային են օգտագործվում, թե ոչ: Հաշվի ենք առնում նաև նրանց կարծիքը աշխատանքների առաջնահերթությունը որոշելիս: Ինչ պահանջ որ դրվեց գյուղացիների կողմից, դա էլ պարտավոր ենք կատարել: Պատասխանատու ենք այդ աշխատանքները կատարելու համար: Պատասխանատվություն կրում են նաև բնակիչները` իրենց որոշումներով: Դիմել ենք մեր տարածքից ընտրված ԱԺ պատգամավորին` մարզի հրատապ հարցերի շրջանակում ընդգրկելու նաև գյուղի խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարի վերանորոգման խնդիրը: Գումարի ավելանալու դեպքում` ներքին ջրագծերի, որոնք քայքայված ու վթարային վիճակում են, վերանորոգման աշխատանքներ իրականացնել: Մտածում ենք զարգացման ծրագրերի մասին: Փորձում ենք ընտանեկան տուրիզմը զարգացնել տարածաշրջանում, ունենք պատմամշակութային տեսարժան վայրեր: Ստեղծել ենք նաև բնապահպանական կրթական կենտրոն, որն ապագա սերնդին հիմնականում ծանոթացնում է մեր բուսական ու կենդանական աշխարհին: Խոսրովի վարչական տարածքի 26 հազար հեկտարից մոտ 15 հազարը մտցված է համայնքի վարչական տարածքի մեջ: Համատեղ աշխատանքի արդյունքում հայտնաբերվեց հովազը, որի գոյության մասին մինչ այդ տարաբնույթ խոսակցություններ կային: 

   Տեսախցիկներով մի քանի անգամ նկարահանվեց և հաստատվեց մեր տարածաշրջանում այդ հազվագյուտ կենդանատեսակի գոյության մասին: Մեր երիտասարդ սերնդի մեջ սեր ենք ներարկում երկրի, գյուղի, բնության նկատմամբ: 
    Ունեն մարզահրապարակ, որը վերանորոգել, բավարար տեսքի են բերել: Հանգստի գոտի են ստեղծել, որտեղ կառուցելու են բացօթյա բեմ` համերգներ, տարբեր միջոցառումներ անցկացնելու համար: Մշակութային փառատոներ են կազմակերպել` ցուցադրելով երեխաների ձեռքի աշխատանքները: Մշակութային կյանքը Ուրցաձորում վերջին տարիներին զարթոնք է ապրում: Տարբեր խմբակներ են գործում: Այս աշխատանքներում, իհարկե, իրենց մասնակցությունն են ունեցել ընկերները:
  -Ընկեր ընտրելը,- շարունակեց համայնքի ղեկավարը,- ամենաարդար ընտրությունն է: Այսպիսի իմաստուն խոսք կա` եթե ընկերոջ տուն ես մտնում, ապա ոչ թե ոտքերդ մաքրիր, ներս մտիր, այլ հոգիդ մաքուր մտիր ընկերոջ օջախ: Դարդդ, ցավդ, հոգսդ նաև իրենը պիտի լինի: Ընկերություն անելիս, ինձ միշտ փորձում եմ ընկերոջ տեղը դնել: Պիտի ինչ-որ բան անպայման արած լինեմ, որպեսզի կարողանամ ինչ-որ բան էլ պահանջել: Ընկերներին պիտի նվիրվես անմնացորդ: Ընկերներով ձգտել ենք արարել, ստեղծել, ինչով էլ առաջնորդվել ենք մեր գիտակցական կյանքում: Ընկերներս կողքիս են եղել, փորձել են օգտակար լինել համայնքի զարգացման ծրագրերը կյանքի կոչելիս: Ընկերությունը նյութապաշտության մեջ չպետք է փնտրել: Ընկերությունը պահպանելու համար միմիայն մաքրություն է հարկավոր: Մենակ մարդը բանի պետք չէ… Ընկերությունը պահելն է դժվար: Ընկերը պիտի մատիցդ փուշ հանող լինի: Ընկերություն անելը յուրօրինակ գիտություն է: Ընկերությունը բերում է նորմալ կառուցողական հզորացման: Ընկերության դեպքում դառնում ես ստեղծող, արարող, կամեցող, չլինելու դեպքում` քանդող, ավերող: Ընկերությունն ամրացնելու համար ստեղծում են քավոր-սանիկական կապ, որպեսզի ընկերությունը սրբացվի: Ընկերությունն ինքնին սրբություն է: Գյուղում 86 տարեկան ընկեր ունեմ` Անդրանիկը: Երբ հյուրեր եմ ունենում, նրան անպայման հրավիրում եմ: Նա լավ օրինակ է` մարդկային, հումորով, նվիրված: Մի հարցով օգնեցի նրան, ինչի դիմաց նա այնքան բան արեց գյուղի համար, որ ես պարտական եմ զգում ինձ նրա հանդեպ: Երիտասարդի ավյունով մասնակցում է ամեն ինչի: Ինձ համար շատ գնահատելի ընկեր է: Ընկերոջ այն տեսակն է, որ քեզ միշտ պարտավորեցնում է ավելին անելու: Կողքիդ էլ չլինի, իր ներկայությունը միշտ զգում ես: Շատ լավ երևույթ է, երբ մաքուր, ջինջ ու զուլալ է: Ընկերներիցս են Սիսավանի, Լուսառատի համայնքապետերը: Պատգամավոր Գրիգորյանն է ընկերս, կանգնած է իմ, գյուղացիների կողքին, օգնում է բոլոր հարցերում: Միշտ պարտք եմ նաև այս ընկերոջս, իր արածն ավելին է…    
SHARE