Սրտացավ լինենք, աշխատենք ու արարենք…

0
18
    Զրուցեցինք Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ, ով ոչ միայն, պարզապես, ընկեր է, այլև իր մասնակցությունն է ունենում բոլոր այն բարեգործական ծրագրերին, որոնք իրականացվում են ԱՄՆ ՙԼոռի՚ հիմնադրամի և հատկապես իր ընկերոջ` Ժիրայր Էքմեքչյանի կողմից: ՏԻՄ ոլորտում, մասնավորապես, ունենալով երկարատև տարիների փորձառություն, խորհուրդ է տալիս ընկերոջը, թե որտեղ և ինչպես ուղղել բարեգործությունները, ի մի բերելով ընկերական ներուժը, նոր առաջարկներ է անում, գաղափարներ հուշում, ինչն իրականացվում է ի շահ քաղաքի, մարզի և երկրի զարգացման:


    -Ժիրայրի հետ ընդհանուր ընկեր ունենք` Ստեփան Սարգսյանը, ում միջոցով էլ ծանոթացել ենք,-ասաց պարոն Դարբինյանը:- Ամեն տարի Վանաձորում անցկացվում է բռնցքամարտիկ Ստ. Սարգսյանի անվան միջազգային մրցաշարը, որի առթիվ էլ ծանոթացել ենք: Ժիրայրը նաև հովանավորում է նման բոլոր մրցաշարերը, ինչի բերումով էլ ընկերացել ենք: Այս անգամ էլ Լոռի այցելելով, ուզում է ընկերների հետ ներդրումներ անել այստեղ: Շատ կարևոր է, որ ուզում է իր հող ու ջրի, ժողովրդի համար լավ բան անել: Համոզված կարող եմ ասել, որ Դսեղի հետ կապված ծրագիրը համատեղ կիրականացնենք: Խրախուսելի է նաև, որ փորձում է Հայաստանի ընկերների հետ էլ քննարկել, նրանց կարծիքը հաշվի առնելով, թե որտեղ ուղղել բարեգործությունները, ինչ նպատակի ծառայեցնել: Դա, անկասկած, խրախուսելի է, և իմ նպատակն էլ այն է, որ արդյունքը բարձր լինի: Տեղի ուժերն ու հնարավորություններն էլ կնպատակաուղղենք այդ հայրենանվեր գործի իրականացմանը: Եթե դրսի մեր հայրենակիցները շահագրգիռ են Հայաստանի կյանքի բարելավմամբ և համապատասխան ջանքեր են գործադրում այդ ուղղությամբ, ապա մենք տեղում առավել ևս պիտի շահագրգռություն ցուցաբերենք և, թերևս, անենք ավելին: Մենք մեր ձեռքի եկածը պիտի անենք, նրանք` իրենցը: Ես կողմնակից եմ այս հարցում երկկողմանի համագործակցությանը և ուժերի մեկտեղմանը: Բայց որոշ վերապահում ունեմ: Գտնում եմ, որ որևէ ծրագիր կյանքի կոչելիս պետք է հաշվի առնել նաև տվյալ համայնքի կարծիքը ` կարևորելով առաջնահերթությունները: Նաև պիտի նկատի ունենալ մասնագետների ապահովվածության խնդիրը, որպեսզի ցանկացած կառույց նպատակին ծառայի: Այնուհանդերձ, Էքմեքչյանը վստահ է, որ այդ հարցերը հեշտ լուծելի են, տվյալ խնդրում իրենց մասնակցությունը կունենան նաև Ստ. Սարգսյանը և Վիկ Դարչինյանը:  Առաջարկս է կառուցել մշակույթի տուն, որը բազմապրոֆիլ գործունեություն կարող է իրականացնել: Դա, հավատացած եմ, գյուղական բնակավայրերի համար առավել նպատակահարմար է: Առաջարկում եմ նաև այնպիսի ծրագրեր, որոնք գյուղացու կապը հողի հետ առավել կսերտացնեն: Գյուղացուն պահողը հողն է, իսկ մենք նրան հողից վանել ենք: Ծրագրերում պիտի, իմ համոզմամբ, ներառել նաև անասնապահության զարգացմանը խթանող միջոցառումներ` կարևորելով հատկապես ոչխարաբուծությունը, որը մեծ շուկա ունի: Լոռվա բնությունը, անտառները նպաստավոր են նաև խոզաբուծության համար: Եթե զարգանա անասնապահությունը, ապա, բնականաբար, կստեղծվեն կաթնամթերքի և մսի վերամշակման ձեռնարկություններ: Այս ամենի համար և բավարար աշխատուժ կա, և մասնագետներ կան, և ռեալ հնարավորություններ: Ահա,ես նրանց առաջարկում եմ նաև այս ուղղությամբ մտածել: Դրանով ժողովրդին կկապենք իր հայրենիքին, արտագաղթը կնվազի: Այս հարցում մեր կարող ընկերները, իրոք, անելիքներ ունեն: Ժիրայր Էքմեքչյանի և մեր մյուս ընկերների համատեղ ուժերով պիտի լուրջ աշխատանք տանենք զոհված ազատամարտիկների պանթեոնի վերակառուցման ուղղությամբ: Քաղաքապետարանի եկող տարվա բյուջեից 10 մլն դրամ կհատկացնենք գերեզմանների վերականգնմանը: Բացի այդ, մեր սեփական հիմնարկների միջոցներով ևս 10 գերեզման կվերանորոգենք: Մեզ է միացել նաև  Վանաձորի զինկոմ Արմեն Թումանյանը` իր անձնական միջոցներով կվերանորոգի 5 գերեզման: Համոզված եմ, որ ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը նույնպես իր մեծ լուման կունենա այդ գործում: Գործարար Արմեն Մխոյանը ևս անմասն չի մնա և կաջակցի հնարավոր ամեն ինչով: Մի խոսքով, շատերը կան, որ մասնակցություն կունենան դրան: Այս գործում ներգրավելու եմ բոլոր ընկերներիս: Համայնքային միջոցներն այնքան քիչ են, որ եթե մեր ընկերների աջակցությունը չլինի, ապա չենք կարողանա նման շատ ծրագրեր կյանքի կոչել: Բոլորս էլ պիտի հանրօգուտ աշխատանք կատարենք, մտածենք մեր ժողովրդի մասին: Եթե ժողովուրդը հացի խնդիր ունի, ապա նրա հետ երկար ճանապարհ չես կարողանա գնալ… Պետք է այնպես անել, որ մարդն իր հանապազօրյա հացն ինքը վաստակի և իր ընտանիքն իր ուժերով պահի: Եթե պետությունն իր հիմնական ուժը, հարստությունը, հզորությունը սեփական քաղաքացիների մեջ է տեսնում, ապա միանշանակ զարգացում կապրի: Հույսը չի կարելի միայն երկրի ղեկավարության վրա դնել, նրանից միմիայն պահանջել` բոլորս պիտի սրտացավ լինենք, աշխատենք ու արարենք: Նշանակություն չունի` որտեղ ես, որ երկրում. Ժիրայրի նման շատերը պիտի հայրենասեր լինեն, լծվեն երկրի շենացման ու բարգավաճման գործին: Ընկերներով քաջալերում ենք Ժիրայրի բռնած գործը և կանգնած ենք նրա կողքին…
     Հավելենք մեր կողմից, որ Ժիրայր Էքմեքչյանը Սամվել Դարբինյանին այդ հանդիպման օրը  «Լոռի» հիմնադրամի կողմից հուշանվեր հանձնեց: Տվյալ հուշանվերով, պիտի ասենք, պարգևատրվել են մի քանիսը, ինչը խոսում է դրա կարևորության մասին…
SHARE