Վերադարձնել մարդկանց հավատը…

0
11

     Հունիսի 24-ին Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում կայանալիք համայնքապետի ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրել Կամո Ջամալյանը: Վերջինիս առաջադրումը թելադրված է գյուղի համար առաջընթաց ապահովելու անհրաժեշտությամբ` ելնելով ներկայումս այստեղ տիրող իրավիճակից. <<Ես արդեն տարիքս առել եմ և միայն այն մտահոգությունն ունեմ, որ համայնքը նորմալ վիճակում լինի: Սա իմ փոքր հայրենիքն է, այստեղ եմ ապրելու, այստեղ եմ մեռնելու և ուրիշ այլ տեղ չունեմ գնալու: Նրա այսօրվա վիճակն ինձ անհանգստացնում է, և գալուս նպատակը միմիայն աշխատանքն է, գործ անելը: Թե դա ինչքանով ինձ կհաջողվի, ցույց  կտա ժամանակը: Հատկապես շատ անբարեկարգ են գյուղամիջյան ճանապարհները, մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակն անմխիթար է:  Առաջնահերթ այս խնդիրներն են ինձ մտահոգում: Հանայնքի ղեկավարի հիմնական նպատակն, ըստ իս, այն պետք է լինի, որ գյուղացու կենսագործունեության համար բավարար պայմաններ ստեղծի: Այնպես անի, որ ոռոգման ջուր լինի, գյուղտեխնիկա աշխատի, պարարտանյութի խնդիր լուծի և այլն: Մեզանում ոռոգման ջրի վիճակը շատ վատ է: Թեև այն համեմատաբար պակաս է, սակայն տվյալ գործընթացը ճիշտ կազմակերպելու դեպքում կարելի կլինի ջուրը բավականացնել: Մեր հողերի մեծ մասը չի մշակվում: Ահա, այս պարագայում գոնե մշակվող հողատարածքները պետք է ժամանակին բավարար ոռոգում ունենան: Ես աշխատանքային լուրջ ճանապարհ եմ անցել, կենսագրություն ունեմ, լավ ընկերական շրջապատի տեր եմ, ում օգնությամբ նաև կկարողանամ հասնել մտահղացումներիս իրականացմանը: 40 տարի գյուղում եմ աշխատել, սկսել եմ գյուղատնտեսից, ապա` գյուղխորհրդի նախագահ, գյուղապետ /մինչև 1999-ը/: 1976-ին ինստիտուտն ավարտելուց հետո գյուղում գյուղատնտես եմ աշխատել, երեք տարի անց ընտրվել եմ հարևան 4 գյուղերի գյուղխորհրդի նախագահ: Վերադարձել եմ այստեղ և աշխատել կոլտնտեսության նախագահ, որի լուծարումից հետո ընտրվել եմ գյուղապետ: Ես ինձ համարում եմ մասնագետ և կարող ուժ, որը կարող է գյուղացուն այս ծանր վիճակից դուրս բերել: Ընտրվելու դեպքում առաջնահերթ այնպես եմ անելու, որ գյուղը միավորվի, մի բռունցք դառնա: Այնպես է, ցավոք, ստեղծվել այսօր, որ գյուղացին գյուղացու նկատմամբ վատ է տրամադրված, ինչում նույն այդ գյուղացին մեղք չունի: Սա գյուղի ընդհանուր մթնոլորտից է գալիս, գյուղացու ծանր պայմաններից: Նախկինում գյուղացին բարեկամի, հարևանի համար, ինչպես ասում են, հոգի էր տալիս, իսկ հիմա մենակ է մնացել իր հոգս ու կարիքի մեջ: Եվ միմյանց միջև ծագած վեճերը հարկ է լուծել համայնքի ներսում, այլ ոչ թե դրսում`  դատարանների միջոցով: Կորցրել են հավատն իշխանության, ապագայի նկատմամբ, ինչն անթույլատրելի է: Պետք է  մարդկանց վերադարձնել այդ հավատը: Կուզենամ գյուղը նորմալ վիճակում տեսնել, որպեսզի մարդիկ իրար նկատմամբ հարգանքով լինեն, մեր առօրյայում տեղ չունենան բամբասանքն ու ասեկոսեն: Մեր ազգը հպարտ ու վեհանձն է, սակայն այսօր ընկճված ու չարացած վիճակում է հայտնվել: Գյուղացին այսօր, ինչ խոսք, լավ հասկանում է, որ երկրի ընդհանուր վիճակն է այդպիսին, բայց գոնե ճիշտ ու արդարացված վերաբերմունքի պետք է արժանանա, չխաբվի, տեսնի ու զգա, որ իր մասին մտածող  կա,  կողքին մարդ կա կանգնած: Համայնքի ղեկավարը պետք է մշտապես իր գյուղացու կողքին լինի, ապրի գյուղում, ապրի գյուղացու հոգս ու ցավով, այլ ոչ  թե  առաջին հերթին իր անձնական հարցերը լուծի և ամեն  կերպ  խուսափի իր բաժին պատասխանատվության  բեռից…>>:
SHARE