Սրտով ու պատասխանատվությամբ

0
21

Աշխատասիրություն, ձգտում, նպատակ` ահա վստահության բանալին

Նախաձեռնում

 

Կիսատ գործը պետք է ավարտի հասցնել` այս գիտակցությամբ առաջնորդվելով էլ Նորիկ Գևորգյանը կրկին առաջադրվել է հոկտեմբերի 2-ին կայանալիք Կոտայքի մարզի Զովք համայնքի ղեկավարի ընտրությանը: Մասնավորապես` մանկապարտեզի շենքի տանիքը կիսով չափ նորոգել են արդեն, իսկ ամբողջական վերանորոգումը դեռևս առջևում է: Նախատեսած ծրագրերի շրջանակում բավականին աշխատանք է իրականացվել` հանդիսությունների սրահ են կառուցել, որը սեպտեմբերին հանձնվել է շահագործման:

-Օգոստոսի ուժգին քամիներից,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում ասաց պարոն Գևորգյանը,- դպրոցի շենքի տանիքն է վնասվել: Եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մասնակի կօգնենք վերանորոգելու այն: Տուժել են նաևzovq-2 առանձին մարդիկ, ներկայացրել ենք կառավարություն` հուսալով, որ որոշակի օգնություն կհատկացվի, գյուղապետարանն էլ իր հեթին կաջակցի, որպեսզի տուժածները վերականգնեն վնասները: Շատ խնդիրներ ունենք` ճանապարհների, ջրագծերի և այլնի հետ կապված: Բնակչության` նոր տնտեսությունների թվի ավելացման հետ ջուրն սկսել է չբավարարել, հարկ է խորքային հոր ավելացնել, ինչն էլ իր հերթին նոր ծախսեր կբերի: Ամեն տարի նորոգում ենք հանդ գնացող ճանապարհը: Այս տարի բերքը շատ լավ էր, ծիրանի առատ բերք ունեինք, որը հենց տեղում իրացվեց, որևէ խնդիր չունեցանք: Հացահատիկի ցանքատարածությունները նույնպես գոհացնող էին: Մեր խնդիրը բոլոր առումներով գյուղացու կողքին կանգնած լինելն է: Անհրաժեշտության դեպքում դիմում ենք նաև մարզպետարան, այլ մարմիններ, որպեսզի որևէ կերպ օգնած լինենք մեր գյուղացուն` լուծելու իր խնդիրը: Դիմում ենք նաև մեր ընկերներին: Առհասարակ, առանց ընկերների ոչ մի շարժ չենք կարող անել, քարը քարին դնել չի լինի: Ամեն տեղ ընկերը պետք է գալիս: Ընկեր կարող է լինել ազնիվ մարդը, ով, իրոք, ընկերություն անելու ցանկություն ունի: Շատ ընկերներ ունենք, որ մեր կողքին են: Մարդիկ, որ գյուղում չեն ապրում, բայց մեզ ձեռք են մեկնում: Օրինակ, կապի նախկին նախարար Ռոբերտ Տոնոյանը, որ մշտապես ընդառաջում է մեզ ինչ-որ հարց առաջանալիս: Եթե անձամբ չի էլ կարողանում օգնել, ապա մի հնար գտնում է` խնդիրը պատկան մարմին կամ իրավասու անձի ներկայացնելու. <<Ես Զովքում ունեմ ծնողների գերեզման, սրբություններ, Զովքն իմ գյուղն է, ես զովքեցի եմ, խնդրում եմ օգնեք այս հարցում հնարավորության սահմաններում>>: Անկախ ամեն ինչից, շատ հաճելի է, որ մարդը հարազատ է ընդունում գյուղը, գյուղացուն, աջակցում է, ուզում է ինչ-որ բան անել նրա համար: Դա շատ ոգևորիչ է, գոտեպնդող… Ճիշտ է, զովքեցին շատ աշխատասեր է, արարող, օրնիբուն տքնող, բայց նրա եկամուտն այնքան է, որ հազիվ բավարարում է օրվա ապրուստին` առաջ գնալու հնարավորություն չունի: Դիմում եմ ընկերներիս, երբ համայնքում խնդիրներ ենք ունենում, շնորհակալ եմ բոլորից` աջակցում են, օգնում թե՛ ֆիզիկապես, թե՛ ֆինանսապես: Ընկերը շատ կարևոր դերակատարություն ունի մարդու կյանքում: Ե՛վ գաղտնիքը, և՛ պատիվը, և՛ արժանապատվությունը պահողն է ընկերդ: Ընկերոջը դու ես ընտրում, դրա համար էլ նախապատվությունը տալիս ես այն մարդուն, ում հետ լավ ես զգում, ով քեզ համար ամեն ինչ է… Եթե ընկերներս չլինեին, ապա ես չէի առաջադրվի, պնդեցին և կողքս կանգնած են: Կարևորն այն է, որ դրանից շահում է համայնքը, շահում են մարդիկ` լավ գործ է արվում, քայլ արվում, նախաձեռնություն դրսևորվում: Եթե մի բան ընդհանուրի համար է, ապա սրտով ու պատասխանատվությամբ է արվում, բոլորն են մասնակից դառնում, բոլորին է հուզում ու շահագրգռում: Սոչիում բնակվող զովքեցիների նախաձեռնությամբ և ֆինանսական միջոցներով խաչ ենք տեղադրել Ճգնավոր կոչվող սրբավայրում: Ամեն տարի մայիսի առաջին կիրակի օրը ուխտի օր է. բոլոր տեղերից զովքեցիները գալիս են, և միասին նշում ենք…

Վերընտրվելուց հետո Նորիկ Գևորգյանը բավականին անելիք ունի` մանկապարտեզի վերակառուցում, ճանապարհների, դպրոցի հետ կապված խնդիրներ կան և այլն: Նրա խոսքով, համայնքի ղեկավարը պետք է գյուղացուց շուտ արթնանա, նրանից ուշ քնի և մշտապես հասանելի լինի իր բնակչին: Համայնքապետը բոլոր հարցերում առաջինը պետք է լինի, առաջինը հասնի գյուղացուն օգնության, ամեն ինչից տեղյակ լինի: Դժվարություններ` որքան ասես, բայց անասելի է այն ուրախությունը, որ մեկին լավություն ես կարողանում անել, մի հարցում օգտակար լինել, ընկածի ձեռքից բռնել, վեր բարձրացնել: Բնակչի գոհությունը հենց քո գոհությունն է, որ լիուլի բավարար է առաջ ընթանալու համար…

SHARE