Վեհի խորհրդի շողարձակո՜ւմ…

0
21
Ծես

 – Աշուղ Աստղանուշ, Դուք առաջին անգամ էիք աշուղի ձեռնադրում: Որպես ձեռնադրող աշուղ,  ի՞նչ էիք զգում աշուղ Նազելիին ձեռնադրելիս:
– …Մակարավանքի՛ս  զորությունը: Անթաքույց հպարտությամբ տոգորվեց հոգիս, երբ աշուղ Նազելիին հագցրի վարպետության թիկնոցը: Նրան հասցրած ապտակս ուրի՜շ, անվերծանելի զգացումով համակեց ինձ. մեծ աշուղների` Հավասու և Շահենի  կողմից ձեռնադրված և ինձ ձեռնադրած աշուղ Անդրանիկ Ուջանցու ապտակի ջերմությունը դեռևս զգում էի այտիս…Ուրախ էի, որ աշուղի կայացած լինելու փաստը խորհրդանշող ավանդական ապտակի շարահար շղթայի շարունակականության ապահովման գործում ես էլ ի՛մ պատվարժան դերն ունեմ, որն ինձ շնորհել էր աշուղատեր Թովմաս Պողոսյանը: Իսկ երբ Նազելիի գլխին  գցեցի ճերմակաթույր քողը, աշուղ Շերամի անվանակիր թոռ Գրիգոր Տալյանը` տեր Կյուրեղ քահանան, օրհնեց ձեռնադրությունը, մեծ բեմում շողարձակե՜ց վեհի խորհուրդը…
 – Ո՞վ է մեր ժամանակի հայ աշուղը:
 -Մեր ժամանակի հայ աշուղները մեծն Սայաթ-Նովայի, Ջիվանու, Շերամի, Հավասու, Շահենի, Աշոտի արվեստի հետևորդ աշուղներն են` իրենց  քնքշահույզ  և սիրաբորբոք երգերով: 
  Մեր ժամանակի հայ աշուղը,  վարդի ու բլբուլի խորհրդանշական սիրո գովքն անելուց և Էրգրի կարոտը երգելուց բացի, մեր  երկրում տեղի ունեցող իրադարձությունների գործուն մասնակիցը պիտի  դառնա, ժամանակի տրոփյունով ծնված երգերով պիտի առաջնորդի մեր ժողովրդին` դառնալով նրա հավաքական կերպարի, ուժի և պայքարի քարոզիչը: Աշուղ լինելով` չեմ կարող չընկալել  աշուղի լռության խորհուրդը…  
SHARE