Ստեղծել մնայուն, ոգեշնչող արժեքներ

0
47
Մեր հարցազրույցը հանրահայտ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն ԲԱԼՅԱՆԻ հետ
-Հարգարժան վարպետ, հետաքրքիր է իմանալ, թե երգչին դո՞ւք եք ընտրում Ձեր երգը կատարելու համար, և եթե այո, ապա ինչպե՞ս, ի՞նչ նկատառումով է կատարվում այդ ընտրությունը:
-Խելացի հարց է: Երգը գրելիս անպայման կատարողին նկատի ունեցել ու ունենում եմ: Նրա կատարողական հնարավորությունները, ձայնի տարածվածքը, գույնը և, եթե կուզեք, նաև ոգին: Երգը դեռ չավարտած, գիտեի, որ, ասենք, այս երգը Ռուբենը պիտի կատարի, այս երգը` Օֆելյան, այս երգն էլ` Հովհաննես Բադալյանը… Ստացվել է, որ հենց տվյալ երգչի համար էլ գրել եմ երգս` նրան աչքիս առաջ ունենալով: Մասնավորապես, Օֆելյայի պարագայում այդպես էլ եղել է, ուզում էի, որ առաջինը նա կատարի, ինչի համար մեծապես երախտապարտ եմ նրան: 
-<<Սերս գաղտնի թող մնա>> երգն արդեն 60 տարի հնչում է բեմերից և այս ընթացքում երբևէ չի կորցրել իր փայլն ու հմայքը: Այն երգերից է, որ տարիք չի հարցնում է, բոլորի սրտերն էլ անարգել մտնում է, բոլորին գրավում: Գաղտնիքն ինչո՞ւմ է:
-Նախ պիտի ասեմ, որ գաղտնիքն առաջին հերթին Շիրազի զարմանահրաշ տողերի մեջ է, ապա` մեղեդու: Սերս գաղտնի թող մնա` պոետական այս պատկերը մոտիկ ու հարազատ է ամեն մարդու: Յուրաքանչյուրն ինչ-որ առումով այն իրենն է համարում` որպես իր սրտի մի անկյունում փայփայած նվիրական երազանք: Երջանիկ եմ, որ այդ երգը չի ծերանում և անխտիր բոլորին սիրելի ու հոգեհարազատ է: Մի օր ինձ զանգահարեց մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը և ասաց. <<Գիտես, շատ զարմանալի երգ է, չի ծերանում…>>: Լավ հիշում եմ այդ խոսքերը: Մի քանի տարի առաջ Մոսկվայի կրեմլյան դահլիճում Ֆլորա Մարտիրոսյանը հնչեցրեց այն սիմֆոնիկ նվագախմբի հետ: Երբ հայտարարեցին այդ երգը, դահլիճում սպասողական լռություն էր, և հենց Ֆլորան սկսեց` <<Ամպեց կորավ լուսնկան>>…, դահլիճը ծափահարություններից փոթորկաց: Ըստ էության, այդ երգը ներկայացվեց որպես Հայաստանի երաժշտարվեստի յուրօրինակ այցեքարտ, ինչը մեծ պատիվ է և շատ մեծ բան է նշանակում: 

-Ես արվեստի մասնագետ չեմ, բայց գնահատելով արվեստը, պիտի ասեմ, որ ինձ համար երգը պայմանավորված է նախ կատարողով, երգչով, մեղեդիով, տողերով, ինչպես նաև գործիքավորմամբ, որն ինձ համար շատ կարևոր է: Ձեզ համար ի՞նչն է առիթ դառնում ստեղծագործելուն, ի՞նչն է ազդակ հաղորդում, խթանում ներշնչվելուն:
-Նախ, գործիքավորման մասին ասեմ: Ճիշտն ասած, ինձ շոյեց այն միտքը, որ, չլինելով մասնագետ, Դուք կարևորեցիք նաև գործիքավորումը: Այս առումով հիշեմ իմ երգերից <<Գյումրի-Լենինական>>-ը: Այն երջանկահիշատակ Էդվարդ Միրզոյանի շատ սիրած երգն էր: Ինձ ասում էր. <<<<Սերս գաղտնի թող մնա>> և <<Գյումրի-Լենինական>> երգերից հետո կարող ես էլ ոչինչ չգրել…>>: Մի օր զանգահարեցի Միրզոյանին և ասացի, որ ուզում եմ <<Գյումրի-Լենինական>>-ը փոխադրել սիմֆոնիկ նվագախմբի համար: Նա չթողեց. <<Գործ չունես, կփչանա, համ ու հոտը կկորչի…>>: Ահա, թե ինչպիսին է գործիքավորման նվագակցության նշանակությունը: Հարազատ պիտի լինի այն ոգուն, այն երգին, այն տրամադրությանը, որը համապատասխան է: Կա ռոմանս, որը եթե ժողգործիքներով նվագակցես, որևէ տպավորություն չի թողնի: Կա ժողովրդական երգ, որը պիտի այդ գործիքներով նվագակցել: Ինձ մի անգամ շատ խոշոր երաժիշտ` կոնսերվատորիայի պրոֆեսոր զանգահարեց` ասելով. <<Քո մի երգի հետ եմ ծանոթացել, ուզում եմ դաշնամուրի համար փոխադրել, բայց այնտեղ ինչ-որ դարձվածք կա, ես քանոն եմ լսում>>: Ասացի, որ հենց քանոնի համար էլ գրել եմ: Հիմա ինչն է ինձ ոգևորում: Ասեմ Ձեզ, որպես լրագրողի, որովհետև դա արդեն նաև Ձեր մասնագիտությանն է առնչվում: Բանաստեղծությունը ես երկար փնտրում եմ, և այնտեղ ինձ ոգևորել կարող է անգամ մի նախադասությունը, մի տողը, կերպարը: Իմ աշխատաոճից է գալիս` հավանածս բանաստեղծությունն արտագրում եմ և մոտս պահում: Անգիր եմ անում այն: Այո, նախ պիտի լինի բարձր բանաստեղծություն, ինչից երգը մեծապես կշահի: Բանաստեղծության մեջ շատ բան կա, նաև` թաքնված մեղեդի: Այ, երբ այդ մեղեդին եմ սկսում լսել, այն արդեն երգ է դառնում: 
-Ձեր արվեստը, ըստ Ձեզ, ինչո՞վ է առանձնահատուկ ու յուրովի: 
-Ինձ թվում է` մեղեդայնությամբ, ապա շատ կարևոր է ձևի նշանակությունը: Սիլվա Կապուտիկյանի խոսքերով <<Արի, արի, թեկուզ վերջին անգամ>> երգում մի տող կա. <<Թեկուզ ուրիշ գրկից, միայն արի, արի>>: Սա բանաստեղծության վերջում է: Երբ ես այդ առթիվ զրուցեցի Սիլվայի հետ, ասաց, որ երկրորդ վայրկյանին նա դուռը չէր բացի, ուստի անվանել եմ <<Կարոտի պահին>>: Այդ ռոմանսի վրա աշխատելու ընթացքում տասնյակ մարդկանց հետ եմ զրուցել, և բոլորն ասացին, որ դժվար թե հազարից մի կին այդ տողերն ասի, իսկ առաջին  իսկ կինն ասաց. <<Նայած ինչ պահ է>>: Կինը շատ ավելի խորն է, քան տղամարդը. բնությունն է այդպես նախասահմանել: Երբ այդ ամենի մասին պատմեցի բանաստեղծուհուն, նա ասաց. <<Դրա համար էլ անվանել եմ <<Կարոտի պահին>>, որովհետև հաջորդ վայրկյանին նա դուռը չէր բացի, կարոտի պահին ամեն ինչի պատրաստ է, թեկուզ` ուրիշ գրկից…>>: Դրա համար ինձ մոտ այդ ռոմանսում զարգանում, զարգանում է և ամենավերջում, որ պիտի ասի` ուրիշ գրկից, ասում է` ուրի՛շ, ինքն էլ վախենում է իր ասածից: <<Գրկիցն>> ասում է շշուկով, բայց քանի որ հոգին այրվում է, խռպոտ ձայնով շարունակում է. <<Միայն արի, արի…>>: 
