Վերականգնելով թե՛ պատմությունը, թե՛ հիշողությունը

0
29
Արժևորում

    Մեծանուն քանդակագործ Ֆրիդ Սողոյանի 1968 թ. կերտած Հայրենական մեծ պատերազմի մասնակից ու զոհված գուլպայագործների հիշատակը հավերժացնող հուշարձանը, 20 տարուց ավելի այս ու այնտեղ <<դեգերելուց>> հետո, վերջապես գտավ իր արժանի տեղը: Այն փրկվեց համահեղինակի և այն մարդկանց շնորհիվ, ովքեր մտածում են այս երկրի մասին և սրտացավ են նրա արժեքների նկատմամբ: Հայաստան վերջերս այցելության ժամանակ Ֆ. Սողոյանի նախաձեռնությամբ, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ համաձայնության արդյունքում, հուշարձանը, որն անտերության էր մատնված, տարբեր տեղեր փոխադրվելուց հետո տեղադրվեց <<Գուլպա>>>> ԲԲԸ <<Արշալույս>> ֆիրմայի մոտ, Խրիմյան Հայրիկի փողոցի սկզբնամասում:
   1988-ի երկրաշարժից Գյումրիում շարքից դուրս եկան բնակելի, հասարակական նշանակության շենք-շինություններ, տուժեց նաև այս հուշարձանը` կոտրվել է ձախ թևի մի մասը: Քննարկման արդյունքում քաղաքապետն ու հեղինակ-քանդակագործը եկել են այն հետևության, որ իմաստ չունի վերականգնել կոտրված հատվածը: Այսինքն, հուշարձանը պետք է տեղադրվի վնասված վիճակով: Վիրավոր տեսքով վերատեղադրելով այն, ըստ էության, և՛ հարգանքի տուրք է մատուցվում Հայրենական մեծ պատերազմի մասնակից ու զոհված գուլպայագործներին, և՛ ևս մեկ անգամ հիշեցվում այդ ահեղ երկրաշարժի մասին: Վնասված տեսքով թողնելը երկրաշարժի հիշեցման ու աղետի խորհուրդ է կրում իր մեջ: Նաև զգոնության յուրօրինակ կոչ է` կառուցվող շինությունների պահանջվող ամրությունն ապահովելու առումով: 
   Հուշարձանի նկատմամբ նման վերաբերմունքը նաև վարպետի` Ֆրիդ Սողոյանի նկատմամբ արժանի ու պատշաճ մոտեցում ցուցաբերելու յուրօրինակ դրսևորում է: Նա հայրենի Գյումրիում իր ձեռագիրը թողած քանդակագործ է, իր անունը պատվով գրած արվեստագետ: Մի շարք արձանների կողքին գյումրեցիների կողմից ընդունվել ու սիրվել է սբ Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ դրված երկրաշարժի զոհերի հուշարձանը, դուդուկահարների արձանախումբը: Վերջինիս շուրջ արվեստասեր հասարակությունը հավաքվում և մեծ տոնախմբություն է անցկացնում: 
   Հուշարձանի վերատեղադրումից հետո այցելեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Նա մեզ հետ զրույցում նշեց.<<Վարպետը եկավ առաջարկեց, և չէր կարելի այդ առաջարկը չընդունել, քանի որ երկրաշարժից հետո արձանը շատ տխուր վիճակում էր հայտնվել, որևէ մեկն ուշադրություն չէր դարձնում: Սա մեր պատմությունն է, մեր հիշողությունը, և, բնականաբար, պետք է պատշաճ ուշադրության արժանանա: Ոչ միայն արձանն իր տեղը գտավ, այլև դրանով վերականգնվեց շատ մարդկանց պատմությունն ու հիշողությունը: Սա կարևոր քայլ էր, որովհետև Գյումրին մշակութային քաղաք է: Պետք է տեր կանգնենք մեր մշակութային արժեքներին: Կարողանանք պահպանել այն, ինչ ունենք, և փոխանցենք սերունդներին: Առաջարկ կա նաև մշակույթի նախարարությունը տեղափոխել Գյումրի: Այդպես ամեն ինչ կապակենտրոնացվի, և դեպի Գյումրի շարժ կսկսվի…>>:
     Տեղում որոշվեց հուշարձանի հանդիսավոր վերաբացման արարողությունը կազմակերպել գարնանը, իսկ մինչ այդ բարեկարգել, ծաղկապատել նրան  հարող տարածքը…
SHARE