Սրտացավ ու բարեխիղճ աշխատանքը

0
52

Լավ խթան է համայնքի բնակիչների արդյունավետ գործունեության համար

Երախտագիտություն

 

-Ես առաջադրել եմ թեկնածությունս,- ասաց Ծովագյուղի գործող համայնքապետ Վահրամ Գևորգյանը:- Նախ, շնորհակալ եմ համայնքի 25 տարեկանից բարձր այն մարդկանց, ովքեր հնարավորություն ունեին առաջադրվելու, բայց այդ պատիվը վստահեցին ինձ: Համարում եմ, որ աշխատանքս շատ լավ եմ արել և չնայած մրցակից չունեմ, բայց, այդուհանդերձ, պարտավորված եմ վերընտրվելուց հետո ավելի լավ աշխատելու, առավելն անելու: Որքան էլ լավ աշխատած լինեմ նախորդ տարիներին, միևնույն է, պետք է կրկնապատկեմ ջանքերս, որպեսզի մարդկանց վստահությունն առավել ամրապնդվի, որպեսզի նրանք երբևէ և ոչ մի առիթով ինձնից հիասթափվելու զգացում չապրեն: 4400 բնակիչ ունենք: Մինչ իմ ընտրվելը` 2012-ը, բնակիչները գյուղատնտեսությամբ չեն զբաղվել: Արդեն 4 տարի Ծովագյուղը 500 հեկտար վարելահող է մշակում: Ընդ որում, 100 հեկտարը հնդկաձավար է: Դա մեր կառավարության տրամադրած տեխնիկայի, սուբսիդիաների, պարարտանյութի, վառելանյութի և սերմացուի շնորհիվ է: Կառավարության, գյուղնախարարության ԾԻԳ-ի միջոցով համայնքը 120 մլն դրամի գյուղտեխնիկա է ձեռք բերել, որտեղ մեր մասնաբաժինը եղել է 20 տոկոսը: Շատ բարձր բերքատվություն ենք ապահովել: Հնդկաձավարի վերամշակման գործարան ենք ունենալու: Շենքը հատկացրել ենք, իսկ սարքավորումները կտրամադրի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը: Այս մշակաբույսի հեռանկարները հուսադրող են…

Շարունակելով զրույցը, պարոն Գևորգյանը նշեց, որ կառավարության միջոցով լավ մանկապարտեզ ունեն, որտեղ մոտ 130 երեխա է հաճախում: Բոլոր ծախսերը հոգում է գյուղապետարանը: Լավ վիճակում են նաև դպրոցը, բուժամբուլատորիան: Ներկայումս վերանորոգվում է մշակույթի տունը: Հրատապ ծրագրերի շրջանակում կառավարությունը մոտ 30 մլն դրամ է հատկացրել, իսկ տնտեսված միջոցների հաշվին մոտ 50 մլն դրամի ամրացման աշխատանքներ էլ համայնքն է արել: Աղբահանության մեքենա ունեն: Խմելու ջրի խնդիրն այս տարվա ծրագրում է ներառված և կլուծվի: Ճանապարհների բարեկարգումը տարիների ընթացքում բավարար լուծում կստանա: Արտաքին լուսավորության նախկին 100 հենասյան փոխարեն այսօր 500-ն ունեն, բոլորը փողոցները լուսավորված են:

-Բյուջետային միջոցները,- ասաց նա,- տնտեսելով ու խիստ նպատակային ենք օգտագործում: Բնակիչը դա տեսնելով, ավելի բարեխիղճ ու ժամանակին է կատարում հարկային պարտավորությունները: Ծովագյուղցին ազնիվ է և, հետևաբար, չի սիրում, երբ իրեն խաբում են: Եթե շիտակ ես, անկեղծ, ապա կկանգնի կողքիդ, համայնքի համար ոչինչ չի խնայի: Ինքս կանգնած եմ գյուղացու կողքին: Չկա, չի պատահել դեպք, երբ իմ բնակչի խնդիրն իմը չեմ համարել, երբ, առանց նրա դիմելու էլ, իմ աջակցությունը ցույց չեմ տվել: Եթե լավ ընկերներ ես ունենում, ապա, ըստ էության, չլուծվող խնդիրներ չեն լինում: Ընկերությունն այս պարագայում նաև համայնքի, նրա բնակչի համար է լավ և հօգուտ ընդհանուրի է: Փառք Աստծո, նման լավ ընկերներ ունեմ, որ ցանկացած պարագայում ինձ, հետևաբար և համայնքի համար կայուն ու ապահով հենարան են: Նաև ընկերների շնորհիվ է, որ այստեղ եմ: Պարզությունը, մաքրությունը և անկեղծությունն են պահում մեր ընկերությունը…

Վահրամ Գևորգյանը տարիքով փոքր է մյուս համայնքապետերից, ահա թե ինչու նրանցից նաև սովորելու շատ բան ունի: Տարիների փորձառությունն ու հմտությունը կարևոր են համայնքային խնդիրներն արդյունավետ ու ժամանակին լուծելու տեսանկյունից: Ծովագյուղի համանքապետին բնութագրող կարևոր հատկանիշներից է աշխատասիրությունը, ուստի և նրա համար ամենալավ հանգստավայրն աշխատասենյակն է…

Ի դեպ, մեր այցելության ավարտին, անկախ մեր կամքից, հաճելի արարողության ականատեսն ու մասնակիցը դարձանք: ՀՀ ԵԿՄ Գեղարքունիքի մարզխորհրդի փոխնախագահ Տիգրան Մանուկյանը համայնքապետարանում ԵԿՄ հուշամեդալ հանձնեց Վահրամ Գևորգյանին: Պարգևը նրա ինչպես համայնքում տարված արդյունավետ գործունեության, այնպես էլ ապրիլյան իրադարձությունների ժամանակ հայոց բանակին, ինչպես նաև Արցախին ցուցաբերած և՛ բարոյական, և՛ նյութական աջակցության համար էր: Հաշվի էր առնվել նաև այն հանգամանքը, որ ծովագյուղցիները մեծապես գոհ են իրենց համայնքապետից… 

SHARE