-Համարում եք, որ դեռ նո՞ր եք գրելու Ձեր ստեղծագործությունների գլուխգործոցը:              
-Դա տրադիցիոն հարց է: Կեղծ համեստությամբ որոշ մարդիկ ասում են, թե իմ գլուխգործոցը դեռ պիտի ստեղծվի: Այդպես, ինձ թվում է, նրանք անտեսում են մինչ այդ ստեղծածը: Այն, ինչ ստեղծել ես, ստեղծել ես… Իմ երգերից, օրինակ, ինձ դուր է գալիս Ա. Իսահակյանի խոսքերով գրված <<Կուզես լինիմ>> երգը: Մեծ գնահատական էր ինձ համար գրողների միջավայրում լսել այն խոսքը, որ ես մոտեցել եմ Իսահակյանին: <<Սերս գաղտնի թող մնա>> երգն արդեն  հինգ տարի հնչում էր, և մի օր զանգեց Շիրազը. <<Էդ երգը դո՞ւն ես գրե>>, և, դրական պատասխան ստանալով, շարունակեց. <<Մի էդպեսմ երգ էլ գրե, մնացածը քո գործը չէ>>… Ինձ հրավիրեցին Լենինական,  30 տարի առաջ էր: Ակադեմիկոս Ղարիբջանյանն ասաց, որ մի երգ գրեմ Լենինականին նվիրված: Ասացի, որ առանց խոսքի ոչինչ չեմ գրում: Պատասխանեց, որ խոսքը Շիրազը կգրի, ինչին ես, ճիշտն ասած, այնքան էլ չհավատացի: Շիրազն ասել էր, որ այնքան է դուրս եկել <<Սերս գաղտնի թող մնա>>-ն, որ Վլադիլեն Բալյանի համար գրեցի <<Գյումրի-Լենինական>>-ը: Հենց կարդացի խոսքի առաջին տողերը` <<Հայաստանի աղն ես, Գյումրի>>, զարմանք ու ուրախություն ապրեցի` դրանում արդեն իսկ կերպարն ակնհայտ էր…
-Շատերին են այսօր, անշուշտ, հոգնեցրել բեմահարթակներից հնչող ցածրարժեք երգերն ու կատարումները: Եվ այնպիսի տպավորություն է, որ ներկայումս, իրոք, արվեստի գործեր չեն ստեղծվում: Այդպե՞ս է, արդյոք: 
-Եթե բարձր աստիճանից դատելու լինենք, ապա դա, ցավոք, ողբերգություն է: Հասկանում եմ, որ երիտասարդ են, որ շոու բիզնեսը տիրել է: Յուրաքանչյուր երգիչ համարում է, որ ինքն էլ, ինչու չէ, կարող է երգ գրել: Բայց բանաստեղծ ծնվում են, ինչպես և` եգիչ կամ երգահան: Այսօրվա այդ երգերի 100-ից եթե 3-ն էլ ապրեն, ապա լավ կլինի: Մեկանգամյա, մեկ օրվա կյանք ունեցող երգեր են: Բայց կա և շատ մեծ վնաս, ավելի մեծ վնաս: Ողբերգությունն այն է, որ դրանք աղավաղում են ժողովրդի ճաշակը, հատկապես` երիտասարդության: Պատասխանատվություն չունենալով իրենց իսկ ստեղծածի նկատմամբ, այս կամ այն ազդեցության տակ ընկնելով, նման <<մշակույթ>> ներդրողներն ուղղակիորեն փչացնում են ժողովրդի ճաշակը, աղքատացնում նրա հոգին: Դրանից մեծ մեղք դժվար է պատկերացնել: Հասարակ մարդուն