Վարդանյանների արածն անգնահատելի է

0
26
Ասում է Տավուշի մարզպետ Արմեն ՂՈՒԼԱՐՅԱՆԸ` մեծապես կարևորելով նրանց ազգաշահ ու հայրենանվեր գործունեությունն իրենց մարզում

Գնահատում

-Պարոն Ղուլարյան, մեր զրույցը միանգամից սկսենք մարզում ծխախոտագործության ոլորտում իրականացված աշխատանքներից: Ինչպիսի՞ն է ձեր գնահատականը:
-Դեռևս 2000 թվականից է <<Գրանդ Տոբակոն>> սկսել իր աշխատանքներն այդ  ուղղությամբ: Առհասարակ, թե՛ Իջևանի, թե՛ Բերդի և թե՛ Նոյեմբերյանի տարածաշրջանների համար ծխախոտագործությունը եղել է եկամտաբեր ոլորտ, մանավանդ` խորհրդային վերջին տասնամյակներին, երբ բավականին շատ էին ծխախոտի  ցանքատարածքները: Սակայն, բոլորիս հայտնի իրադարձություններով և, մասնավորապես, պատերազմական գործողություններով պայմանավորված, լուրջ խնդիրներ ծագեցին, ինչի հետևանքով տեղի տվեց նաև ծխախոտագործության ոլորտը: Ահա այդ իրավիճակում Հրանտ Վարդանյանը գործնական քայլերով ձեռնամուխ եղավ ճյուղի վերակենդանացմանը, ինչը շատ մեծ ոգևորություն առաջացրեց մեր բնակչության շրջանում: Քայլ առ քայլ, իրար զուգահեռ, կարևոր ու անհրաժեշտ աշխատանքներ տարվեցին, և արդյունքը զգացնել տվեց: Հետո արդեն Միքայել Վարդանյանի հետ միասին բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել տեղերում, զրուցել մարդկանց հետ, լսել նրանց կարծիքներն ու ցանկությունները: Ինչպես <<Գրանդ հոլդինգը>> ձեռք մեկնեց գյուղացուն, այնպես էլ փորձառու ծխախոտագործները կանգնեցին այդ նախաձեռնության կողքին` իրենց լուման բերելով ընդհանուր հաջողության կայացմանը: Դժվարություններ, ինչ խոսք, կային, ծխախոտի մշակությունը հեշտ չէ, սակայն ժամանակի ընթացքում դրանք հաղթահարվեցին, եղած ձեռքբերումներին նորերն ավելացան, և մարդկանց հավատն ու վստահությունը գնալով ամրապնդվեցին: Շնորհիվ Վարդանյանների, նրանց պրպտումների ու ջերմեռանդության, աստիճանաբար մշակության գործընթացները հնարավորինս դյուրինացվեցին, թեթևացան ծխախոտագործների հոգսերը: Արդյունքում և՛ որակը բարձրացավ, և՛ մարդիկ ազատվեցին անհարկի դժվարություններ կրելուց, և՛, ի վերջո, եկամտաբերությունն ավելացավ: Բնականաբար, ցանքատարածությունների ծավալներն աճեցին: Ծխախոտագործությունը, պիտի ասեմ, աշխատատար ճյուղ է, բավականին մարդիկ են ներգրավված այդ աշխատանքներում: Այսպես, մոտավոր հաշվարկներով մարզում միայն 3 հազար մարդ զբաղված է դաշտում, և եթե նրանց գումարենք նաև ընդունման տեղամասերում աշխատողներին, ապա ծանրակշիռ մի թիվ կստացվի: Այնպես որ, ծխախոտագործությունը մեր մարզի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից է, եկամտաբեր ու հեռանկարային ճյուղ: 

