Սևանը երբևէ նման իրավիճակում չի եղել

0
25
Խոսքը լճում առկա ձկնապաշարների սակավության ու ոչնչացման մասին է…

      Թեև վերջին ժամանակաշրջանում Սևանա լճի նկատմամբ մեր ընդհանուր` համազգային մտահոգությունը որոշակիորեն մեղմվել է, սակայն կան մեր բնաշխարհի մարգարիտը համարվող այս աստվածապարգև հրաշալիքին առնչվող ոչ պակաս կարևոր խնդիրներ, որոնք չեն կարող անհանգստության տեղիք չտալ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է լճի ձկնապաշարներին, որոնք, համաձայն գիտնական-մասնագետների հնչեցրած ահազանգերի, գնալով նվազում են: 
     Նախ, փոքրիկ վիճակագրություն: Եթե 1980-ական թթ. լճում կար 10-11 հազար տոննա ձուկ, ապա 90-ականների սկզբին ձկնային պաշարները հասնում էին 28-30 հազար տոննայի: Սակայն 2000-ին արդեն ձկան քանակը լճում  գրեթե 15 անգամ կրճատվել էր` ընդամենը 2 հազար տոննա: Լճի ձկնային պաշարների նվազման միտումը դադարեցնել չի հաջողվում նաև մեր օրերում: Այսպես, եթե երկու տարի առաջ Սևանում կար 170 տոննա ձուկ, ապա այժմ 8,5 տոննայի սահմաններում է: Սա գալիս է փաստելու, որ Սևանա լճի պատմության մեջ երբեք այսպիսի վիճակ չի եղել, ինչն իր հերթին վկայում է, որ այսօր չունենք ձկնարդյունագործական ոչ մի պաշար: Հետևաբար, բնապահպանների կողմից հաճախակի հնչեցվող <<SOS>>-ը պետք է առաջին հերթին ձկնային պաշարներին վերաբերի: 
     Միաժամանակ, այսօր կարելի է խոսել միայն լճածածանի արդյունագործական պաշարների մասին: Այն, մասնագետների դիտարկմամբ, լճի համար ոչ ցանկալի տեսակ է, որի որսը կարելի է չսահմանափակել: Ինչ վերաբերում է մնացած ձկնատեսակներին, ապա սիգի պաշարներն սպառվում են: Եթե մի քանի տարի առաջ խոսվում էր, թե որսագողության կանխման դեպքում 3-5 տարում հնարավոր է այդ տեսակի պոպուլյացիայի ինքնուրույն վերականգնումը, ապա այսօր արդեն մասնագետները բացասական պատասխան են տալիս դրան: Խոսքը, ընդ որում, լճում եղած վայրի պոպուլյացիայի մասին է: Ելնելով ստեղծված իրավիճակից, առաջարկ է հնչել սիգը ներմուծել Ռուսաստանից, ինչպես արվել է անցյալ դարի 20-30-ական թթ.: Այսինքն, պետք է ներմուծվի սիգի ձկնկիթը: 

    Իշխանի առումով պետք է նշել, որ 1976-ից արգելված է նրա արդյունագործական որսը: Այն, որպես անհետացող տեսակ, 1978-ին անգամ գրանցվել է ԽՍՀՄ Կարմիր գրքում, սակայն այժմ այդ ձկնատեսակի պոպուլյացիան, մասնագետների հավաստիացմամբ, ինչ-որ չափով լճում վերականգնվել է: Ընդ որում, այն Սևանա լճի համար էնդեմիկ է: Բարեբախտաբար, վերջին տարիներին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ծրագիր է հաստատվել և մանրաձուկ է բաց թողնվում Սևանա լիճ, ինչը որոշ չափով բերել է պոպուլյացիայի վերականգնման: Բաց թողնված առաջին խմբաքանակի ձկներն արդեն հասունացել են և պատրաստ են ձվադրման: Դրանց մեջ կա երկու տեսակ` գեղարքունին և ամառային բախտակը, որոնց ձվադրումը տեղի է ունենում գետերում: Ցավոք, այդ տեսակները չեն հասցնում հասնել գետեր, քանի որ լճում արդեն որսվում են: Փաստորեն, ստացվում է, որ պետությունը մեծ գումարներ է ծախսում այդ նպատակով, ինչից օգտվում են ձկնագողերը…
    Դառնանք հսկողությանը: Այն ոչ թե լավ չի կատարվում, այլ, ընդհանրապես, գոյություն չունի ո՛չ տեղում, ո՛չ դրսում և ո՛չ էլ շուկաներում: Ե՛վ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ գործոններ կան դրա համար` մարդկանց սոցիալական վատ  պայմաններն են մեջտեղ բերում, մատնանշում, թե իրենց միջոցներն են սուղ և այլն: Համենայնդեպս, այդ պատճառներն այնքան էլ համոզիչ ու արդարացված չեն: Մինչդեռ հենց որսագողության վրա պետք է պատշաճ հսկողություն սահմանել, քանի որ դրա պատճառով մենք այսօր Սևանա լճում չունենք արդյունագործական ձկնապաշարներ: Անգամ այն հանգամանքը, որ սիգը լճում հայտնվել է վերացման վտանգի առաջ, որսագողերին չի կանգնեցնում` սիգը շուկաներում անարգել վաճառվում է…  
    Մեզանում թյուր կարծիք է տարածված, թե իշխանն ու սիգը միաժամանակ չեն կարող բազմանալ այստեղ, քանի որ մի ձկնատեսակը ոչնչացնում է մյուս տեսակի ձկնկիթը: Մասնագետների խոսքերով, մարդու արածը պետք չէ գցել բնության վրա: Ո՛չ իշխանի վերացման պատճառն է սիգը, ո՛չ էլ սիգի վերացման պատճառը խեցգետինն է: Հիմնական պատճառը որսագողությունն է: Ժամանակին դրա պատճառով վերացավ իշխանը, իսկ այսօր էլ` սիգը: Մնացած բոլոր պատճառներն անհեթեթություն են, քանի որ գիտականորեն հիմնավորված չեն: Ի վերջո, եթե այսպես շարունակվի, ապա վերականգնման ինչպիսի ծրագրեր էլ փորձենք իրականացնել, արդյունքներն արդյունավետ չեն լինի: Մոտեցումը պետք է լինի համալիր ու համակողմանի…
SHARE