միանգամից, ինչ խոսք, սիմֆոնիա կամ դասական երաժշտություն չպիտի տալ, սակայն այնպիսի մոտեցում պիտի դրսևորել, այնպիսի երգ-երաժշտություն մատուցել, որ նա հոգեկան բավարարվածություն ու գեղագիտական հաճույք ստանա: Որպեսզի այդ ցածրաճաշակ գրոհի դեմն առնենք, պիտի միաժամանակ հնչեցնենք մեր բարձրարժեք երգերը, ստեղծենք արժեքավորն ու մնայունը: Հարկ է, որ գեղարվեստական խորհուրդը վերականգնվի, որպեսզի թացն ու չորն իրարից զանազանվեն, որպեսզի ազատությունն ի չարս չգործադրվի: Այդ խորհրդի առկայության դեպքում ժողովրդին հասցված վնասը հնարավորինս կնվազեցվի: Ժողովրդին պետք է արժանվույնը մատուցել, ինչը և կօգնի նրա հոգու առավել ազնվացմանը: Ոգու հետ շատ զգույշ պետք է լինել, մանավանդ երբ խոսքը երիտասարդ սերնդի մասին է: Մարդու մարմնի ամենանուրբ օրգանը սիրտն է, որին շատ զգույշ պետք է վերաբերվել: Մի իմաստուն խոսք կա` սիրտն էլ ունի իր տրամաբանությունը, որը մեր տրամաբանությունը չի ուզում հասկանալ: Այ, այդ տրամաբանությունն այն գաղտնիքն է, որ այդ հասկացողության հետ ենք անզգույշ վարվում: Շատ մեծ պատասխանատվություն է: Այսօր միայն ընկնել էժանագին փառքի, դրամի հետևից, այն էլ` ինչի հաշվով… Պիտի քաղաքացի լինել: Խոսքս անձի մասին չէ, դերի մասին է: Մենք պետություն ենք, այդ պետականության գիտակցումը պետք է ունենանք: Այդ քաղաքացին պիտի դաստիարակվի: Այն կարծիքին եմ, որ հեռուստատեսությունը հսկայական դեր ունի կրթադաստիարակչական առումով, և այդ խնդրին շատ զգույշ ու պատասխանատու պետք է մոտենա: Դա մի մեծ առաքելություն է, որին խորը գիտակցությամբ պետք է մոտենալ: Զանգվածային լրատվամիջոցները բարձր խնդիր ունեն կատարելու` հասարակության /հատկապես` երիտասարդության/ գիտակցությունը զարգացնել, անհրաժեշտ գիտելիք տալ, ոգի կրթել…
-Անցնենք ընկերությանը. ի՞նչ դեր ունի այն Ձեր կյանքում և, առհասարակ, Ձեր ստեղծագործությունները, երգերը կարող ենք Ձեզ ընկեր համարել:
-Երգերս ընկեր են, իհարկե: Հիշում եմ` մայրիկիս հետ պիտի Կիսլովոդսկ մեկնեինք, ճանապարհին հանկարծ վատ զգաց: Ստիպված էինք իջևանել Կիրովականում: Մտահոգ էի` կստացվի՞ մեր մեկնումը, տոմս կճարե՞նք, և հանկարծ առավոտ կանուխ, ժամը 9-ին հնչեց  <<Սերս գաղտնի թող մնա>> երգը: Վայ, ասացի, սա իմ ընկերն է… Բանակում էի, Գորիում, պատերազմ, միայնակ, 18 տարեկան: Դեկտեմբերի 31-ն էր: Ընդամենը մեկ բենգալյան կրակ ունեի, որ պահել էի ուղիղ ժամը 12-ին վառելու համար: Դուրս եկա փողոց, որ ոք չկար, և հանկարծ ժամը 12-ը խփելուց հետո հայկական երաժշտություն հնչեց: Դա մի այնպիսի ոգևորում էր, լիցքավորում, հույս… Ավելի