-Վարդանյանների ընտանիքի գործունեությունն այստեղ, ըստ էության, չի սահմանափակվում միայն ծխախոտագործության ոլորտով, ինչում մենք համոզվեցինք մեր բազմաթիվ հանդիպումների ընթացքում: Այդ առումով ի՞նչ կուզենաք ավելացնել:
-Այս տարիների ընթացքում Վարդանյանների արածը մեր մարզի համար ուղղակի անգնահատելի է: Նրանք, իրոք, մեր բարեկամներն են դարձել, և այսօր արդեն առանց նրանց մարզը չենք կարող պատկերացնել: Այնպես է ստացվել, որ մեր բոլոր հոգսերը պետք է անպայման նրանց ներկայացնենք և համատեղ քննարկենք առաջացած խնդիրները: Մեր փոխգործակցությունն այնքան սերտ ու նպատակային է, որ ցանկացած հարց` որ տարածքում լինի կամ որ ոլորտին վերաբերի, միասին ենք քննարկում ու միասին լուծումներ գտնում: Միշտ էլ հատկապես Հրանտ Վարդանյանի խոսքն ու խորհուրդը մեզ համար կարևոր ու գնահատելի են: Նա բավականին շրջահայաց մարդ է և լավ հասկանում է բոլոր այդ խնդիրներից: Պետության, մեր կողմից հատկացվող և Վարդանյանների ներդրած միջոցները համատեղում ենք, միավորում բոլորիս  ջանքերն ու հնարավորությունները, ինչի վերջնարդյունքում արվածն ավելի շոշափելի ու տպավորիչ է դառնում: Այդպես շահում ենք բոլորս, շահում է մարզն իր բնակչությամբ: Մեզ համար այսօր առաջնահերթություն է նոր գյուղտեխնիկայի ձեռքբերումը, ինչի նկատմամբ էլ առավել նախանձախնդիր ու հետևողական ենք: Վարդանյանները նույնպես դա մեծապես կարևորում են և պատրաստակամ են համապատասխան ներդրումներ կատարելու: Շատ հաճախ անգամ չեն էլ սպասում մեր նախաձեռնությանը կամ մեր կողմից արվելիք հատկացումներին` իրենց կամքով ու ցանկությամբ անում են տվյալ գործը, լուծում խնդիրը: Բոլոր հատվածներում գազի մայրուղիներ ենք անցկացնում: Վարդանյաններն այս առումով աջակցում են համայնքների ներքին ցանցերի ընդլայնման` նոր կամ չգազաֆիկացված թաղամասերը բնական գազով ապահովելու գործում: Նույնը` խմելու և ոռոգման ջրի հետ կապված, օգնում են նաև ճանապարհների վերանորոգման հարցում, մասնակցում կրթօջախներում բարեկարգ վիճակի ապահովմանը և այլն, և այլն: Բազում այդպիսի լավ գործեր ու ձեռնարկումներ, հսկայական աշխատանք, որ բոլորն անհնար է թվարկել:
-Տավուշը, ինչպես գիտենք, Ադրբեջանի հետ ամենաերկար սահման ունեցող մարզն է, ուստի այստեղ արված ամեն գործ, ամեն ներդրում, կատարված ամեն քայլ առավել իմաստավորվում ու կարևորվում է: Իսկ լայնամասշտաբ ու հիմնարար գործունեություն ծավալելն արդեն իսկ խոսում է պետական ու ազգային մտածելակերպ դրսևորելու անչափ խրախուսելի փաստի, հաճելի իրողության մասին: Վարդանյանների պարագայում հենց այդ հաճելի դեպքի, հանգամանքի հետ գործ ունենք, այնպես չէ՞:
-Ինչ խոսք, հենց այդպես էլ կա: Առհասարակ, ըստ իս, պետական մտածելակերպ ունենալը մարդու տեսակից է գալիս: Հատկապես սահմանամերձ հատվածում դա առավել պարզ ու բացահայտ է ի հայտ գալիս, անմիջապես աչքի է զարնում: Հակառակ պարագայում էլ է մարդն առանձնանում, ահա թե ինչու սահմանին հարաբերությունները պետք է մաքուր, անկեղծ, թափանցիկ լինեն, պիտի ժողովրդի հետ լինես: Այս առումով ինձ համար, որպես մարզպետի, շատ մեծ պատիվ է Վարդանյանների նման մարդկանց կողքիս ունենալը, ուղղակի անգնահատելի ու թանկ է այն աջակցությունը, որ ցուցաբերվում է մարզին նրանց կողմից: Մենք, փառք Աստծո, էլի արժանավոր մարդիկ ունենք` թե՛ այստեղ, թե՛ դրսում, որ ի բարօրություն մեր երկրի ու ժողովրդի են գործում: Այսօր մեծապես զգում ենք նաև երկրի բարձրագույն ղեկավարության, կառավարության օգնությունը, առանձնահատուկ մոտեցումը մեզ` որպես սահմանամերձ գոտու: Դա ակնհայտ է, և դրա վկայությունը կատարված ու կատարվելիք աշխատանքների հսկայական ծավալն ու նպատակաուղղված ընթացքն է: 
-Չէինք կարող, ի դեպ, չնկատել, թե ինչ ջերմ հարաբերություններ ունեք Հովհաննես Թադևոսյանի հետ, որքան անկեղծ ու մտերմիկ են ձեր շփումները: Ի՞նչ կասեք:
-Մենք ընկերներ ենք: Բնական է, որ Վարդանյաններն ի վիճակի չեն հաճախակի մարզ այցելելու, ուստի մեր անմիջական կապը պարոն Թադևոսյանի հետ է: Արդեն նշեցի, որ համայնքների ղեկավարների հետ նրա հարաբերություններն այնքան ջերմ են, համագործակցությունն այնքան սերտ է, որ ցանկացած խնդիր առաջանալիս առաջինը տեղեկացնում են նրան: Բանիմաց է, քաջատեղյակ, ձեռնհաս: Նրան վստահում ենք, գիտենք, որ մեր կողքին կանգնած է, մեզ հետ է: Միասին միշտ էլ լուծումներ գտնում ենք; Ճիշտ աշխատաոճ, մոտեցում ունի, ինչը պատշաճ  դաստիարակությունից է գալիս, մարդու իր լավագույն տեսակից: Լավ ընտանիքի հայր է: Մարդու տեսակն, իհարկե, շատ կարևոր է բոլոր հարաբերություններում: Այս երկրագնդի վրա հայերս առանձնահատուկ ազգ ենք` մարդկային, ընկերական հարաբերությունները նկատի առնելով:
SHARE