մեծ պարգև այդ պահին ինձ համար չէր կարող լինել: Սա էլ իմ ընկերն էր… Ով ուզում ես` եղիր, լավ ընկերը կյանքի ընկեր է, որ իմաստավորում է կյանքդ: Ես Ձեզ ևս ցանկանում եմ 80 տարի ապրեք, բայց միայն նրա հետ, ով Ձեզ հետ երիտասարդ տարիներն է անցկացրել: Միայն նրա հետ կկարողանաք կիսվել… Իսկական ընկերը շատ հարազատ մարդ է: Սոս Սարգսյանն իմ լավ ընկերն է, մենք 65 տարվա ընկերներ ենք: Վերջերս, երբ հիվանդանոց ընկավ, անմիջապես նրա մոտ շտապեցի: Երբ ինձ տեսավ, ասաց. <<Դու իմ հարազատն ես>>: Այդ հարազատ բառն ամեն մեկի չես ասի, շատ խորիմաստ է: Ընկերը թանկ է: Ամուսինն ու կինն էլ կարող են կյանքի ընկեր լինել, իսկական ընկեր, ավելի մոտիկ: Գիտեք, ամենաանփոխարինելին ծնողներն են, ամենաթանկը երեխաներն են, բայց ամենամոտը կինն է կամ ամուսինը: Իսկ եթե նրանք կյանքի ընկերներ են, այդ դեպքում նա չի ասի. <<Թեկուզ ուրիշ գրկից, արի…>>: 
-Ընկերական հիշողություններ, անշուշտ, շատ կունենաք, որոնք շարունակում են, հավատացած ենք, ապրեցնել Ձեզ: Ի՞նչն է ավելի շատ տպավորվել, ո՞ւմ եք ավելի հաճախակի հիշում, կարոտում:
-Ընկերներով, 18-20 տարեկան, մի ավագ ընկեր ունեինք` 45-50 տարեկան կլիներ: Բոլորս ամեն երեկո հավաքվում էինք նրա մոտ: Նրանցից մեկը Սոսն էր: Նա Ստեփանավանից, կարծեմ, 1948-ին եկավ և անմիջապես էլ մեր շրջապատում իր տեղը գրավեց: Մենք ամեն ինչի մասին այդտեղ խոսում էինք: Անգամ` այնպիսի բաների, որ մեր նկատմամբ կարող էին հեշտ ու հանգիստ մեղադրանք առաջադրել: Չմոռանանք, թե ինչպիսի ժամանակներ էին: Մենք ընկերներով միմյանց հավատարիմ ու նվիրված մնացինք, որևէ բան չխաթարեց դրան: Մեր ավագ ընկերը Վահրամ Փափազյանի բարեկամն էր` թատերագետ Հովհաննես Տալյանը, կյանք տեսած, թատրոնի մարդ: Ամեն հարցում կիսվում էինք նրա հետ, նրա ցանկացած խորհուրդ անպայման հաշվի առնում: Հանձին Սոսի, ես տեսել և այսօր էլ տեսնում եմ ազնվագույն մարդու ու ընկերոջ: Այդ փոխադարձ սերն ու նվիրումը շարունակվում են նաև այսօր: Մենք Սոսի հետ, կարելի է ասել, այսօր երկուսով ենք մնացել: Մեր ընկերներից Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանը մեկ տարի առաջ վախճանվեց, Լևոն Արամյանը հանկարծամահ եղավ վերջերս: Կորցնելով ընկերներին, հոգեպես աղքատանում ես: Ավելի անկեղծ, քան մանկության, դպրոցական ընկերը, չի լինում, որովհետև նրան  դու չես ընտրում: Հետո արդեն գալիս է ընտրության պահը, իսկ կյանքն իր օրենքներն ունի, երբեմն` ոչ այնքան էլ ազնիվ… Հպարտություն եմ ապրում, երբ գիտեմ, որ Սոսը կա, և այդպիսի մեծություն է, ինչպես ասում են, հարյուր տարվա իմ ընկերը: Սոսը հավատարիմ ընկեր է: Մեծ արվեստագետ է, խորը մտավորական, փիլիսոփայական մտածելակերպի տեր բացառիկ անհատականություն… Մարդը ձգտում է ընկերության, քանի որ աղքատ կլիներ առանց դրա: Այդ ձգտումը մարդկային էության համար բնական է: Ընկերն ինքնին ենթադրում է բարի խորհրդատու: Ընկերոջ անհրաժեշտությունը բոլոր պարագաներում զգացվում է: Փոխադարձ հավատի ու վստահության դեպքում ընկերությունը հարատև է: Այսօր, ցավոք, ավելի շատ դաժանություն, չարություն է քարոզվում, քան, ասենք, ազնվություն, հավատարմություն, նվիրվածություն, հայրենասիրություն: Հուսանք, որ սա էլ ժամանակավոր է, կանցնի ու կգնա, և ճշմարիտ արժեքները միշտ, բոլոր ժամանակներում գերակա կմնան… Ուրախալի է, որ Ձեր թերթով ընկերություն եք քարոզում: Դա, կարծում եմ, պիտի լինի կոչում, պարտավորություն: Մեկ օրվա գործ չէ, պիտի մշտապես լինի, անընդհատ ասվի: Ձեր թերթն այդ առումով հաճելի բացառություն է: Ամենուր պետք է ընկերության մասին հնչի, քանակից աստիճանաբար որակի անցում կատարվի: Զանգվածային քարոզչություն է հարկավոր: Ընկերությունը պետք է մանկուց սերմանել: Քաղաքացի լինել, հայրենասեր լինել, ընկերասեր լինել` սրանք սոսկ խոսքեր  չեն, պետք է մեր էությունից ու գիտակցությունից անբաժան լինեն: Հայրենասեր լինելն ազնվություն է, կոչում, հեշտ չէ, բայց պարտադիր է: Պետք է նաև մարդ մնալ: Իսկ մարդ մնալու համար պետք է մարդ լինել: Մարդ լինելը ևս տաղանդ է: Յուրաքանչյուր ոք ունի ապրելու իր նշանաբանը, կարգախոսը: Ես երեքն ունեմ, որոնցով առաջնորդվում եմ` <<Մենք մեկս մյուսի այս աշխարհում ենք պետք>>, <<Արվեստագետը պետք է ամուր ոտքերով կանգնած լինի հողին, իսկ եթերում պիտի նրա միտքը լինի>>, <<Յուրաքանչյուր գործի պիտի մոտենաս ստեղծագործաբար>>…
-Վերջում ի՞նչ կուզենաք ավելացնել, ինչպիսի՞ ցանկություն ունեք: 
-Պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ Դուք Ձեր գործին ստեղծագործաբար մոտեցաք, ուստի և, հավատացած եմ, Ձեր նախընտրած ճանապարհը մաքուր կլինի: Ժամանակը ճիշտ և ստեղծագործաբար օգտագործեցիք: Դուք շատ հարցեր չտվեցիք ինձ, մենք անկաշկանդ զրուցեցինք, ստեղծվեց փոխադարձության ջերմ, տրամադրող մթնոլորտ: Շնորհակալ եմ այդ ամենից և ուրախ` այս հանդիպման ու զրույցի համար: Ինչպես Ձեզ, այնպես էլ ինձ համար էր պատիվ հանդիպել միմյանց, խելացի ու անկեղծ զրույց տանել բոլորիս հուզող շատ ու շատ հարցերի վերաբերյալ: Լավ եմ զգում ինձ` Ձեզ պես խելացի ու իր գործով խանդավառված մարդու հետ հանդիպելու համար: Նման մարդը պարգև է, հարստություն…

Ռուզաննա ՄԱՆՈՒԿՅԱՆ
SHARE